Վահան Տերյան

Երբ կհոգնես, կգազազես աշխարհից,
Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից
Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել
Չի կամենալ նա վերստին քեզ տանջել:
 
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձիր, վերադարձիր դու կրկին:
 
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
 
Չկան օրեր ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու,
Միշտ իրար հետ, միշտ մենակ:
 
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավաչ,
Մի ուրիշ լույս է շողում
Մեղմ ու անուշ մեզ համար:
 
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
 
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց, 
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու
Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար...
 
Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ,
Հոգին կարող է թռիչքով չափել,
Անանց կարոտում անվերջ տառապել
Եւ լինել քեզնից բաժանված հավետ....
 
Ու գերեզմանում՝ սեւ հողերի տակ,
Զգալ, որ անցար եւ քեզ չկանչել,
Եւ ոչ մի հուշով սիրտդ չտանջել
Ու չխռովել բերկրանքդ հստակ...
 
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
 
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՜ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ:
 
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
 
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ, -
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր - երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. - հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
 
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
 
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ.
Կյա՛նք, տխուր հովիտ հավիտյան լալու...
Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
 
Ճաճանչները թոշնան...
Կանաչներս աշնան -
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
 
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն…
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս և տխուր և անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
 
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր -
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
 
Եվ տանջանք, և բեկում, և թախիծ -
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, 
Գիշերի պես խորհրդավոր. 
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, 
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, 
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, 
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող, 
Քո աչքերը հոգի տանջող, 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, 
Որպես գարնան իրիկնամուտ…
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...
 
Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։
 
Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում...
 
Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։
 
Տխուր թևերըդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։
 
Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...
 
Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ,
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն:
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
 
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
 
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
 
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
 
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:
 
Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
 
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
 
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
 
Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս -
Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:
 
Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա:
 
Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
 
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ` ամեն գիրք:
 
Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
 
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:
 
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար:
 
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր ին, կվառվես վառման:
 
Որպես փյունիկ կրակից կելնեսմ կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
 
Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: 
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, 
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, 
Խնդություն հեռացած և անցած, և անդարձ, -
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...
 
Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... 
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. 
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, 
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...
 
Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր, 
Սև գիշեր, և հուշեր, և հուշեր ընդունայն, 
Երազնե՜ր իմ անդարձ - ծաղիկնե՜ր իմ գարնան. 
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար: 
Կախարդական մի շղթա կա երկնքում`
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:
 
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում`
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն`
Հավերժաբար իրար կապված ու բաժան:
 
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու,
Աստղերի պես և հարազատ, և օտար… 
Մեռնում է օրը: Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
 
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում»
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
 
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման,
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիցս ունայն…
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
 
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:
 
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չգիտեմ...
Ես չգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Եվ աղոթում, և թախծում եմ քեզ համար:
 
Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես:
 
Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր…
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին:
 
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները մեռած և անուժ,
Հմայք և դյութանք անզոր են քո դեմ…
-Արդյոք ո՞ վ գիտե անունդ անուշ… 
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող,-
Հիվանդ սիրտը չի տրտնջում, չի ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ -
Որ ողջ կյանքդ է մի անսահման քաղցր նինջ…
Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...
 
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազա՜տ,-
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...
 
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,-
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...
Խոսքերըդ վճիտ են ու խորունկ,-
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում...
 
Ընդունում ես աշխարհը բոլոր,-
Օրհնում ես, օրհներգում ու սիրում,
Եվ խոհերըս, խոհերըս մոլոր
Մոռացված են մեռած օրերում։
 
Ու թվում է, թվում, որ դու չես
Արևող ժպիտով ակնարկում,
Որ ուրիշ լուսով եմ դյութված ես,
Որ քեզ չեմ, ուրիշին եմ երգում...
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
-Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերդ այս անապատում…
 
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,
Ես ամենուրեք քեզ եմ որոնում.
Դո՛ւ, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
 
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…
Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ.
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն:
 
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին -
Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում:
 
Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք...
Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
 
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...
 
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք,
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ոչ ոք, ոչ ոք...
 
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չե՛ք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի...
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
 
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
 
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ,որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. -
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա:
 
Իմ դուռն է ծեծում քամին խոլական,
Իմ պատերի տակ հեծում է անվերջ,
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,
Ոռնում ամայի փողոցների մեջ:
 
Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է հանկարծ ճիչով խելագար,
Ահաբեկում է և կանչում է քեզ,
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր...
 
Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության.-
Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
Լացը հուսաբեկ ավերված իմ տան...
 
Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. -
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա...
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
 
Ւմ ճամփան անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.-
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
 
Հուսաբեկ մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
 
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից հեռու
Եվ հսկելու քեզ ստվերի նըման...
 
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
 
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,-
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տկար։
 
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
 
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
 
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
 
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս. -
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
 
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ ծնկները կըգրկեմ հուսով
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ 
                Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
                Անհանգստություն...
Սպասիր, լսիր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից 
                Տառապել կրկին. 
Նայիր, ախ, նայիր՝ ցավում է նորից
                Իմ հիվանդ հոգին...
 
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
                Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր 
                Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում -
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
                Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս –
                Անձրև՜ է, աշո՜ւն...
Մենք բաժանված ենք: Օրերի փոշին 
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ:
 
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:
 
Մենք մնաս բարով չասինք իրարու,-
«Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել»:
Մեզ կյանքը նետեց միմյսնցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկ մեկու կանչել:
 
Տարիներ անցան,և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:
Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
 
Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել.-
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել...
 
Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս...
Մարիր լույսը մշուշոտ, 
Սև հուսերդ արձակիր, 
Դու իմ դահիճ, դու իմ քույր, 
Դու իմ ընկեր տարագիր, 
Էլ մի՛ կրկնիր, մոռացի՛ր 
Խոսքերն անմիտ ու պատիր, - 
Լուռ տանջանքով, խավարով 
Փայփայիր ու փարատիր... 
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր, 
Մեղսոտ սիրով սիրիր ինձ, -
Մեխիր սուրդ կուրծքս բաց, 
Թող թույն լինի և թախիծ։ 
Արդեն գիշեր, արդեն մութ, 
Անանց խավար է արդեն, -
Եղիր հզոր ու անգութ, 
Չար ժպիտով ել իմ դեմ... 
Երգի՛ր խավար և անկում, 
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր, - 
Այրի՛ր սիրտս, թող լինի 
Այնտեղ ավեր ու մոխիր։ 
Ցուրտ համբույրով համբուրի՛ր, 
Այրիր բոցով նրա ցուրտ - 
Վերջին սիրով անպատիր, 
Անվախճան ու անհագուրդ... 
Իմ ցավագին աղոթքին 
Ունկնդրի՛ր ու երևա՛, 
Քո հաղթության ու սիրո 
Կնիքը դիր իմ վրա...
Դու գնում ես՝ չըգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
 
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
 
Դու գնում ես՝ չըգիտեմ ուր,
Սրտակտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
 
Ես գնում եմ լուռ-անտրտում,
Բայց իմ սրտում
Ցա՛վ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
Սիրտըս ցավում է անցած գնացած
                Օրերիս համար.
-Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
 
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
                Մի թովիչ երազ.
-Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
 
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել -
                Սիրում եմ նրան.
-Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան...
 
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
                Օ՜, քաղցր արբանք։
-Օրհնված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,-
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...
 
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած.
Ջմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տո՜ւն, հավետ մոռացած...
 
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,-
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում.
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
-Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն...
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ՝
-Թվաց որ մեկը կանչում է տրտում...
 
Եվ ես արթնացա խնդության ցավից. -
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, 
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, 
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
-Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր...
 
Ճառագայթներ, որ շողացին ու չկան, 
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. 
Կյանքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, 
Որ չի վառում ոչ անցյալը, ոչ ներկան։
 
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
-Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
-Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
 
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.-
-Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...
Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
-Մահացողի տխուր կյանք.
Անձրև, քամի, սև կամար…
-Սրտակտուր հեկեկանք:
 
Միգում շողաց մի ցուրտ լույս»
-Օ, արդյոք կա՞ վերադարձ. -
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
 
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
-Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:
 
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:
 
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
 
Ահով ահա կանչում եմ քեզ՝
Ցոլա՛, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի ...
Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ,
Տխուր երեկոն զարկել է վրան.
-Սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ:
 
Խորհրդավոր է երկինքն երազուն, 
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ,
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
-Սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ:
 
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը կցրին.
-Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ:
 
Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,
Տես` գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր սիրտ իմ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում,
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանոթ:
 
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում է մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:
 
Անակնկալ բախտի նման
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ.
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում, 
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
 
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները` ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ:
 
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռությո՜ւն անսահման...
Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում -
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն…
 
Ա՜խ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ:
 
Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադա՜րձ,
Անվերադա՜րձ...
Նորից կթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կմարի երեկոն աղոտ,
Կպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ:
 
Կմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի…
 
Հեռավոր մարդոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կլսեմ.
Հողը կգրկեմ, ջերմ կհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ:
 
Անտուն անցորդից կխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կքնեմ...
Հմայված լուսնի շողերովն արծաթ,
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ 
Տարորեն լռին լուսնոտը գունատ:
 
Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և հեռու և մոտ,
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող:
 
Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չգտնելու տանջանքը մաշող,
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և հեռու և մոտ...
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
 
Իմ հոգին ծովերում անծանոթ 
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
 
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում:
 
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.-
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
 
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի մաքուր հանգրվան.
Քույր իմ, դու չկաս, քույր իմ, դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Հեքիաթ էր և հմայք և անծիր 
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…
 
Սիրո խոսք և համբույր և խոստում…
-Արբեցեք այս անուշ համերգում,-
Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում, 
Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում:
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին - էլ չկան,
Էլ չկան պատրանքները սիրուն:
 
Եվ թախիծ, և տրտունջ, և տանջանք,
-Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.-
Խավարի՛ր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Կար մի երգ հեռավոր աշխարհում,-
Դու այն երգն ես կրկնում հեռավոր-
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրում»,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…
 
Եվ այն վալսը - «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին ամայի պուրակում,
Եվ գիշեր, և համբույր, և լուսնյակ…
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Պարում են խոլագար խնջույքում,
-Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,-
Ոչ վերջ կա, ոչ սկիզբ այս երգում,-
Երեկ ես, այսօր դու, վաղը նա….
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել...
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:
 
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել.
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:
 
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել:
 
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ…
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում-
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կգաս,
Հմայում ես, կանչում, կանչում ու լռում…
 
Քնքշաբույր ծաղիկների թերթերում,
Լույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում:
 
Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում:
 
Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունդ չգիտեմ:
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
        Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ -
        Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
        Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
        Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
        Ամենին մոռանալ.-
Խավարում, ցավերում քարանալ
        Մեն միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
        Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
        Հեռանա՜լ...
Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ.
Դառը թախիծ ու վերհուշ -
Անվախճա՜ն երգ:
 
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ:
 
Սիրտս թախծոտ ու խոցոտ, 
Հոգիս հիվանդ -
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կվառե խանդ:
 
Տունս ավեր ու խավար,
Օրս անլույս,
Ո՞վ կվառե ոսկեվառ
Երազ ու հույս...
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
 
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
 
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությունն իմ խոնարհ
Եվ թփերը դողդոջուն
Եվ խոտերը գետնահար…
 
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Այսօր եղիր քրոջ պես -
Անչար, մաքուր և գթոտ,-
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ…
 
Այսօր եղիր որպես մայր -
Բարի, քնքուշ, նրբազգաց,-
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետս լաց…
 
Ամոքիր դու իմ ցաված
Սիրտը սիրով քո անբիծ,-
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...
Այնպես անլույս է այսօր
Առավոտս լուսացել,-
Սիրտս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
 
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.-
Հրաշքով դու այսօր եկ,
Ժպտա՛, որպես արշալույս:
 
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,-
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում...
Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու որ
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում:
 
Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում,
Ո՞ր հողն է գգվում քայլերդ փափուկ,
Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում
Մեղմով փաղաքշում դեմքդ խուսափուկ:
 
Արդյոք խաղա՞ղ է սիրտդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ:
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…
 
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջս անխոս դյութական,
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...
Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
-Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ...
 
Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ
Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ.
Հավետ լռում է մի տխուր խորհուրդ,
Վառվում է հավետ մի անանց կարոտ.
-Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ...
 
Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,-
Իմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ.
Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ,
Արևի ցոլքն է լուսնյակը տրտում.
-Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ:
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
-Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
-Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
 
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
-Ես մոռացել եմ արևի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
-Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
 
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
-Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման:
 
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.-
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՜ ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Եվ փայփայում էր, և սիրում նրան:
 
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
Որպես ծաղիկն է անխոս գունատվում 
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չըբերի...
 
Ես լուռ կըթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կըժպտամ բախտավորի պես,-
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ,
 
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտըդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե...
Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.-
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...
 
Էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
-Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՜...
 
Ցուրտ է դարձյալ, մութ՝ իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն.
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...
 
Միայն քեզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր.-
Հայտնըվիր սև անապատում-
Ամոքի՛ր ու ազատի՛ր...
Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս ու վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում:
 
Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.-
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես:
 
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել.-
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...
Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում,
Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում...
Խաղաղությունն այն հեռանիստ,
Ուր մի ուրիշ արևի փայլ
Ծավալում է անանց հանգիստ
Եվ խնդություն մի անայլայլ,
Մի խնդություն մաքուր ու խոր,
Եվ անեզերք և անվախճան.
Ուր քո սիրտը որբ ու մոլոր
Գրկում է մի ոսկե շրջան...
Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Իմ սրտում ոսկե անձրև է մաղում:
 
Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար-
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք:
 
Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ - մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում-
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
Կրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում:
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի 
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն...
Անձրևն անընդհատ 
Մաղում է վհատ թաղումի կոծով,-
Տխո՜ւր-հուսահա՜տ...
Իմ հոգու մեջ է՛լ
Աշուն է իջել անամոք լացով,
Իմ հոգու մեջ է՛լ...
Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ - 
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզո՛ւր...
 
Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,-
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում...
 
Կանգնել ես, որպես անհաղթ հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ, ցավի պես խելառ:
 
Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,-
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եվ անհույս ճչում քո թունոտ գրկում...
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի...
 
Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կըվախճանեն,
Վերջին հույսերըդ կըդավաճանեն,-
Դու որոնածըդ բնավ չես գտնի...
 
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս,-
Ո՛չ, - կարձագանքվի, - բնավ չես գտնի...
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող:
 
Ինձ փաթաթիր, որպես ամպ՝
Մութ աչքերդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքս խորտակիր...
 
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտըս խայթիր՝ ծիծաղիր.
Թող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր:
 
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող:
Կա խորհրդավոր մի հրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ - որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ - որ քամահրանք:
 
Մի այլ երկրային երաժշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և կան, և չըկան...
 
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին...
Մանկութ ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,-
Ահա ես հիմա, մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր:
 
Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,-
Իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս:
 
Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ-
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ինձ համար չըկա ժամ ու ժամանակ,-
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ...
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
-Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
-Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...
 
Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
-Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կըցրե՞ս սրտիս թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս...
 
Թափառում եմ ու կարոտով կանչում,
-Արդյոք կըգտնե՞մ աշխարհում անհուն,-
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
-Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...
Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
-Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...
 
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
-Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի...
Երեկոն փռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.-
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ:
 
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
 
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
 
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...
Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում.
Դուրսը բքաբեր քամին է ոռնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...
 
Դու քնած ես քո տաքուկ անկողնում,
Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ:
 
Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քեզ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քեզ եմ երգում...
Իմ մոլոր ճամփին դու հանկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տխուր կյանքի մշուշները չար:
 
Սրինգե ձայնըդ հնչեց մութերում
Աղբյուրի նըման զվարթակարկաչ.
Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ,
Դու ինձ կանչեցիր դեպի քո հեռուն:
 
Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,
Քո շարժումները ուրվականային 
Ստվերապաճույճ իրիկնապահին
Շղթայեցին ինձ օղակով անտես...
 
Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք,
Հոգիս մատնեցի քո մառախուղին,
Ընդմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,
Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք...
Այսօր նորից պարտիզում
Շրջում էի ու հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում...
 
Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրում արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից.-
 
Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա,
Հանդիպումը մայիսյան
Պատանու և աղջկա:
 
Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քաղցր, սակայն խոր:
 
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը, երբ ես ու դու
Նստում էինք անկրակ.-
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ:
 
Եվ խավարում, խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,-
Հուզմունքն արբած սրտերի...
 
Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ,-
Ցնորակա՜ն իմ հուշեր...
Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ:
 
Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ...
 
Անհայտ է ուղին
Քաղցըր երկրիդ,
Ուր բախտ է անանց,
Անանց ժպիտ:
 
Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ուր անմահական
Փառք է ու փայլ:
 
Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում:
 
Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ 
Կանչում ես ինձ:
Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում:
 
Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով անխռով - մենակ
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում:
 
Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
-Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...
Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.-
Ես դուրս եմ գալիս փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում:
 
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ - մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ինձ համար չըկա այսօր ու երեկ:
 
Կեսգիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...
 
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ:
Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ.
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ...
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շուրթերըդ - վարդ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական:
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քո խավարում - մոռացության մի ակնթարթ...
Քո մազերի ցնորական փայլը պայծառ
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս.
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս.
Քո ժըպիտը՝ թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում...
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցնորք ու հուշ...
Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին...

Яндекс.Метрика