Վահագն Դավթյան

Դուրս է եկել, ոտաբոբիկ կանգնել հողին 
ՈՒ նայում է, նայում հեռուն, 
Հողից խայտանք է բարձրանում, փոխվում դողի 
ՈՒ կրծքի տակ քաղցր եռում: 
Սև են ծամերն, իսկ երեսից լույս է ծորում, 
Բարալիկ է` նման վազի, 
Այս գարնան հետ աչքերի մեջ նրա խորունկ 
Ցոլքն է ուրիշ մի երազի: 
Այս գարնան հետ, ախր, շատ է գեղեցկացել, 
Դարձել թախիծ ու կարոտանք, 
Չթե շապիկն այս գարնան հետ նե'ղ է դարձել, 
Սեղմել կրծքի ալիքը տաք: 
Ինչ-որ դո ղից թրթռում է թևը հոնքի, 
ՈՒ նա աչքերն է լուռ փակում, 
Բոբիկ է նա, հողը հրաշքն իր զարթոնքի 
Նրա մեջ է շարունակում...
Զարթնել են նորից տարիներն անցած 
Եվ աղմկում են, որպես խենթ հեղեղ, 
Աղմկում որպես գետակն այն պայծառ, 
Որ իմ մանկության ընկերն է եղել։ 
Ու կարծես իմ դեմ նորից երամով 
Աղավնիներն են պոկվում քարափից, 
Կրակ է թափում երկինքը այն մով, 
Ու հևում է օդն ամառվա տապից, 
Քարոտ մի կածան ձորի լանջերից 
Կախվում էր մինչև գետակը կապույտ, 
Վազում էինք մենք, ու մեր կանչերից 
Զրնգում էին անձավները մութ։ 
Ահա և գետը... Մի քանի վայրկյան՝ 
Ու ճողփում էր նա մեր թևերի տակ, 
Մեզ հետ լողում էր արևը ամռան 
Ալիքների մեջ զով ու կապուտակ։ 
Հետո հագեցած ջրի զով շնչից, 
Մենք պառկում էինք ափի ավազին, 
Վերում երկինքն էր կապուտակ ու ջինջ՝ 
Նման մեր պայծառ, պայծառ երազին... 
Երկինքը... Նա մեզ թևեր պարգևում 
Ու կարծես կանչում, տանում էր վերև, 
Եվ թվում էր, թե արար աշխարհում 
Միայն կապույտ կա ու միայն արև։ 
Ու թվում էր, թե աշխարհը արար 
Հյուսված է միայն երգից ու խաղից, 
Հյուսված արևի շողերից վարար 
Ու բաց երկնքի կապույտ ծիծաղից:
Ակունքը հեռու, 
Ակունքը կապույտ, 
Ակունքը կանաչ 
Լեռների տակ էր, 
Ջուրը՝ արտասուք, 
Հատակը ոսկի, 
Եվ անունն, այո, 
Ոսկեգետակ էր։ 
Թեքվել եմ ահա 
Վազող ջրերին, 
Որ աստղով, լույսով, 
Շողքով են լիքը, 
Ուզում եմ բռնել, 
Բայց ձեռքերիս մեջ 
Թռչուն է դառնում 
Վճիտ ալիքը... 
Թռչուն է դառնում, 
Զարկում ափերիս 
Իր թրթռացող 
Թևերի դողը, 
Թևին է տալիս, 
Թռչում է հեռու, 
Տանում է անդարձ 
Իր լույսն ու շողը։ 
Ակունքը հեռու, 
Ակունքը կապույտ, 
Ակունքը կանաչ 
Լեռների տակ էր, 
Ոսկի էր տանում, 
Հեռու էր տանում, 
Անդա՜րձ էր տանում 
Ոսկեգետակը...
Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում, 
Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։
 
Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի, 
Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի:
 
Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ, 
Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։
 
Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն
Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։
 
Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված, 
Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։
 
Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի 
Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի:
 
Քե՛զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած,
Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։
Թրթռուն կրծքով
Մի աղջիկ - Եվա,
Մի խանդոտ, տենդոտ
Այրամարդ - Ադամ,
Ու նրանց միջև
Մի մեծ առեղծված,
Ալեկոծություն
Մի հավերժական... 
Հիմա գիտեմ հաստատ՝ օրերիս օրն էր դա,
Հայտնության ժամն էր դա մեծ ու վերին...
...Կապույտի մեջ սուզված բարդիները խարտյաշ
Ոչ թե խշշում խաղաղ, այլ աղոթում էին։
 
Կապույտի մեջ սուզված բարդիները ձգվում,
Նայում էին հեռվից թաքուն դողով,
Որ քարափին տեսնեն քո հասակը ճկուն,
Քո ոտքերը բոբիկ, ծամը ցողոտ։
 
Եվ տոն եղավ, եղավ հայտնության մեծ մի ժամ
Ու այդ ժամը եղավ քարանձավում։
Մատներս էին ցավում քո քնքշանքից դաժան, 
Աչքերս էին դաժան լույսից ցավում:
 
Աչքերս էին ցավում այդ մութ քարանձավում, 
Այդ մութ քարանձավում երգն էր արյան, 
Ինչ-որ անտես ոգի ասես մեղքն էր քավում,
Աղոթում էր ասես, երգում «հարյավ»...
 
Որձաքարից քամվող արցունքները մաքուր 
Մեզ մկրտում էին որպես կարոտ, 
Եվ քարանձավն ասես մեզ օրհներգում էր լուռ
Նախամարդու գտած միակ բառով։
 
Ու երբ կուրծքդ էր հանկարծ թեթևակի բացվում,
Բուրում ցորենի պես, ուրցի, խունկի, 
Արշալույսով էին իմ աչքերը լցվում, 
Ու գաղտնիքն էր իմ դեմ իջնում ծունկի։
 
Ես՝ պատանի, ես՝ կույր, բայց հասկացա արյամբ,
Որ դա սեր չէ միայն, այլև սկիզբ,
Որ դա հող է ու ջուր, ճակատագիր ու բախտ, 
Հրո վայելք է դա, հրո կսկիծ...
 
Խավար է դա ու լույս, ճառագայթ է ու խայթ,
Անդունդի ահ է դա, բարձունքի դող, 
Եվ ինչքան էլ բացվի, պիտի մնա անհայտ,
Պիտի մնա անհաս ու անհաղորդ։
 
Այդպես անհաս ու մերկ՝ հեռուներում կանգնած,
Պիտի կանչի իբրև կարոտը բորբ, 
Պիտի հավետ ձայնի իբրև արյան տագնապ,
Բայց և հավետ թողնի ծարավ ու որբ։
 
...Եվ օրերիս հեռվից ես օրհներգում եմ քեզ, 
Փառաբանում եմ քեզ լուռ ու ծնկած,
Քե՛զ, օրերի իմ օր, իմ առաջին վայելք, 
Իմ հավերժող ծարավ, դաժան իմ քաղց... 
 
Դաշտով վազում է
Մի բարակ աղջիկ,
Ոտաբոբիկ է,
Ու շորն սպիտակ...
 
Ամպրոպի հոտ կա,
Որոտ կա օդում,
Ու հեկեկանք կա,
Շանթ կա ամպի տակ:
 
...Ամպը որոտաց,
Հեկեկաց, անցավ, 
Արցունքի մեջ են
Ծաղիկ ու թփեր...
 
Աղջկա շորը
Կպել կոնքերին
Ու թրթռացող 
Կրծքին է կպել...
 
Դաշտով վազում Է 
Մի բարակ աղջիկ,
Անձրևի ցող է 
Ու շող է ծամին...
 
Դեռ վազում է նա
Դեռ վազում եմ ես,
Չե՜մ հասնում նրան
Ու ծիածանին...
Երկի՛ր, քարի մոլուցք ու մոլեգնած դու ջուր, 
Երկի՛ր, սեզի սոսափ ու կապույտի սահանք,
Աստծուն խոյահարող լեռան քարե եղջյուր 
Ու զղջացող վիհի քարե ապաշխարանք:
 
Երկի՛ր, ձյունահողմի ճերմակ ու ձիգ գանգատ
Եվ անդունդներն ընկած մրրիկների հարցում, 
Երկիր, քարափն ի վար ջրի կապույտ զանգակ, 
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք։
 
Երկի՛ր, պղնձի ճիչ, որձաքարի հառաչ
Եվ խաչքարին խաչված գեղեցկության աղերս,
Երկի՛ր, արեգակի ու անհունի առաջ
Դու ծնկածալ աղոթք, վեր խոյացող դու ծես։
 
Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ 
Ես գնում եմ քեզ հետ ճամփիս վիհ ու բարձունք 
Ես՝ քարեղեն մոլուցք, ձյունահողմի գանգատ, 
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք: 
Անդունդներդ ի վար ու վիհերդ ի վար փլչող բարձունքի, 
Քարանձավներիդ երակներն ի վար քամվող արցունքի, 
Նահատակներիդ սրբության վրա ծխացող խունկի 
Հին տառապանքը, այս հին մխանքը տվեցիր դու ինձ։
 
Չորս կողմից եկող մրրիկների մեջ հողմահարվելու, 
Ապառաժներիդ ու լեռներիդ պես անբոց այրվելու, 
Շեկ հողերիդ հետ պատառոտվելու ու ծարավելու 
Այս տվայտանքը, այս դժվար կյանքը տվեցիր դու ինձ։
 
Լուսնկայի տակ տխրորեն թևող անտունիների,
Բեկված խաչքարի, փլված կամարի, խախտած սյուների,
Գարնան կանաչի ու ծաղկի վրա իջած ձյուների
Այս թախծությունը և խստությունը տվեցիր դու ինձ։
 
Որձաքարերիդ ու սարերիդ հետ անձայն տոկալու, 
Հոգսը՝ ակոսին, ցավը՝ սյուների խոյանքին տալու, 
Արշալույսի դեմ ծունկ չոքելու և հավատալու 
Այս տառապագին հարստությունը տվեցիր դու ինձ։
...Եվ թվում է ինձ՝ աղջամուղջի մեջ այն վաղնջական 
Բարբառել մի ձայն, այսպես է ասել ձայնն այդ բարբառող.
-Այստեղ քար է բիրտ, անդունդ է մթին, վիհեր են անկման,
Արի քեզ տանեմ ես ուրիշ մի հող:
 
Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր, 
Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ... 
Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,
Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից...
 
Նախ քարանձավ էր... Ու ես առաջին խարույկիս բոցով 
Որձաքարերի վայրենությունն եմ քնքշորեն շոյել, 
Հետո կայծքար եմ առել ու նրա տխուր զնգոցով 
Երազանքներս եմ պատերին փորել։
 
Ժայռերի վրա արյունոտվել են ոտքերն իմ բոբիկ,
Լեռնալանջերի մրրիկները ցուրտ իմ կուրծքն են վառել,
Եվ իմ բարբառը արձագանքելով քարերի մեջ բիրտ, 
Ինչ-որ քարեղեն զնգոց է առել:
 
Այդ բիրտ բարբառով, երկի՛ր, քնքշանք եմ քեզ շշնջացել,
Քնքուշ անուններ տվել ծառերիդ ու թռչուններիդ, 
Իմ հոգում նիրհող առասպելների ծալքերը բացել, 
Կապույտ եմ հանել, կախել վիհերիդ։
 
Քո մերկ ժայռերին իմ երազների կանաչն եմ հինել, 
Սրտիս հառաչն ու հոգուս շառաչն եմ խառնել գետերիդ, 
Հորինել եմ ես գեղեցիկ ու մերկ աստվածուհիներ, 
Շնորհել լազուր ու սուրբ եթերիդ։
 
Թախիծ եմ դրել սոսափյունի մեջ քո բարակ ուռու. 
Առեղծվածների մշուշով լցրել այրերդ խավար, 
Լուսնի լույսի հետ որպես հմայիլ ու որպես հուռութ 
Բաղձանք եմ կախել քարափներդ ի վար։
 
Ես ոգիներ եմ դրել փչակում քո կաղնիների, 
Սոսյաց անտառում հմայողների հանդես եմ բացել, 
Հողիդ եմ տվել ես աճյունները իմ նախնիների, 
Եվ մայրացել է հողն ու հայրացել։
 
Ու երբ եկել են, որ խլեն ինձնից լեռնաշխարհն այս լուրթ, 
Խոցվել եմ հաճախ ես ոսոխների նետ ու նիզակից, 
Արյունս կաթ-կաթ ծծվել է հողում, և այս հողը սուրբ 
Դարձել է այդպես ինձ արյունակից...
 
Ու երբ նորից է բարբառել հեռվից ձայնն այդ հմայող,
Ու երբ նորից է խոստացել չքնաղ ու կանաչ ափեր,
Ասել եմ նրան.- Չկա այսպիսի հայրենիք ու հող, 
Քանզի այստեղ եմ արյունս թափել։
 
Այս հողին եմ ես դարեդար խառնել արցունք ու կարոտ, 
Խառնել տառապանք, հրաշք եմ խառնել ու խառնել ոգի, 
Որ երբե՜ք, երբե՜ք չթողնեմ կյանքում երկիրն այս քարոտ 
Ու երբե՜ք, երքե՜ք չտամ ոչ ոքի...
Ծղրիդը բռնել ամռան արևի հրեղեն մի թել, 
Երգի է փոխում ու հետ առաքում...
Երկրպագության սրբազան դողով ծունկի է իջել 
Մի պղնձաշուրթ, լուսաբառ մի քուրմ...
 
Պղինձ ու բրոնզ... Կռվից են դարձել ռազմիկներն արի,
Ու արծվաքիթ են, թուխ են ու խայտակ,
Հոնքերին՝ փոշի, իսկ հագուստներին դեռ երիվարի 
Երախից պոկված փրփուրներ կան տաք։
 
Նորաթուխ հացի բուրմունք է, օրհնանք, ծփանք է ու ծուխ,
Իսկ գավաթներում գինու բոց ու եռք...
Խրախճանում են ռազմիկներն արի... և հարճերն են թուխ 
Նրանց ծնկներին նազում կիսամերկ։
 
Որտե՞ղ եմ տեսել... Ծանոթ են այնպես այս դեմքերն ամեն, 
Ծանոթ ծիծաղ է ու ծանոթ թախիծ։
Այնպես է թվում, որ եթե երկար ու անթարթ նայեմ,
Կարող եմ գտնել անգամ ինքս ինձ։
 
...Ծղրիդը բռնել ամռան արևի հրեղեն մի թել,
Ձգում է երկար ու հավերժորեն։ 
Չքացած տեսիլք: Ածխացած աղյուս: Ածխացած պատեր:
Կարասների մեջ՝ ածխացած ցորեն:
 
Դարե՞ր են անցել, թե՞ ակնթարթ ու վայրկյան է թևել
Արարատ լեռան լուռ հայացքի տակ...
Եվ մանուկներն են բարձրանում ահա շեկ բլուրն ի վեր,
Ու արծվաքիթ են, թուխ են ու խայտակ:
Իմ լեռները աստղամերձ խենթ խոյանքներ են հոգուս, 
Որ փոթորկել են ցավից ու կապույտում քարացել, 
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս. 
Ուր դարերով ցասումիս հեղեղներն են շառաչել։
 
Հազար կայծակ իր շեղբով իմ գոյությունն է հերքել. 
Ու Եփրատն իմ սանձակոծ դուրս է եկել իր ափից... 
Տաղերգուներն իմ նստած այնքան եղեռն են երգել, 
Որ մագաղաթը անգամ դժգունել է սարսափից:
 
Բայց, Արարա՛տ, կատարիդ ցոլցլանքներն այն մաքուր 
Իմ հույսերն են դարավոր, որ չեն մարել երբևէ,
Եվ դարերի խավարից սեգ արծիվներն իմ հոգու 
Վերացել են ու դեպի այդ ցոլանքներն են թևել։
 
Ու ես ապրել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր, 
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել 
Եվ օրորել սրտիս մեջ Սևանա լիճն իմ կապույտ, 
Որպես հույսի ու լույսի նվիրական առասպել։
 
Եվ դարերով տառապած ու կործանված, ու ավեր 
Վերջին եղեռն եմ տեսել ես աչքերով դեռ իմ թաց,
Երբ իմ բախտի երկնքում լուսնի մահիկն էր կախվել, 
Որպես ջարդի յաթաղան, որպես անեծք շիկացած։
 
Բայց լեռներն իմ աստղամերձ խենթ խոյանքներն են հոգուս,
Որ փոթորկել են ցավից ու կամքի պես քարացել,
Եվ անդունդներն իմ մթին գաղտնարաններն են ոգուս, 
Որ նորածին լույսերի օրորոցներ են դարձել։
 
Ու ես ելել եմ նորից, կերտել շեներն իմ թափուր, 
Ստեղծածիս վեհությամբ իմ վեհությունն եմ չափել... 
Ես՝ Հայաստան, ես՝քարե, ես՝ հրագույն, ես՝ կապույտ, 
Ես՝ հարության առեղծված, հավերժության առասպել...
Ասում են հեռու Եփրատն է մի օր 
Օրորել մանուկ իմ հոգու քունը, 
Արագիլների կանչը սգավոր 
Ու կապույտ իրիկունը...
 
Մեր ասպատակված, մեր հին հարկի տակ
Ոչ մի երեկո կրակ չեն վառել, 
Ու լուսինն է լոկ լույսն իր սպիտակ 
Մեր երդիկն ի վար տխրորեն մաղել։
 
Ձգվել է գիշերն ու ձգվել երկար, 
Խուլ խշշացել է ջուրը Եփրատի, 
Լոկ նա է խախտել լռությունը քար 
Ու յոթնապատիկ անեծքն իմ տատի։
 
Տանիքի վրա օրորվել է մեղմ
Հրդեհից փրկված մենավոր բարդին, 
Ու վիշտ, վիշտ է խառնված եղել 
Դեռատի իմ մոր անարատ կաթին։
 
Հեռո՜ւ է, ո՜րբ է այն տունը... Ու միշտ 
Գիշերով ցավն է զարթնում իմ հոգում, 
Այդ դո՛ւ ես, դո՛ւ ես, հայրենի իմ վիշտ, 
Երակներիս մեջ այդպես մորմոքում... 
Լույս է շաղում եղեգան փողն ու թրթռում վինը գողթան, 
Եվ վարձակներն են կաքավում հեզաճկուն ու նազանի... 
Բուրմունքի պես խոնավ հողի ու ծխի պես հայրենի տան 
Ձգվում է երգն իմ փառավոր, իմ դարավոր Հայաստանի։
 
Պանդուխտն ահա մախաղն առած, շրջում է հեգ օտար հողում,
Երկիր չվող ծիծեռնակին տալիս կարոտն իր, որ տանի,
Շինականի երդիկն ի վար ամպն իր տխուր լացն է ցողում,
Ու վերքի պես երգն է մխում իմ վիրավոր Հայաստանի: 
 
Մոկաց հարսներն են շորորում՝ աչքերը սև, հոնքերը կեռ,
Լուսնյակ գիշեր... Ոսկե արտում ջահել հնձվորն, ախ, ի՞նչ անի,
Հարսն իր ֆիդան յարին հիշել՝ձեռքը ծոցին երգում է սեր,
Ու սիրո պես երգն է վառվում իմ սիրավոր Հայաստանի:
 
Սասնա պարթև ծռերի պարն ասես մրրիկ է սանձակոծ,
Ու ռամկական ահեղ պարից, թնդում էն թունդ տուն ու տանիք,
Մերթ փոթորկված անտառի պես, մերթ որպես թեժ օջախի բոց
Երգն է շաչում ու շառաչում իմ թևավոր Հայաստանի:
 
Աշնան ոսկին է հրդեհվում այգիներում Արարատյան, 
Դեպի կապույտն է երկարում ծիրանի ծուխն իմ ծխանի,
Ու ծխի հետ հայրենի տան ձգվում է երգն հավերժության 
Իմ վիրավոր, իմ սիրավոր, իմ հին ու նոր Հայաստանի: 
Մարտիրոս Սարյանին
Արև, արև, ու կապույտում
Բարդիներ կան արևավոր, 
Արև, արև, ու կապույտում 
Արարատ լեռն է փառավոր, 
Արև, արև, ու իմ դիմաց 
Հրաշքի պես ահա բացվում 
Իմ օրրանն, իմ հայրենին,
Իմ Հայաստանն է տարածվում... 
Փռվում է դաշտն Արարատյան 
Դեղձիների անուշ հոտով,
Ողկույզների մեջ մեղրացող
Իր կեսօրվա ոսկե տոթով,
Իր նորաթուխ հացի բույրով, 
Ճամփեզրյա իր օշոշով, 
Թոնիրների կապույտ ծխով 
Ու կալերի ոսկե փոշով, 
Իր մրգերով, իր բերքերով, 
Աշնանային թուխ հերկերով, 
Այգիների մեջ ոլորվող 
Կոմիտասյան իր երգերով... 
Արև, արև, ու լույսի մեջ 
Ահա լեռները կապուտակ, 
Որ կարծրացել են դարերի 
Ու շանթերի հարվածի տակ։ 
ժայռերն ահա, որոնց շուրթից 
Խոլ ջրվեժներ են որոտում, 
Տեսիլների պես ոսկեղեն 
Ծիածաններ թողած օդում, 
Ու ժայռերի քարե կրծքին, 
Թերթերի մեջ հակինթ ու ցող, 
Անմոռուկներ, տերեփուկներ 
Ու կակաչներ բոցկլտացող, 
Ամպեր՝ թեթև ու սպիտակ,
Արահետներ՝ ոլոր ու կեռ,
Եվ անդունդները անհատակ,
Որպես հսկա սրի հետքեր...
Արև, արև, ու արևի
Ցոլանքների մեջ հուրհրան՝
Կյանքի պես թանկ մի հայրենիք,
Արյան պես սուրբ մի օրրան...
Տապալված սյուներ, որմեր հողմածեծ 
Ու քանդակազարդ բեկորներ քարի 
Որ հրաշագործ նախշերում իրենց 
Դեռ պահպանում են շունչը հանճարի։
 
Եվ այդ տապալված հրաշքի վրա, 
Որմերի վրա հին ու փառահեղ, 
Իր արքայական թևերը փռած, 
Քարե մի հզոր արծիվ է թառել։
 
Քարե մի արծիվ, որ իր թևերին 
Տաճարի վսեմ գմբեթն է պահել, 
Պահել մեր ոգու թռիչքը վերին 
Ու ժամանակի ծանրությունն ահեղ։
 
Հողմեր են եկել, հողմեր են անցել 
Ու այս որմերն են ծեծել դարեդար, 
Շատ խոյակ ու սյուն փոշի են դարձել, 
Բայց մնացել է արծիվն անվթար։
 
Ու հպարտ թառած՝ հայացքն անհանգիստ 
Հառել է ահա հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, 
Կարծես հենց նոր է իջել ճախրանքից 
Ու պատրաստվում է նորից ճախրելու...
 
Լսիր, շաչում են թևերը նրա, 
Կանչում է նրան երկինքը անծիր...
-ճախրիր, սավառնիր, սլացիր հպարտ 
Հայոց հանճարի սրաթև արծիվ:
Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ, 
Հայոց ավանդական ու հին հողում 
Իր պետական շուքով ու վեհությամբ 
Մեր պետական դրոշն է փողփողում։
 
Օծված է նա բախտի մեծ արևով, 
Կանգնած է մեր տենչի լույս գագաթին, 
Այնքան բարձր է, որ իր բոսոր թևով 
Ասես քսվի պիտի Արարատին։
 
Ծփում է նա, ու լույս ծփանքի տակ, 
Իմ Հայաստան, հողդ է ծիածանվում, 
Այդպես հպարտ, այդպես բարձր ու շիտակ 
Քո դարավոր երազն է ծածանվում։
 
Զավակներդ մահով ասպետական 
Մարտերի մեջ ընկան դար ու դարեր, 
Երազեցին դրոշն այս պետական, 
Ինչպես երազում են կյանք ու արև։
 
Եվ արդ ծփում է նա մետաքսահյուս, 
Ծփում է նա հպարտ, ասես թևում, 
Իբրև կյանքի փարոս ու իբրև հույս 
Համայն հայությանն է նա երևում։
 
Օծված է նա բախտի մեծ արևով,
Կանգնած է մեր տենչի լույս գագաթին,
Այնքան բարձր է, որ իր բոսոր թևով
Ասես քսվի պիտի Արարատին:
 
Այստե՛ղ, հենց սրտի մեջ իմ աշխարհի,
Այստե՛ղ, նոր ոստանում իմ հայկական 
Ծփում է նա շնչից բարձունքների 
Եվ ծփում է շնչից հավերժության:
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, 
Քե՛զ, որ լեռներում այս բարձրիկ ու լուրթ 
Ապրել ես դարեր, դարեր մաքառել 
Եվ քո կրակը միշտ վառ ես պահել... 
Քե՛զ, որ առաջին հասկն ես սերմանել, 
Քե՛զ, որ առաջին գինին ես քամել, 
Լույսի դեմ չոքել հեթանոսորեն, 
Փառաբանել ես ողկույզ ու ցորեն, 
Քե՛զ, որ կերտող ես դարերում եղել, 
Քարեր ես ձևել, ժայռեր ես պեղել, 
Քարի քար խղճից հանել ես բարին, 
Ազնվությունդ տվել խաչքարին 
Եվ քո վաստակով, քո կոթողներով, 
Քո մատյաններով, սիրո տողերով, 
Գողթան երգերով, խորունկ վերքերով 
Եվ խոյանքներով քո լույս հանճարի
Կանգնել ես դարեր սրի դեմ չարի...
 
Ցեղեր են եկել, արշավել ցեղեր,
Քո արդար ու հին արյունն են հեղել, 
Ասպատակել են ու ջարդել են քեզ, 
Դարեր ու դարեր աղարտել են քեզ, 
Բայց դու Նարեկով ինքդ քեզ զտել, 
Քո սուրբ հարության հրաշքը գտել
Եվ քո վաստակով, քո կոթողներով, 
Քո մատյաններով, սիրո տողերով, 
Գողթան երգերով, խորունկ վերքերով 
Եվ խոյանքներով քո լույս հանճարի 
Հասել հողմերին այս ահեղ դարի։
 
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, 
Քե՛զ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ, 
Քե՛զ, որ Դեր-Զօրի խորշակով կիզված, 
Եվ այդպես ցրիվ, և այդպես կիսված, 
Ապրեցիր նորից, նորից տևեցիր, 
Դեպի երազդ նորից թևեցիր, 
Հավատում եմ քեզ, քո արմատներին, 
Քո հոգու թաքուն խորխորատներին, 
Բիրտ ու բարբարոս քո կարծրությանը, 
Խոնարհ ու փխրուն քո թախծությանը, 
Քո հին արյանը, քո արյան կանչին, 
Քո հզոր լեզվին՝ մեծասքանչին, 
Քո մաքուր գինուն, քո արդար հացին, 
Հարատևության քո առեղծվածին...
 
Գիտե՛մ, այս դարի հողմերում վրդով 
Դարերից բերած խորին խորհրդով 
Քեզ պիտի նորից Նարեկով զտես, 
Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես, 
Ջրդեղես պիտի Չարենցյան հրով 
Ու քո վաստակով, քո կոթողներով, 
Քո մատյաններով, սիրո տողերով, 
Քո մաքուր գինով, քո արդար հացով, 
Հարատևության քո առեղծվածով 
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ, 
Հավատո՛ւմ եմ քեզ, իմ հայ ժողովուրդ...
Ծիծառնակի մասին այնքան
Լավ երգեր կան գրված.
Ես ինքս էլ եմ հազար անգամ 
Փառաբանել նրանց:
 
Բայց երբ աշնան քամին սուլեց,
Ամառն իր հետ տարավ,
Նրանք թողին բներն իրենց 
Ու չվեցին հարավ։
Նրանք դժգոհ հեռու թռան՝
Որոնելու նոր սեր
Ու չուզեցին ինձ հետ ձմռան
Ձյունն ու ցուրտը կիսել:
 
Բայց դու, իմ հեզ, խիզախ թռչնակ,
Չվախեցար ձյունից,
Չչվեցիր ափերը տաք,
Քո հայրենի բնից:
 
Գուցե հիմա դու չես գտնում
Ոչ մի փշուր, հատիկ,
Ու դողում են, դողում ցրտից
Քո ոտքերը բոբիկ:
 
Սակայն դու ես մարդկանց համար
Գարնան երգը երգում,
Թեկուզ և չես փառաբանված 
Ինքդ ոչ մի երգում:
Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար, 
Հայաստան իմ, Հայաստան... 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար, 
Հայաստան իմ, Հայաստան...
Քարե մրրիկն է այստեղ ննջում թևերը ծալած,
Անգամ գետակն այս կապույտ ասես թե քար է հալածած...
Այն եղնիկնե՞ր են արդյոք, թե՞ լեռնային քարայծեր,
Որ նետահար են եղել ու քարափին քարացել,
Թե՞ արծիվներ, որ մի օր բարձունքներին այս չոքել,
Ապա անզոր են եղել ժայռից թևերը պոկել
Ու քարացել են այստեղ, բարձունքներում այս սիրած,
Մագիլները հավիտյան քարաքոսի մեջ խրած...
Քա՛ր է այստեղ ամեն ինչ, քարե սլացք ու խոյանք,
Քարե անտաշ կամարներ,անտաշ սյուն է ու խոյակ...
Իսկ ամենից բարձր ու վեր, ուր արծիվներն են թևում
Իր քարակոփ վեհությամր քարե բերդն է երևում։
Ոսոխի սուրն է մի օր այս ձորերում շառաչել,
Ու մեր ոգին է այսպես սրերի դեմ քարացել...
Քարափ է, քար է ամբողջովին, 
Քարաբեկոր է վայրի ու կուռ, 
Բայց պղնձագույն նրա կողից 
Շատրվանել է ծառ մի գանգուր։
 
Ծառն այդ դժվար է ապրել կյանքում,
Ու թվում է, երբ բնին խփես,
Նա, կարծրացած իր տառապանքում,
Զրգնա պիտի պողպոտի պես...
Երբ կարոտել եմ խոյանքի՝ Արարատիդդ եմ ես նայել, 
Լույսերի մեջ հավերժացող բաց ճակատիդ եմ ես նայել:
 
Դու դարերի կապույտ միգում աստղ ես եղել ոսկեվորիկ, 
Աստղալույսի պես ինձ հասած մագաղաթիդ եմ ես նայել:
 
Ստեղծումի և արարման հրաշքն է միշտ գերել հոգիդ,
Հրաշակերտ Զվարթնոցիդ ու Հաղպատիդ եմ ես նայել:
 
Եվ սակայն կարծր ես դու եղել բիրտ սրի դեմ ու նիզակի, 
Որձաքարե հիմունքներիդ, սյուն ու պատիդ եմ ես նայել։
 
Տառապանքի հերկերի մեջ՝ դու ոսկեբուռ մի սերմնացան, 
Թեև փոքրիկ, սակայն արդար ցորեն արտիդ եմ ես նայել։
 
Սառն ու ահեղ հողմերի դեմ պտղավորված դու ծիրանի, 
Ժայռ ու քարի մեջ մխրճված խոր արմատիդ եմ ես նայել:
Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, 
Ապառաժներ պատառ-պատառ, 
Քարե թռիչք, քարե անկում... 
Կապույտ մշուշ, կապույտ եթեր, 
Ու կապույտից պոկված գետեր, 
Որ կապույտով են հորձանքում...
 
Լեռներն այստեղ բարձր են այնքան, 
Որ շանթակերպ արծիվն անգամ 
Թև չի բախում նրանց ձյունին, 
Վիհերն այստեղ խորն են այնքան, 
Որ ձմեռվա կեսին անգամ 
Բո՜ց է հագնում հանկարծ հոնին:
 
Ժայռերն այստեղ կարծր են այնքան,
Պղնձաջիղ, որձամկան,
Որ բախվելիս շանթ են ցանում,
Բայց և քնքուշ, քնքուշ այնքան,
Որ պղնձի միջից անգամ
Ծաղկի հրաշք ծիլն են հանում։
 
Հողմերն այստեղ այնքան են բիրտ, 
Որ լեռներից ժայռ են պոկում 
Ու գլորում անդունդն ի վար, 
Հովերն այնքան են քնքշասիրտ, 
Որ ծաղկի դեմ խոնարհ չոքում, 
Աղոթում են մեղմ ու շվար։
 
Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, 
Ապառաժներ պատառ-պատառ, 
Քարե թռիչք, քարե անկում... 
Հայոց երկիր, հայոց իմ հող, 
Դու իմ քարե մոլուցք ու ոխ,
Իմ քնքշություն, իմ քնքշություն...
Այստեղ տնքում է դարեր վիրավոր մի գեղեցկություն,
Եվ համրանում է քարե մի Նարեկ,
Անի,
Լուռ Անի,
Փշրված կամար,
Փշրված դու սյուն,
Դու ստեղծումի փշրված տարերք:
 
Իմ ու թո միջև
Լուռ հառաչում է փլված մի կամուրջ,
Եվ մրրկում է ալևոր մի գետ,
Դու այսքան մոտիկ,
Այսքան նյութեղեն՝
Եվ սակայն անուրջ,
Որ անմատույց է
Ու խոսում է լոկ իմ արյունի հետ:
 
Կանգնել եմ քո դեմ
Եվ քեզ արարել նորից սյուն առ սյուն,
Արարել նորից՝
Ինչպես որ կայիր,
Քո կամարներն եմ կապել երազուն
Եվ գմբեթներդ եմ սուզել ես նորից
Ոլորտների մեջ այս արևային:
 
Եվ կանգնել ես դու.
Կանգնել քո հպարտ
Ու տխուր փառքում,
Կանգնել ես մենակ ընդդեմ աշխարհի,
Եվ պատերիդ տակ
Գեղեցկությունդ են ահա սակարկում
Խարդավանքը, դավն ու ոխը վայրի:
 
Եվ իմ դեմ ահա՝
Դարեր վիրավոր մի գեղեցկություն
Ու մի փշրված երազի գմբեթ,
Ոգու սուրբ փոշի,
Երազի աճյուն,
Եվ հառաչանքից ճերմակող մի գետ։
 
Սակայն, ոչ,
Անի,
Դու քար և, սակայն, քարեղեն կրակ,
Քարեղեն երազ,
Քարեղեն դու երգ,
Դարեր ու դարեր սրտե սիրտ ձգվող
Դու արյան երակ,
Դու արյան մրրիկ ու արյան տարերք:
Դու՝ աննյութեղեն,
Դու՝ շունչ ու ոգի,
Դու՝ գեղեցկության երկրպագություն,
Դու՝ արարչության մաքուր մեղեդի,
Հրեղեն դու սյուն...
Աշնանամուտ է... Իմ լեռնաշխարհն է շողում ոսկեվոր,
Մասիսի վրա լույսի ծվեն է ձյունը նորապատ...
Քայլում եմ, քայլում... Չգիտեմ սակայն, թե ի՞նչ խոսքերով
Եվ ինչպե՞ս լինեմ ես շնորհապարտ
Նրանց, որ հողն այս, փոքրիկ այս հողը՝ նման նշխարի,
Փրկել դարերից, փրկել դավերից ագահ աշխարհի,
Փրկել են, բերել ու ինձ շնորհել...
 
Միայնության մեջ հաճախ եմ խորհել, 
Ես ի՞նչ կանեի, եթե չլիներ հողն այս մի պատառ, 
Թե ճամփիս վրա չխշշար բարդին այս բարձրակատար, 
Թե չշնչեի բուրմունքն այս հողի, ուրցի, փշատի,
Թե աշնան քամին թոնրի հոտն առած, դեմս չվազեր, 
Թե չշրջեի ճանապարհներին հին Արտաշատի, 
Եվ ավերակն այս քարե լռությաբ 
Ինձ նախնիներիս պատգամը չասեր:
 
Ես ի՞նչ կանեի, եթէ չլիներ հողն այս մի պատսռ, 
Ինչո՞վ կլցվեր անհունը հոգուս,
Երակների մեջ իմ արյունատար
Ինչպե՞ս կխայտար և ինչպե՞ս դեպի սիրտս կհոսեր
Այն զգացումը,
Որ հողե մարդուն դարձնում է աստված
Եվ կոչվում է սեր...
Ինչպես ավիշը ծառաբունն ի վեր,
Նա մայր հողից է բարձրանում իմ մեջ երակ առ երակ,
Մի բուռ սրտիս մեջ դառնում է անծուխ, անբոց մի կրակ,
Այրում է, տանջում,
Եվ այնպես քաղցր է այդ տանջությունը...
 
Եվ տանջությունն այդ գուցե հենց ինքը՝ երջանկությունն է...
Իմ մայրենի, իմ բարբառ, կրակի հետ արարել, 
Կրակի պես սրբազան քեզ դարեդար եմ տարել:
 
Ձգել եմ բոցը քո շեկ ես եղեգան փողն ի վեր, 
Որ աստվածներ ծնես դու բոցամորուս ու հուրհեր:
 
Եվ հայրենի կավածեփ խուղերում եմ վառել քեզ, 
Որ ծխանի ծխի հետ հավերժորե՜ն երկարես...
 
Իմ մայրենի, իմ բարբառ, քեզ հացի հետ արարել 
Եվ հացի պես սրբազան քեզ դարեդար եմ տարել:
 
Քարից քամված ցորյանիս համն ու հոտն եմ տվել քեզ
Որ անսպառ լինես դու այն օրհնված հացի պես:
 
Որ հեռավոր ճամփեքին՝ օտարության ու քաղցի
Դու շուրթերիս մերձենաս հաղորդության պես հացի:
 
Իմ մայրենի, իմ բարբար, քեզ գինու հետ արարել
Եվ գինու պես սրբազան քեզ դարեդար եմ տարել:
Եվ քեզանով արբեցած, դարձել տրտունջ ու բողոք, 
Ծառս եմ եղել երկնքի գահերի դեմ անողոք:
 
Ես բեզանով իմ հոգու լույսն ու խավարն եմ հունցել 
Եվ կապույտի, անհայտի, հավերժի հետ զրուցել:
 
Իմ մայրենի, իմ բարբառ, աշխարհում ինչ էլ լինի՝ 
Դո՛ւ իմ կրակ, դո՛ւ իմ հաց, դո՛ւ սրբազան իմ գինի...
Ալիսա Կիրակոսյանին
Բուենոս-Այրես հեռու քաղաքում 
Կա մի հայ աղջիկ,
Նա որոնում է դեմքն իր մանկության, 
Սակայն չի գտնում:
 
Իսկ այստեղ ահա ամեն թփի տակ 
Ցողի, ճաճանչի թարմ խոտի տեսքով 
Մանկություններ են անփույթ թափթփած…
 
Ինչպե՞ս հավաքեմ
Եվ ինչպե՞ս, արդյո՞ք, առաքեմ նրան:
 
Իսկ այստեղ ահա անձրև է եկել, 
Հայոց ապրիլի լիաբուռն անձրև, 
Եվ ոտաբոբիկ արեգակն ահա 
Ճողփում, վազում Է
Անձրևի թողած լույս լճակներով:
 
Իսկ նա երևի Բուենոս-Այրես հսկա քաղաքի
Մետաղյա ու չոր աղմուկի միջով
Անցում է մի տաք շշուկի նման
Եվ անցնում իբրև արյան աղերսանք ու հիշողություն…
 
Ե՞րբ էր... Գիշեր էր...
Սևանա վանքն էր
Առեղծվածորեն երկնքից առկախ,
Եվ լճի ափին՝
Բուենոս-Այրես հեռու քաղաքից եկած մի աղջիկ,
Կոպերին՝ խոշոր-խոշոր արտասուք:
 
Բուենոս-Այրես հսկա քաղաքով
Հիմա երևի անցնում է նա լուռ
Ու վախենում է, որ արտասուքը կպոկվի կոպից
Ու կընկնի հանկարծ շիկացած մայթին:
 
Ու վախենում է, որ օվկիանոսի հողմերը աղի 
Իր փոքրիկ, փխրուն ձեռքերից հանկարծ 
Չխլեն բույրը հայրենի քամու, հողի և աշնան:
 
Անցնում է նա լուռ ու որոնում է: 
Ու որոնում է դեմքն իր մանկության 
Եվ իր սկիզբը, և իր արմատը...
 
Աստծո դռան գանգն է նա տալիս,
Բարձրանամ է վեր
Եվ գիշերն ամբողջ
Դեմառդեմ նստած զրույց են անում
Մի համր աստված ու մի հայ աղջիկ:
 
Եվ այդ զրույցը գանգատ է ու քեն,
Եվ այդ զրույցը հնամյա արյան ծնկաչոք աղերս,
Եվ այդ զրույցը՝ Գեղարդա վանքի կամարների տակ
Դարեր տվայտող նույն պաղատանքը,
Հրե արցունքով լացող նույն մոմը,
Բեկված խաչքարի նույն տխրությունը
Եվ Արտամետի հին խնձորենու ծաղկաթերթերի
Նույն սուգն սպիտակ...
 
Եվ հետո նորից Բուենոս-Այրես հսկա քաղաքով 
Անցնում է նա լուռ,
Անցնում է իբրև
Մեր հին խաչքարից զատված տխրություն 
Եվ Արտամետի հին խնձորենուց 
Պոկված ծաղկաթերթ...
 
Իսկ շուրջը հողմեր, 
Ու հողմերի մեջ՝ 
Այդ տխրությունը, 
Այդ ծաղկաթերթը...
 
Անցնում է նա լուռ 
Ու չի հասկանում, թե այդ ինչպես է աշխարհում եղել,
Որ ինքն իրենից զատել են այդպես 
Եվ օվկիանոսներ դրել արանքում:
Ամռան հրդեհներից այրված, խարկված լեռներ, 
Ձմռան մրրիկներից ծեծված, զարկված լեռներ, 
Լեռներ, հայոց լեռներ, 
Խոնարհ ու բաց լեռներ, 
Հոբի նման տանջված 
Ու տառապած լեռներ...
 
Ու ես,
Գարնանամո՜ւտ, 
Շնորհապարտ եմ քեզ, 
Շնորհակալ եմ քեզ ու քո գերին, 
Որ մի քանի կաթիլ մանուշակով 
Դու այցի ես եկել այս լեռներին...
Տատասկների, քարերի մեջ 
Քամիների, արևի մեջ, 
Ձյուների մեջ, շոգ ու տոթի,
Այսպես մենակ, այսպես ոտի, 
Այսպես խոնարհ, այսպես ըմբոստ 
Այսպես փխրուն, այսպես շիտակ, 
Այսպես խրթին ու այսպես պարզ 
Կանգնել է նա երկնքի տակ... 
Կանգնել է նա արևի դեմ, 
Որպես թախիծ ու խղճի սյուն, 
Կանգնել է նա դարերի դեմ, 
Որպես խաչված գեղեցկություն...
Ներսում, խնկահոտ չեչաքարերի
Ծնկները դրել իբրև մեղապարտ,
Մի հին թախիծ է տվայտում լռին,
Մի հին մորմոք է զարկվում պատեպատ.
Աղոթում են դեռ ոգիները հին,
Հին ստվերները դողում են շվար...
 
Դրսում արև է, վանքի գմբեթին 
Ծիծեռնակները ճախրում են զվարթ...
Քանի հազար տարի, 
Քանի հազար տարի 
Կարծրությունը ճեղքել 
Այս բիրտ որձաքարի, 
Դու շնչել ես իբրև 
Ցայգածաղիկ...
 
Քանի հազար տարի, 
Քանի հազար տարի 
Մրրիկների մեջ ցուրտ 
Ու հողմերում վայրի 
Անրջել ես իբրև 
Ցայգածաղիկ...
 
Իմ հայրենի, իմ հող, 
Ապառաժին կպած 
Եվ շուրթերդ՝ կապույտ 
Արշալույսին հպած՝ 
Արշալույսով շնչող 
Ցայգածաղիկ...
Հայսատա՛ ն, իմ տուն, իմ ծուխ, իմ կրակ, 
Իմ տաք ապառաժ, իմ այրված արոս, 
Ջիղ իմ պղնձե, շիկացած երակ, 
Կավ իմ ճաքճքած, շոգ իմ բարբարոս...
 
Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ, 
Իմը կրակ է ու այրվող արյուն, 
Իմը այն զոհն է, որ դար ու դարեր 
Ողջակիզվում է քո Ավարայրում:
 
Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, 
Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, 
Քարերից քամվող արտասուք իմ հեզ, 
Քարերում նիրհող կրակե ծաղիկ...
 
Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը թախիծ է, մորմոք է արյան, 
Քարերից քամվող արցունք է անեղծ, 
Քարերում նիրհող հուր է սրբազան:
 
Հայսատա՛ն, իմ լյառ, իմ գագաթ, իմ լույս, 
Հողմերին տրված դարավոր իմ ձյուն, 
Դու` ձյունամրրիկ իմ խելակորույս, 
Իմ ճերմակ հառաչ, իմ սո՜ւրբ մռնչյուն...
 
Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ, 
Իմն այդ մրրիկն է, հողմն այդ, ահարկուն, 
Նա գիշերներով զարթնում խելահեղ
Ու քարեքար է գլուխը զարկում...
Ես կարծում էի,
Թե ամենայն ինչ քեզ խոստովանել, 
Ասել էի քեզ խոսքերն այն բոլոր, 
Որ նիրհում էին իմ արյան մեջ հին, 
Ինչպես քո գինին՝
Վազերիդ կարմիր երակների մեջ,
Ինչպես քո ոգին՝
Տխուր փառքի մեջ ավերակներիդ,
Եվ ինչպես լույսդ՝
Մագաղաթներիդ խնկահոտ ծալքում…
 
Բայց ահա կրկին հեռու եմ քեզնից,
Ու կանչում ես դու,
Կանչում ես դու ինձ,
Եվ զգում եմ ես,
Որ անսկիզբ ու անվախճան ես դու,
Ինչպես արյունս,
Որ անսկիզբ ու անվերջ է նաև 
Խոստովանանքս...
 
Եվ կանչում են ինձ քարանձավներդ,
Որ հեռու-հեռվից
Խալդերենով են ինձ հետ զրուցում,
Անվերծանելի,
Բայց հասկանալի մի խալդերենով:
 
Եվ կանչում է ինձ
Գառնո քարափի ստվերում բուսած
Ծաղիկն այն վայրի,
Որ մինչև հիմա անանուն է դեռ:
 
Եվ ինձ են կանչում ապառաժներդ, 
Կանչում պղնձե քո գրաբարով:
 
Եվ թվում է ինձ,
Թե քամիներդ ինձ են որոնում,
Որ իմ ճակատին քնքշորեն դնեն
Իրենց բարալիկ ու զով մատների
Հրաշքը տխուր:
 
Ինձ է որոնում քո առավոտը՝ 
Լեռան կատարին, 
Ասես կայծքարի ծայրին բռնկված 
Այդ հսկայական, կապուտակ կայծը…
 
Ինձ են որոնում գիշերներն ամռան, 
Որոնց հրեղեն աստղաթափի տակ 
Բանաստեղծներ են ծնվում երևի...
 
Ինձ են որոնում ամպրոպները քո, 
Որ առասպելի մանուկների պես 
Մեկմեկու ձեռքից շանթեր են խլում, 
Մեկմեկու շուրթից 
Որոտմունքներ են խլում անդադար,
Հետո ծիծաղում 
Ծիածանների ծիրանի դողով:
 
Եվ ինձ է կանչում 
Ձորակում կորած մի հին ջրաղաց, 
Որ թվում է թե մատյան է խղճի՝ 
Քարե մի Նարեկ:
 
Եվ ինձ է կանչում ժպիտդ, երկի՛ ր,
Մի բեկված, խոնարհ, տառապած ժպիտ,
Որ մորս դեմքի արտացոլանքն է:
 
Կանչում ես, երկի՛ ր,
Ու դառնում եմ ես
Տխուր ու փխրուն, որպես արտասուք,
Ես ոտից գլուխ դառնում եմ ասես
Հոգևոր մաքուր երաժշտություն
Եվ զրնգում եմ
Օտար աշխարհի քամիների մեջ:
 
Եվ հեռու-հեռվից շշնջում եմ ես,
-Գալիս եմ, երկի՛ր, որ քո հին հողում
Հող դառնամ մի բուռ...
Ես Գառնո ձորը հիշեցի նորից...
 
Քարափի վրա ծաղկած մասրենին
Թրթռաց,
Դողաց
Ու հուրհրատեց,..
Ես Գառնո ձորը հիշեցի նորից...
Խաչքարի թևից 
Խաչված երազի 
Կսկի՛ ծը կաթեց...
Որձաքարի բեկոր՝ 
Վրան այրված մամուռ, 
Ու քարաքոս, 
Ու ժանգ...
 
Սակայն անթարթ նայիր՝ 
Երակների մեջ բիրտ 
Լո՜ւյս է, 
Կայծ է 
Ու շանթ...
Քանի գնում, այնքան քաղցրանում ես քիմքիս, 
Հին գինի ես դառնում, արշալույսի տաք հաց... 
Իմ մայրենի բարբառ՝ որձաքարը հիմքիս, 
Դու սրբազան իմ հող, ակոս իմ բաց...
 
«Հող» եմ ասում ահա, և դու մխում ես լուռ, 
Եվ մխանքից քո տաք նախնյաց հոտ է գալիս,
Եվ մխում են նորից սպիներդ տխուր, 
Եվ մխում է ցավը կորուսյալի:
 
«Մայր» եմ ասում, և դու քնքշանում ես այնպես, 
Թրթռում ես որպես խղճի շշուկ ու հույս,
Ցավ ես դառնում խոնարհ, դառնում աղոթք մի հեզ 
Ու հեռվից տուն կանչող իրիկնալույս:
 
«Սեր» եմ ասում, և դու արձագանքում ես «սուրբ», 
Ալեվետում ես դու մի ոգեղեն դողով, 
Դու քրմորեն ծնկում ու համբուրում ես լուռ 
Հողն ու արշալույսի ձեռքը ցողոտ:
 
Ես «Արյուն» եմ ասում, և դու այրվում ես հիր, 
Բոցկլտում ես հեռու մուժից նախնադարյան, 
Զոհասեղան դառնում Ավարայրում կարմիր, 
Խենթ ոգի ես դառնում, երգում «հարյավ»...
 
Ես «Ցորյան» եմ ասում, դու աստղի պես ցոլում, 
Գեղեցկանում ես դու որպես վաստակ, 
Ջրաղաց ես դառնում, զրնգում ես ձորում 
Ու բուրում ես իբրև ալյուրը տաք:
 
Ես «Ողկույզ» եմ ասում, դու օրհնվում լույսով, 
Բուրումներն ես փռում շողուն շոգի, 
Հողի համն ես բերում, աստղի ցոլանքը զով, 
Բերում արարչական մի մեծ ոգի:
 
Ես «Հավատ» եմ ասում, հնչյուններդ բոլոր 
Ասես ծունկի իջնում Արարատի հանդեպ, 
Բռնկվում են ասես մի սրբազան դողով, 
Շիկանում են ասես, դառնում շանթեր:
 
Ես «Երդում» եմ ասում, և իմ աջը դանդաղ 
Բարձրանում է, հանգչում սրտիս վրա... 
Քեզ իմ շունչը վերջին, իմ արյունը արդար, 
Քե՛զ, իմ ոգի, իմ հող, հաց ու կրակ...
Քար է ու լույս, 
Լույս է ու քար...
 
Խելակորույս 
Ու խելագար՝ 
Քարը ելնում, 
Երկինք սուրում, 
Բիրտ շուրթերով 
Լույսն համբուրում, 
Փշրվում է 
Վիհերն ի վար...
 
Քար է ու լույս, 
Լույս է ու քար...
Քեզ հետ եմ, երկի՛ր, քո մեջ եմ, իմ հող, 
Կատար եմ ու վիհ, քարափ ու անդունդ, 
Կիրճերում կորած գետ եմ տվայտող, 
Որ իր քարեղեն ափերն է քանդում:
 
Ժայռերիդ բուսած հրեղեն մի թուփ, 
Հրե ծաղիկ եմ ու վայրի ցորեն, 
Քարանձավներիդ թախծությունն եմ մութ, 
Որ աղոթում է ճգնակեցորեն:
 
Լճակներիդ մեջ կապույտ եմ ու դող, 
Ծարավի ճիչ եմ հայրենի հանդում, 
Բայց ամենից շատ գետ եմ տվայտող, 
Որ իր քարեղեն ափերն է քանդում:
Դու ամբողջ գիշեր գլխիս տակ էիր, իմ զարկերակ, 
Ես ամբողջ գիշեր քեզ էի լսում, ձա՛ յն իմ արյան, 
Քո շշուկի մեջ ինչ-որ կռինչ կար նախնադարյան, 
Ծարավի ճիչ կար, որ գալարվում էր որպես կրակ:
 
Հողմի հառաչ կար ու խուլ շառաչ կար որձաքարի, 
Բիրտ բարբառիդ մեջ ինչ-որ սուլոց կար սկյութական, 
Եվ մի աղոթք կար, որ անմեկին էր ու դյութական, 
Եվ զրուցում էր սոսիների հետ սուրբ անտառի:
 
Եվ մի աղոթք կար, որ մերթ ճախրում էր ու վերանում 
Ու մերթ ծնկում էր կապույտների մեջ լուսաբացի, 
Որ օրհներգում էր լույսի հրաշքն ու համը հացի, 
Գինու հրաշքն ու ծխանի ծուխն էր փառաբանում:
 
Եվ ինչ-որ զարկ կար, ինչ-որ զնգոց կար տառապագին, 
Ինչ-որ զնդան էր, ինչ-որ կռան էր անվերջ զնգում, 
Եվ արձագանքը աղջամուղջի մեջ ծանր տնքում, 
Ահագնանում էր անդունդների մեջ Արարատի:
 
Եվ խուլ մռունչ կար, որ որձաքար էր ասես ծամում, 
Ինչ-որ տրտունջ կար, որ սաստկանում ու դառնում էր ողբ, 
Եվ ողբն ահեղ էր, ողբը ցասում էր, ցասումը՝ ոխ, 
Եվ ոխը շանթ էր, որ շառաչում էր ու կարծրանում:
 
Եվ մի մրրիկ կար, որ անարատ էր խղճի նման, 
Որ բարձրանում ու երկնքի դուռն էր ասես բախում, 
Որ ասուպի պես իր հրե հարցն էր վերից կախում 
Եվ փշրվում էր և մոխրանում էր անպատասխան:
 
Եվ նորից ճիչ էր, նորից կռինչ էր նախնադարյան, 
Կռանի զարկ էր, ողբի հառաչ էր, ոխի շառաչ, 
Լույսի աղոթք էր, խղճի շշուկ էր, կարոտի կանչ... 
Եվ այդ ամենը և անսկիզբ էր, և անվախճան...
Լեռնային ճամփա, քար է ու կապան, 
Վանք է ավերակ, ավերակ մի խուց... 
Չեմ եղել այստեղ, ամեն ինչ սակայն 
Սիրտ ցավելու չափ ծանոթ է վաղուց:
 
Քայլում եմ մամռած քարերի միջով, 
Կակաչի սուգ է, եղինջի թախիծ, 
Ու թվում է թե չեչաքարն այս չոր 
Մաշվել է հենց իմ ծնկների ցավից:
 
Տեսնում եմ ասես, չոքել եմ մենակ, 
Մոմի ստվերն է թրթռում պատին, 
Եվ Աստվածամոր տեսքով տխրունակ 
Սեր եմ նկարում ես մագաղաթին:
 
Քարերը լռում, դարերը լռում, 
Բուրում են ծխով ու բուրում խունկով, 
Իսկ մոմի բոցը հոգնած թրթռում, 
Հեկեկում է դեռ հրե արցունքով...
Զվարթնոց: Գիշեր: Լռություն է մեծ, 
Հին ավերակի քարե տվայտանք... 
Իսկ մկրտության ավազանի մեջ 
Անձրևաջուր է ու աստղի ցոլանք:
 
...Աստղերի նման մանուկներ են մերկ 
Մկրտվում քարե այս ավազանում, 
Խունկի մխանք է, օրհնություն ու երգ, 
Հույսն ու հավատը աղոթք են անում:
 
Լռություն է մեծ... Ոչ հուշ, ոչ անուն, 
Անձրևաջուրը ցոլցլում է ջինջ, 
Իսկ աստղը վերից այնպես է նայում, 
Որ ասես ինքն էլ չի հիշում ոչինչ...
1
Մա՛յր, ես դեռ կյանքում ոչ մի երգ չունեմ քո մասին գրած, 
Ես չեմ կամեցել երկյուղած սերս փոխարկել բառի, 
Խորհել եմ միայն, թե կա՞ աշխարհում մի այլ արարած 
Այսքան տառապած ու այսքան բարի:
 
Գիշեր է հիմա... Լույսը նիրհում է ու ցավն արթնանում, 
Եվ հանգչում ես դու հին ավերակի թախծալի փառքով, 
Մի բուռ ես դարձել, ոչ հառաչում ես ու ոչ ձայն հանում, 
Մարում ես խաղաղ մի հոգեվարքով:
 
Երեկ կանչեցիր, որ նստեմ կողքիդ ու Նարեկ կարդամ... 
Կարդում էի ես, իսկ դու քո աստծո հետ էիր խոսում, 
Եվ ծավալվում էր ճակատիդ վրա այն լույսը արդար, 
Որ տեսել եմ լոկ վանքերում մեր սուրբ:
 
Այդ լույսերի մեջ երևի մեր հին բարդին էր խշշում, 
Արծաթ էր կտրում ու լույս էր տանում հեռավոր մի գետ, 
Մեր տան հատակին ընկել արևի ոսկե մի փշուր 
Ու խաղ էր անում իմ մանկության հետ:
 
Դու մանկությունս կտանես քեզ հետ իբրև սուրբ նշխար,
Հանգչող ձայները կտանես հեռու այն մթնշաղի, 
Կտանես քեզ հետ մի կարմիր, կանաչ, մի կորած աշխարհ 
Եվ համը հացի, և համը աղի:
Մարում ես, մայրի՛կ, դու խիղճ իմ արդար, խորան իմ ցավի, 
Մարում ես, մայրի՛կ, դու սուրբ նահատակ, դու տանջված վկա,
Գալիք օրերում, երբ ոտքս արնի ու սիրտս ցավի, 
Արտասուքներս որտե՞ղ հեկեկամ...
 
Ու երբ մեր շեմքին կանգ առնի հանկարծ վիշտ մի անանուն, 
Ո՞վ պիտի դեմը մեր դուռը, սիրտը, մեր խիղճը բանա... 
Մարում ես, մայրի՛կ... Լսո՞ւմ ես, սակայն, այդ ի՞նչ ես անում, 
Ես՝ ոչինչ, Խիղճը պիտի որբանա...
 
2
Եվ դու մահացար գարնան մի արդար կիրակնալույսի, 
Ասես արարման յոթերորդ օրը դու հանգստացար, 
Քո տառապանքը փոխվել մի թեթև, ներող մի լույսի 
Ու դեմքիդ վրա ցոլում էր պայծառ...
 
Սնարիդ վրա կանգնել էի ես գլուխս կախած, 
Արցունքն ու խիղճն էր իրար խառնված հոգուս մեջ տնքում, 
Քեզ ի՞նչ քնքշանքներ կարող էի տալ, որ սակայն, ավաղ, 
Չգիտեմ ինչու, չտվի կյանքում...
 
Ի՞նչ անեմ հիմա բեռն այդ քնքշության, այդ ցավը վերին, 
Ւ՞նչ անեմ հիմա, քեզ ինչպե՞ս ասեմ խոսքերն իմ չասված,
Ի՞նչ անեմ, ասա, կեսգիշերային այն լուռ ժամերին,
Երբ մենակ մնանք ես, դու և աստված...
 
Կեսգիշերային այն լուռ ժամերին, երբ խորհեմ ահով,
Որ մենակ ես դու, հողի տակ ես դու, ու ցուրտ է այնտեղ, 
Ինչպե՞ս փայփայեմ ձեռքերդ մրսած ու սիրտդ ցավոտ, 
Ինչպե՞ս ծնկաչոք իջնեմ քո հանդեպ:
 
Մա՛յր, հող ես դառնում...ՈՒ ես քնքշանքս հողին պիտի տամ, 
Մա՛յր, հող ես դառնում...Պիտի քնքշանքս ստանամ հողից... 
Եվ այդպես օրեր... Լսո՞ւմ ես, մայրի՛կ, մինչև ես էլ գամ, 
ՈՒ մենք սուբ հողում միանանք նորից...
Մա՛յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու 
Որի սրտով աշխարհի բոլոր հողմերը անցան, 
Որ դու էիր հերարձակ ու արցունքոտ, ու տրտում 
Նստել ավեր Անիի բեկորներին սրբազան:
 
Մա՛յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայսատանն էիր դու
Այդքան փխրուն ու ամուր, այդքան տանջված ու արդար,
Խորհրդավոր մեր ոգին, մեր արյան ձայնն էիր դու, 
Որի գաղտնիքը, ավաղ, անզոր եղա ես կարդալ:
 
Մա՛յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու
Որի առջև երկյուղած կարկամել եմ ու լռել,
Եվ սիրո խոսքն իմ չասված, խոստովանանքն իմ տրտում
Արթնանում է գիշերով ու մղկտում ինքնիրեն...
Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...
 
Դեռ ինձանից հողմի հոտ ու ծխի հոտ էր գալիս, 
Վառոդի հոտ էր գալիս սպիներից իմ ցավոտ, 
Իսկ իմ բարձից՝ մանկության ու մայրական ձեռքի հոտ:
 
Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...
 
Լսում էի կիսարթուն՝ աստծո անունն էր տալիս, 
Հավատում էր, թե իրոք նա պահպանել իր որդուն 
Ու փրկել է հրաշքով, ու բերել է ահա տուն:
 
Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս…
 
Զարթնում էի... Շշուկով դեռ աղոթում, դեռ լալիս, 
Դեռ սպիներս էր շոյում, թեքվում, ծածկում էր վրաս, 
Չէր հավատում դեռ կարգին՝ իրական է, թե՞ երազ:
 
Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...
 
Ու չկա մայրս հիմա... Նա երազիս է գալիս, 
Թեքվում, ծածկում է վրաս, աստծո անունն է տալիս, 
Նոր սպիներս է շոյում, աղոթում է ու լալիս...
 
Եվ թվում է, հավիտյան խոնարհված է սնարիս...
Մուշեղ Գալշոյանի հիշատակին
Աշնան օրն է տխուր մարում 
Ծաղիկների շողքից 
Պառկել ես դու այնտեղ՝ սարում, 
Հրացանը կողքիդ։
 
Վերում կապո՜ւյտ-կապո՜ւյտ երկինք, 
Կարոտի չափ տրտում, 
Հեոու-հեռվում մի լուրթ երկիր, 
Սասնա կորած մի տուն։
 
Ծուխն է ելնում բարա՜կ-բարա՜կ, 
Անուշ հոտ կա հացի, 
Ու կա մաքուր մի աղբյուրակ, 
Նման անուշ լացի...
 
Ո՞վ է կանչում հեռվից, քեզ ո՞վ, 
Ո՞վ է ձայնում, իմ ծուռ, 
Աչքերդ փակ՝ սև կածանով
Ո՞ւր ես գնում, ախ, ո՞ւր...
 
Սար ու հանդին մուժ է իջել, 
Չկա դարձի հնար, 
Կանգնիր, տղա՛, քո հերթը չէ, 
Նախ ես պիտի գնամ։
 
Բայց գնում ես աչքերդ փակ, 
Ու վիհն այդ շատ է շեղ, 
Ախ, ետ դարձիր իմ կապուտաչ 
Գալշոյի ծուռ Մուշեղ։
 
Այդ առավոտ Սասնա սարում 
Մի աստղ ընկավ հանգած, 
Լացն իր լացեց մի ջինջ աղբյուր 
Ու չորացավ հանկարծ։
 
Կարմրել են ծաղիկ ու սեզ 
Քո արյան տաք շողքից, 
Պառկել ես դու ֆիդայու պես 
Հրացանը կողքիդ...
Դու՝ սեր առաջին, առաջին մորմոք, առաջին աղոթք, 
Որ տառապանքով փոխվեցիր բառի ու դարձար լեզու...
Ու երբ «Հայրենիք» անունը տվինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ...
 
Եվ դու դարեդար մեզ շնորհեցիր կանչը քո արյան, 
Համը քո հացի, եռքը քո գինու, ցոլքը քո հրի, 
Տվիր պղնձե այս քարափների կռինչը վայրագ 
Ու քնքշությունը լացող մամուռի։
 
Մեզ նավասարդյան առավոտների լույսով օծեցիր 
Եվ մկրտեցիր առասպելների ուժ ու զորությամբ, 
Աստվածների հետ քո աստվածային լեզվով խոսեցիր, 
Ոսոխների հետ՝ որոտով քո բամբ։
 
Ու մենք դարձրինք քեզ երդում, ոգի, դարձրինք աստված 
Թեև գիտեինք, որ աստվածները զոհ են պահանջում, 
Եվ Ավարայրում ընկանք արնաքամ, ընկանք ծվատված,
Բայց չզիջեցինք և ոչ մի հնչյուն։
 
Ու երբ փուլ եկավ մեր կամարների թռիչքը հպարտ, 
Կամար ոգեղեն՝ դու մեր ոգու հետ հարատևեցիր, 
Երբ սյուները մեր ծնկները ծալած ընկան դիտապաստ, 
Դու՝ սյուն հրեղեն, երկինք թևեցիր:
 
Երբ ողկույզը մեր առան արշավող սմբակների տակ, 
Գինի սրբազան՝ մեր շրթունքները դու համբուրեցիր, 
Ու երբ խլեցին ու խափանեցին թոնիրը մեր տաք, 
Դու՝ հաց անսպառ, նորից բուրեցիր։
 
Եվ մենք քեզ համար, մեր մեսրոպատառ, խորհուրդ մեր խորին,
Եվ մենք քեզ համար, մեր մեծասքանչ, մեր ոսկեղենիկ, 
Ելանք ազգովին, բռնեցինք ահեղ ճամփան Դեր-Զորի, 
Մեր կեսը տվինք, բայց քեզ չտվինք։
 
Քանզի գիտեինք, որ քեզ սրբորեն կոչել մայրենի, 
Քեզանով ենք մենք դարեդար հառնել, առել շունչ ու կյանք 
Ու թե քեզ դավենք, ուրեմն չունենք հող ու հայրենիք, 
Ու թե քեզ դավենք, ուրեմն չկանք։
 
Եվ հիմա, հիմա, անթեղի նման քեզ պիտի տանենք, 
Քեզ պիտի տանենք իբրև հրդեհից ազատված մանկան, 
Հողմերից փրկված կանթեղի նման քեզ պիտի տանենք 
Եվ տանենք իբրև երդում ու պատգամ։
 
Եվ տանենք պիտի իբրև առաջին հավատ ու աղոթք,
Եվ տանենք պիտի իբրև սրբազան հաց, գինի ու հուր...
Եվ հիշենք, որ երբ «Հայրենիք» ասինք հողին այս քարոտ, 
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ:
Լուռ է լինում ու խավար, քունն է կանչում այն ափից,
Բայց հանկարծ վեր եմ թռչում ինչ-որ մի խուլ տագնապից:
 
Մորս ոգի՞ն է արդյոք, որ արթնանում այդ ժամին 
Ու հեծկլտում է տխուր, ինչպես անձրևն ու քամին։
 
Թե՞ մի գաղտնիք է մթին, որ ծվարել մշուշում 
Ու շշուկով մի դաժան ինչ-որ չարիք է գուժում։
 
Իմ արյան մեջ է գուցե տնքում տագնապը այդ խուլ, 
Որ դարերից է գալիս ու երկարում է տխուր։
 
Ու երկարում է այնքան, որ թվում է կվայի...
-Տե՛ր իմ, ինչո՞ւ ինձ տվիր ծանր արյունը հայի։
Հող իմ կիսված՝ սիրտ չկիսվող
Կքել եմ ես քո պարտքի տակ, 
Ցավում եմ ես խղճի նման, 
Վերքի նման մխում եմ տաք։
 
Ախ, ինչ ասեմ, ո՜ւշ ծնեցիր, 
Ես քեզ արյուն պիտի տայի,
Էրզրումի ցուրտ լեռներում 
Ես՝ արնաքամ մի ֆիդայի:
 
Արյունն իմ հին քո հողի մեջ 
Սուզվեր պիտի երակ-երակ, 
Նիրհեր այնտեղ, սակայն նիրհեր 
Ինչպես կրակն անթեղի տակ։
 
Նիրհեր պիտի որպես կարոտ, 
Որպես մորմոք, որպես թախիծ, 
Որպես լեռան սրտում ապրող 
Հրաբուխի կարմիր ծաղիկ:
 
Խառնվեի պիտի հողիդ, 
Արածանուդ ահեղ լացին, 
Միանայի հուր հավիտյան 
Քո հարության առեղծվածին։
 
Ախ, ինչ ասեմ, ո՜ւշ ծնեցիր, 
Ես քեզ արյուն պիտի տայի. 
Չցավեի խղճի նման, 
Վերքի նման չմխայի։
Ձորի մշուշ, վիհի մխանք, 
Լեռան կապույտ ու ձյան ալիք՝
Իրիկնային մուժում կորչող 
Մի քարեղեն հրաշալիք...
Ու ես գիտեմ, վիհերն ի վար 
Խենթ ջրերի ծուխ է ու ձայն,
Քարի արցունք, մամուռի լաց, 
Կաթող ծաղիկ ու ծիածան։ 
Եվ անձավներ, ու ոգիներ՝
Անձավներում այդ կապուտակ, 
Որ արթնանում կեսգիշերով, 
Թափառում են լուսնյակի տակ:
 
Ձորի մշուշ, վիհի մխանք, 
Լեռան կապույտ ու ձյան ալիք,
Կապույտի մեջ ու ձյունի մեջ՝ 
Իրար կպած աստղ ու ծաղիկ:
Ու ես գիտեմ, վիհերն ի վեր 
Վանք է ավեր, գիր է եղծված, 
Ու վանքից վեր, երկնքից վեր՝
Ինչ-որ թախիծ ու առեղծված, 
Ինչ-որ հավքի թևաբախում, 
Ինչ-որ աստղի մի տաք մխանք՝ 
Տառապանքի նման մի սեր 
Ու սիրո պես մի տառապանք...
Լուսինե Զաքարյանին
Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին...
Եվ ինչ հրաշքով խաչքարից հանեց 
Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։
 
Եվ մաքրությունն այդ ծավալվում վերում, 
Հալչում էր իբրև ղողանջը զանգի, 
Կանչում էր ասես երկիր մի հեռու 
Եվ կանչում էր մեզ խոստովանանքի։
 
Մեզ, որ օրերի վազքի մեջ անքուն 
Մոռացել էինք ինքներս անգամ, 
Որ մեր հոգու մեջ այդքան սրբություն 
Ու թախիծներ կան դեռ անանձնական...
 
Երգեց...Ու այնտեղ՝ կապույտում վերին, 
Ինչ-որ մի խորին խորհուրդ էր թևում, 
Աստղային լույսը խոնարհ կոպերին՝ 
Մայր Հայաստանն էր ասես երևում։
 
Ծիրանի ծառը բուրում էր բարակ,
Եվ անրջում էր ակոսը տրտում,
Կաթկթում էին ցողերն անարատ, 
Մեղավորներիս լույսով մկրտում։
 
Երգեց...Եվ հուշեց ձայնն այդ մոգական, 
Որ թե այդ փխրուն աղջկա հոգում 
Դարերից ձգվող ոգի կա այդքան, 
Ուրեմն շա՜տ ենք համառ ու տոկուն։
 
Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին...
Եվ ինչ հրաշքով խորքերից հանեց 
Մեր հոգում նիրհող մաքուր մեղեդին։
 
...Ծավալվում անվերջ երգի լույսն անեղծ 
Ու թրթռում է կապույտ եզերքում...
Կանգնած հողմերի ու արևի մեջ
Ասես մի փխրուն խաչքար է երգում...
Դու` ժայռեղեն իմ երկիր, իմ հողմահար, իմ վայրի...
Եվ ժայռ չեղար դու սակայն, նման եղար կայծքարի։
 
Ու երբ պայտած սմբակներ ու նիզակներ դիպան քեզ, 
Քո մեջ նիրհող հրեղեն առեղծվածը բռնկեց։
 
Երբ ուզեցին քեզ փշրել, պեծին տվիր ու կայծին, 
Եվ կայծիդ մեջ քո հոգու հրաշքները ցոլացին։
 
Եվ արյունդ հնամյա, որ այդքան ծանր է տնքում, 
Երակ ունի կայծքարի ու կայծքարի բռնկում։
 
Եվ չտեսան, որ անգամ կարոտներիդ մեջ փխրուն, 
Որ արցունքի՛դ մեջ անգամ կայծքարի ցոլքն է տխրում։
 
...Շա՜տ եմ խորհել քո մասին, կշռել չարն ու բարին
Եվ հավատում եմ, սակայն, ես քո հոգու կայծքարին: 
Երկի՛ ր Հայաստան, նորից լեռնային ճամփադ է իմ դեմ, 
Քարափ է, վիհ է, որ ամեհի է, ու աղբյուր է ջինջ...
Ես կարծում էի, թե ոտից գլուխ քեզ անգիր գիտեմ, 
Եվ, սակայն, ներիր, չգիտեմ ոչինչ:
 
Մութ քարանձավ է, փուշն ու մացառը բերանն են փակում, 
Ներսում բյուրեղ է, փիրուզ է, մարջան,հեքիաթի քարեր, 
Եվ այս ամենը ինչպե՞ս ես պահել ինձանից թաքուն,
Աշխարհից թաքուն ինչպե՞ս ես պահել ։
 
Ավերակ բերդը նստել քարափին ու նայում է ցած, 
Ես նայել հեռվից ու կարծել էի՝ դա ժայռ է անել, 
Եվ սակայն նայիր, սա մագաղաթ է ասես քարացած,
Որ պիտի բացել, պիտի վերծանել։
 
Եվ վիհ է ցածում՝ կապույտով լեցուն անհուն մի թախիծ, 
Ի՞նչ կա խորքի մեջ...երևի գետի արծաթե մի թել...
Բայց խոսք են խոսում, թե ցերեկ օրով նրա հատակից 
Կարող ես ոսկե աստղերը դիտել։
 
Երկի՛ր, հրաշքի ցոլքերով լեցուն քարանձավ իմ մութ
Երկի՛ր, գաղտնարան, որ մինչև հիմա դեռ փակ է իմ դեմ, 
Երկի՛ր , առեղծված, դեռ պիտի իջնեմ վիհերը ոգուդ, 
Այնտեղից՝ ոսկե աստղերդ դիտեմ...
Լեռան լանջից նայում եմ քեզ, ե՛լ, Հայաստան, կապույտ հագիր,
Ես քո ամեն առավոտին երազանքի կապույտ եմ պարտք, 
Դու՝ քարեղեն իմ առեղծված, իմ քարեղեն ճակատագիր, 
Քո քարեղեն տառապանքին որդու գորով ու գութ եմ պարտք։
 
Գետերդ ի վար, ձորերդ ի վար ուռիներդ են շարվել տրտում, 
Քո տրտմության ուռիներին ես քնքշության շոյանք եմ պարտք,
Կատարներիդ լճեր կան լուրթ, ուր քո ոգին է մկրտվում, 
Այդ լճերի ծփանքներին ես մաքրության ցոլանք եմ պարտք։
 
Փլված կամար, վեմ տապալված, եղինջներով բուրող Անի, 
Քո այդ փլված կամարներին ես խոյակներ ու սյուն եմ պարտք,
Դար ու դարեր բոցկլտացող հրաշք կանթեղ՝ իմ մայրենի, 
Ոսկեղենիկ քո կանթեղին ես յուղի տեղ արյո՜ւն եմ պարտք։
 
Ես ծունկի եմ իջել հոգնած Դեր-Զորի սև ավազներին,
Բայց զոհերիդ անհայտ ու որբ շիրիմներին դեռ խունկ եմ պարտք,
Սիրտս բացել, բույն եմ տվել քո վիրավոր երազներին, 
Տո՛ւն հայրենի, ես քո շեմքին որդիական արցունք եմ պարտք:
 
Արարատն է նայում հեռվից՝ կրծքին խորունկ վիհը վերքի,
Ես քո ցավին այդ վիհերից վեր ելնելու խոյանք եմ պարտք, 
Կապույտի մեջ քո հարության սուրբ հրաշքն է ցոլում, երկի՛ր
Քո հարության այդ հրաշքին ես ողջակեզ ու կյանք եմ պարտք...
Հայոց իմ հող, հայոց երկիր՝ 
Լեռ ու կատար, վիհ ու անկում, 
Դու ինձ կյանքում ստեղծեցիր 
Քո պատկերով ու քո հանգույն։
 
Դու կապուտակ կատարներիս 
Տվիր մաքուր ցոլանք ու ձյուն, 
Անդունդներիս ու վիհերիս՝ 
Խուռն ու խռով մի թախծություն։
 
Ինձ արցունքոտ լույսը տվիր 
Քո արցունքոտ լճակների, 
Շնորհեցիր ծաղիկը հիր 
Քո մամռոտած փչակների։
 
Քարափներիդ ծարավը տաք 
Ու ճիչը տաք տվիր դու ինձ 
Եվ կախեցիր կոպերիս տակ 
Աղբյուրներիդ երազը ջինջ։
 
Հողիդ փխրուն բարությունից 
Գորով տվիր դու մատներիս, 
Որձաքարիդ զորությունից 
Երակ տվիր արմատներիս։
 
Հայոց երկիր, հայոց իմ հող, 
Դու՝ անմեկին, դու՝ գաղտնարան, 
Արայի պես նետահարվող, 
Բայց և հառնող, որպես Արան...
 
Դու իմ արյան հյուլեներին 
Տվիր մի փակ, ցավոտ այրում, 
Բայց և տվիր գաղտնիք մի հին, 
Որ դո՛ւ գիտես լոկ աշխարհում:
 
Հանդեսներից նավասարդյան 
Տվիր գինու և հացի տոն 
Ու խոցերից քո ճգնության՝ 
Մի ծնկաչոք ծարավ ու ծոմ։
 
Մկրտեցիր ինձ Նարեկիդ 
Տառապանքով անեզրական, 
Բայց և տվիր դու Քուչակիդ 
Սերը զվարթ ու մեղսական։
 
Կորուստներիդ ցավի հետ լուռ 
Հույսի հացը տվիր դու ինձ, 
Տառապանքից լույս քամելու 
Առեղծվածը տվիր դու ինձ։
Երբ ասում են, թե դու, հող հայրենի, 
Հայրենիքն ես հասկի ու ցորենի, 
Հավատում եմ դրան ես սրբորեն...
Ցորենի հոտ ունի արևը քո, 
Ցորենի համ ունեն բառերը քո, 
Եվ մաքուր է խիղճդ որպես ցորեն:
 
Ցորեն արտի նման քեզ տրորել, 
Հողմերին են տվել, հունդդ ցրել, 
Բայց միշտ կանաչել է նորից արտդ, 
Խոր ակոս են դարձել ցավերը քո, 
Ոսկե սերմ են դարձել տառերը քո, 
Ցորեն արտ է դարձել մագաղաթդ։
 
Հասկի նման կանգնել ոսկեճակատ, 
Հասկի հույս ես եղել, հասկի հավատ, 
Եվ արդար է եղել ոգուդ հերկը,
Ցորենի խիղճ ունի Նարեկը քո, 
Ցորենի ուժ՝ քո տաղն ու երգը քո, 
Ցորենի հոտ ուներ մորս ձեռքը:
 
Իմ Հայաստան, իմ հող, իմ հայրենի, 
Դու օրորան, ակոս դու ցորենի, 
Հավատում եմ ոգուդ ես սրբորեն,-
Ցորենի հոտ ունի արևը քո, 
Ցորենի համ ունեն բառերը քո, 
Եվ հավերժող ես դու, որպես ցորեն...
Արագածն է այնտեղ, այնտեղ՝ Արան, 
Այնտեղ արշալույսն է լեռնաշխարհի...
Նա մաքուր է, որպես ապաշխարանք, 
Գեղեցիկ է, որպես սիրո թախիծ:
 
Արագածն է այնտեղ, այնտեղ՝ Արան,
Բոցկլտում է այնտեղ ծաղիկ մի հուր...
Նա կապույտ է, որպես աղոթարան, 
Գեղեցիկ է, որպես լուսաստղը լուրթ:
 
Արագածն է այնտեղ, այնտեղ՝ Արան,
Այնտեղ հասկն է ցոլում՝ ճակատը բաց, 
Նա խոնարհ է, որպես խիղճը արյան, 
Գեղեցիկ է , որպես մանուկ Աստված:
 
Արագածն է այնտեղ, այնտեղ՝ Արան,
Հրախաղ է այնտեղ, լույսի ալիք...
Իմ հայրենի՛ք, իմ խաչ, իմ քարավան, 
Իմ արշալույս, իմ հասկ ու իմ ծաղիկ:
Հողի շեկ շուրթին՝ ոսկեվոր մի արտ,
Երկնքի շուրթին՝ սրբաքար մի վանք...
Երկիր իմ խոնարհ, երկիր իմ հպարտ, 
Հողի ու ոգու դու խոստովանանք:
 
Հողմեր են սուլել ու հավերժորեն 
Ծեծել են այս արտն ու վանքն այս քարե...
Դու հողի շուրթին դարձել ես ցորեն, 
Երկնքի շուրթին դարձել ես Նարեկ...
Ինձ թվում է միշտ՝ մեկ էլ եմ ապրել
        Ես դարեր առաջ 
Ու գողթան երգով ծունկի եմ չոքել 
        Արևի առաջ։
 
Ապրել ու մի օր ահեղ կռվի մեջ
        Ընկել սրահար, 
Եվ կորցրել է շենս մի գուսան
        Ու մի սիրահար...
 
Եվ ապրել եմ ես ձեր կապայտի մեջ,
        Իմ Կարնո սարեր, 
Հոտաղ եմ եղել, մաճկալ եմ եղել
        Ու հող եմ վարել։
 
Ապրել ու մի օր ահեղ կռվի մեջ
        Ընկել սրահար, 
Եվ կորցրել է գյուղս մի մաճկալ
        Ու մի սիրահար.. 
 
Եվ ապրել եմ ես իմ այն սրբաքար
        Քաղաքում Անի, 
Զինվոր եմ եղել պարիսպների տակ
        Իմ մայր ոստանի։
 
Ապրել ու մի օր ահեղ կռվի մեջ
        Ընկել սրահար, 
Եվ կորցրել է Անիս մի զինվոր
        Ու մի սիրահար...
Տուն եմ դարձել, բայց ողջ գիշեր 
Իմ աչքերում տենդոտ 
Դեղին լեռներ, լեռներ են շեկ, 
Լեռան ծարավ ու տոթ։
 
Մեկն ուզում է ծունկը ծալի 
Ու խոնարհվի խոհեմ, 
Որ մեկ հատիկ փրկված ծառի 
Հողն արցունքով ցողեմ։
 
Այն մեկն ուղտի համբերությամբ 
Իր ծարավն է ծամում, 
Երազում է ծանրիկ մի ամպ 
Եվ սպասում քամուն։
 
Այն մեկն ըմբոստ վեր է սուրում 
Լեռնապարի միջից 
Ու երկնքի սիրտն է խրում 
Պղնձացած մի ճիչ։
 
Մեկը՝ նվազ ու տենդահար, 
Դարձել դեղին թախիծ, 
Կարկամել է՝ անդունդն ի վար 
Տապալվելու ահից։
 
Գալիս այդպես, գալիս հերթով 
Աչքերիս դեմ չոքում 
Ու ծարավից ճաքած շուրթով 
Իրենց ցավն են ոգում։
 
Եվ զգում եմ, լեռներ իմ հին, 
Իմ տառապած լեռներ, 
Որ ձեզ համար ուզած պահին 
Կարող եմ ես մեռնել...
Կանգնել է նա ժայռի ծերպին, 
Կանգնել բարակ, թեթև 
Ու խշշում է՝ սաղարթներին 
Մի կապուտակ եթեր։
 
Աշուն է ուշ...Ոտից գլուխ 
Բռնկվել է ոսկով 
Ու այնպես է նա ցոլցլում, 
Որ չես պատմի խոսքով։
 
Մագաղաթյա ոսկեբանված 
Մի հին մատյան գիտեմ, 
Ասես նրա էջից հանված 
Հրաշք թուփ է իմ դեմ։
 
Հազա՜ր ափսոս, շատ է անհաս, 
Հենց երկնքի քունքին, 
Ուխտավորի պես բարձրանաս, 
Դեմը իջնես ծունկի...
Տեսիլքից են ծնվել տառերը մեր, 
Հողմերով են սնվել տառերը մեր, 
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր 
Քարերին են գրվել տառերը մեր, 
Երբ փորձել են ջնջել ու եղծանել...
Կայծակին են տվել տառերը մեր...
Գրոհը կարճ տևեց...Գիշերը խիտ էր, թավ, 
Ու գիշերվա միջով շարքերն առաջ անցան...
Չնկատեց ոչ ոք, որ մի զինվոր ընկավ 
Եվ աչքերը փակեց անհառաչ ու անձայն։
 
Բայց մի հեռու գյուղում, տեսած մի չար երազ, 
Սպիտակած մի մայր, սև շորերը հագին, 
Անհույս հառաչանքով նստեց ճամփի վրա 
Ու ողջունեց լացով ծագող արեգական։
Ո՛չ, ես չեմ կարող մոռանալ նրան, 
Այն խարտիշահեր, ջահել զինվորին...
Նա ընկած էր բաց դաշտի մեջ գարնան՝ 
Գլուխը դրած հայրենի հողին։ 
Սրտին էր դիպել գնդակն արճիճե, 
Ճակատի վրա դեռ քրտինք կար պաղ, 
Եվ ինձ թվում էր, թե նինջն է իջել 
Նրա կոպերին՝ մանկորեն խաղաղ, 
Եվ ինձ թվում էր, թե նա չի մեռել, 
Թե պառկել է նա ծաղկունքի մեջ սուրբ 
Ու իր ականջը մայր հողին դրել, 
Հեռվից տուն կանչող մոր ձայնն է լսում...
Մի ժամ էր արդեն, ինչ հողագնդում 
Լռել էր որոտը ահեղ, 
Մի ժամ էր արդեն, ինչ վերքը սրտում 
Մեռնում էր զինվորը ջահել:
 
Հաղթության կանչից աշխարհն էր թնդում 
Անզոր իր հրճվանքը պահել, 
Բայց կռվի վերջին գնդակը սրտում
Մեռնում էր զինվորը ջահել:
 
Շատ էր երազել այդ օրվա մասին, 
Երազել գարուն ու արև, 
Եվ սակայն, հասած իր մեծ երազին, 
Մեռնում էր զինվորը ջահել:
 
Շուրջը գարուն էր, ծաղկունք ու մայիս 
Անցել էր գիշերը ահեղ, 
Հրճվանքից ժպտում ու ցավից լալիս, 
Մեռնում էր զինվորը ջահել:
Հեռվում լռել էր վերջին որոտը, 
Շուրջը բուրում էր մայիսը տաք, 
Իսկ նա շնչում էր գարնան տաք օդը` 
Վերջին բարձունքը ոտքերի տակ։
 
Բայց մինչ բարձունքն այդ ճամփան երկար էր
Ճամփան դժվար էր, դառն ու ահեղ, 
Նրա սրտի մեջ թե հազար կյանք կար, 
Բյուր հազար մահ էր հետքից քայլել։
 
Նրան ծեծել էր աշնան անձրևը, 
Նրան կիզել էր արևը տաք, 
Ու նրա դեմքը արդեն դարձել էր 
Բրոնզից ձուլած խրոխտ քանդակ։
 
Եվ քանդակին այդ խոր դրոշմել էր 
Վիշտը իր հետքը որպես կնճիռ, 
Իսկ հաղթությունը այնտեղ թողել էր 
Իր վեհությունը պայծառ ու ջինջ։
 
Սակայն լռել էր վերջին որոտը, 
Շուրջը բուրում էր մայիսը տաք, 
Ու նա շնչում էր գարնան թարմ օդը 
Ոսոխի հողն իր ոտքերի տակ։
 
Աչքում ցոլում էր բախտի արցունքը, 
Իսկ դեմքը խիստ էր որպես քանդակ, 
Եվ ինձ թվում էր ոչ թե բարձունք է, 
Այլ պատվանդան է ոտքերի տակ...
Մենք հպարտ ենք ապրել, բայց ոչ թեթև ու հեշտ, 
Կյանքը մեզ չի տրվել իբրև երգ ու վայելք, 
Դեռ չնայած սիրո մաքուր աչքերի մեջ, 
Մենք դավադիր մահի աչքերին ենք նայել։
 
Մեզ փորձել է գնդակն ու ցուրտն է մեզ այրել, 
Ձյան ալիքն է ծածկել մեզ սուլոցով իր չար, 
Եվ արյունից մեր տաք սառույցներն են հալվել, 
Եվ սառույց է դարձել մեր արյունը հաճախ։
 
Շառաչել է անտառն ու ծառս եղել վրդով, 
Բուքն է վայել դաշտում տխուր՝ որպես հառաչ...
Ու կանգնել ենք հաճախ մենք քարացած սրտով 
Եղբայրական խորունկ շիրիմների առաջ։
 
Մենք դեռ տասնութամյա - մեր ուսերին սակայն 
Ծանր բախտն ենք կրել ծանր հողագնդի, 
Մրրիկների միջով՝ գնդակներով ծակված 
Ալ դրոշն ենք տարել՝ նման այրվող սրտի։
 
Այդ դրոշը մեր դեմ իբրև այգ էր ծագել, 
Եվ անզոր է դարձել մեր դեմ ամեն ոսոխ, 
Իսկ երբ հարկ է եղել՝ մեր կոպերն ենք փակել 
Ու ընկել ենք նրա ծփանքի տակ բոսոր։
 
Խոյանքի ենք փոխել մեր տառապանքն անգամ 
Եվ սլացել, անցել ժամանակից առաջ, 
Ու տես, կյանքը արդեն մեր քունքերի վրա 
Իր եղյամն է թողել ժամանակից առաջ։
 
Մենք վաղ ճաշակեցինք թե՛ փորձություն, թե՛ մահ, 
Կյանքը մեզ չտրվեց իբրև երգ ու վայելք, 
Ու թե թախիծ տեսնեք մեր աչքերում հիմա, 
Ներեք...այդ աչքերով մենք մահին ենք նայել...
Ա
Երկի՛ր,
Լեռներիդ կապույտ ալիքը 
Կապույտ աստղերի ու կապույտ ցրտի
Ցոլքերի մեջ է լողանում հավերժ...
Երկի՛ր,
Վիհերիդ մութ անդունդներում
Նախապատմական մշուշն է լողում
Առասպելներիդ ծվենների հետ:
Չգիտեմ,
Երկի՛ր,
Ո՞ւմ ներշնչանքից
Դու ծնունդ առար ու արարվեցիր,
Եվ սակայն գիտեմ՝
Դու արարվել ես միայն այն պահին,
Երբ միացել են իմաստությունը և խենթությունը։
Երկի՛ր,
Կարող եմ բարձրանալ հիմա կատարներդ ի վեր
Եվ այնտեղ կանգնած
Խոսել կապուտակ քո աստղերի հետ,
Ինչպես խոսում են մանուկների հետ ու ծաղիկների:
Կարող եմ,
Երկի՛ր,
Ձորերդ իջնել
Եվ անձավներիդ մութի դեմ կանգնած
Զրուցել նրանց լռության հետ քար,
Ինչպես խոսում են իմաստունների ու ծերերի հետ:
 
Երկի՛ր,
Ժայռերդ` կարծր տառապանք,
Եվ ծաղիկներդ` զոհաբերություն,
Ջրերդ` մաղթանք,
Ու երկինքը քո՝ լույս ու բարություն։
 
Կանգնել եմ,
Երկի՛ր,
Կանգնել եմ քո դեմ, չգիտեմ սակայն,
Քե՞զ եմ լուռ դիտում,
Թե՞ թափառում եմ էությանս մեջ...
 
Բ
Երկի՛ր,
Երբ ձյունե քո կատարների 
Թրթռուն ցոլքն եմ զգում ճակատիս, 
Հպարտանում եմ ես իմ ճակատով:
Երբ քո լեռնային բուռ - բուռ լճերում 
Պատկերս եմ տեսնում լույսով շաղախված` 
Աստվածանում եմ ինքս իմ աչքին:
 
Երբ քո լեռներից ու անդունդներից
Արձագանքներն եմ լսում իմ ձայնի` 
Մեծանում եմ ես ու ահագնանում։
 
Երկի՛ր,
Երբ հոգնած ներբաններիս տակ 
Զգում եմ քարե կարծրությունը քո` 
Ամեն քայլիս հետ հավատ եմ տանում:
 
Գ
Դու փոքր ես,
Երկի՛ր,
Սրտի չափ ես դու,
Եվ դրա համար
Իմ սրտի մեջ եմ ես քեզ միշտ պահում:
 
Կոպիտ ես, քարոտ,
Քնքշանքի կարոտ, 
Եվ դրա համար
Ամենաքնքուշ իմ քնքշանքով եմ 
Ես քեզ փայփայում...
 
Եվ բարձր ես,
Երկի՛ր,
Բարձր ես աստղորեն,
Եվ դրա համար լռում ակամա
Ու իմ գլուխն եմ քո դեմ խոնարհում։
 
Դ
Երկի՛ր,
Տառապանքն այն ակոսն է սև, 
Որի մեջ լույսի ու իմաստության 
Սուրբ հասկն է աճում:
 
Այդ ակոսն ես դու,
Այդ կնճիռն ես դու աշխարհի դեմքին:
 
Եվ ծանրացել է քո հասկը, 
Երկի՛ր,
Լցվել է լույսով,
Ցորյանով մաքուր...
Երկի՛ր,
Դու ակոս,
Սրբազան դու հասկ
Ե՛վ հաց անսպառ, և՛ հաց ոգեղեն...
 
Ե
Երկի՛ր,
Լեռներդ ըմբոստ են այնքան,
Որ թվում է թե ուր որ է ահա
Հրաբուխներով որոտան պիտի,
Եվ կապույտն այնքան հեթանոսական,
Որ թվում է թե արյունաթաթախ
Առավոտն է դեռ այն նավասարդի...
 
Ծխանի ծուխ կա օդում ծփացող, 
Եվ ինչ-որ մի տեղ լեռնալանջն ի վեր 
Եզջերուներն են երևի վազում, 
Փողեր են փչում, 
Թմբուկ են զարկում 
Ու զարթնում է մի կապույտ առասպել...
 
Արևագալիդ լույսերից հարբել,
Օրորվում է մի համբարձող բարդի:
 
Ականջս փողի հեռավոր ձայնին,
Կարծես գնում եմ,
Գնում ու սուզվում
Առավոտի մեջ այն նավասարդի:
 
Զ
Երկի՛ր,
Փակում եմ աչքերս քո դեմ, 
Եվ կոպերիս տակ հրդեհ է մնում, 
Կրակ է մնում 
Ու մնում ոսկի...
 
Երկի՛ր,
Բացում եմ աչքերս քո դեմ՝
Ոսկի է կաթում,
Կրակ է կաթում,
Հրդեհ է կաթում քո ամեն ոստից։
 
Երկի՛ր,
Ամեհի անդունդն ի վար
Գահավեժ նետվող ջրերդ բոլոր
Իրենց փառավոր այդ անկումի մեջ
ճերմակ կրակ են
Ու ճերմակ հրդեհ...
 
Երկի՛ր,
Աստղամոտ քո բարձունքներում
Լճեր կան կապույտ,
Որ երկինքն ի վեր
Կապույտ աղոթքի բոցով են մխում։
 
Եվ քարերիդ մեջ,
Ապառաժեղեն երակներիդ մեջ
Կայծեր կան նիրհող
Ու նիրհող բոցեր,
Որ բախումներից զարթնում են հանկարծ`
Բաշերի նման...
 
Եվ այրվում ես դու,
Դու ոտից գլուխ այրվում ես,
Երկի՛ր,
Եվ այրումի պես գեղեցիկ ես դու:
 
Է
Երկի՛ր,
Լեռներդ, լեռնապարերդ
Մեկը մյուսի խոյանքն են կրկնում
Մի անկրկնելի վեհափառությամբ։
 
Եվ քո ջրերը,
Մաքուր ջրերը
Այստեղ դարեդար ժայռեր են փշրում
Իրենց իմաստուն խելագարությամբ:
 
Եվ ծաղիկներդ,
Եվ ծաղիկներդ,
Քարերի վրա արյուն են ծորում
Մի անկիզելի ողջակիզությամբ:
 
...Դարեր են գալիս,
Գնում են դարեր,
Եվ ապրում ես դու,
Հավերժում ես դու
Քո անմեկնելի ըմբոստ հեզությամբ։
Մի փոշոտ, փափուկ ճամփա,
Փշատի փոշոտ ծառեր,
Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք
Ու արև, արև, արև...
 
Կատարին` լույսից շիկնած
Մի թեթև ամպի ծվեն,
Արարատ լեռն է ցոլում`
Նյութեղեն - աննյութեղեն...
 
Ուխտավոր հոգնած մի հով
Անցնելով բարդուց բարդի,
Գնում է, ծունկի իջնում
Խորանում Արարատի:
 
Մի փոշոտ, փափուկ ճամփա,
Փշատի փոշոտ ծառեր,
Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք
Ու արև, արև, արև...
 
Հովի հետ այդ ուխտավոր
Անցնելով բարդուց բարդի,
Ուզում ես գնա՜լ, գնա՜լ
Ու փարվել Արարատին...
...Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում, 
Իմ ցավի մեջ ու հույսի կապույտ աստղեր են կաթում:
 
Կապույտի մեջ ու լույսի մեր այն տունն է՝ հնօրյան,
Որի դռնակն էր բուրում որպես աղոթք ու ցորյան:
 
Մեր բարդիները բոլոր արշալույսներ են հագել, 
Զրնգում են օդի մեջ լեցուն ու տաք փեթակներ։
 
Արածանին անեծքի շառաչյունը մոռացել
Եվ ծայրեծայր օրհնություն ու շարական է դարձել։
 
Մեր լեռնաշխարհն է փռված մինչև Սասուն, մինչև Վան, 
Որպես հայացքն աստըծո՝ կապույտ երկինքը վրան:
 
Ծուխ է ելնում շեներից... Ու ծխի մեջ արևոտ
Անուշ բուրմունք կա հացի ու կա մի սուրբ խղճի հոտ։
 
Ֆիդայինները բոլոր լեռներից տուն են դարձել, 
Եվ ափերի մեջ նրանց մաճն է նորից քաղցրացել։
 
Հորովելն է երկարում ճառագայթի պես բարի, 
Խիղճը աստված է նորից ու խոփն է տերն աշխարհի։
 
...Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում
Այդ աստղային պատրանքից ցավիս մեջ ցավ է կաթում։
Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել, 
Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց 
Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել...
 
Եվ մնացել է առաջին անգամ 
Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ, 
Որից զրնգուն ու անապական 
Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։
 
Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,
Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,
Որ իր բարությամբ ու արդարությամբ
Նման էր այնպես մանկության աստծուն։
 
Առաջին անգամ աշխարհում տեսած 
Իմ առավոտն է այնտեղ մնացել, 
Երկինք ու բարդի, ճառագայթ ու լաց, 
Իմ հողի հոտն է այնտեղ մնացել...
Ու ես ասում եմ. - Կանգնիր, առավո՛տ, 
Ես էլ եմ գալիս,
Այնպես է թվում, թե հեռու-հեռվից 
Ինձ ձայն են տալիս։
 
Ու ես չգիտեմ, դա անլսելի 
Զնգո՞ցն է քարի, 
Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը 
Սոսյաց անտառի։
 
Ու ես չգիտեմ, անդունդում կորած 
Գե՞տն է տվայտող, 
Թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս 
Մամռոտած մի տող։
 
Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
Ապրող անձավի,
Թե՞ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
Հնամյա ցավի։
 
Գուցե լեռներում վարգում է մի որբ,
Տխուր հովատակ, 
Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ 
Վրնջոցը տաք։
 
Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ 
Ինձանից զատված 
Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում 
Մաքուր ու զատված։
 
Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու 
Աշխարհ է լալիս։
Ու ես ասում եմ. - Կանգնիր, աոավո՛տ,
Ես էլ եմ գալիս։
Առաջին տեսիլ, առաջին երազ, 
Առաջին իմ հուշ... 
...Մի կավե կտուր, մի չթե վերմակ, 
Ու գիշեր է ուշ։
 
Ինչ-որ խուլ ցավից արթնացել եմ ես, 
Լալիս եմ աղի,
Արցունքներիս մեջ դողում են բարդին 
Ու աստղը ծավի։
 
Տատիկս ելել, չոքել լուսնի դեմ, 
Աղոթք է անում
Եվ աղերսում է նա ինչ-որ մեկին, 
Չգիտեմ, թե ում...
 
Արցունքիս միջով նայում եմ լուսնին, 
Կեսն ամպի տակ է, 
Իմ տատի դեմքն էլ այդպես ամպամած 
Ու սպիտակ է։
 
Լուսնի դեմ չոքել, աղոթք է անում 
Ձեռքերը սրտին,
Սակայն ոչ մի կերպ ես չեմ հասկանում 
Խոսքերն իր խրթին։
 
Ախ, գիտեմ, գիտեմ, որ չի հասկանում 
Եվ աստված ինքը, 
Թե չէ ինչպե՞ս է, որ մեզ չի տանում 
Իր մոտ՝ երկինքը...
 
Ասում են այնտեղ, փափուկ է այնպես, 
Փափուկ է ու տաք, 
Ցավ չկա այնտեղ, կա միայն արև, 
Ամպ ու հրեշտակ։
 
Բայց գուցե սուտ է... Տես, մի աստղ ընկավ, 
Որ հեռվում մարի, 
Երևի այնտեղ, ախ, նրա ոտքն էլ 
Առել է քարի։
 
Ու քար գլորվեց... Մթին ձորերով 
Այծամարդն անցավ... 
...Մի կավե կտուր, մի չթե վերմակ, 
Ինչ-որ խուլ մի ցավ։
Գլուխս կախել, նայում եմ անթարթ 
Ու ինձ եմ տեսնում մեր մութ ջրհորում, 
Ասում են՝ այնտեղ ցերեկով անգամ 
Երկնքի ոսկե աստղերն են լողում։
 
Ամառ է ու շոգ, սակայն ջրհորից 
Բուրում է մի զով, մի խոնավ աշուն... 
Մայրս դույլն առել, եկել է նորից, 
Թեքվել ջրհորին ու ջուր է քաշում։
 
Դույլը իջնում է զվարթ զնգոցով 
Եվ արձագանք է խորքերում տալիս, 
Դույլը ելնում է ծանր տնքոցով 
Եվ պատերն ի վար արցունք է տալիս։
 
Նայում եմ նորից ջրհորին խավար, 
Որ հանդարտվեցին ու իրար եկան... 
Թաց քարերն ի վար, մամուռներն ի վար 
Արցունք է կաթում... Ու աստղեր չկան...
Գարնան առավոտ... 
Կանաչ է ուռին... Մի կռունկ իջավ 
Մեր տան կտուրին։ 
Օրը զնգում է, 
Օրը վրնջում,
Բայց տատիս երգը 
Տխուր է հնչում։
«Ձնից ճերմակ է 
Քո թևը, կռո՛ւնկ, 
Սիրտդ ամպի պես, 
Ախ, սև է, կռո՛ւնկ, 
Դու զույգ գնացիր, 
Մենակ ես գալիս, 
Ո՞ւր է, ախ, ո՞ւր է
Քո սերը, կռո՛ւնկ»։
 
Երամից զատված 
Իջել կտուրին, 
Կտուցով թևն է 
Շոյում նա լռին։ 
Մղկտում է նա, 
Վիրավոր լալիս 
Ու հետո նորից 
Թևին է տալիս։
 
«Հարավա քամին 
Թեթև է, կռո՛ւնկ, 
Բայց, ա՜խ, ջարդել են 
Քո թևը, կռո՛ւնկ, 
Դու էլ չես հասնի 
Չված երամիդ, 
Կարմիրդ անցավ, 
Քո սևն է, կռո՛ւնկ»...
Ամպել էին, մթնել էին 
Դեմի լեռները,
Պարան-պարան կապում էին, 
Ա՜խ, մեր բեռները։
 
Կապում էին աման-չաման 
Ու հին կարպետը,
Թողնում էին մեր թթենին,
Մեր տունն ու գետը:
 
Կապում էին վերմակ ու բարձ
Ու հին պղինձը,
Թողնում էին ոսկե առուն,
Մեր դաղձն ու սինձը:
 
Դարսում էին, կապում էին
Մեր ճամփի հացը,
Թփերի տակ թողնում էին
Ծիծաղս ու լացս:
 
Պարան – պարան կապում էին,
Ա՜խ, մեր բեռները,
Ամպերի տակ թողնում էին
Մեր հին լեռները...
Եվ ոլորվում է մեր քարավանը,
Մեր քարավանը իջնում է վար,
Ձորից ելնում է Եփրատի ձայնը,
Ձորում որոտ է, փրփուր ու քար:
 
Գետը ծեծում է իր քարե պատը, 
Գետը ողբում է ու մռնչում... 
Տատս պատմել է, որ այծամարդը 
Մթնով սրինգ է այստեղ փչում։
 
Որ նա մտնում է մթին այրերը, 
Որ նա իջնում է ջրի հատակ 
Եվ իր գանձերը, անգին քարերը 
Հանում, փռում է լուսնյակի տակ։
 
Ու ես նայում եմ, ժայռերը թաց են, 
Եվ արեգակն է ջրին ծաթել, 
Այնտեղ փռվածը, այնտեղ ցրվածը 
Անգին քարեր են ու սրմաթել։
 
Կամուրջը մոտ է, խենթ մռնչում են,
Ահեղ շնչում են ջրերը, տե՛ ս... 
Մեր ձին խրտնում է ու վրնջում է
Ու փրփրում է Եփրատի պես:
 
Ջրերի ողբ է, ջրերի ճիչ է,
Ժայռը զնգում է իբրև զանգակ...
Ի՞նչ իմանայի՝ թողածս ի՛ նչ է
Եվ ի՛ նչ եմ տեսնում վերջին անգամ:
Թե հրաշքով ճամփաս տանի 
Դեպի Եփրատ ու մանկություն, 
Հոտոտելով քեզ կգտնեմ, 
Հայրենական փոքրիկ իմ տուն։
 
Այն կապույտից ու այն ոսկուց, 
Որ ջրերին էին թառում, 
Կճանաչեմ ու կգտնեմ 
Իմ մանկության ոսկե առուն։
 
Հազարի մեջ կճանաչեմ 
Իմ մանկության բարակ բարդին, 
Որ խշշում էր երկինքն ի վեր, 
Երկինքն առած իր սաղարթին։
 
Եվ օդի մեջ, ոլորտի մեջ, 
Հովերի մեջ լուսաբացի 
Ես կգտնեմ բույրերը տաք 
Մեր տան ծխի ու մեր հացի։
 
Թե հրաշքով ճամփաս տանի 
Դեպի Եփրատ ու մանկություն, 
Հոտոտելով քեզ կգտնեմ, 
Հայրենական փոքրիկ իմ տուն:
Էլ բավական է... Թախիծն այս ցավոտ 
Անվերջ ու անվերջ սիրտս է ծվատում։ 
Պիտի վեր կենամ ես այս առավոտ 
Ու գնամ այնտեղ ու գնամ մեր տուն։
 
Թեկուզ և գիտեմ, որ տեսիլք է սա, 
Որ այն աշխարհը հեռու է ու փակ, 
Բայց միևնույն է, ճանապարհ, սուրա՛, 
Սլացիր իբրև հրեղեն պապակ։
 
Բայց միևնույն է, անցիր վիհերով, 
Մոլորվիր մթին անդունդների տակ 
Եվ քարափների մամռոտ քիվերով 
Ոլորվիր դեպի այն հովիտը տաք:
 
Այնտեղ արև կա ու հոտ կա հարդի, 
Այնտեղ գետակ կա, քարեր կան կիզող, 
Արև է շնչում մի խաղաղ բարդի, 
Որ կիսով կանաչ, արծաթ է կիսով։
 
Ու տուն կա այնտեղ, քարե մի տնակ, 
Եվ գիտեմ, նրա հին առաստաղից 
Մի հին կարոտ է մաղում շարունակ, 
Ու կաթկթում է մի մրոտ թախիծ...
Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս, 
Ես թեթևակի բարև եմ տալիս... 
Ու անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում:
Չգիտեն նրանք և ի՞նչ իմանան,
Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան,
Որ ես քայլերս եմ մի պահ շփոթում,
Մոռանում աշխարհն, օդ փնտրում օդում...
...Բայց անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում:
Ասում են հին վերքն հաճախ է ցավում,
Երբ եղանակը ամպոտ է ու վատ...
Բայց գարունն այսօր այնքան արևում,
Փռում է լույսի հրճվանքն անարատ:
 
Ծիծառներն այնպես հարբա՜ծ են թևում,
Այնպե՜ս է շիկնել ծաղկած դեղձենին,
Ու ես չգիտեմ ինչո՞ւ է նվում
Սիրտն իմ, որի մեջ բեկոր կա մի հին:
 
...Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ,
Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
Վա՜տ եղանակ է սա սրտի համար,
Որ հին բեկոր կա սիրուց մնացած:
Ես մոռացել էի, որ ամպրոպ կա կյանքում...
Օրը գորշ էր այնպես,
Երկիքն այնպես անգույն։
Կանաչ ծառերն անգամ,
Որ գիտեին սիրո սուրբ սարսուռով դողալ,
Լուռ կարկամել էին։
Ծաղիկների երանգն ասես քամել էին,
Թռչունները բոլոր իջել էին վերից
Եվ չգիտես, թե ուր ապաստանել,
Քամին մտել քարայր,
Սիրտ չէր անում իր տաք գլուխը դուրս հանել։
Բարակել էր առուն
Եվ չէր զարկում իրեն էլ քարեքար:
Այդ ամենը, այո, հենց այդպես էր, որ կար,
Բայց ոչ հողի վրա, այլ իմ սրտում...
 
Ու չգիտեմ ինչպես
Ու չգիտեմ ինչից
Հանկարծակի փոխվեց օրն այդ տրտում:
Ու չգիտեմ ինչպես
Խավարի ու լույսի խաղ սկսվեց հանկարծ...
Մերթ մթնեցին ամպերն ու մերթ տվին ոսկուն,
Մերթ արևը շողաց ու թաքնվեց իսկույն,
Մերթ ծանրացավ մի ամպ ու չանձրևեց սակայն,
Ու մերթ ամպերն ամեն լույս ու հրդեհ հագան...
Եվ այդ թովիչ խաղը խավարի ու լույսի
Մերթ խոստումի պես էր,
Մերթ նման էր հույսի...
Այդ ամենը, այո, հենց այդպես էլ եղավ
Եվ, սակայն, ոչ վերում,
Այդ ամենը եղավ
Իմ աչքերին նայող քո աչքերում:
 
Ու չգիտեմ ինչպես
Ամպի սրտում հանկարծ շքեղ շանթը շողաց, 
Ու չգիտեմ ինչպես
Ամպի կոպին հանկարծ արտասուքը դողաց, 
Ու չգիտեմ ինչպես սկիզբ առավ հանկարծ 
Արտասուքով, լույսով, շանթերի շեկ խաղով 
Ու կապույտով հարուստ մի խենթ տեղատարափ...
Խելագարվեց առուն, նետվեց քար ու քարափ, 
Ծառը ծափեց, դողաց 
Ու թրթռաց որպես կանաչ մի սիրտ, 
Իսկ օդը, օդն ամռան 
Ձնծաղիկո՜վ բուրեց...
Ես ի՞ նչ եմ ուզում, որ բերես դու ինձ...
Ոչինչ... Ախ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես
Ու քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը՝
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
Ու լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն:
 
Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
Ու ես ամեն ինչ կունենամ կյանքում: 
Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու... 
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան, 
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:
 
Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով, 
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում, 
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով 
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:
 
Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց, 
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՜ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում, 
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...
Այնպես մի անի, որ ես ուրանամ իմ սրբությունը, 
Այնպես մի անի, որ սրտիս համար արդեն մեկ դառնա, 
Թե ում ոտքի տակ դնի իր սերն ու իր քնքշությունը, 
Եվ ում համբուրեն իմ շրթունքները՝ ծարավից արնած։
 
Իմ հավատն էիր...
        Բայց այսօր ցավի ամպերը խավար
Կարկուտ են տեղում ու թափում սիրո ծաղիկ ու թերթեր.. 
Դու գիտե՞ս արդյոք, թե ինչ ասել է կորցնել հավատ, 
Եվ ինչ ասել է փշրել այն կուռքը, որ ինքդ ես կերտել։
Այո, սիրելիս, իմ ու քո սերը նման եղավ շատ
Մի վտանգավոր
Եվ սակայն թովիչ մի ճամփորդության:
 
Բարեբաստիկ էր ծովային քամին,
Առագաստները և սրտերը մեր շատ էին լեցուն
Ու մենք նավեցինք...
Մեր ճանապարհին
Մենք հայտնություններ արինք հիասքանչ՝
Գտանք անանուն,
Անհայտ կղզիներ,
Նրանց քնքշագին անուններ տվինք
Եվ բնակեցրինք
Մեր երազներով,
Թախծություններով
Ու մեր հույսերով։
 
Եվ հայտնություններ արինք մենք ուրիշ,
Տեսանք, որ ծովը
Հույսի այն փոքրիկ, աննշմար կղզուց
Մինչև երազի կապուտակ կղզին,
Շատ է մթամած,
Եվ մրրիկն այնտեղ շատ է մոլեգին։
 
Եվ հայտնություններ արինք մենք ուրիշ՝ 
Տեսանք, որ չքնաղ երազի կղզու 
Ափի ժայռերը շատ են ուղղաձիգ,
Եվ ափ ելնելու չկա ոչ մի ճար։ 
 
Եվ արինք նաև հայտնություն մի այլ՝ 
Որ այդ ծովն ունի միայն մի խորհուրդ...
Ընթանալ անվերջ, չհասնե՜լ սակայն...
Քոնն է մեկընդմիշտ,
Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյանքում
Եվ ինչ երբևէ ունենամ պիտի:
Բայց ամենից շատ ու ամբողջովին
Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող
Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը,
Այն կապույտ բոցը,
Որի անունը կարոտ է...
        Այո,
Քոնն է մեկընդմիշտ 
Այդ կապույտ բոցը,
Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝
Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում:
Այտեղ ծառերն իբրև կանաչ մարգարեներ
Իրենց սաղարթների խորհրդավոր խոսքով
Ինձ հուշեցին կամաց,
Որ կսիրես դու ինձ...
Օրը մեծ էր,
Ասես լույսի տերությունից
Վար էր իջել շքեղ մի կիրակ
Ու քայլում էր երկրի հովիտներով:
 
Այգեստանի ձեռքից հազիվ պոկված մի հով 
Հիացումիս նման փարվում էր քեզ 
Ու քեզ ոտից գլուխ երկրպագում։
 
Տարելիցն է հիմա այդ նույն օրվա,
Ու ես մենակ նստած իմ աչքերր փակում,
Ձեզ եմ ձայնում, ծառեր,
Մարգարեներ կանաչ,
Ասեք, ո՞ւր է հապա խոստումը ձեր,
Եթե իրավ էիք,
Հապա ինչո՞ւ եմ ես
Հուր ու ջրին այսքան ընտելացել։
Վկաներ իմ սիրո մարգարեներ կանաչ,
Այդ նա պատճառ եղավ, որ այս տարի
Ես այսպես լավ, այսպես լավ հասկանամ,
Թե ինչ խաղ է խաղում ծովի ալիքն այն խենթ,
Որ զարկում է ժայռին ու հեռանում,
Որ հակինթ է հանում ծովի տակից հանկարծ
Ու իսկույն ետ տանում...
 
Եվ հասկացա նաև
Թե ինչու է բարձունքն իր ոտքի տակ
Միշտ խորխորատ բանում...
 
Եվ հասկացա, այնպես լավ հասկացա
Նաև լեգենդն այն հին,
Ուր Լիլիթն է սուրում կրակի պես
Ու իմ նախահորը իր հետքերով տանում...
 
Օրը մեծ է...
Կարծես լույսի տերությունից 
Նորից ցած է իջել մի կիրակի 
Ու քայլում է երկրի հովիտներով...
Նորից բարակ մի հով
Սաղարթներն է հուզում այս ծառերի:
Ու ծառերը,որպես կանաչ մարգարեներ
Ինձ հուշում են թաքուն,
Որ կսիրես դու ինձ...
 
-Ուրեմն,քեզ ողջո՜ւյն, իմ նոր թախիծ,
Անքնություն, ողջո՜ւյն,
Ողջո՜ւյն ծարավ,
Ու ողջո՜ւյն ձեզ, ողջո՜ւյն,
Նոր սպիներ...
Ներիր, սիրելիս, ներիր ինձ լուռ,
Որ քո սեթևեթ նազանքի տակ
Ես չէի տեսել քո սիրտը տաք
Եվ արտասուքիդ լույսը մաքուր:
 
Չէի նշմարել, որ այդ անհոգ
Եվ այդքան թեթև քո ծիծաղից
Թաքուն հորդում է մի լուռ թախիծ
Եվ տառապանք մի նուրբ ու անօգ:
 
Ու չգիտեի, որ քեզ զուգող
Այդ քողը նետած, կարող ես գալ,
Իմ կրծքին ընկնել ու հեկեկալ
Այսպիսի խոշոր արտասուքով...
Մենք բաժանված ենք։
Եվ սակայն սերը շարունակվում է,
Շարանակվում է մայրամուտի պես...
 
Շարունակվոլմ է հորիզոնն ի վար
Մխացող ամպով,
Մթնելուց առաջ իր բույնը փնտրող
Հավքի տագնապով,
Գետափին մրսող սպիտակ ու մերկ
Ծաղկի սարսուռով,
Զղջումի նման քարայրում զարթնող
Հողմի պաղ սույլով,
Շարունակվում է ձոր ու անդունդի
Մութ մխանքներով
Եվ իրաի փնտրող հեռախոսային
Անխոս զանգերով...
 
Մենք բաժանված ենք։
Եվ սակայն սերը շարունակվում է,
Շարանակվում է մայրամուտի պես...
Շնորհապարտ եմ քեզ
Սպասումի, դողի
Եվ խոստումով խոսող 
Քո այն կանչի համար, 
Այն քնքշության համար, 
Որ ձեռքիս մեջ թողիր 
Եվ սեթևեթ ու նուրբ 
Քո նահանջի համար...
 
Անհայտությամբ բուրող
Քո վարսերի համար 
Եվ շուրթերիդ համար, 
Որ շոգով են հևում,
Եվ քո հագի մատնիչ 
Մետաքսների համար, 
Եվ այդ գոտու համար,
Որ իրանդ է ձևում:
 
Շնորհապարտ եմ ես
Այդ հայացքիդ համար, 
Որ ինձ ու քեզ զատող 
Ինչ-որ քող է այրում, 
Եվ կանացի քնքուշ
Առեղծվածիդ համար,
Որ երգում է քո մեջ
Իբրև լույս ու արյուն:
 
Շնորհապարտ եմ ես,
Շնորհապարտ եմ քեզ,
Այս մշուշի, մուժի
Այս թախծության համար,
Այս արևի, լույսի,
Շոգի համար այս կեզ
Եվ այս շռայլ ու խենք
Հարբածության համար...
Ես չկանչեցի, դու ինքդ եկար, 
Եկար նազանքիդ բեկումով փխրուն, 
Եվ թարթիչներիդ թախիծը թեքած, 
Նստում էիր լուռ ու ինձ հետ տխրում։
 
Ու ես, որ կյանքում զատել գիտեի 
Եվ մեղքի շողքը, և սերը արդար, 
Քո աչքերի դեմ կարկամում էի 
Եվ անզոր էի հայացքդ կարդալ։
 
Մերթ դողում էր նա իբրև սև արցունք, 
Մերթ վառում թաքուն ու կանչող լույսեր, 
Դու՝ ոտից գլուխ մի խրթին հարցում, 
Դու՝ ոտից գլուխ տառապանք ու սեր։
 
Եվ ինչո՞ ւ եկար, ի՞ նչ էիր ուզում, 
Ինչո՞ ւ հեռացար... Չգիտեմ ոչինչ։ 
Եվ հիմա հեռվից տենդորեն հուզում, 
Այրում են հեռվից աչքերը քո ջինջ։
 
Քեզնից մնացած այս թախիծը խոր 
Մթնով զարթնում է ու լուռ հեծեծում... 
Նա քո՛նն է նաև, նա մանուկ է որբ 
Ու որբի նման քո դուռն է ծեծում։
Բացվել էին երկնքի բոլոր դռներն այդ գիշեր,
Երկնքով լույս էր հոսում,
Աշխարհն ասես ծայրեծայր սիրո շշուկ էր ու սեր
Ու աստծո հետ էր խոսում:
 
Եվ ծղրիդները բոլոր հարբել լույսից ու բույրից, 
Տաղեր էին հորինում,
Իսկ ես մանկան թախիծով մեր տան կավե կտուրից 
Իմ աստղն էի որոնում:
 
Եվ մեկը կար, մեկը կար, որ այնպես մեծ էր ու մով 
Ու դող ուներ իր շուրթին,
Բայց բռնկվեց նա հանկարծ ու գեղեցիկ անկումով 
Կախվեց մթին անդունդին:
 
Ես աչքերս փակեցի... Ինչ-որ հավք էր մորմոքում,
Ինչ-որ թախիծ էր ու ցավ...
Հենց այդ գիշեր երևի իմ արյան մեջ ու հոգում
Բանաստեղծը արթնացավ...
Դու ծնվեցիր կյանքում մի լավ երգի համար, 
Երգ, որի մեջ միայն ալեբախեր ոգին, 
Երգ, որ սրտիդ նման լոկ կապույտով մխար 
Ու ապաստան դառնար քո մորմոքին:
 
Երգ, որի մեջ սգար մանկության տունն ավեր, 
Մանկության աստղը մով կախվեր որպես արցունք 
Որ կորստի խայթից վերքի նման ցավեր 
Ու տվայտեր, որպես անպատասխան հարցում:
 
Երգ, որի մեջ ճչար անտուն ու որբ մի սեր, 
Ու մորմոքար անքուն սրնգահար մի կույր, 
Երգ, որ կարողանար հացն ու լույսը կիսել 
Ու տալ ամենեցուն այդ շնորհը մաքուր...
 
Երգ, որ խղճի նման ծունկի իջներ հողին, 
Արդարություն հայցեր ու աղերսեր հրաշք, 
Երգ, որ փոխվեր ամպի, ամպրոպային ցողի 
Ու հեկեկար բոլոր կորուստներիդ վրա:
 
Երգ, որի մեջ ոչինչ չպահեիր թաքուն,
Ոչ տառապանք, ոչ ցավ, ոչ կասկածներ լռին,
Երգ, որ խղճի նման ու սիրո պես մաքուր
Դու պարզեիր մարդուն, քո աշխարհին, դարին:
 
Սակայն հիմա հասած ճանապարհիդ կեսի ն, 
Դու ցավով ես նայում քո օրերին անցած, 
Սև զղջումի նման դու տառապում ես, սի՛րտ, 
Եվ հրկիզում է քեզ մի ակամա հանցանք:
 
Իսկ երգերդ չերգած հաճախ դուռդ են բախում, 
Երազիդ մեջ հաճախ քեզ այցի են գալիս,
Դու ուզում ես բռնել, սակայն նրանք սահում, 
Ծուխ են դառնում, տեսիլ ու հեռացող ալիք:
 
Եվ մարում են նրանց շշուկները, ավա՜ղ, 
Որ խոսեին պիտի սիրուց, խղճից, բարուց, 
Ամոքեին պիտի մարդու սիրտը ցաված, 
Ցավ, որ շա՜տ էր այնքան քո այս ահեղ ղարում:
 
Եվ մեղքի տակ կքած ղու քայլում ես կրկին, 
Տանում ծարավ մի խոր և՛ տառապանք, և՛ թույն…
Քեզ ոգին է կանչում քո որոնած երգի, 
Խոստանալով հրաշք ու քավություն...
Մի նոր ձնծաղիկ հողից նոր ելած`
Արցունքի մի շիթ թերթերի մեջ թաց,
Մի ծիծեռնակի սրաթև սլացք,
Ինչ-որ աղջկա քնքուշ մի հայացք,
Արևի մի շող բեկբեկուն ու տաք,
Ու թրթռում ես, սի՛րտ իմ, կրծքիս տակ...
Ի՞նչ ես դուհիշում,
        չգիտեմ,
                բայց ես
Շնորհապարտ եմ. սիրտ իմ, քեզ այնպես, 
Որ դու կարող ես այդպես թրթռալ 
Եվ որ խենթացած կարող ես դու լալ, 
Մի նուրբ ձնծաղկից, մի բեկոր հուշից, 
Դաշտերին իջած կապույտ մշուշից, 
Գարնան հալոցքից, հավքի սլացքից, 
Ինչ-որ աղջկա քնքուշ հայացքից:
Իմ դեմ հորանջում, ծանր շնչում է մի մթին անտաո,
Ու ձանձրանում է անքնությունից գունատ մի լուսին,
Դրսում վայում է անտուն մի քամի, ու դանդաղ, դանդաղ,
Դանդաղ են զարկում ժամանակ ու սիրտ:
Չգիտեմ ինչու, միշտ գիշերով են ցավերն արթնանում
Ու լռության մեջ մխում են կամաց,
Չգիտեմ ինչու, հենց այն հուշն է քեզ բոնում ու տանում,
Որ կուզենայիր մոռանալ հավետ,
Սակայն հիշում ես, տանջվում ակամա:
Չգիտեմ ինչու, արթնացել հանկարծ ու մխում է խուլ
Վաղուց մոռացված ու սպիացած վերքը գնդակի,
Գուցե վերքը չէ դա ամենևին, այլ հուշ մի տխուր,
Գուցե հուշ էլ չէ, այլ մի մոլորված, կորած մի թախիծ:
Ախ, եթե լիներ հիմա մի կտոր շաղոտ ծիածան
Վիրակապի պես ես կդնեի այս այրվող տեղին,
Կամ լիներ, լիներ գարնան ամպրոպի հեռավոր մի ձայն,
Մի կտոր արև, մի արծաթ ծիծաղ,
Աշնան առավոտ մի ոսկեդեղին...
Բայց մութ է, գիշեր: Ծանր շնչում է մի մթին անտառ,
Ու ձանձրանում է անքնությունից գունատ մի լուսին,
Դրսում վայում է անտուն մի քամի, ու դանդաղ, դանդաղ,
Դանդաղ են զարկում ժամանակ ու սիրտ...
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ...
Դու այսքան փոքրիկ, բայց մի մեծ խղճի 
Ապաստան դարձար, 
Այրվեցիր այսքան, այսքան մխացիր, 
Բայց չմոխրացար:
 
Գլխիս հետ հավետ վեճի մեջ մտած 
Դու քեզ վատնեցիր,
Երբ արդար չեղա, դու շիկնանք դարձար 
Ու ինձ մատնեցիր:
 
Ո՛ր տեղս էլ ցավեց, զարմանքով տեսա,
Որ այնտեղ ես, սիրտ, 
Որ ասպետորեն ցավերն իմ բոլոր 
Առնում ես ուսիդ:
 
Դու այսքան փոքրիկ, բայց ամբողջովին 
Երգ ես ու արյուն...
Սի՛րտ, ես գլուխս եմ քո դեմ խոնարհում:
Կես է գիշերն արդեն... Ու խավարում այս գաղջ
Ծխախոտիս նման հուշն է մխում...
Ի՜նչ իմանամ, հոգիս,
Հեքիաթներ կան ուրախ,
Բայց այս մեկը տխուր, շա՜տ է տխուր:
 
Ու չգիտեմ ինչո՞ւ, ու չգիտեմ ինչպե՞ս
Ինձ այցի է գալիս հարբած մի մարդ,
Ցնցոտիներ հագած մի շրջմոլիկ,
Մի խենթ,
Յնցոտիներ հագած, բայց քրմի պես հպարտ:
 
Ծաղիկներ էր ծախում նա մայթերի վրա, 
Իսկ ավելի հաճախ բաժանում էր ձրի, 
Գինետուն էր մտնում 
Ու այնտեղից ելած, 
Տերն Էր դառնում բոլոր ծաղիկների:
Ու նա ոչինչ չուներ ծաղիկներից բացի 
Ու երկնքից բացի` այլ տեղ ու տուն... 
Միայն հուշեր ուներ նա «Չարյանցից», 
Որ պատմում էր հարբած ու մղկտում:
 
Ու նա հարաբած էր միշտ,
Հարբած, ինչպես քամին,
Ինչպես երգը,
Սերը
Ու ծովն անեզրական...
Ու նա ազատ էր միշտ,
Ազատ, ինչպես քամին,
Ինչպես երգը,
Սերը
Ու ծովն անեզրական:
 
Խոստովանանք լինի, որ ես ինքս էլ կյանքում 
Շատ ուզեցի հասնել մարդուն այդ խենթ 
Ու չհասա սակայն:
 
Եվ նա մեռավ մի օր,
Մենակ,
Արձակ դաշտում,
Ծաղիկների մեջ թաց
Ու անձրևի ներքո աստղակաթի:
 
Ախ, ինչ ասեմ քեզ, տե՜ր,
Ախ, ինչ ասեմ քեզ, կյա՜նք,
Որ չտվիր ինձ բախտն այդ հեքիաթի:
Մեկն իմ ծաղիկների քնքշությունը խլեց, 
Եվ հողմերին տվեց ժամանակի, 
Մեկը առևանգեց խենթությունն իմ հրե, 
Մեկը լեղի խառնեց իմ բաժակին;
 
Կես է գիշերն արդեն... Ու խավարում այս գաղջ 
Ծխախոտիս նման ցավն է մխում...
Ի՞նչ իմանամ, հոգիս,
Հեքիաթներ կան ուրախ,
Սակայն իմը տխուր, շա՜տ է տխուր...
Սիրտ իմ, նման ես Գեղարդա վանքի...
Բավ է շշուկն իսկ, որ արձագանքի, 
Թրթռոց դառնա, երգ դառնա ու դող, 
Որ դեպի վերին ոլորտը միտող 
Ալեբախություն ու թախիծ դառնա, 
Որ հնչյունի պես երկինք համբառնա, 
Զնգա ղողանջով հեռավոր զանգի...
Սիրտ իմ, նման ես Գեղարդա վանքի:
Սիրտ իմ, հաճախ ես ցավել դու կյանքում, 
Ցավել ես սիրուց, կորստից ցավել, 
Տանջել է հաճախ քեզ կարոտն անգութ, 
Հաճախ զղջումով մեղքեր ես քավել, 
Սակայն ամոքվել ու ապաքինվել, 
Ասես հրաշքով նորից ես ծնվել 
Ու բախել նորից դաշնորեն ու հաշտ...
 
Սակայն մի ցավից, ցավից մի անհուն, 
Որ գուցե կյանքում չունի և անուն, 
Չես ապաքինվում դու այսքան տարի... 
Սիրտ իմ, լի՜ ես դու, լի՜ ես աշխարհի
Բոլոր գույներով, բոլոր ձայներով,
Բոլոր հողմերով, ծիածաններով,
Աշխարհի լավո՛վ, աշխարհի ցավո՛վ, 
Լեցուն այնպիսի սուրբ հրաշքներով, 
Որ եթե հանկարծ դու կարողանաս 
Ու հրաշքներն այդ աշխարհին բանաս,
Շլանա պիտի հայացքն աշխարհի...
Բայց տառապում ես դու այսքան տարի
Եվ այդ ամենի մի երանգն անգամ,
Հեռու հեռավոր արձագանքն անգամ
Չես կարողանում հետ տալ աշխարհին
Ու ցավում ես, սի՛ րտ:
Ինչ-որ հեռու տեղ մոլորված գառի 
Լալագին ու որբ մայունը հանգավ, 
Եվ աստղը նորից բարդու կատարին 
Թրթռաց, իբրև արծաթե զանգակ:
 
Կապույտ է հոսում վիհերով Մասյաց, 
Եվ աստղալույս է լանջերով հոսում, 
Մի աստվածային ներշնչման հասած, 
Անտես ծղրիդն է հեռվից սաղմոսում:
 
Ճամփան մտորում, գնում է անվերջ,
Ուզում է, ասես, ինքն իրեն հասնել,
Մի ծեր տանձենի չոր ճյուղերի մեջ 
Տարուբերում է ծաղկած երազներ:
 
Հողն իր մխացող խորհուրդը հանել, 
Հյուսում է բարակ աստղային թելին, 
Ծեր Արարատը մրափը վանել,
Քննում է անհայտն ու անքննելի:
 
Ուշացած հավքն է թևածում ճիչով,
Խռովում նիրհած մորմոքը մթան,
Իսկ ինչ-որ մեկը անհունի միջով
Գնում է անհայտ մի լողարկության:
Կատարներ կան այնտեղ,
Այնտեղ կապույտ կա զով,
Որ հունցված է աստծո
Եվ աստղերի լույսով:
 
Այս հոգնության բեռից 
Ոչինչ, ոչինչ չառած, 
Ախ, լինեի այնտեղ 
Արշալույսից առաջ...
Աշնան բարակած ջրերը լալիս,
Աշնան ոսկին են իրենց հետ տանում,
Ու դուք, կռունկներ, անհայտից գալիս,
Դեպի անհայտն եք նորից հեռանում:
 
Կապույտ լույսով է հեռուն բռնկել,
Քամին մենավոր մի ծուխ է բեկում,
Ու ձեր կանչի մեջ, չվող կռունկներ,
Ինչ-որ կարոտ է անվերջ հեկեկում:
 
Կապույտը կտրած գնում եք անվերջ,
Ու աշնան ձեր չուն նման է լալու...
Ինձ էլ տեղ պահեք ձեր երամի մեջ,
Կռունկներ, շուտով ես էլ եմ գալու...
Աշուն է ուշ... ճամփիս վրա 
Բարդիները կանգնել շարքով, 
Սրսփում են կապույտն ի վեր 
Մի ոսկեվոր հոգեվարքով:
 
Ես վաղուց եմ ընկել ճամփա,
Խենթ որոտներ կային օդում,
Լեռան շուրթին շանթերը շեկ 
Աստղեր էին ասես զոդում:
 
Զրնգում էր մի զով քամի,
Վրնջում էր մի հովատակ,
Եվ ինձ առած տանում էին
Անհայտության հովիտը տաք:
 
Ու ես հավքեր էի տեսնում`
Փետուրներին կապույտ ու բոց,
Կտուցներին՝ երկինքն արար
Իբրև հսկա մի ծլվլոց :
 
Իսկ ծաղիկներն այնքան անհայտ, 
Զարմանալի էին այնքան, 
Որ թվում էր դաշտում ցրված 
Երազանքներ են մանկական:
 
...Հիմա արդեն աշուն է ուշ,
Իր հեռավոր մթնշաղից
Ձին դոփում է որպես կարոտ,
Քամին զնգում որպես թախիծ:
 
Գնում եմ ես... Աշնան բարդին 
Գլխին առել ոսկե մի խույր, 
Խոսք է հուշում ինձ շշուկով, 
Ու շշուկը շա՜տ է տխուր...
Ոսկի է ու ծուխ... 
Տերև են այրում,
Այրում են աշնան 
Երազը ոսկի, 
Ծուխը դողում է, 
Բարակ գալարվում 
Կարոտի նման 
Ու չասված խոսքի...
 
Տերև են այրում... 
Ու դառնում է ծուխ,
Դառնում է մի բուռ
Ալևոր մոխիր, 
Այն, ինչ սոսափ էր, 
Սիրո դող էր սուրբ, 
Սրտի թրթիռ էր, 
Թրթիռ էր հողի...
 
Տերևն են այրում... 
Մի կծու մխանք, 
Կսկիծ է կծու 
Ու մի բուռ մոխիր...
Անքուն գիշեր է, 
Մի լուռ մխանք է... 
Ու բերածն ի՞նչ է,
Մի թանի հանգ է:
 
Կապուտակ տենդ է, 
Սարսուռ ու դող է...
Ու թողածն ի՞նչ է,
Մի քանի տող է:
 
Հոգու մրրիկ է, 
Սիրո տարերք է, 
Եվ թղթի վրա 
Փոքրիկ մի երգ է...
Եվ այս ամենը նման է այնպես 
Ինչ-որ հեռավոր աստղից արձակվող 
Լուսե տագնապի ու լուսե դողի...
 
Եվ նման այնպես այն բառ ու հանգին, 
Որ թպրտում է երակներիդ մեջ, 
Սակայն ոչ մի կերպ չի փոխվում տողի:
 
Եվ նման այնպես այն տվայտանքին, 
Որ գիշերային հավքի տեսք առած, 
Զարկվում պատեպատ, վայում է մթնում…
 
Եվ նման այնպես այն արտասուքին, 
Որ թաքուն ծնվում էությանդ մեջ, 
Սակայն դուրս գալու ճամփան չի գտնում:
Լռեր խռովքն այս, ու ինձ թվար, 
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար, 
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ, 
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ, 
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ, 
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում, 
Ճառագայթով է շարունակվում, 
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ, 
Որ զրնգում է արևի տակ, 
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ, 
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես, 
Այնքան թեթև եմ, անանձնական, 
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ...
Հուշ կդառնամ մի օր... Դարը կիջնի դարի, 
Եվ այս քարոտ հողում ես կփոխվեմ քարի:
 
Ինձ կզարկի կայծակն, ինձ արևը կայրի, 
Կշառաչեն կողիս մրրիկները վայրի, 
Կկարծրանամ ցրտից, կշիկանամ շոգից, 
Ու իմ քարե խորքում լուռ կմնա հոգիս:
 
Բայց երբ կանաչ-կանաչ մամուռն իջնի վրաս, 
Իջնի իբրև քնքշանք, իբրև սիրո երազ, 
Ու երբ մաղի անձրևն իր թախիծը թավիշ, 
Ես իմ քարե խորքում կհեկեկամ ցավից...
...Ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Անքնության մուժը դարձավ դեղին մորմոք,
Անքնության մուժը դարձավ դեղին թախիծ...
Եվ Բոդլերը չեկավ,
Չերևաց Պոն,
Չարենցն ինքը ելավ մթնշաղից:
 
Ֆայտոն նստեց,
Անցավ Երևանով խաղաղ,
Հետո Նորքի այգում՝ դուդուկի տակ,
Ամենամեծ աստղը իբրև բաժակ առավ
Ու գինու պես խմեց թախիծը տաք:
 
Խմեց,
Ու երբ հեռվից լսեց անհայտ կանչեր,
Երբ մորմոքեց հավքը գիշերային,
Զայնեց, հեռու-հեռվից Վարուժանին կանչեց,
Եսենինին կանչեց ու Լորկայի՚ն:
 
Եկան նրանք գունատ,
Եկան հպարտ ու լուո,
Ու երբ հնչեց հանկարծ երգը թառի,
Լորկան տեղից ելավ ու մատներով տխուր
Շոյեց զնգուն լարերն իր կիթառի:
 
Եվ մեղեդին ծորաց նման արտասուքի.
-Երբ մահանամ, թաղեք կիթառի հետ... 
Վարուժանը շոյեց սպիներն իր քունքի, 
Ու խենթացավ նորից Չարենցը խենթ...
 
Հետո Բուդդայի պես աստղերի դեմ չոքեց, 
Չոքեց կապույտի դեմ անեզրական
Ու բարբառեց գունատ.
-Ուրիշ ոտքեր 
Կախաղանին երբեք թող մոտ չգան...
 
Եսենինը թեքել շեկ գլուխը ուսին 
Ու թախծում էր, ինչպես հասկը արտոմ... 
Բարձրանամ էր դանդաղ մի վիրավոր լուսին, 
Որ տրտմորեն թառի Նորքի բարդուն...
Ամեն ինչից ավելի դու տրվեցիր ինձ կյանքում,
Դու արյան հետ տրվեցիր ու արվեցիր արյան պես...
Դու տրվեցիր որպես ձայն ու տրվեցիր որպես գույն,
Որպես կապույտ տրվեցիր, որ անկումներն իմ չափես:
 
Դու կանչ եղար մորմոքի, ղողանջ եղար հեռավոր,
Հասկի ոսկե սոսափյուն, աստղի շշուկ եղար դու,
Եղար քարի մեջ նիրհող այն մրմունջը դարավոր,
Որ արթնանում է հանկարծ ու զնգում է Գեղարդում:
 
Եվ այն ծաղիկը եղար, որ գույն ունի կրակի
Եվ հուրհրում է հանկարծ հրաբուխի շուրթերին...
Մերթ կնոջ տեսք առար դու, մերթ հեռավոր տնակի, 
Մերթ օրհնության թևերով ելար ոլորտը վերին...
 
Եվ այնտեղից ասացիր, որ ինչ-որ տեղ, ներքևում
Ինձ վայրկյանն է սպասում ու գաղտնիքը մերկացող,
Որ ուզածս կգտնեմ արշալույսի ձեռքերում
Ցորենի պես գեղեցիկ ու գեղեցիկ, որպես ցող...
 
Հիմա աշուն է արդեն, հովերը ցուրտ են ու ջինջ,
Խոտն է մրսում մանկան պես, սարսռում են սեզ ու ցող...
Դու էլ ո՞ւր ես ինձ տանում, դու էլ ո՞ւր ես կանչում ինձ՝
Ցորենի պես գեղեցիկ, գաղտնիքի պես մերկացող...
Զրնգացող լույսի նման 
Մի ձայն հնչեց իմ ականջում, 
Եվ ցոլացին մոգություններ 
Զարմանալի ու թախծալի, 
Թվաց հեռվում ինձ են հիշել, 
Թվաց հեռվից ինձ են կանչում. 
Թվաց հեռվից աչքով արեց 
Մի արևոտ ցայգածաղիկ:
 
Մանուկ օրվա կապույտի պես 
Մի քնքշություն ալեվետեց, 
Սահեց, գնաց ու խառնվեց 
Աղբյուրների ուրախ լացին... 
Ու մեկն անցավ հեռուներով, 
Վրաս տխուր մի լույս նետեց, 
Անցավ հպարտ՝ այնպես նման 
Այն քնքշորեն հեռացածին...
 
Հետո գույներ՝ կանաչ ու հիր, 
Գույներ նռան ու մարջանի, 
Գույներ, գույներ, որ քամու հետ 
Թափառում են արոտներով... 
Ու թռչուններ չտեսնված՝ 
Փետուրներում կայծ ու քամի, 
Ու գազաններ հրաշամորթ, 
Հրաշալի մռութներով:
 
Ու ես գնում էի թեթև, 
Աղբյուրների խմբերգն առած, 
Ինձ հետ հավքերն էին գնում, 
Գնում էին դաշտ ու լեռներ, 
Չկար գաղտնիք ու չկար մութ. 
Չկար ստվեր ու առեղծված, 
Եվ գիտեի ես սիրուց լալ, 
Եվ գիտեի սիրուց մեռնել...
 
Զրնգացող լույսի նման 
Փայլատակեց մի հուր վայրկյան, 
Զրնգացող լույսի նման 
Մի ձայն մարեց իմ ականջում, 
Եվ ափերիս պարապի մեջ 
Մի թախծություն մնաց հանգած, 
Մնաց մի տաք լույսի մոխիր, 
Մնաց մի տաք աստղի աճյուն...
Գիշերը երազիս ճամփին կորցրել մի ուրիշ երազ, 
Քրքրում անհունը կապույտ, որոնոււմ ու չէի գտնում, 
Մերթ ասես ասուպ էր ղառնում, մոխրանում, թափվում էր վրաս,
Մերթ իբրև թափառիկ կրակ հեռանում, մարում էր մթնում:
 
Մերթ կնոջ տեսքով էր գալիս, անծանոթ ու ծանոթ կնոջ, 
Մի վայրկյան շղարշն իր բացում ու հետո փակում էր անդարձ, 
Կոպերով կանչում էր ասես, խոստանոմ մի վերին ցնորք 
Ու հետո հոնքերով վանում, հեռանում, գնամ էր դանդաղ:
 
Իսկ ճամփան կածան էր մի նեղ,մացառը կածանը պատել, 
Ծեծում էր ծնկներս հոգնած, ծեծում ու քերծում էր վայրի,
Եվ սակայն չէր ծորում արյուն... Ա՜խ, գոնե, արյունս կաթեր, 
Ասում են՝ արյունը հեղվում մարում է խորհուրղը չարի:
 
Ա՜խ գոնե ընկնեի վերից, ջարղեի կողերս բոլոր 
Եվ ցավի կսկիծը առած, տնքայի, զգայի, որ կամ... 
Բայց ավա՜ղ, գամվել եմ տեղում, կարկամել, գամվել եմ մոլոր,
Հառաչը կոկորդս խցկել, կորել է շշուկս անգամ:
 
Եվ հետո կածան էր նորից, մացառը կածանը պատել, 
Գնում էր, գնում էր անվերջ, չգիտեմ, թե ուր էր տանում... 
Իսկ կորած երազս նորից կարմիր ու կանաչ էր հագել, 
Իսկ կորած երազս կանգնել ու հեռվից ձեռքով էր անում...
Մթնշաղի ու շաղի հոտ եմ առնում ես օդից 
Ու ամպի հոտ եմ առնում, հոտ եմ առնում ամպրոպի... 
Շուտով շանթը կշողա ու նրա շեկ որոտից 
Տեղատարափը պիտի ահագնանա ու դոփի:
 
Պիտի թվա, թե նորից դեմ հանդիման են ելել 
ճակատագիր ու աստված, ելել են նյութ ու ոգի... 
Առեղծվածը կխոսի իր բարբառով հրեղեն, 
Եվ հրաշքը կշողա, և գաղտնիքը կըոգի...
 
Պիտի թվա, թե նորից ինչ-որ մոտիկ մի հովտում 
Ինձ անհայտն է սպասում, և սպասում որպես կին. 
Ու թե գնամ, կժպտա նա աչքերով իր տրտում 
Եվ կառնչի ինձ նորից իր թախծալի հրաշքինւ
 
Պիտի թվա, թե հեռվում կայծկլտում են ցող ու հուր, 
Եվ աստըծո ոգու պես պայծառանում է հեռուն, 
Թե քարերն են հեկեկում, ու բառաչով մի տխուր 
Ծիածանի թևի տակ ձագ է բերում եղջերուն:
 
Ու կտեսնեմ ես նորից, թե անկումի ցավի մեջ 
Ջրվեժները խելագար ինչ ցնորքներ են կախում, 
Թե լոկ մեկ օր ապրելու ողբերգությունը իր մեծ 
Փոքրիկ թիթեռն ինչ թեթև ու գեղեցիկ է խաղում:
 
Եվ վարկյանը կդառնա անպարագիծ ժամանակ,
Եվ վայրկյանը կդաոնա մի անվախճան ճառագայթ,
Կավի խոնավ բուրմունքից ու մամուռից մթամած 
Նա կձգվի, կհասնի մինչև խորհուրդը անհայտ:
 
Ու ես մի պարզ հրաշքով անլսելին կլսեմ, 
Լույսի կշիռը կզգամ ես ափերի մեջ իմ բաց, 
Եվ վայրկյանում այդ վերին, ակնթարթում այդ վսեմ 
Կհաշտվեն իրար հետ ճակատագիր ու աստված:
Վերջին տողը գրվեց: Ծխախոտս հանգավ,
Եվ մոխրամանն իմ լի դեռ բուրում է կծու...
Այդ նա գիտի միայն, թե ես քանի անգամ
Խավարի հետ եղա և աստըծու...
 
Սիրտս քանի անգամ անհայտ ցավով ծակեց,
Քանի անգամ լցվեց երանության դողով,
Ճառագայթը բռնած՝ ակնթարթը չափեց,
Դարձավ թոիչք, անկում, տենդ ու բողոք:
 
Անդունդներով անցավ, անցավ հովիտ ու կիրճ,
Նորից գնաց դեպի այն աշխարհը կորած,
Գտավ տնակն իր հին ու ներս մտավ շեմքից
Մտավ այնպես, ասես մտավ խորան...
 
Ինչ-որ տեղից լսեց մի հրեղեն բարբառ,
Ինչ-որ լեռան վրա տեսավ այրվող մի թուփ,
Ու թռչուններ տեսավ, որ կապույտով հարբած,
Դեպի անհայտն էին անվերջ միտում:
 
Եվ որտեղից որտեղ հիշեց մի թուխ կնոջ,
Թուխ այտերի վրա կախարդանքի փոսեր,
Նա, որ ժպտաց իբրև անակնկալ շնորհ.
Նա, որ առեղծվածի լեզվով խոսեց:
 
Հետո ձորում կորած մի ջրաղաց հիշեց.
Որ մեն-մենակ կքել ու թախիծ էր աղում,
Մտաբերեց մի մութ, մի ահավոր գիշեր,
Երբ մոտիկ էր թվում շունչը մահու:
 
Նորից բույրեր աոավ երիցուկի, խունկի,
Տեսավ այրվող մոմի արտասուքը հստակ,
Եվ այն վերքը հիշեց, որ Պարույրի քունքին
Մարող աստղի նման մխում էր տաք:
 
Նորից տվեց, առավ ու տվայտեց անքուն,
Ինքն իր խղճի աոաջ նորից իջավ ծունկի,
Ապաշխարեց ասես Նարեկա սև վանքում
Ու մաքրվեց լույսով իր արցունքի:
 
Վերջին տողը գրվեց: Հետո թախիծ եղավ,
Հետո այցի եկավ կասկածանքի ոգին...
Ի՞նչ իմանաս, երգդ տենղ ու դողով գրված՝
Գուցե պետք չէ կյանքում և ոչ ոքի...
 
Ի՞նչ իմանաս... Սակայն պիտի տքնես անքուն,
Պիտի այդպես անվերջ փոխվես տենդ ու դողի,
Այդպես կամաց-կամաց պիտի մխաս կյանքում,
Այդպես կամաց-կամաց դառնաս մոխիր...
Հեռվից մի զանգ է ասես ղողանջում, 
Հեռ|ից բուրում է ծաղիկ մի տխուր, 
Եվ այս քնքշանքը ինձ նորից տանջամ, 
Երակներիս մեջ հեկեկում է խուլ...
 
Ի՞նչ անեմ, ասա, չտանե՞մ ու տամ 
Հեռու դաշտերում մահացող խոտին,
Ծաոերին այս մերկ, ջրերին տարտամ, 
Այս աշնանային վաղ առավոտին:
 
Ի՞նչ անեմ, ասա, մխում է նա թաց, 
Մխում է անվերջ ու չի մոխրանում, 
Շուրթերիս վրա դողում է հանկարծ 
Որպես հեռավոր ու կորած անուն:
 
Գնում է, վերջին տերևին թառում, 
Նրա հետ դողում անկումի ահից 
Ու ձեռքերիս մեջ հանկարծ նվաղում 
Մեկին շոյելու մաքուր ծարավից:
Դա՞ր է անցել, թե՞ տարի... Ես արդեն չկամ: 
Աշնան գիշերն է նորից իջել քաղաքին: 
Եվ նշմարում եմ հեռվից ես այն աղջկան, 
Որ շրջում է սպիտակ շղարշը հագին:
 
Անպաշտպան է որպես խիղճ, որպես սեր ու գութ, 
Ու գեղեցիկ, գեղեցիկ, որպես թախծություն... 
Քամին ելնում է ահա ու շնչով իր ցուրտ 
Խոստանում է մոտալուտ փոթորիկ ու ձյուն:
 
Իսկ նա շղարշը հագին թափառում է դեռ, 
Թափառում է սիրո պես ու մարող հուշի, 
Թարթիչներին աստղային արցունքն է սառել, 
Ու մազերի մեջ խոնավ բույրն է մշուշի:
 
Բայց աչքերի մեջ մաքուր շողք է ու արև, 
Ոսկե ցնորք է կախում երգը արտույտի, 
Աստվածային ինչ որ ձեռք իրար է խառնել 
Սերը լույսի հետ առատ ու լույսը՝ գութի:
 
Ես ճանաչում եմ նրան՝ իմ երազն է դա, 
Որ ինձ հետ էր ողջ կյանքում իբրև խիղճ ու երգ...
Նա որբացել իմ մահով ու այդպես հիմա 
Թափառում է աշխարհում անպաշտպան ու մերկ...
 
Ես ուզում եմ բարձրանալ հոգնած և ուժատ, 
Գիրկս աոնել ու շոյել ձեռքերը տխուր, 
Եվ սակայն չեմ կարենում, հողը ծա՜նր է շատ, 
Ու ես ծանր հողի տան հեկեկում եմ խուլ:
Նվիրվում է Պարույր Սևակին
Դու, որ կյանքում երբևէ չէիր կրկնում ինքդ քեզ,
Հիմա անվերջ կրկնվող իմ երազն ես դու դարձել,
Գալիս ու նույնն ես ասում՝ թե այն օրը պարզապես
Ուշաթափված էիր դու, իսկ մենք մեռած ենք կարծել:
 
Թե քունքիդ վերքը փոքրիկ վաղուց արդեն լավացել,
Սպիացել է վաղուց ու չի ծորում էլ արյուն...
Հետո ուզում ես ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
Սակայն մարդիկ են խուժում, աղմկում ու խանգարում:
 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 
 
Մեր հանդիպումը վերջին իմ այրվող ցավն է դարձել.
Դեմքիդ լույս կար մի խաղաղ, համակերպում կար մի մեծ,
Ուզում էիր դու ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
Սակայն մարդիկ խուժեցին, Ու շրթունքդ կարկամեց:
 
Շշնջացիր ինձ՝ «Հետո»...
                                          Իսկ «Հետոն» ծուխ էր ու շանթ,
«Հետոն» կայծակ էր մի սև, «Հետոն» վերքն էր քո քունքի,
«Հետո» կանգնել էի ես դագաղի մոտ քո դաժան, 
Դամբանկանս խառնած իմ կաթկթող արցունքին...
 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 
 
Այս առավոտ կոպերիս նորից ցողն է արցունքի,
Եկել էիր դու նորից իմ թուխ, իմ խենթ, իմ անսանձ...
Եվ նորից սիրտս է ցավում, որպես վերքը քո քունքի,
Եվ նորից սիրտս է մխում, որպես գաղտնիքն այն չասված...
Պարույր Սևակի հիշատակին
Ընկել են ջահել,
Ընկել,
Սրտերում չարի նետն առած,
Ընկել՝ հանճարեղ,
Շուրթերին՝ երգի շշուկը վերին:
 
Մահը,
Որ կին է չար ու պառաված,
Սիրահարված է
Ջահել,
Հանճարեղ
Բանաստեղծներին...
Գարնան առավոտ, դու այսօր այնքան մեծ ես ու բարի, 
Ասես հանճարեղ մի երգ ես գրել,
Կամ ասես հենց նոր՝ վաղուց երազած, վաղուց բաղձալի 
Մի կնոջ հետ ես դու ժամադրվել:
 
Գարնան առավոտ, դու այսօր այնքան ջինջ ես ու բյուրեղ,
Ասես չես տեսել մուժ ու թախծություն...
Բայց ես չգիտեմ, ինչո՞ւ եմ ուզում նստել ու գրել
Մի սաստիկ տխուր բանաստեղծություն...
 
Գուցե նրանից, որ հենց այսպիսի մի օր էր, երբ ես 
Առաջին անգամ սիրահարվեցի,
Ու հետո սերս թախծություն դարձավ ու կարոտ մի հեզ. 
Ու սիրտս դարձավ ցավի փակ խեցի:
 
Գուցե նրանից, որ քամին ծառից խլում է թերթեր 
Եվ փռում իբրև ճերմակ հեկեկանք, 
Գուցե նրանից, որ մինչև հիմա չգիտեմ ես դեռ, 
Հրա՞շք ես, թախի՞ծ, թե՞ մորմոք ես, կյանք...
 
Գարնան առավոտ, դու այսօր այնքան ջինջ ես ու բյուրեղ,
Ասես չես տեսել մուժ ու թախծություն,
Բայց ես չգիտեմ, ինչու եմ ուզում նստել ու գրել
Մի սաստիկ տխուր բանաստեղծություն...
Մինաս Ավետիսյանի հիշատակին
Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ, 
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր... 
Եվ ներշնչման ոգին՝ մի նետահար կարապ, 
Մոխիրների վրա հոգեվարում է ղեռ:
 
Բոցկլտում էր այնտեղ մի հրեղեն կարոտ, 
Ու տեսիլն էր ցոլում ծվեններով ծավի, 
Մի ծարավ էր այրվում կածաններին քարոտ, 
Եվ մի կորչող աշխարհ գեղեցկանում ցավից:
 
Ու ցավի մեջ այդ տաք՝ որձաքարե տներ, 
Մի հոգնատանջ գեղջուկ ու թևաթափ մի մայր... 
Եվ չգիտեն նրանք, որ Հիսուս են ծնել՝ 
Տառապանքի, ցավի ու հրաշքի համար:
 
Շրջանակներ այրված, շրջանակներ անդեմ, 
Շրջանակներ, որպես մութ վիհերի հառաչ... 
Հետո կանգնել էի գերեզմանիդ հանդեպ՝ 
Այդ ահավոր, վերջին շրջանակի առաջ:
 
Կանգնել էին նրանք՝ մի հոգնատանջ գեղջուկ 
Ու թևաթափ մի մայր... Եվ անձրև էր մաղում... 
Չգիտեին նրանք՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ, 
Չգիտեին նրանք, որ Հիսուս են թաղում:
 
Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ, 
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր, 
Ո՞վ է նշան բռնել քեզ, ներշնչման կարապ, 
Այդ ի՞նչ մրրիկ է սև քո թևերին դիպել:
 
Պիտի շանթը շողար, բայց անձրևն էր մաղում, 
Պիտի որոտ լիներ, բայց շշուկ էր տխուր... 
Երբ աշխարհում աշխարհ ու հրաշք են թաղում, 
Ամպրոպ, ինչո՞ւ ես լուռ...
Կիսաքնիս խառն ու խռիվ ամպի մեջ 
Տող էր ծնվել ու ղողում էր իմ շուրթին, 
Որ, հիշում եմ, գեղեցիկ էր շանթի պես 
Ու թախծալի, ինչպես անբառ մեղեդին:
 
Արթնացել եմ, որոնում եմ ու չկա, 
Ցնդել է նա, ցողի նման չքացել, 
Եվ շուրթերիս լոկ իբրև հետք ու վկա 
Լույսի թեթև մի թրթիռ է մնացել:
 
Սկիզբն էր նա գուցե հրաշք մի երգի, 
Կամ երազված հրաշք երգն էր նա գուցե, 
Որ կարող էր բախել դուռը երկնքի, 
Որ կարող էր անհայտնի հետ զրուցել:
 
Տողը ոչինչ... Այնքան տողեր եմ ցրել, 
Բայց սրտիս մեջ դեռ կորուստն է մորմոքում, 
Թվում է թե ինչ-որ սեր եմ կորցրել, 
Ինչ-որ մեկի տաք աճյունին եմ չոքում...
Դու ինձ համար կյանքում ճակատագիր եղար, 
Հավատ եղար, կասկած, տագնապ ու դող, 
Մշուշի մեջ կորած Հրո երկիր եղար, 
Անհայտի կանչ եղար դու կախարդող:
 
Հեռուներում մարող հայրենի տուն եղար, 
Հեռուներում լսող երգ ու աղոթք, 
Կարոտի սև կսկիծ ու տրտմություն եղար 
Ու կարոտախտ եղար դու ծվատող:
 
Նման եղար այնքան դու քմահաճ կնոջ, 
Որ մի վայրկյան միայն իրեն բացում, 
Հեռանում է հետո, թողած իբրև շնորհ 
Միայն ծարավ ու քաղց ու հիացում:
 
Բայց թոչունի նման, որ ինքնությունն իր թանկ
Օդի մեջ է զգում, լույսի, քամու,
Ես ինձ զգում էի այն պահերին միայն,
Երբ դու գալիս էիր ու ինձ տանում:
 
Իսկ երբ գալիս էիր, բոլոր տաճարների 
Զանգերն էին ասես մեկից ոգում, 
Եվ իջնում էր վրաս քո շնորհը վերին, 
Իբրև վերին վայելք ու ամոքում:
 
Ի՞նչ կանեի, ասա, թե չլիներ կյանքում
Քո հրաշքը տխուր, քո դողը սուրբ,
Այն վայրկյանը հավերժ, երբ մորմոքը անգույն
Բռնկվում է, դառնում աստղ ու ասուպ:
 
Երբ կարոտից ճաքած շրթունքներին քո սև 
Ճառագայթը հանկարծ դառնում է տող, 
Եվ սկսում ես դու երանորեն այրվել, 
Իբրև մի ինքնակամ, խոնարհ մի զոհ:
 
Քայլի՛ր, քայլի՛ր այդպես քո պարտքի տակ կքած, 
Քայլիր, իբրև հոգնած մի թիապարտ... 
Ես անիծում եմ քեզ, իմ տառապանք, իմ քաղց, 
Ես օրհներգում եմ քեզ, վերին իմ բա՛խտ:
Ես չգիտեմ, պատրա՞նք է սա, թե ցնորք, 
Անքնության տառապա՞նք է, թե թախիծ… 
...Երբ լուսնկան շող է կախում ու շնորհ, 
Ելնում է նա քարանձավի երախից:
 
Մորուք ունի, ասես մամուռ է սաթե, 
Աչքերի մեջ ինչ-որ հեգնանք կա թաքուն, 
Ձեռքը պարզում, բռնում է հովն արծաթե 
Ու շուրթերին սրինգ արած նվագում:
 
Լույս է ծորում այդ արծաթե եղեգից 
Ու աստղային արտասուքներ են կաթում, 
Ծավալվում է խորհրդավոր մեղեդին 
Եվ ամեն ինչ ոսկեզօծում բացատում:
 
Լույսի շող է, լույսի քող է, լույսի դող, 
Տերևներն են հաշտ ու թեթև թրթռում, 
Եվ աստղերը ցողերի մեջ մկրտվող 
Շեկլիկ ու տաք մանուկներ են ինձ թվում:
 
Աղբյուրն անուշ հեկեկում է իր ակից, 
Հովն է շոյում գանգուրները թփերի, 
Եվ ինչ-որ մութ, ինչ-որ մամռած փչակից 
Հայտնվում է զարմանալի մի փերի:
 
Նստում է նա, որ թաց վարսերը սանրի 
Ու կանչում է, ու կսւնչում է ինձ հեռվից,
Բայց կախարդն այն քրքջում չար ու մանրիկ, 
Մուժ է կախում, փուշ է կախում թփերից:
 
Ես քայլում եմ... Ծավալվում է մեղեդին, 
Ես քայլում եմ, քայլում ու չեմ նկատում, 
Որ փշերին, ծաղիկներին, թփերին 
Իմ ծնկներից արյուն ու ցավ է կաթում:
 
Ու քայլում եմ, ու քայլում եմ ես մենակ, 
Գլխիս վրա գիշերվա հավքն է ճչում, 
Լույս մեղեդին ծավալվում է շարունակ, 
Ու կախարդն է չար ու մանրիկ քրքջում:
Կապույտի մեջ սոսափող բարդիներ են նաիրյան, 
Առուներ են նաիրյան, լուսնկա է ու թախիծ... 
Հանդիպեցինք ես ու նա... ճանաչեցի ես նրան, 
Չճանաչեց, ա՜խ, նա ինձ:
 
Շրթունքներին Չարենցից ինչ-որ տող էր, ինչ-որ հանգ, 
Գրպաններում ու սրտում՝ անտիպ տողեր ու գազել… 
Եվ գիտեի, մի աղջիկ՝ մի գեղեցիկ տառապանք, 
Քնքշորեն «Ո՛չ» է ասել:
 
Ու գնում էր նա մենակ մուժի միջով ու ցավի, 
Ու գնում էր նա մենակ, որպես կարոտ ու թախիծ, 
Շշնջացի ես նրան. «Դու հարուստն ես աշխարհի»... 
Չհավատաց, ա՜խ, նա ինձ:
 
Հին մայթերին ինչ-որ տեղ Կարաբալան հանդիպել 
Ու տեսնելով, որ տղան խեղճ ու տխուր է սաստիկ, 
Մոտեցել էր ու կապույտ մի ծաղիկ էր նվիրել, 
Նման կապույտ մի աստղի:
 
Ու գնում էր... Նաիրյան լուսնկան էր զրնգում,
Ձեռքի ծաղիկն էր ցոլում, որպես ցնորք ու թախիծ... 
«Պահիր ծաղիկն,- ասացի,- դա չես գտնի էլ կյանքում», 
Չհասկացավ, ախ, նա ինձ...
Երեկ սև ամպն էր սպառնում վերից, 
Եվ տագնապով էր ծիլը բռնկել, 
Այսօր նշենու բարակ ճյուղերին 
Ասես մի հսկա լուսաստղ է ընկել:
 
Երեկ ամայի, երեկ միգամած, 
Երեկ լուռ էի, որպես թախծություն, 
Այսօր շուրթերիս դողում է կամաց 
Ինչ-որ մի անհայտ բանաստեղծություն:
 
...Ծաղիկների մեջ արցունք է կապույտ, 
Հեկեկանքի մեջ լույս ունի առուն... 
Հավատում եմ քեզ ու երկրպագում 
Խուլ տառապանքով արթնացող գարուն...
Լեռների վրա խռովություն է, 
Խավարի խաղ է, դող է ու տենդ, 
Վայրի հեղեղը կորցրել հունը 
Եվ մոլեգնում է խռով ու խենթ:
 
Լեռների վրա ողբերգություն է, 
Ողջը դարձել է հիմնահատակ,
Մեռած ծաղիկը լույսի աճյուն է, 
Փշրված շանթը՝ սուրբ նահատակ:
 
Լեռների վրա արն ու ձյուն է, 
Ձնծաղիկներ են քարատակի, 
Երկինքը փառք է և օրհնություն է, 
Կապույտ ոգին է նւսհատակի:
Փողե՞ր են հնչում, ինչ-որ հեռավոր ու անհայտ փողեր,
Թե՞ պարզապես ականջս է կանչում...
Այդ ո՞վ է արդյոք, որ իր երազը կիսատ է թողել
Եվ իմ անունն է շուրթերին տանջում:
 
Ոչ ոք երեի... Մայրս քնած է հավիտյան քնով, 
Իսկ մյուսներից այդ ո՞վ է արթուն... 
Փողեր են հնչում... կախվում է վրաս անձև մի ցնորք
Ու իր զարմացած աչքերն է թարթում:
 
Փողեր են հնչում... Հնչում թախծալի, ու ահա նորից 
Ես չեմ հասկանում աշխարհում ոչինչ, 
Ոգի՞ն է խոսում տիեզերական անձայն ժխորից, 
Թե՞ ընկնող աստղի հեկեկանքն է ջինջ...
 
Կանչը հեռանում, կանչը խլանում, լռում է անդարձ, 
Ու ինչ-որ հարց է ինքն իրեն տանջում,- 
Ինչո՞ւ էր ղողանջն այդքան տագնապած 
Ինչո՞ւ էր կանչում և ո՞ւր էր կանչում... 
Մայրամուտի մեջ մեն-մենակ այրվող
Ամպի թախծություն,
Սարալանջն ի վեր հոգնած գալարվող
Ճամփի թախծություն,
Թախծություն ծաղկի, որ լուռ սրսփում,
Մրսում է մթնում,
Թախծություն հավքի, որ մոլոր ծփում,
Բույնը չի գտնում,
Հեռու քարափի մթան մեջ հալվող
Վանքի թախծություն,
Անհայտության մեջ անլուր ծավալվող
Զանգի թախծություն,
Թախծություն հուշի, հուշի պես լացող
Ինչ-որ աղբյուրի,
Խտացող մուժի, մուժում ցոլացող
Անհայտ մի հրի,
Ինչ-որ կրակի, որ առկայծում է,
Չգիտես սակայն,
Կրա՞կ է իրոք, թե թախծությունն է
Տիեզերական...
Անդունդների մութը խմած, 
Ժայռերն ի վեր ելնում է ձիգ, 
Բանաստեղծի ճամփի նման 
Վտանգավոր ու գեղեցիկ:
 
Նա մերթ շանթ է ղառնում ասես. 
Մերթ խառնվում մուժ ու մեգին, 
Բանաստեղծի ներշնչման պես 
Անբռնելի ու անմեկին:
 
Քրքրվում է փշերի մեջ, 
Դեմ է առնում քար ու քերծի, 
Տառապալի ու հողմածեծ, 
Որպես բախտը բանաստեղծի:
 
Կայծակներ է գծում անվերջ, 
Կայծակելով՝ ըմբոստանում 
Եվ հետմահու լույս փառքի պես 
Դեպի երկինք է նա տանում:
Այս գիշեր եկել էր նորից, 
Եկել էր իմ մայրը մեռած, 
Եկել էր, թեքվել էր վրաս 
Ու ձեոքը դրել էր սրտիս, 
Ասում էր.
-Քո վրա երեկ 
Տեսել եմ ես մի չար երազ 
Ու եկա, որ ցավդ տանեմ, 
Որ վրադ աղոթեմ, որդիս:
 
Աչքերդ հանգել են մի քիչ, 
Մազերդ մոխիր են դարձել, 
Կոպերիդ, տեսնում եմ ահա, 
Թառել է թախիծը դեղին, 
Երևի ինձանից հետո 
Քեզ մենակ ու որբ են կարծել 
Ու հացիդ լեղի են խառնել, 
Ու գինուդ խառնել են լեղի:
 
Հիշում եմ, դեռ մանկուց կյանքում 
Ոչնչից չունեիր դու ահ 
Ու միայն ցրտից էիր դու 
Մահու չափ վախենում, որդի... 
Աշխարհը ցրտել է ասես, 
Ու պաղ են ձեռքերդ, ինչ պաղ, 
Երևի մնացել դրսում, 
Որբի պես մրսել ես ցրտից:
 
Ու գիտեմ, երբ ցավից խմել 
Ու հարբած ուզել ես ճչալ, 
Այն մեկը, առաջվա նման, 
Երեսիդ անեծք է նետել, 
Եկել եմ աղոթքով իմ սուրբ 
Խափանեմ անեծքը այդ չար, 
Եկել եմ, որ փռեմ վրադ 
Մանկության երկինքը թեթև:
 
Եկել եմ, թևերիս առած,
Քեզ տանեմ մեր տունը հեռու,
Արևը առել է նրան,
Ու տաք են պատերը քարե, 
Հիշո՞ւմ ես, գետակը մեր ջինջ 
Սարերից կապույտ էր բերում, 
Ծիծաղ ու ծաղիկ էր բերում, 
Բերում էր ոսկի ու արև...
 
Ինչ կո՛շտ է քո բարձը, որդի, 
Ինչու են այս քարը դնում, 
Եկ գնանք, ամպի հետ փափուկ 
Գլխիդ տակ իմ ափը դնեմ... 
Հիշում եմ, արևից առաջ 
Քո քունը խորունկ էր լինում, 
Եվ գնանք, որ այդպես խորունկ 
Ու այդպես մանկորեն քնես...
Իրիկնամուտի հոգնաբեկ քամին տվայտում է խուլ,
Ու իմ մոխրացած գլուխը արդեն թեքվում է բարձին,
Բայց հայտնվում է ծանոթ մի տղա ու ասում տխուր.
-Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին...
 
Դու ինձ ասացիր, որ հեռու-հեռվում մի հովիտ կա տաք, 
Այնտեղ կապույտ է, կապույտի կոպին աստղ է նորածին,
Կանաչների մեջ քեզ է սպասում մի այլ հովատակ, 
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին:
 
-Ներիր ինձ, տղաս, կար այղ հովիտը, հովատակն այդ կար,
Մատներս նույնիսկ շոյել են նրա աչքերը հրկեզ, 
Նա շատ էր վայրի, մորթին շողուն էր ու աստղանկար, 
Երևի բռնել, լկամ են դրել ու տարել կրկես:
 
-Դու ինձ ասացիր, սերը հրաշք է, սերը քնքշություն, 
Որ ճանապարհիս ինձ է սպասում հավերժ կանացին,
Սակայն ես գտա խուսափող մի հուր, խանդի մաղձ ու թույն, 
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին:
 
-Ներիր ինձ, տղաս, առաջին սերս հողմերը տարան,
Ու տարան անփույթ, տարան իբրև ծուխ ու աշնան տերև,
Եվ մինչև հիմա իմ մեջ լալիս է կարոտը արյան,
Եվ ոչինչ, ոչինչ հիմա չեմ կարող ես էլ հետ բերել:
 
-Դու ինձ ասացիր, որ կպարգևես լույսի հացն առատ
Եվ կգումարես աստղային գինին այդ արդար հացին,
Բայց հացիս՝ որոմ, լեղի խառնեցին գինուս անարատ,
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին...
 
Իրիկնամուտի հոգնաբեկ քամին տվայտում է խուլ, 
Եվ իմ մոխրացած գլուխը արդեն թեքվում է բարձին, 
Ծայրեծայր ձգվում ու հեծկլտում է հառաչն այդ տխուր, 
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին:
Ինձ շռայլորեն շնորհիր նորից
Խոսքն այն նախնական,
Ուր մարմին բառր բուրում է կավով ու արեգակով
Եվ ոգի բառը թրթռում է դեռ խորհրդով լույսի:
 
Այն բառերը տուր,
Որ ցորենի պես արդար են ու տաք,
Եվ այն բառերը, որ ցոլցլում են աստղերի նման...
Եվ իրար խառնիր դու աստղ ու ցորեն,
Որ երկինք ու հող խառնվեն իրար:
 
Այն բառերր տուր,
Որ վայրկյանի պես հսկում են վրաս,
Ու հսկումի տակ գտնում ենք իրար առեղծվածն ու ես:
 
Եվ այն բառերը,
Որ երակներիս թախիծը հանկարծ փոխում են լույսի
Եվ ինձ դարձնում
Այնքան համասփյուռ ու անանձնական,
Որքան աստղալույսն ու որքան քամին,
Որքան անձրևը ու որքան խոտը...
 
Այն բառերը տուր, որ վերծանում են,
Թե ինչ է ասում ծղրիդն իր երգով, աստղը՝ լռությամբ:
Եվ այն բառը տուր,
Որ թղթի ճերմակ թախծության միջով
Գնում է որպես ծարավից այրվող անապատական
Եվ որոնում է կարկաչը ջրի,
Եվ որոնում է հեռաստանների թրթիռը կանաչ:
 
Շնորհիր նորից այն խուփը միակ, 
Որով գնում են խոստովանության...
Եվ ես ասում եմ. 
Օրհնյալ են նրանք ու երանելի, 
Ովքեր օրերի թախծության միջով 
Ընթանալ գիտեն դեպի ակունքր, 
Որ խղճի պես է, հավատի նման...
Եվ նրանք, ովքեր հավքի թևի մեջ 
Զգում են իրենց սեփական հոգին 
Եվ թպրտում են կապույտի տենչով 
Ու հեռուների կարոտով մաքուր:
Եվ նրանք, ովքեր
Չվող հավքերի հեռու կանչերում
Եվ սոսափներից նրանց թևերի
Աշխարհի տխուր, ամենատխուր երգերն են լսում:
Եվ նրանք, ովքեր 
Գիտեն վայելքը խոստովանության 
Եվ ծանրությունը գիտեն արցունքի, 
Եվ գիտեն նրա թեթևությունը:
Եվ նրանք, ովքեր զարմանալ գիտեն
Խոտով, անձրևով ու ճառագայթով
Եվ գիտեն քամու շշուկների մեջ
Վաղուց մահացած մարգարեների հառաչը լսել:
Եվ նրանք, ովքեր
Վերծանել գիտեն ու գիտեն կարդալ
Անծանոթ կնոջ գաղտնագիրը լույս,
Եվ նրանք, ովքեր չգիտեն կարդալ ու մոլորվում են:
Եվ նրանք, ովքեր
Արևածագը խմում են որպես ներշնչման գինի
Ու մայրամուտին գեղեցկանում են ու սրբանում են,
Ինչպես վաստակած սերմնացանները...
Նախ որոտում ես, խոստովանում ես ասես աշխարհին,
Խոստովանում ես կայծակիդ մաքուր, հրեղեն տողով... 
Քո որոտի մեջ ցասումիդ մութն ու ընդվզումն է հին, 
Եվ կայծակիդ մեջ քո սիրո լույսն է իր քնքուշ դողով:
Եվ այդ սիրո դեմ ցածում խոտերը խոնարհվում են վար, 
Եվ այդ սիրո դեմ հողն է սարսռում, 
Եվ այդ սիրո դեմ խռովում կաղնու սաղարթը խավար, 
Մերթ շաոաչում է ու մերթ սպասման տագնապից լռում:
Եվ վար է ընկնում լույսով թաթախված կաթիլն աոաջին,
Եվ վար են ընկնում տաք արտասուքներ,
Եվ սրտի նման երկինքը փլչում սիրո հառաչից,
Տեղում է աստղի, կապույտի, ամպի մաքուր մասունքներ:
ԵՎ օրորվում են, տարուբերվում են պարտեզեր կախված, 
Եվ օրորվում են, տարուբերվում են թափանցիկ զանգեր,
Եվ վար է հոսում երկինքն անհունի խորհրդով շաղված, 
Եվ վար են հոսում տաք երազանքներ...
Եվ կաղնին ահա կայծակի հանդեպ իր կուրծքն է բացում 
Լավ է մի վայրկյան ապրել բոցի պես, քան փտել դարեր, 
Հրդեհվում է նա, կրակե թևով երկինք համբարձում, 
Իբրև կրակի մաքուր մարգարե...
Եվ աշխարհն արար ասես սրբորեն իջնում է ծունկի, 
Եվ աշխարհն արար ասես երգում է փառք ու գոհություն, 
Եվ աշխարհն արար դառնում է լույսի, ցողի, արցունքի 
Մի զարմանալի արարողություն:
Հետո ամեն ինչ կիսով կապույտ է ու կիսով ոսկե,
Հետո ջրերն են տխուր ծիծաղում և ուրախ լալիս,
Իսկ մի թուխ արտույտ երկինք բարձրացած օրհներգում է քեզ
Եվ տրտնջում է, որ ուշ-ուշ ես մեզ դու այցի գալիս...
Գարնան օրն ասես
Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,
Գարնան օրն ասես
Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ...
Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,
Տանում էր անդարձ
Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:
Այդ գարնան օրը, 
Այդ աղջիկն ես դու:
Այնտեղ՝
Քարափի պղնձե շուրթին
Մի վանք կար ավեր,
Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,
Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ
Լուռ արածում էր մի ալ հովատակ:
Այդ հովիտն ես դու, 
Այդ հովատակը:
Վերում թափառող ամենամաքուր երազը առել,
Փշրում էր Աստված
Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն...
Առաջին ձյունն էր...
Իջնում էր թեթև
Ու բերում իր հետ
Խոստովանելու մի տաք ցանկություն:
Այդ մաքուր ձյունն ես, 
Այդ ցանկությունը:
Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս
Հանկարծ դնում է ծովային խեցի...
Ու ծովն է խշշում,
Ու ծովի ափին
Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ...
Դու ես երևի, 
Այդ դու ես նորից:.
Կար մի խուլ ձորակ,
Բարդիներ կային,
Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,
Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից
Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:
Այդ ձորակը խուլ, 
Այդ թախիծն ես դու:
Այդ ե՞րբ էր,
Որտե՞ղ...
ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 
Մեջը երկնքի ու արեգակի 
Բեկորներ էին փշրելով թափել
Դու կարող էիր ծնկաչոք իջած,
Մաքրություն,
Կապույտ
Ու լույս հավաքել:
Այդ աղբյուրն ես դու:
Իջնում ես նորից...
Բայց այն օրերին ուրիշ էիր դու,
Դու այն օրերին ասես ավելի սպիտակ էիր,
Ավելի թեթև, ավելի մաքուր,
Դու այն օրերին ասես տաք էիր:
Իջնում էիր դու...
Եվ անցնում էր նա թեթև ու հպարտ,
Եվ անցնում այնպես, ասես կրկնում էր քո նազանքը, ձյուն,
Նա, որ աղջիկ էր սեթևեթ ու չար,
Բայց ուներ քնքուշ մի ծաղկի անուն:
Եվ ամբողջ օրը շրջում էի ես մենակ ու տրտում, 
Եվ ամբողջ օրը ճերմակ երազդ իջնում էր ծունկի, 
Եվ ամբողջ օրը շուրթերիս վրա հալչում էիր դու 
Ու թողնում այնտեղ համը երկնքի:
... Ես շատ եմ ապրել...
Կորստի ցավ կա իմ երակներում,
Եվ կարոտներ կան,
Որ թաքուն լալիս ու տնքում են խուլ
Եվ կանչում են ինձ, կանչում այն հեռուն,
Ուր դու ես իջնում
Առաջվա նման թեթև ու տխուր:
Գնամ, մոլորվեմ
Քո այղ սպիտակ թեթևության մեջ,
Որ առաջվա պես ինձ ոտից գլուխ քո լույսը կնքի, 
Որ շուրթիս վրա հալվի նորից քո փաթիլն անեղծ 
Ու թողնի այնտեղ համը երկնքի...
Գնամ, մոլորվեմ...
Ու իմ քայլերից թող զարթնի հանկարծ
Քո հողմն սպիտակ, որ քուն է մտել դաշտում ամայի,
Եվ կորուստներիս ու կարոտներիս կսկիծը առած.
Թող վայի մենակ ու տխուր վայի...
Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավուո կանուխ 
Ու դստերն ասաց.
                -Ելիր, ձնծաղիկ...
Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 
Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ...
Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 
Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 
Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 
Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:
Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 
Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 
Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 
Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:
Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 
Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚
Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 
Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:
Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 
Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 
Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ
Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:
Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի... 
Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 
Բայց ինքը, ավաղ,
Մեռած կլինի...
Դեռ չգիտեի ես այն ժամանակ, որ տերը մի օր 
Քեզ իմ կողից է ստեղծել այդպես, իմ կողի ցավից, 
Գիտեի միայն, որ քո աչքերի տխրությունը խոր 
Իմ երազից է ստացել իր լույսն ու ցոլքը ծավի:
Դու այն ժամանակ հյուսեր ունեիր երկար ու ոսկե 
Եվ չթե մի պարզ զգեստ ունեիր դու այն ժամանակ, 
Ու չգիտեիր դու սիրո խոսքեր, 
Ինքդ, դու ինքդ սեր էիր համակ:
Գինով էի ես... Իմ գորովանքից ասենս հատնելով,
Բարդու կատարին շողում, դողում էր լուսաստղը մաքուր,
Ես քո օձիքը, քո կուրծքը բացի իմ տաք մատներով,
Եվ նրա լույսը թախծություն դարձավ ու ծարավ մի կույր:
...Անապատների հեռվում են ծնվում միրաժները զով
Ու կանչում են քեզ ու քեզ կանչելով, իրենք հեռանում,
Քամին ելնում է, քամին աչքերդ է ծեփում ավազով
Ու տանում է քեզ ու այդպես ծարավ ո՜ւր է քեզ տանում:
Կանգնել էիր դու... Եվ կանգնել էիր հեզ ու հպատակ,
Բայց աչքերիդ մեջ մշուշ կար արդեն, թափառիկ մի ամպ,
Առաջվա նման փխրուն էիր, տաք,
Բայց շիկնել էիր ու շիկնել դավող մի գեղեցկությամբ...
Եվ տվայտում էր երակներիս մեջ տխրությունը ծեր, 
Խանդն էր արթնանում իր մութ անձավում,
Գիտեի արդեն՝ քեզ իմ կողից է տերը ստեղծել, 
Բայց չգիտեի՝ ինչո՞ւ էր այդպես իմ սիրտը ցավում...
Փարիզյան գիշերն ասես թե կին էր լուսե լանջը բաց,
Ու լանջի վրա՝
Գոհարի, ոսկու, մարջանի շարեր,
Ու թվում էր, թե ուր որ է, վերջին շղարշը նետած,
Մերկանար պիտի
Ու պիտի պարեր...
Իսկ մայթերն ի վար այդ նրանք էին՝ 
Բաց ու մեղսական, 
Շպարի շուքով կանչող, 
Սակարկող,
Անդող ու անկայծ...
Լսել էի ես ու մտքով տեսել... Չիմացա սակայն,
    Թե ինչը բռնեց
Ու ծառի նման ցնցեց ինձ հանկարծ...
Կինը՝ և այսպես... 
Կի՛նը՝ 
Գաղտնիքը, 
Կրակե ուրուն, 
Կի՛նը՝
Շաղախված լույս ու խորհրդով...
Թե համբուրեիր,
Քեզ թվար պիտի լույս ես համբուրում,
Կամ օրհներգության խոսքեր ես ասում երկյուղած շուրթով:
Կի՛նը...
Հրա՛շքը...
Ու եթե հանկարծ մերկ ծունկը բացվեր,
Պիտի արյունդ ճչար տագնապով
Ու կարոտդ լար,
Եվ օրդ պիտի արևածագի լույսով լվացվեր,
Եթե օձիքից կրծքի ծվենը հանկարծ ցոլցլար;:
Իսկ այստեղ ահա
Գաղտնիքն ինքն իրեն մայթերին փռել,
Հոգեվարում է կրունկների տակ,
Իսկ այստեղ ահա
Խորհուրդն է մեռել,
Ու դողն է մեռել,
Թաղվել,
Շպարը դարձրած պատանք:
Իսկ այստեղ ահա
Կանացի շիկնանք - հրաշքն է մեռել
Սարսուռն է մեռել,
Սկիզբն է մեռել...
-Մարդկությո՛ւն, ոտի՛...
Ինչպես կելնեիր,
Թե իմանայիր, որ այսուհետև
Էլ չի ծագելու 
Լույսն առավոտի:
Ապակու միջով
Պաղ արյունի պես նեոնն է հոսում՝
Չար քմծիծաղ է
Ու ցուրտ ծիծաղ է նա դարի դեմքին..
Իսկ սրանք ահա
Նազում են անկիրք,
Տխուր աղերսում,
Եվ ինչ-որ մի տեղ նրանց սրտի մեջ
                  Լալիս ես դու, Կի՛ն...
Եվ այս տաղն ահա քեզ պիտի ձոնեմ, 
Քեզ, որ հայացքիդ մեն մի շողով ես օծել իմ ուղին, 
Որ եղել տարբեր, եղել բյուրանուն, եղել բազմադեմ, 
Բայց մի անուն ես ունեցել միայն՝ Անծանոթուհի...
Եվ պատաւհել է, որ քո հայացքը զրույց է եղել, 
Հավիտենական սկզբից ձգվող հայացք մի թովիչ, 
Դողացել դանդաղ ու խոնարհվել են կոպերդ թեթև, 
Թաղելով անդարձ առեղծվածներիդ լույսը վրդովիչ:
Եվ պատահել է, որ մինչև անգամ դու ետ ես նայել, 
Ու նայել հլու, նայել քնքշության թաքուն կանչերով, 
Բայց և նույն պահին դարձել ես հպարտ ու ինքնավայել, 
Անցել, քայլիդ տակ իմ հիացումի լույսը տանջելով:
Դու մերթ ծովային կապույտից առած շոր ես ունեցել, 
Եվ քո նազանքը եղել է ալիք,
Դու հեռվից եկել, մի վայրկյան միայն ափերն իմ ծեծել 
Ու հեռացել ես, տանելով անհայտն ու զարմանալին:
                Ու մերթ քո մեջքի գալարումն ասես բոցից ես առել, 
Բոցից ես կարել շորը քո հագի, 
Լիլիթի նման անցել, փողոցը ծայրեծայր վառել 
Ու հեռացել ես, քեզ հետ տանելով գյուտը կրակի:
Ու մերթ գիշերվա սևի թավիշն ես ասես դու հագել,
Այդ սևի միջից լույսով է բխել պարանոցդ տաք
Ու մատնել է նա, թե քո հրաշքը ինչպես կծագեր,
Թե սևն այդ սահեր ու քո ուսերից ընկներ ոտքիդ տակ:
Եվ սկսվել է հավերժից ձգվող զրույցը մեր հին, 
Եվ սկսվել է ալեբախումը լույսի ու մութի, 
Անցել ես հպարտ՝ դու՝ հազարանուն Անծանոթուհիդ, 
Արար աշխարհը փոխելով հարբած գլխապտույտի:
Անցնում ես այդպես, այդպես գնում ես, անդարձ հեռանում 
Կորչում ես, ինչպես անհայտ ծովերում փշրված ալիք, 
Եվ գիտե՞ս, սակայն, որ հնարավոր հրաշքն ես տանում, 
Եվ գիտե՞ս, սակայն, որ ոտքերիդ տակ գաղտնիքն է լալիս...
Девушка пела в церковном хоре
А.Блок
Երգում էր աղջիկն ավերակ վանքում,
Սպիտակ հագած աղջիկն այն բարակ
Մխում էր ասես,
Եվ արթնանում էր խորհուրդը քարի,
Գաղտնիքն էր զանգում,
Եվ ժամանակն էր հսկումի կանգնում ճառագայթի ՚
Այդպես լինում է լեռների վրա, 
Ուր ցողն է առատ ,
Ուր ծաղիկները վայրի են այնպես,
Ու բուրմունքը՝ սուր,
Ուր քամին իր զով շնչառությունը երկնքից առած,
Այնպես մաքուր է ու այնպես լազուր;
Այդպես լինում է հովիտների մեջ այն արևավոր, 
Ուր ժամանակը կանգնում է ասես ու էլ չի զարկում, 
Ուր մեղուները ներշնչանքի մեջ իրենց թևավոր, 
Երգում են խաղաղ ու արեգակը մեղրի փոխարկում։
Երգում էր այդպես,
Երգում էր աղջիկն ավերակ վանքում,
Եվ ավերակը ասես թե դանդաղ ելնում էր ծունկի,
Գմբեթներն ասես կամավորվում էին քարե ճախրանքում,
Եվ քարից քամվում, դողդողում էին շիթերն արցունքի։
Ու թվում էր, թե գնում ես դեպի հողն այն նախնական,
Հասնում հովիտներն այն արևավոր,
Ուր մարդն արդար է
Արևի,
Հողի
Ու սիրո նման,
Եվ հողը,
Սերը
Ու արեգակը
Աստվածներ են նոր։
Եվ արթնանում էր
Մի զարմանալի, մաքուր տխրություն, 
Եվ տխրության մեջ զիլ զրնգում էր փառքը գոյության, 
Ու ի՛նքդ, ի՛նքդ լույսով մաքրվում, 
Դառնում տխրություն, 
Բարձրանում ասես ու գնում էիր ինքնազոհության...
Ես երազիս մեջ ջրերի վրա մեն-մենակ շրջում, 
Դեգերում էի, չափչփում էի մոլորակն այս հին, 
Լուսավոր էի ու տրտում էի որպես ներշնչում, 
Ոգեղեն էի, ինչպես լինում են արարման պահին։
Եվ ճանապարհիս արարում էի ինքս ինձ համար, 
Խավարը այրում անկեզ մորենու ցոլցլուն բոցով, 
Քարանձավների ցուրտ մթությունը լցնում ծայրեծայր 
Մեղվապարսերի տաք զրնգոցով...
Հովերի թևին դնում բարություն մի անանձնական, 
Խիղճ էի խառնում վայրի հողմերին ու հեղեղներին, 
Որ սուրան նրանք իբրև օրհնություն ու իբրև մաղթանք 
Եվ ոտից գլուխ իրենցով օծեն մոլորակն այս հին.,.
Եվ ահա կանգնել
Ու ծովին իջնող շնորհն անձրևի
Տեղափոխում եմ անապատների շիկնած շուրթերին,
Ու այնտեղ հանկարծ ծառերն են ծաղկում հրաշքի ձևի՝
Աստղերի ցողը ծաղկաթերթերին...
Եվ այնտեղ ահա լճեր են ծփում թեթև ու ծավի,
Անհայտ հավքերը իրենց զմրուխտով կապույտն են վառում...
...Հետո Լիլիթից ու այն հողեբույր, հողե Եվայից
Ուրիշ, մի ուրիշ կին եմ արարում...
Նախ աչքերի մեջ իրար եմ խառնում գորով ու գինի, 
Մեջքը բարալիկ, կոնքերը նուրբ եմ ստեղծում այնքան,
Որ մի տերևն իսկ, թզի տերևն իսկ բավական լինի, 
Դառնալու նրա շորը նախնական։
Ապա Եվայից առնում եմ նրա հողի բույրը տաք, 
Խառնում Լիլիթի խուսափող հրին ու հևքին վայրի, 
Որ նա հողի պես լինի քնքշորեն հեզ ու հպատակ, 
Բայց և հրեղեն իր առեղծվածով հավիտյան այրի։
Հողմի տարերքը, աստղեր ի ղողը և հողի ոգին
Իրար շաղախած, հրաշքն եմ հունցում բանաստեղծության
Ես գինու միջից հանում եմ թույնի խայթը մոլեգին
Եվ թողնում միայն երանությունը թավշե թախծության։
Հիացքով օծում հովատակներին պղնձամկան
Եվ խարազանի շառաչյուններն եմ կողերից վանում,
Առանց խարազան, առանց թամբ ու սանձ և առանց լկամ
Որքան ազատ են ու գեղեցիկ են նրանք սլանում...
...Այդպես ողջ գիշեր ջրերի վրա մեն-մենակ շրջում, 
Դեգերում էի, չափչփում էի մոլորակն այս հին, 
Սլանում էի, վեր էի սուրում իբրև ներշնչում 
Ու ներշնչման պես անծանոթ էի անկումի ահին...
Դու իմ մարմնի մեջ,
Ինչպես կանաչը ցորեն արտի մեջ,
Վառվում, շողում ես բո թաբուն սևով,
Դու՝ գիշերային իմ անքնության տվայտանքը մեծ,
Դու՝ արշալույսի բերկրությունը զով։
Եթե հրաշքով հյուլեիդ կարմիր գաղտնիքը բացվի, 
Նրա մեջ պիտի բարբարոս թախիծն ու կարոտը լա, 
Ու շողա պիտի սկիզբը կայծի, 
Առասպելների լույսը ցոլցլա։
Դու հին, հնամյա...
Դու աստծո խանդով, խանդով թոչունի 
Դեպի աստղային ոլորտն ես միտել դարեր ու դարեր, 
Եվ դու մեղեղի, որ մինչև հիմա դեռ անուն չունի, 
Բանաստեղծություն, որ մինչև հիմա դեռ չունի բառեր։
Դու` զարմանալի,
Դու տառապանքը իմ սիրտը մղում,
Արտամղում ես մի թեթևություն, որ կոչվում է հույս...
Դու այսքան հոգնած, դու այսքան ծանր, դու այսքան տխուր,
Բայց դու՝ մարմնիս մեջ փակված արշալույս։
Թախծությո՛ւն, նետիր քո սքեմը սև, 
Ու գնանք դեպի անձրևները ջինջ, 
Նրանք հարության գաղտնիքը կասեն, 
Իսկ մեզ դա է պետք և ուրիշ ոչինչ։
Գնանք, թաթախվենք նրանց լույս փոշով, 
Մկրտվենք նրանց շնորհի մեջ տաք, 
Աստղի պես բռնենք կաթիլը խոշոր 
Ու կշռենք նրա հրաշքը հստակ։
Ու գնանք դեպի արտերի հեռուն 
Եվ շնչենք նորից բույրը բարության, 
Փշրենք հասկը շեկ ու մեր ափերում 
Զգանք կարոտը անսպառության։
Եվ գնանք դեպի ծառերը կանաչ,
Նայենք, թե իրար ինչպես են փարվում,
Թե ազատ քամին, արևը հսկա ու կապույտն անափ
Ինչպես են փոքրիկ տերևին թառում։
Ու գնանք դեպի քարանճավը մով, 
Մխրճվենք սիրտը ապառաժ քարի, 
Ուր մեղուների ինքնագոհումով 
Խոստանում է լույսն ու մեղրը վայրի։
Ու հետո այդպես անձրևաթաթախ, 
Այդպես արևոտ և օրհնաբերան 
Ընթանանք դեպի բարձունքը խաղաղ 
Ու ոգենք այնտեղ աղոթքը լեռան...
Այրվո՜ւմ ես ահա...
Բոցդ ոսկի է ու բոցդ բոսոր,
Եվ բոցիդ ծայրը
Նման է այնպես կապույտ թախծության.
Նման է այնպես
Յոթ երկնքի հետ շշուկով խոսող
Բանաստեղծության։
Այրվո՜ւմ ես, այրվո՜ւմ...
Եվ գեղեցիկ է տառապանքը քո,
Եվ գեղեցիկ է որպես արարում
Ու որպես սկիզբ,
Որպես ներշնչանք
Ու որպես կարոտ
Ու որպես սիրո անավարտ կսկիծ։
Այրվո՜ւմ ես, այրվո՜ւմ...
Եվ օրհնյալ ես դու, հրեղեն հառաչ,
Եվ օրհնյալ ես դու, կապույտ թախծություն,
Ծուխդ՝ երկնքին,
Մոխիրդ հողին խառնելուց առաջ,
Դառնում ես կապույտ բանաստեղծություն...
Նա ե՞րբ է ծնվել...
Այն օրը գուցե, երբ գաղտնիքը քեզ
Կանչեց, հմայեց
Ու խուսափելով, սուրաց գեղեցիկ...
Եվ սպասում ես...
Բայց նա թևավոր,
Բայց նա՝ հրակեզ,
Իսկ ղու՝ հողեղեն, հողաբույր խեցի.
Եվ սպասում ես...
Եվ սպասում ես դու ամեն վայրկյան...
Անքնության մեջ
Քո սպասումը արշալույս է զով,
Ձմեռների մեջ՝ հողի տաք խայտանք,
Ամպրոպի շունչ է,
Կայծակի բույր է,
Ծաղկաթերթ ու ցող։
Եվ սպասում ես...
Եվ սպասումդ
Լույս է աղբյուրի հեկեկանքի մեջ,
Եվ Հարդագողի հրեղեն հառաչ, բարբառ է անհուն,
Կռունկի կանչ է,
Ակոսի տող է,
Դող է զանգի մեջ
Ու չվերծանվող բանաստեղծություն:
Եվ սպասում ես...
Կինն է քեզ նայում
Ու նայում այնպես,
Որ թվում է, թե
Պիտի արգելված պտուղը քաղի,
Բայց խուսափում է,
Հեռանում անդարձ,
Ու նորից անտես
Թախիծն է գալիս
Ու ծարավն աղի...
Եվ սպասում ես...
Եվ սպասում ես դու ներշնչանքին,
Իսկ նա գալիս է,
Գալիս սիրուհու քմահաճ խաղով,
Գալիս,
Մատնում է ողջակիզումի անլուր տանջանքին.
Բայց թողածն ի՞նչ է,-
Մի բուռ մոխիր է,
Մի անբառ աղոթք...
Եվ սպասում ես...
Ո՞ւր ես սլանում, 
Այդ ո՞ւր ես սուրում...
Կանգնեիր մի պահ, 
Կանգնեիր գոնե լոկ այն վայրկյանին, 
Երբ թռիչքի մեջ արծիվն է հանկարծ 
Վսեմ մի դողով կանգնել լազուրում...
11՞ւր ես սլանում, 
Այդ ո՞ւր ես սուրում...
Կանգնեիր մի պահ, 
Կանգնեիր գոնե լոկ այն վայրկյանին, 
Երբ իր արծաթե սոսափյունի մեջ 
Բարդին է հանկարծ լռել լազուրում...
Ո՞ւր ես սլանում, 
Այդ ո՞ւր ես սուրում...
Կանգնեիր մի պահ, 
Կանգնեիր գոնե լոկ այն վայրկյանին, 
Երբ իմ գրկի մեջ սերն է նվաղել, 
Ո՞ւր ես սլանում, 
Այդ ո՞ւր ես սուրում...
Կանչո՜ւմ է նա ինձ...
Իր մաշված դռան տխուր ճռինչով, 
Որ հեռու-հեռվից ասես երգում է 
«Աոավոտ լուսո», 
Կանչո՜ւմ է նա ինձ...
Առաջին անգամ այնտեղ եմ առել 
Ես հոտը հացի ու համը աղի... 
Եվ նրա կավե կտուրից եմ ես 
Տեսել, թե աստղը 
Ինչպես է սրբում իր արտասուքը...
Եվ իմ առաջին արցունքի միջից
Մայրական դեմքի ցոլանքն եմ տեսել,
Տեսել արևը,
Երկինքը,
Բարդին
Եվ օդում կախված հավքի թրթիռը։
Եվ գիտեմ հաստատ,
Այն տան պատերի մթին ճեղքերում
Թրթռում է դեռ
Շուրթերիս ծնված այն բառն առաջին,
Որ կամ հիացում,
Կամ ցավ է եղել։
Եվ գիտեմ հաստատ,
Որ այդ տան վրա
Ամեն առավոտ ու ամեն գիշեր
Ինչ-որ մի անհայտ,
Ինչ-որ մոլորված հավք է թպրտում
Ու ճչո՜ւմ տխուր...
Հասկացիր, Աստված,
Կանչում է նա ինձ...
Իր մաշված դռան երկար ճռինչով,
Որ հեռու-հեռվից երգում է ասես
«Առավոտ լուսո»,
Կանչո՜ւմ է նա ինձ...
Եվ սակայն ինչպե՞ս հասկանաս,
Աստված,
Երբ ոչ մայր ունես,
Ոչ հայրենի տուն,
Ոչ ծննդավայր...
Մեզ պետք չէր ոչինչ,-- գինետան թախիծ,
Իսկ հետո՝ կապույտ քո հայացքը, Տե՛ր,
Տողեր էին պետք չարենցյան տաղից
ՈՒ երևանյան ամայի մայթեր...
Շներ էին պետք անտեր ու անտուն,
Որ մեր հետքերով լուռ ու մունջ գային,
ՈՒ երբ նստեինք, նստեին տրտում,
ՈՒ երբ ոռնայինք, մեզ հետ ոռնային:
Իսկ մեր ոռնոցը շատ էր ահավոր,
Իսկ մեր արցունքը շատ էր անարատ,
Առաջին սիրո թախիծ էր նա որբ
ԵՎ հանճարների մահվան պատարագ:
Մեզ պետք չէր ոչինչ-- մի բուռ ծխախոտ,
Որ կուշտ ծխեինք գիշերվա կեսին
ԵՎ դառնությունն այդ անզոր մի ոխով
Փչեինք այս նենգ կյանքի երեսին:
Զնգում նաիրյան արծաթե առուն,
Աստղերի ցողն էր մեզ վրա կաթում,
Այնքան էինք մենք տխրորեն հարուստ,
Որ լուսաբացն իսկ չէինք նկատում:
...Ի՞նչ է կատարվել, չգիտեմ, ների՛ր,
Հին մայթերն արդեն մեզ չեն ճանաչում,
Իսկ որբությունն այն անտեր շների 
Մեր այս որբության վրա է հաչում...

Яндекс.Метрика