Արամայիս Սահակյան

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի...
 
Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:
 
Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,
Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:
 
Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:
Ուսուցիչնե՛ր, հանգիստ չունեք, քուն չունեք,
Գո՜նե, գո՜նե մի հանգստյան տուն չունեք...
Համբուրում եմ ձեզ հիմա
Եվ գլուխ եմ խոնարհում,
Դուք ինձ համար, ինձ համար
Երկրորդ ծնող աշխարհում:
Թեև վաղուց եմ դպրոցն ավարտել,
Բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ՝
Ես ինձ զգում եմ, իմ ուսուցիչնե՜ր,
Դաս պատասխանող աշակերտի պես:
 
Ախ, ինչքա՜ն ենք ձեզ տանջել անհոգի՝
Մեր համառությամբ և հիմարությամբ:
Իսկ երբ դասի չեք եկել հարգելի՝
Ուրախացել ենք ձեր հիվանդությամբ:
 
Նո՛ր ենք հասկանում, որ մեր մշտական
Ուղեկիցներն եք ու մի՜շտ կլինեք:
Մեր լավի համար ձե՛զ ենք պարտական,
Իսկ վատի համար մեղավոր ենք մե՛նք:
Շուտով և իմ հերթն է գալու՝
Հույզե՜ր, ժպի՜տ, հառա՜չ...
Տրոփում է սիրտը մարդու՝
Քննությունից առաջ:
 
Մեկ թվում է, թե կհաղթե՜մ,
Ու չի լինի նահանջ,
Մեկ թվում է՝ բան չգիտեմ
Քննությունից առաջ:
 
Կրկին ինձ է նայում թաքուն
Այն աղջիկը հրաչ,
Որպես ուրի՜շ մի քննություն
Քննությունից առաջ:
 
Քննություն է կյանքն էլ վաղվա,
Բարեկամներ իմ քաջ:
Ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա՝
Քննությունից առաջ:
(Ուսուցիչների Ուսուցիչը) 
 
Նա շա՜տ է սիրում դաշտի ծաղիկներ:
Իսկ հիմա ցո՛ւրտ է, բո՛ւք է ու ձմե՛ռ:
Գորկա: Երեկո: Հունվարի քսանմեկ:
Իլյիչը հիվանդ է, ծա՜նր՝ քան երբեք:
Ծանր հիվանդ է:
Մեզ նման նա՛ էլ
Լոկ մի՛ անգամ է այս աշխարհ եկել:
Եվ գուցե պարզ է միայն Իլյիչին,
Որ սա իր կյանքի մի ժամն է վերջին:
Բժիշկն այցելեց:
Իլյիչը կարծես լավացավ, փոխվեց:
Եվ միայն ժպտաց: Չի՛ կարող խոսել:
Մի ամբողջ տարի՝ չի կարող խոսել:
Ի՞նչ էին ասում աչքերը նրա,
Դժվար է ասել:
Իսկ ասում էին աչքերը կարծես՝
Ներեցեք, եթե իմ հիվանդությամբ
Ցավ պատճառեմ ձեզ:
Իսկ ասում էին աչքերը տխրած՝
Ինչո՞ւ եք միայն ինձնով զբաղված,
Դուք ուրիշների՛ն բուժեցեք հիմա,
Իլյիչն առո՜ղջ է և կդիմանա՜...
Ապա թեքվելով՝
Նա հասկացրեց մի կերպ ամենքին,
Որ տա՛ք հագցնեն ընկեր բժշկին,
Ամուր փաթաթեն,
Ճանապարհ դնեն,
Որպեսզի հաջող, ապահով գնա,
Հանկարծ չմրսի, չհիվանդանա:
Իսկ հետո մի կերպ, ցավով կրկնակի՝
Օգնեց բժշկին՝ վերարկուն հագնի:
Բժիշկը նայեց նրան քնքշությամբ,
Հմայքո՛վ, ցավո՛վ և հպարտությամբ:
Ի՞նչ անել, որ այս ցավը դադարի:
Բուժվի բժիշկը մեր հիվանդ դարի:
Ու եթե հիմա դատենք պարզապես,
Ապա ի՞նչ շահեց Իլյիչն անձնապե՛ս.
Եվ չէ՛ որ, մարդի՛կ,
Նա՛ էլ կարող էր ապրել երջանիկ՝
Առանց աքսորի՜,
Առանց հոգսերի՜:
Բայց նրանո՛վ են տարբերվում մարդիկ,
Թե ով ինչո՛վ է լինում երջանիկ:
Մարդ կա՝ իրենով,
Մարդ կա՝ բոլորով:
Նա՝ ամենամեծ մարդն այս աշխարհի,
Առաջնորդն՝ առանց շքանշանների:
Նա առաջնորդ է, ապրում է այդպես
Ժողովրդի պես:
Ժողովրդի պես՝ ոչ թե թագավոր,
Այլ մի՛շտ հարկավոր...
Այդպես էր խորհում բժիշկը ճամփին.
Երբ ետ կանչեցին:
...Իլյիչն այլևս չէր տեսնում ոչինչ:
Ջերմությունն անցավ 42-ից:
Սիրտը դադարեց:
Լռություն տիրեց:
Ապրող ու քայլող հրդեհը մարեց:
Այդ ձմեռ եղավ կրկնակի ձմեռ:
Վախճանվեց, ով որ հարկավոր էր դեռ:
Նա, ով սիրում էր դաշտի ծաղիկներ...
Եվ արցունքները սրբելով ահա,
Բժիշկը հիշեց,
Որ մի ժամ առաջ ժպտացել է նա,
Որպեսզի ոչ ոք չանհանգստանա...
Ես կողմնակիցն եմ նորածինների -
Այդ նորեկներին պաշտպանե՜լ է պետք:
 
Ես կողմնակիցն եմ աշակերտների -
Այդ անկարգների՜ն պաշտպանել է պետք:
 
Ես կողմնակիցն եմ ուսուցիչների -
Այդ «գերիների՜ն» պաշտպանել է պետք...
 
Ես կողմնակիցն եմ ծերունիների -
Այդ փոքրիկների՜ն պաշտպանել է պետք:
 
Ես կողմնակիցն եմ և հանճարների -
Այդ անճարների՜ն պաշտպանել է պետք:
 
Ես կողմնակիցն եմ սո՜ւրբ Հայրենիքի -
Հենց Հայրենի՛քը պաշտպանել է պետք...
Մի լավ ուսուցչի
Սիրտդ ինչպե՞ս ազնի՜վ մնաց նենգ աշխարհում,
Ոգիդ ինչպե՞ս անմե՜ղ մնաց մեղք աշխարհում:
Նրանից է, որ դու ունես մաքո՛ւր արմատ:
Այդ արմատո՛վ պիտի ապրենք մենք աշխարհում:
Եվ բուրգերը եգիպտական,
Եվ տաճարը Արտեմիսի,
Զևսի արձանն Օլիմպիական
Եվ կոթողը Հռոդոսի,
Դամբարանը Մավզոլոսի,
Այգիները Բաբելոնի,
Եվ փարոսը Ալեքսանդրիայի՝
Շա՛տ են հայտնի:
 
Աշխարհի յոթ հրաշալիք...
Հմայե՜լ եք դուք մշտապես:
Բայց կա յո՜թ էլ հրաշալիք
Որ չի՛ նշվում պաշտոնապես:
Առաջինը հենց նա՛ է, ով
Հրաշալիքներն ստեղծե՜ց այդ:
Նա իր ոգով և հանճարով
Կոչվում է Մարդ:
 
Եվ կա երկրո՛րդ հրաշալիք,
Նա է, ով մեզ աշխարհ բերում
Եվ ոչ մեկիս ո՜չ մի անգամ
Ո՜չ մի վայրկյան չի մոռանում:
Աշխարհն էլ մեզ դավաճանի,
Նա կանգնա՛ծ է միշտ մեզ համար:
Հրաշալիքն այդ սիրելի
Կոչվում է Մայր:
 
Եվ կա երրո՛րդ հրաշալիք.
Նա է, ով որ աշխարհ գալիս
Եվ իր տեսքո՜վ, անմեղությա՜մբ
Նո՛ր իմաստ է կյանքին տալիս:
Նա մեր հո՜ւյսն է անմահության,
Երկրորդ կյանքն ու հավատն է մեր,
Հրաշալիքն այդ աննման
Մանուկն է ձեր:
 
Եվ կա չորրո՛րդ հրաշալիք.
Այն է, ինչը մեզ այցելում
Եվ փոխելով սիրտ ու հոգի՝
Ուրի՛շ մարդ է մեզ դարձնում:
Նրա ուժը մե՜ծ, ազդեցի՜կ
Ձեզնից ո՞վ չի, արդյոք, տեսել:
Հրաշալիքն այդ գեղեցիկ
Կոչվում է Սեր:
 
Կա հինգերո՜րդ հրաշալիք.
Այն է, ինչը տիեզերքում
Որքան գիտենք՝ առայժմ կա
Միայն երկի՛ր մոլորակում:
Եվ հենց նրա՛ շնորհիվ է,
Որ մենք ահա ապրում ենք, կանք:
Հրաշալիքն այդ հազվագյուտ
Կոչվում է Կյանք:
 
Կա վեցերո՛րդ հրաշալիք.
Մի հասարա՜կ, աննկա՜տ բան,
Բայց էությամբ իր անհանգիստ՝
Տիեզերքի՜ց էլ անսահման:
Ամե՛ն ինչ էլ զգում է նա,
Թեև իր հետ վարվում ենք բիրտ:
Հրաշալիքն այդ տառապյալ
Կոչվում է Սիրտ:
 
Եվ, վերջապես, կա յոթերո՛րդ,
Բայց՝ առաջի՛ն հրաշալիք -
Մի սրբություն՝առանց որի
Իրենց ո՛րբ են զգում մարդիկ,
Իսկ նրա հետ՝ մե՜ծ ու հզո՜ր,
Իսկ նրա հետ՝ հաղթանակո՜ղ: -
Հրաշալիքն այդ կոչվում է
Հայրենի հող:
 
Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես
Մի լրացո՛ւմ անել վերջին -
Հրաշալիք կոչենք նույնպես՝
Ամեն մեկս մեր ուսուցչին...
Կարելի է այս աշխարհում
Ապրել նաև առանց բուրգի:
Անհնա՜ր է սակայն ապրել
Առանց լույսի, հայրենիքի:
(Բ. Օլեյնիկ)
 
Ինչպե՜ս տարան նրան դեպի իր տուն,
Հետո ինչպե՜ս տնից դուրս բերեցին,-
Ուրախ մայիս էր, չորս կողմ՝ ջերմություն,
Իսկ նրա ձեռքերը սառած էին:
 
Ծերունիները տխրադեմ նայում
Ու խոսքեր էին ասում հատընտիր:
Նվագախումբն էր հուզվում, սխալվում -
Նվագում էին աշակերտներն իր:
 
Երբ անցան դպրոցական այգու մոտով,
Անտոնովկա մի ծառ դողաց կարծես՝
Թեքվեց ու ասաց տխուր ձայնով.
-Սիրելի ուսուցիչ, ո՞ւր այդպես:
 
Նա չլսեց և կամ ցույց տվեց, թե
Ննջում է. բա՜րձր էին տանում նրան,
Միայն ձեռքը կարծես շարժվեց թեթև,
Ինչպես չոր տերևն է շարժվում աշնան:
 
Վարորդները կանգնել ճամփի եզրին,
Ծխախոտն էին թաքցնում էլի:
Բոլորը նրա աշակերտներն էին,
Իսկ նա ուսուցի՜չն էր այդ բոլորի:
 
Վեճ չկար տների հարկերի տակ,
Տղամարդիկ փողոցում կանգնել էին,
Իսկ նրա աշակերտներից ոմանք
Վաղո՜ւց ծնողներ էին:
 
Իսկ մեր գեներալը, ում կրծքին մեծ
Շքանշաններ կային հերոսական,
Հեռագրեր կարդաց և... գունատվեց
Առաջին անգամ:
 
Ինչպե՞ս կարող էիք դուք մահանալ,
Մեր ուսուցիչ, հավա՜տ ամենաթանկ,
Դուք մեր ընկերն էիք և կմնաք
Որպես հավերժ ընկեր և օրինակ:
 
Գոնե ուրի՛շ ամսի մահանայիք,
Վատ եղանակ լիներ, ցուրտ հյուսիսի,
Թե չէ ինչի՞ համար մեզ լքեցիք
Զարմանալի՜ պայծառ մայիս ամսին:
 
Եվ նա պատասխանեց.
-Դու մի՛ հուզվիր,
Իսկ իմ շիրիմի կողքին չտառապեք:
Նրա՛ համար մեռա ես մայիսին,
Որ դուք կյանքն ավելի՛ գնահատեք...
Մենք կարող էինք չլինել հիմա...
Բայց որովհետև եղա՛նք աշխարհում՝
Հենց դրա համար, հենց դրա համար
Արժե, որ հայտնենք շնորհակալություն:
 
Մայր բնությանը և մեր մայրերին,
Ուսուցիչներին և ընկերներին -
Որպես հարգանքի շարունակություն՝
Միասին հայտնենք շնորհակալություն:
 
Հերթո՛վ ենք եկել և կանցնենք հերթով:
Եվ նրանց, ովքեր մեր մահից հետո
Մեր անունները կհիշե՛ն կյանքում -
Նախապես հայտնենք շնորհակալություն:
Արդյոք ինչո՞վ է կյանքը գեղեցիկ.
Մանուկներո՜վ է կյանքը գեղեցիկ:
 
Գեղեցիկ է նա և հրաշալի՝
Սիրահարներո՜վ ամբողջ աշխարհի:
 
Գեղեցիկ է նա ուսուցիչներո՜վ՝
Հոգեկան ու նուրբ սնուցիչներով:
 
Գեղեցիկ է նա ուսանողներո՜վ,
Մեր ծնողներո՜վ, մայրակա՜ն սիրով:
 
Եվ ճերմակահեր, նաև ազդեցիկ
Ծերուկներո՛վ է կյանքը գեղեցիկ...
Ուսուցչուհին ասաց մեզ.
-Ձեզ յոթ սեր եմ պատգամում -
Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,
Ուրիշ մեծ սեր չի լինում:
 
Ծնողներին սիրեցեք -
Նրանցի՛ց եք ծնվել դուք:
Եվ մայր լեզուն սիրեցեք -
Նրանո՛վ եք սնվել դուք:
 
Բնությունը սիրեցեք -
Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
Ազնվությունը սիրեցեք -
Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
 
Միշտ սիրեցեք աշխատանք
Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:
Եվ այս հավերժ լուսնի տակ
Մեկին հավե՛րժ սիրեցեք...
 
Ով իրեն է լոկ սիրում՝
Նա դժբախտ է աշխարհում:
Յոթ սրբություն թե սիրեք -
Յոթնապատիկ կսիրվեք...
Քիչ է լինում, երբ նույն պահին՝ 
       և ուրախ ենք, և տխուր ենք:
Հենց այդպիսի վայրկյան է մի՝ 
       դպրոցական վերջին զանգը:
Ուրախ ենք, որ ավարտում ենք: 
       Տխուր ենք, որ ավարտում ենք:
Ասես լաց ու ծիծաղ լինի 
       դպրոցական վերջին զանգը:
 
Եկանք այստեղ յոթ տարեկան, 
       տասնյոթ ենք գնում սակայն:
Ասես լինենք կայարանում, 
       և պատրաստ է մեր գնացքը...
Փոքրի՜կ էինք, անմե՜ղ, արդա՜ր: 
       Հիմա մե՛ծ ենք, հակասակա՛ն.
Հասունության նախերգանքն է
       դպրոցական վերջին զանգը:
 
Շատ սիրելի ուսուցիչնե՛ր, 
       մենք գնո՛ւմ ենք, դուք մնո՛ւմ եք:
Եվ վառվում է մեր սրտերում
       պատանեկան ափսոսանքը,
Որ ձեզ հաճախ չե՜նք հասկացել, 
       չե՜նք մտածել՝ մեծանում եք,
Եվ ձեր կյանքն էլ կարճ է, ինչպես... 
       դպրոցական վերջին զանգը:
 
Ներողությո՜ւն, ներողությո՜ւն, 
       որ տվել ենք ձեզ նեղություն: 
Թե չընդունվենք ինստիտուտներ, 
       դուք չտխրեք՝ բա՛րդ է կյանքը:
Սակայն ի՛նչ էլ դառնանք կյանքում,
       ապրելու եք դուք մեր հոգում,
Եվ մեր հոգու ձայնն է ասես
       դպրոցական վերջին զանգը:
 
Ա՜խ, մեզ համար ամենամե՜ծ
       դասամիջոցն սկսվում է...
Սակայն մի՞թե կմոռացվի՝
       մեկտեղ ապրած տասնամյակը: 
Հրաժեշտ ենք տալիս մենք ձեզ,
       բայց հուշերին՝ անհնա՜ր է,
Եվ ավելի թող մեզ կապի
       դպրոցական վերջին զանգը:
 
Հողագունդը մի մեծ զանգ է՝ 
       տիեզերքի անհունում խոր: 
Թող միշտ լսվի նրա ձայնը,
       թող չավերի նրան զենքը...
Մենք չենք ուզում, որ աշխարհի 
       Վերջին զանգը հնչի մի օր: 
Այս աշխարհում թող հնչի լոկ
       Դպրոցակա՛ն վերջին զանգը:
Մաշվա՜ծ գրքեր, մաշվա՜ծ գրքեր,
Գրքեր դեղնա՜ծ ու անշո՜ւք:
Որքա՜ն մտքեր, որքա՜ն կրքեր
Եվ ընկերնե՜ր ունեք դուք:
 
Ո՞վ իմանա՝ լուռ ու անքուն
Ո՞ւմ եք վառել, ո՛ւմ գերել,
Եվ քանիսի՛ սրտին, հոգուն
Վիշտ ու ժպիտ եք բերել:
 
Բարա՜կ, տանջվա՜ծ ձեր թերթերին 
Ո՞վ է արցունքն իր թողել,
Ո՞վ է գրել ձեր էջերին
Երախտիքի ջերմ տողեր:
 
Գրքեր, երնե՜կ լինեմ ձեզ պես՝
Օգնե՛մ, հոգնե՛մ օր-օրին,
Միայն հոգուս գանձերն ամբողջ
Տամ բոլորի՜ն, բոլորի՜ն:
Փոշոտ ճամփին, դաշտում և արտերի եզրին
Վազվզո՜ւմ եք, կանչո՜ւմ, քշում փայտե ձիե՜ր:
Թող այս երգը լինի ձեր մանկության մասին,
Գյուղի՜ երեխաներ, գյուղի՜ երեխաներ:
 
Բարակ առվի վրա կամուրջներ եք շինում,
Որ մրջյուններն անցնեն ապահով ու հարմար,
Իսկ երբ հանկարծ ջուրն է կամուրջները տանում,
Վշտանում եք կորած մրջյունների համար:
 
Ինքներդ դեռ գառներ՝ դուք գառներ եք պահում,
Ասում՝ սարից այն կողմ... կա հեքիաթի երկիր:
Հետո հեռուստացույց ու կինո եք նայում
Ու աշխարհի մասին դատում հետաքրքիր:
 
Ախ, անհա՜յտ եք դուք դեռ, միամի՜տ ու անկեղծ,
Եվ անհա՜յտ են ձեզ էլ միլիոնավոր բաներ,
Սակայն վաղը պիտի հայտնի՜ դառնաք ու մեծ,
Գյուղի՜ երեխաներ, գյուղի՜ երեխաներ...
Երբ հեռու տեղից գալիս եմ գյուղ,
Մի ծանոթ հույզ է սիրտս պատում,
Եվ միշտ աղմուկով ու աներկյուղ՝
Ինձ մանուկներն են շրջապատում:
 
Թողած խաղերը, թողած հեռուն,
Հավաքվում են իմ շուրջը սրտանց,
Նրանք լավ գիտեն «Արմո քեռուն»,
«Արմո քեռին» էլ գիտե նրանց: 
 
Նայում եմ ես այդ փոքրիկներին
Ու նախանձում եմ նաև մեկ-մեկ.
Նրանք կհասնեն իմ տարիքին,
Իսկ ես չե՜մ հասնի նրանց երբեք...
Մեր ծնողները քիչ են օգնել մեզ,
Սակայն պաշտում ենք նրանց մշտապես:
Աշխա՜րհ ենք տալիս մեր զավակներին,
Սակայն... դժգո՛հ են նրանք մշտապես:
Կանաչ հովտում, թփի տակ,
Այն աղբյուրը, ա՜խ, դեռ կա,
Որին մանուկ ժամանակ
Քա՛ր եմ նետել մի անգամ:
 
Երբ հիշում եմ ես նորից
Նրա կանչը մեղմագին,
Վաղո՜ւց նետված այն քարից
Պղտորվում է իմ հոգին...
Գյուղի իմ դպրոց՝ պարզ ու հասարակ,
Իմ ակադեմիա և համալսարան...
Մեր ծնողական ժողովներում
Լոկ մայրե՜ր էին լինում նստած...
Ատելությունը մեր սրտերում
«Կռիվ» բառի հետ ծնվեց, մնաց:
 
Ախ, շա՜տ-շատերս չունեինք հայր,
Սակայն ունեինք տխուր մայրեր,
Որ զարմանալի արագությամբ
Ծերանում էին մեր աչքի դեմ:
 
Հոտ էինք քաշում երկա՜ր-երկա՜ր՝
Հացի դատարկված ամբարներից...
Կամ ուզում էինք հիվանդանալ,
Որպեսզի զրկվենք ախորժակից:
 
Խաղալիք էին ծախում հացով
Հեռվից գյուղ բերված գերի մարդիկ:
Բայց ինչպե՞ս գնել դա չեղածով. 
Մեզ և հաց էր պետք, և խաղալիք:
 
Թող անցյալ մնա դա, Հայրենի՛ք:
Ախ, ուսանողնե՜ր պարզ ու գեղեցիկ,
Որ պատրաստ էիք դասի՛, քննությա՛ն:
Ուրի՜շ քննություն սակայն հանձնեցիք,
Իսկ ձեր թոշակը մայրերն ստացան...
 
Դուք պաշտպանեցիք մայրենի լեզուն,
Ոչ թե դիպլոմը՝ մայրենի լեզվից:
Լավ չգիտեիք դուք օտար լեզուն,
Բայց օտարներին լա՛վ դաս տվեցիք:
 
Աշխարհագրությունն իմացաք անձա՛մբ,
Ոչ թե նայեցիք միայն քարտեզներ:
Դուք նոր պատմության հեղինա՛կ դարձաք,
Ոչ թե սերտեցիք պատմության դասեր:
 
Արտիստը դեր է խաղում զինվորի -
Բեմում զոհվում է և հետո ելնում,
Բայց դուք զոհվեցիք ոչ թե թատրոնի,
Այլ պատերազմի՛ թատերաբեմում:
 
Թեև վաղուց է կռիվն ավարտվել,
Եվ արձակուրդ է, բայց չե՜ք գալիս տուն:
Որպես ուսանող՝ կռվում զոհվեցիք,
Որպես դասախո՛ս մնացիք կյանքում...
Դու մեր երկրորդ տուն, բոլորս որտեղ
Գրանցված էինք ժամանակավոր:
Հետո մենք տներ ունեցանք շքեղ,
Բայց քեզ հիշում ենք ամեն-ամեն օր:
Ախ, դու նման ես աշխարհին, որտեղ
Մենք գրանցված ենք ժամանակավոր...
Դու պետություննե՛ր սնած ժողովուրդ,
Էպո՛ս ու հերո՛ս ծնած ժողովուրդ:
 
Դու կարիքի մեջ՝ տվել ես բարի՛ք,
Վտանգի ժամին պահել հայրենի՛ք:
 
Դու հոմանիշ ես աշխատանք բառի,
Տերն ու ծառան ես այս հին աշխարհի:
 
Ասում են՝ «Հանուն մայր ժողովրդի»,
Բայց ժողովո՛ւրդն է հանուն բոլորի:
 
Պետություններն են տարբեր, անկասկած,
Ժողովուրդները նմա՛ն են միմյանց:
 
Ոչ մի ժողովուրդ կռիվ չի ուզում:
Խելագարներն են կռիվ երազում:
 
Երանի՜ նրան, հազա՜ր երանի՝
Ում ժողովո՛ւրդը որդի կանվանի...
(Հայոց մեծագույն ուսուցիչները)
 
Զարմանալի՜, հնամենի՜, հիանալի՜ երկիր,
Վանա ծովի, Վայոց Ձորի, Արարատի՜ երկիր:
Շա՛տ ես տեսել դաժան հյուրեր, հյուրասե՜ր ես բայց շատ,
Հայկի, Դավթի, Արտաշեսի և Տրդատի երկիր: 
 
Հի՜ն քաղաքներ, հի՜ն պատմիչներ ու երգիչնե՜ր գողթան,
Մեծն Տիգրան, քաջն Վարդան՝ պահպանիչնե՜ր քո տան, 
Գրի Մաշտոց ու Զվարթնոց, մանրանկար որդան,
Խորենացու, Շիրակացու, Նարեկացու երկիր:
 
Սելջուկ եկավ, պարսիկ եկավ, արաբ եկավ և թուրք,
Ծվեն-ծվեն արեցին քեզ, տարան ավար ու տուրք,
Հետո Արազն ափին տվեց, ժայթքեց զայրույթ ու թուք,
Կոմիտասի, Վարուժանի և Զոհրապի երկիր:
 
Անսեր դարում սեր երգեցին՝ Քուչակ, Սայաթ-Նովա,
Ֆրիկն ընդդեմ դարի ելավ, Թոնդրակեցին ելավ:
Ելան Տարո՜ն, Զեյթո՜ւն, Սասո՜ւն, և Սյունի՜քը ելավ,
Մարզպետունու, Պահլավունու, Դավիթ-Բեկի երկիր:
 
Մեծ ընկերոջ մեծ օգնությամբ հասար բախտին քո մեծ,
Օրհնեց Օրին, Աբովյանը և Թումանյանն օրհնեց,
Ծնվեց Տերյան, Իսահակյան, Համբարձումյան, Չարենց...
Շահումյանի, Անդրանիկի, Բաղրամյանի երկիր:
 
Տուն են գալիս որդիներդ՝ Ոդիսևսի նման,
Աչքերի մեջ օտար ծովեր, հոգիներում՝ Սևան,
Խաչատրյան տվեցիր դու, ապա՝ Մինաս, Սարյան...
Սարոյանի, և Սևակի, և Շիրազի երկիր:
 
Շա՜տ ես լացել, շա՜տ ես թախծել, հիմա ցնծա՜, երգի՜ր,
Բոլոր ցրված որդիների հավատարիմ երկիր,
Այնքան փոքր ես՝ մի համբույրի տեղ ես միայն, երկիր,
Խաղաղության, Երջանկության, Անմահության երկիր:
Ես իմ անուշ Հայաստանի չարենցահամ բառն եմ սիրում,
Եվ Չարենցի մե՜ծ քնարի ազատաձայն լարն եմ սիրում,
Լուսամփոփի պես աղջկան՝ աստվածամոր իր աչքերով,
Եվ գյոզալի էշխից էրված Սայաթ-Նովյան տաղն եմ սիրում:
 
Սիրում եմ իր գրիչը սուր, երգերը հուր՝ սիրտս գերող,
Կապուտաչյա հայրենիքի ողջակիզված կրակն այրող,
Դանթեական դժոխքներից դեպի լյառն Մասիս ձգվող՝
Խելագարված ամբոխների արևային պարն եմ սիրում:
 
Ո՜ւր էլ լինեմ, չե՛մ մոռանա ես գանգրահեր այն տղային,
Չեմ մոռանա աղոթք դարձած «Ես իմ անուշ Հայաստանին»,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն բարեկամը և թշնամին,
Էլի ես մեր՝ սուրբ քերթության կարկտահար ծառն եմ սիրում:
 
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ բարձունք չկա,
Կոմիտասի, Չարենցի պես լուսապսակ արցունք չկա,
Աշխա՛րհ անցիր, առանց ոգու՝ ոչ մի ազնիվ արդյունք չկա,
Որպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Չարե՜նց սարն եմ սիրում:
Ո՞վ է հայոց ամենամեծ ուսուցիչը,
Զորավարը, դերասանը և գրիչը:
Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը
Այդ մեծերին ծնող-սնող ժողովուրդն է:
Մեր այբուբենը հի՜ն է և հատո՛ւկ:
Աշխարհում քի՛չ են խոսում լեզվով մեր:
Եվ չհնչեցի՜ք ողջ աշխարհում դուք,
Իմ փոքրիկ երկրի մեծ բանաստեղծներ:
 
Խայա՜մ, Ֆիրդուսի՜, Շեքսպի՜ր, Պո՜ւշկին...
Ամբողջ աշխա՜րհն է ընթերցողը ձեր: 
Բայց քիչ են կարդում Պետրոս Դուրյանին,
Եվ քիչ են կարդում Վարուժանին մեր:
 
Չթարգմանեցի՜նք ինչպես հարկն է ձեզ,
Իսկ երբ որ կայիք՝ չկանգնեցինք տեր:
Եվ հասկացեք մեզ, և ներեցե՜ք մեզ,
Իմ փոքրիկ երկրի մեծ բանաստեղծներ:
Գնացողաց՝ հիշատակ,
Մնացողաց՝ երկար կյանք:
Երբ հայ գրող է կյանքից հեռանում,
Գրական տունն է որբանում ասես:
Եվ ես ուզում եմ անուն առ անուն
Հիշել բոլորին, ում տեսե՛լ եմ ես:
 
Նրանք կմնան մեր մեջ, աշխարհում:
Եվ, այնուհանդերձ, կսկիծով սրտի՝
Ես Դեմիրճյանի թափորն եմ հիշում,
Թափորն եմ հիշում Իսահակյանի:
 
Արազին հանգավ ճերմակ մոմի պես,
Իսկ Ալազանը բոցկլտաց երկար:
Զորյանը փլվեց հայոց բերդի պես,
Զարյանը՝ որպես կաղնին տիրակալ:
 
Գնաց Քոչարը՝ ջահել նահապետ:
Սևունցը՝ որպես գեղեցիկ ասպետ:
Կոստան Զարյանը, որ հեռվից դարձավ,
Եվ Նորենցը, որ... նորի՛ց հեռացավ:
 
Գնաց Տարոնցին, Անանյանն անկեղծ,
Գուրգեն Բորյանը, Գուրգեն Մահարին:
Խաչիկ Դաշտենցը գնաց-խառնվեց
Իր քաջ ու խիզախ ֆիդայիներին...
 
Օ՜, Պարո՜ւյր Սևակ... Օ՜, Պարո՜ւյր Սևակ,
Վշտից մեր աչքը դարձել է սև ակ:
Ողջ ժողովուրդն է հուզված ու ազդված:
Աստվա՛ծ, խլեցիր մեզնից մի աստված:
 
«Դեռ կամ» - ասելով, խորհելով այսպես,
Եվ կյանքի հույսը սրտի մեջ պահած՝
Գեղամ Սարյանը մարեց լույսի պես
Եվ ապրողներին օրհնելով գնաց:
 
Մե՜ղմ, ծանրակշի՜ռ, բարեկի՜րթ, անձա՜յն՝
Էդվարդ Թոփչյանը այրվեց ու գնաց:
Հետո Ռաֆայել Արամյանն անցավ,
Եվ քաջ սասունցի Մուշեղը գնաց:
 
Անցավ Արշալույս Սարոյանն անցորդ,
Գնաց Կարենցը, Գրաշին հպարտ,
Սալախյանն, ինչպես գեղեցիկ կարոտ,
Եվ Խեչումյանը, ինչպես մագաղաթ:
 
Հրաժեշտ տվեց Գիգին նրբազգաց:
Եվ հայրենադարձ Քեշիշյանն անդարձ:
Արաքս, Արաքսման, Թափալցյան, Սարմեն,
Հուրունց, Վահունի, Շաթիրյան, Արմեն...
 
Գեղեցիկ Սուրեն Այվազյանն անցավ,
Հմայիչ Աբիգ Ավագյանն անցավ,
Բարեսիրտ Զարզանդ Դարյանը անցավ,
Ամեն մեկն անցավ, բայց թողեց մի ցավ:
 
Ամբողջ հայության ուսերի վրա,
Ամբողջ հայության սրտերի վրա՝
Հայ երգի Մասիս Շիրազը գնաց,
Իր Մասիս սարը ազգին կտակած:
 
Ես մի ցանկություն ունեմ մարդկային,
Որ անունների ցանկը չերկարի:
Ավա՜ղ, կորուստներ՝ շատ ունեցանք մենք,
Եվ մեղավոր ենք մե՛նք էլ ինչ-որ տեղ...
Երախտապա՜րտ ենք, Մեսրոպ Մաշտոց,
Տառերի համար քո ստեղծած:
Դրանով փրկվե՛ց ազգը հայոց,
Եվ այդ տառերով հայը մնա՛ց:
 
Բայց ահա ոմանք նույն տառերով
Զրպարտությո՜ւն են գրում հիմա:
Եվ վախենում եմ, որ դրանով
Հայ համարվողը հայ չմնա:
 
Բայց դու քանի կա՛ս՝ նա կմնա՛:
Ես տիեզե՜րք նկարեցի
Եվ կոչեցի... Նարեկացի:
Կրակն անցնում՝ հուրն է անցնում, 
    բայց կա հո՛ւրդ, Սայաթ-Նովա,
Սի՛րտ ես վառել, ամեն սրտում 
    կա անո՛ւնդ, Սայաթ-Նովա,
Խալխի նոքար չլինեիր, 
    չէի՜ր լինի երգի արքա՜,
Մեր այս դարին այնքա՜ն է պետք 
    բարությունդ, Սայաթ-Նովա:
 
Աշխարհն ո՞ւմ է մնացել, որ... 
    Բայց քեզ մնա՛ց և հա՛ր մնաց:
Քո գնալով այս աշխարհին 
    մա՛զ չէ՝ պակաս աշխա՛րհ մնաց,
Ամեն երգդ քեզնից էլ շա՜տ 
    երկիր գնաց և դա՛ր մնաց,
Բախտավոր են, ա՜խ, քեզանից 
    ծով երգերդ, Սայաթ-Նովա:
 
Քեզ պալատից արքան հանեց, 
    գտար հոգո՛ւ բյուր պալատներ:
Սիրտդ վանքում աղոթք չարեց, 
    վա՛նքը պիտի քեզ աղոթեր, 
Քո սիրելին միա՜կը չէր, 
    սիրում են քեզ միլիո՛ն սրտեր,
Ծիածանից շատ գույն ունի 
    բնությունդ, Սայաթ-Նովա:
 
Ոչ ոք քեզ պես դեռ չի երկնել 
    Եվ չի երգել եռալեզու,
Եղբայրության մասին կյանքում 
    քի՛չ ես խոսել: Հուզե՛լ ես դու:
Ու թե այսօր ողջ աշխարհը 
    լրիվ անգիր քեզ չի ասում,
Մեղքը մե՛րն է: Թող մեզ ների՜ 
    մեծությունդ, Սայաթ-Նովա:
 
Երկու հարյուր հիսուն տարիդ 
    տոնեցինք մենք՝ երգիչ դարձած,
Ո՜ւր էր՝ քեզ պես մե՛նք էլ մնանք, 
    երբ կգնանք մի օր անդարձ: 
Հավատում ենք քո գալիքին 
    ու երանի՜ տալիս նրանց, 
Որ կտոնեն երկու հազար 
    հինգ հարյուրդ, Սայաթ-Նովա:
Ինչպե՞ս գրեմ այնպիսի երգ,
Որ հմայե՜մ բոլորին -
Գիտնականի՛ն, մանկավարժի՛ն,
Գյուղացուն ու բանվորին,
Որ այդ երգը և պա՛րզ լինի
Եվ խո՛ր լինի անսահման: -
Դրա համար պետք է լինել
Առնվազն... Թումանյան:
Մեզ համար ո՞վ է Վահան Տերյանը.
Մեր հույզի ծովն է և գաղտնարանը,
Սիրող սրտերի ավետարանը -
Ահա թե ո՛վ է Վահան Տերյանը:
 
Ոգեղեն լույս է և անձրևոտ է,
Նաիրյան երկրի նման թախծոտ է:
Երազկոտ հոգու նվագարանը -
Ահա թե ով է Վահան Տերյանը:
 
Մենավոր սիրտ է, սակայն մեզ հետ է,
Մթնշաղի պես անձեռակերտ է,
Ամենից քնքո՜ւշ հայ նաիրյանը -
Ահա թե ով է Վահան Տերյանը:
 
Նա քնարական հայոց գրիչ էր,
Նաև պետական ազնիվ գործիչ էր,
Հանգավ, որ շողա՜ իր լեռնաստանը -
Ահա թե ով է Վահան Տերյանը:
 
Եկել-անցել են ծեր արքաները,
Եկել-անցել են տեր արքաները,
Նա հավերժ տե՜ր է մեր հոգու տանը -
Ահա թե ով է Վահան Տերյանը:
 
Սրտի ու հոգու նո՜ւրբ Հայաստանը՝ 
Վահան Տերյա՜նը, Վահան Տերյա՜նը:
Չարերն ինչե՜ր չարեցին: -
Չարչարեցին Չարենցին:
 
Չնչի՜ն մեղքեր ճարեցին՝
Սեգ ճակատին շարեցին:
 
Եվ... «Հանճա՜ր է» - ճառեցին:
Չարերն ինչե՜ր չարեցին:
Հոգիս անզո՜ր է այս վիշտը կրել,
Լոկ երա՜զ մնաց երազն իմ հոգու,
Մայրիկիս մասին երգ էի գրել,
Եվ ինձ ասացին՝ հավանե՛լ ես դու:
 
Եվ ինձ ասացին, թե վարպետը մեր
Ուզում է խոսել, զրուցել քեզ հետ...
Կա՞ր ուրիշ մի բախտ դրանից էլ վեր,
Բայց ներիր՝ չեկա՜, սիրելի վարպետ:
 
Բայց ներիր, չեկա: Չէ՜ի կարող գալ:
Դեռ աննշա՜ն էր վաստակը երգիս:
Ասացի՝ կյանքը հավե՜րժ է, երկա՜ր,
Դեռ կհանդիպեմ մի օր վարպետիս:
 
Ասացի՝ գրեմ երգեր այնպիսի՛,
Որ ուրախանա՜ նահապետը ծեր:
Իսկ մահվան, իսկ մահվան մասին,
Քո մահվան մասին... չէի մտածել:
Դեմիրճյանը գրել է մի «Վարդանանք»,
Որով պիտի ավելի շատ մարդանանք:
 
Նա գրել է մի իմաստուն պատմավեպ
Եվ խփել է նպատակին անվրեպ:
 
Ով չի սիրում Հայաստանը, կգնա՛,
Իսկ Դերենիկ Դեմիրճյանը կմնա:
Սիրելի Սևակ,
Ես համբուրե՜լ եմ շիրիմը քո թանկ
Եվ ուխտատեղի կոչել սիրելի:
Եվ նրա համար, որ հողագնդում եղել է Սևակ,
Հողագունդն արժե սիրել ավելի՛:
 
«Ինչքա՜ն բաներ կան կյանքում ատելի, 
Ես չգիտեի...»:
Գրել ես, սակայն... Սիրե՜լ ես էլի:
 
Մարդկանց սիրում են... ծնվելուց առաջ,
Նաև՝ ապրելի՛ս, երբ ազնիվ են, քաջ:
Սիրելի մարդկանց՝ մեծ երախտիքով
Սիրում են նաև... մեռնելուց հետո:
Հիշենք, թե որքա՜ն 
Սուրբ շիրիմներ կան,
Որ ապրողներից թա՛նկ են ավելի:
Եվ մեկն էլ քոնն է, Պարույր սիրելի:
Հայ ազգի զավա՜կ,
Սիրելի Սևակ:
 
Ահա թե ինչու 
Ես չեմ երկնչում
Ազդարարելու ի լուր աշխարհի
«Ինչքա՜ն բաներ կան կյանքում սիրելի,
Ես չգիտեի...»:
Ե՛վս մի մեծ մարդ աշխարհից գնաց:
Ընկավ անտառի կաղնին դիրիժոր:
Այս մեծ կորուստի ցավը, անկասկած,
Մենք կհասկանանք վաղն ավելի խոր:
 
Դու խորհրդանիշ՝ մեր նոր մեծության:
Աշխարհում երգդ կհնչի՜ հավերժ:
Դու երաժշտության Մարտիրոս Սարյան,
Նա՝ Խաչատրյան նկարչության մեջ:
 
Միշտ էլ ապրեցիր անհանգիստ սրտով
Եվ հանգիստ գտար հողում հայրենի:
Մեր հողը սուրբ է, իսկ մեծ մարդկանցով
Նա սրբությո՛ւն է դառնում ավելի:
Սիրում էիր ասել. «Ինձ մի՛ լացացնի»:
Սակայն ինչո՞ւ այդպես... Դու մեզ լացացրիր:
 
«Հայը,- ասում էիր,- պիտի հավերժ ապրի»:
Դո՛ւ ինչո՞ւ չապրեցիր, հայոց ազնիվ որդի:
 
Մարեցիր մայր հողում և այստե՛ղ ես ննջում:
Քո գրած էլեգիան՝ քեզ համար է հնչում...
Ազգի սիրված սիրերգակը
Ծննդավայր այցելեց,
Եվ մոր տված թաշկինակը
Արփաչայի մեջ նետեց:
 
-Ո՞ւր ես նետում թաշկինակը,-
Բանաստեղծին ասացին,-
Մայրիկիդ սուրբ հիշատակը
Պահիր քեզ մոտ առանձին:
 
-Մայրիկիս սուրբ թաշկինակը
Թող Վանա ծով ուղարկվի,
Որ դրանով հին Երկիրը
Իր արցունքները մաքրի...
Կրասնոյարսկ քաղաքում
Այցելեցի քո շիրմին.
Ոչ ոք չկար մոտերքում,
Ձյուն էր, ցուրտ էր ու քամի:
 
Հիմա եկել եմ արդեն
Հայոց երկիրն իմ շքեղ:
Շուրջս տաք է ու արև: -
Հո չե՞ս մրսում դու այդտեղ...
-Ո՞ւմ գիտեք, արդյոք, գրողներից հին: -
Պատասխանեցի.
-Շեքսպիր, Գյոթե, Թումանյան, Պուշկին...
 
-Իսկ ո՞ւմ գիտեք դուք նո՛ր գրողներից: -
Ես նորերի հետ շեշտեցի կրկին.
-Շեքսպիր, Գյոթե, Թումանյան, Պուշկին...
Մի՛ համեմատեք գրողներին,
Թե ո՛վ է արդյոք ավելի մեծ:
Ամեն լավ գրող իր տե՛ղն ունի,
Ինչպես ծառերը անտառի մեջ:
 
Մի ծառը անտառ չի համարվում,
Բոլոր ծառե՛րն են կոչվում անտառ:
Իսկ ով մեկի՛ն է միայն սիրում,
Ուրեմն՝ հոգով աղքատ է նա:
 
Մի՛ հավատացեք կարծիքներին
Եվ կեղծ միֆերին առանձնապես,
Այլ հավատացեք ձեր սրտերի՛ն,
Եթե իսկապե՛ս հարգում եք ձեզ:
Հր. Հովհաննիսյանին
Քո մեջ, կռվի տարիներից,
Մի գնդակ կա թշնամական:
Այդ գնդակը հուզում է ինձ,
Ինչպես հողում դրված ական:
 
Թե սիրային երգ գրելիս,
Թե խոսելիս, թե երգելիս,
Ես տեսնում եմ այդ գնդակը՝
Քո սրտի մեջ վերք գրելիս:
 
Ես չեմ եղել պատերազմում,
Բայց տեսել եմ հազար անգամ,
Թե ինչպես են իմ դեմ սուրում
Գնդակները մեր գրական...
 
Այո, կյանքը պայքար է մեծ,
Ուստի միշտ էլ զինվոր ենք մենք: -
Մի գնդակ կա քո սրտի մեջ,
Իմ սրտի մեջ՝ հազար ու մեկ...
Ուզենք-չուզենք՝ հայ ենք
Վ. Սարոյան
 
 
Մարդիկ, ես հա՛յ եմ,
Մաշտոց և Գա՛յ եմ,
    Եկել եմ հնից:
Տեսել եմ ավե՛ր,
Տարել եմ ցավե՛ր,
    Բայց ապրե՛լ նորից:
 
Հիմա իմ ուժը
Մե՛ծ է, քան հուշը,
    Մ՜եծ է անհունից:
Եվ նույնիսկ մա՛հն էլ
Վախենո՜ւմ է իմ
    Անմահությունից...
 
Մի ձեռքիս գի՛րք է,
Մի ձեռքիս մի՛րգ է,
    Իսկ սրտում՝ երա՜զ -
Որ Մասիս սարը
Չմնա՜ սառը,
    Շոյե՛մ ձեռքով այս:
 
Եվ հայոց հողը
Պղծել է գո՛ղը,
    Մա՛հ է տարածել,
Քար սրտերով էլ
Զարմանալո՜վ է
    Հողը քարացել:
 
Հաճախ ցնցվում եմ,
Երբ մտածում եմ,
    Նստած այս տանը.
Մի՞թե մի ազգին,
Մեր հայո՜ց ազգին
    Շատ չէր այսքանը...
Ես քո զավակն եմ, Հայաստան,
Դրա համար եմ... հայ այսքան:
Հավերժ զինվորն եմ հայոց տան,
Ես քո զավակն եմ, Հայաստան:
 
Իմ զարմանալի բարությամբ,
Թշնամու հանդեպ չարությամբ,
Իմ այս մարդասե՛ր հայությամբ՝
Ես քո զավակն եմ, Հայաստան:
 
Լինելով այդքան ազգային,
Սիրում եմ արդա՛ր ազգերին,
Բայց քո ծառա՜ն եմ և գերին,
Ես քո զավակն եմ, Հայաստան:
 
Իմ քնարական երգերով,
Իմ հին-հայկական վերքերով,
Իմ կատակներով, գրքերով՝
Ես քո զավակն եմ, Հայաստան:
 
Ինչ էլ անում եմ, իմ անգին,
Մի խոսք է ասում իմ հոգին.
«Իսկ դա օգո՞ւտ է իմ երկրին...»:
Ես քո զավակն եմ, Հայաստան:
 
Միայն քե՛զ համար մեռնեմ թող:
Ու երբ որ հանգչեմ, իջնեմ հող,
Թող շիրիմիս գրվի... լոկ մի տող.
«Ես քո զավակն եմ, Հայաստան»:
Հայն իր մանկանը կոչել է Ազատ,
Որ ազատ լինի հողը հարազատ:
 
Բայց հարձակվել են վայրենի՜ մարդիկ,
Եվ նա զավակին կոչել է Մարտի՛կ: 
 
Երկիրն է պղծել թշնամին հրեշ,
Եվ հայրը որդուն կոչել է Վրե՛ժ: 
 
Որպեսզի որդին կռվի տաքարյուն,
Հայրը ծնվածին կոչել է Կորյուն:
 
Նահատակնե՜ր են պետք եղել հերոս,
Եվ նոր անուն է գտել՝ Մարտիրոս:
 
Որպեսզի երկիրն առնի հարություն,
Հայը կոչվել է նաև Հարություն:
 
Լավ լուրերի է սպասել հավետ,
Եվ իր մանչուկին ասել է Ավետ:
 
Որ ազգը կռվի և մնա սակայն,
Որդուն կոչել է նա Մնացական:
 
Հույսո՛վ է ապրել մթնում խաբուսիկ
Եվ անվանել է իր որդուն Հուսիկ:
 
Այժմ հայն ունի բախտավո՜ր մի կյանք
Եվ զավակներին անվանում է Հայկ...
Եթե մահը կա, ավելի լավ է
Հանգչեմ ու մնամ իմ Հայաստանում:
Ո՛չ այնտեղ, որտեղ ծով ու արմավ է,
Այլ՝ փոքրի՜կ, քարո՜տ իմ Հայաստանում:
Իմ Հայաստանում հողը սակավ է,
Կուզեմ հո՛ղ դառնալ իմ Հայաստանում...
Սևա՛ն, տխո՜ւր գեղեցկություն,
Արցունքի կաթիլ,
Դու մոր աչքի առջև մարող
Մինուճար որդի:
 
Ուրիշ ազգեր ունեն օվկիան,
Նաև՝ հսկա ծով,
Մենք մի լճա՛կ ունենք միայն, 
Այն էլ՝ ցամաքող:
 
Այնժա՛մ միայն մեր աչքերի
Լացը կցամաքի,
Եթե մեր ծով աչքերի դեմ
Լիճը չցամաքի...
Այնքան փոքր ես, որ չգիտենք՝ 
    հողակտո՞ր ասենք:
Այնքան քարոտ, որ չգիտենք՝
    քարակտո՞ր ասենք:
Սակայն ի՛նչ էլ, ի՛նչ էլ լինես՝
    օջա՜խն ես մեր հոգու:
Ահա ինչու ճիշտ է, որ քեզ...
    հոգու հատո՛ր ասենք:
Աշխա՛րհ, հիշի՛ր, որ հայոց
Զավակները մեր
Ավելի շատ զոհվե՛լ են,
Քան թե... մահացել:
 
Ու խորհում եմ ես մեկ-մեկ,
Թե դավերից հետո նենգ՝
Չար աշխարհում ո՞նց ենք մենք
Բարի մնացել:
Հայկը Բելի դեմ ճակատամարտել,
Հայոց երկիրն է չարից ազատել:
 
Հայոց երկիրն են ազատել սիրով
Մեսրոպը գրով, Վարդանը սրով:
 
Դավիթն ազատեց երկիրը Սասուն,
Իսկ Դավիթ-Բեկը՝ Սյունիք-Զանգեզուր:
 
Հայ ազատասեր քաջերը մեռան
Հանուն Զեյթունի և Մուսա լեռան:
 
Ղուկասը զոհվեց, Հունանը նույնպես,
Եվ Հայաստանը եկավ-հասավ մեզ:
 
Սիրենք այս հողը, պահենք, պահպանենք,
Եթե այդ մարդկանց զավակներն ենք մենք:
Գլուխ խոնարհենք նրանց դեմ լռին,
Ովքեր գլուխ չեն խոնարհել չարին...
Վ. Մովսիսյանին
Հոռոմ տատը ղարսեցի էր,
Ծեր էր և շա՜տ կանացի էր,
Նա գաղթած էր և կարծում էր
Ղարսի տունը կա՛:
 
Միշտ հիշում էր հի՜ն Երկիրը,
Միշտ երգում էր հի՜ն երգերը,
Իսկ գաղթելիս՝ տան դռները
Պինդ փակել էր նա:
 
Երբ մեռնում էր, խաղա՜ղ պահ էր,
Դա մի ուրիշ տեսակ մա՜հ էր,
Ճերմակ բարձը ասես գա՜հ էր,
Իսկ ինքը՝ արքա՜:
 
Վերջին պահին, երբ գնում է,
Խոր գրպանից լուռ հանում է
Մի բանալի... Եվ հանձնում է
Թոռներին ներկա:
 
-Սա,- ասում է,- բալեք, ի՛մն է,
Հիմա ձե՛րն է, բոլորի՜նն է՝
Ղարսի մեր տան բանալին է՝
Պահե՛ք՝ պետք կգա...
Անծայրածիր տիեզերքում,
Հողագնդում հսկայական՝
Կա հայկական փոքրիկ անկյուն՝
Սովետական նոր Հայաստան:
 
Երջանիկ ենք, որ աշխարհում -
Պահած ոգին նախնիների,
Զավակներն ենք մենք համարվում
Սովետական Հայաստանի:
 
Մեր եռանդը և ուժն անհուն,
Սիրտն ու կյանքը մեր թանկագին՝
Կտա՛նք առանց խնայելու
Սովետական Հայաստանին:
 
Ախ, դեռ շա՜տ կան ցրված հայեր,
Որոնց սրտում, հոգում, տանը
Ազգափրկիչ լույս է դարձել
Սովետական Հայաստանը:
 
Ամենուրեք և ամեն տեղ
Հպարտ ենք մենք ամբողջ սրտով՝
Մեր այս ուժեղ, մեր այս անշեղ
Սովետական Հայաստանով:
 
Շա՜տ ենք տեսել արյուն, հուզում,
Ահա ինչու՝ նորից-նորից
Խաղաղությա՜ն ձայնն է լսվում 
Սովետական Հայաստանից:
 
Գիտե՞ք, թե ո՛վ կհամարվի,
Բախտավոր հայն այս աշխարհում: -
-Ով որ ծնվի, ապրի, մեռնի
Սովետական Հայաստանում:
Հերոսական էջեր ազդու՝ ահա դո՛ւ:
Շինարարի զարկեր հատու՝ ահա դո՛ւ:
 
Մագաղաթներ հի՜ն-խնկարկու՝ ահա դո՛ւ:
Եվ պոետնե՜ր քնարերգու՝ ահա դո՛ւ:
 
Տխո՜ւր երգեր պանդուխտ մարդու՝ ահա դո՛ւ:
Կորուստ՝ երկո՜ւ միլիոն որդու՝ ահա դո՛ւ:
 
Վերածնվա՜ծ փոքրիկ ածու՝ ահա դո՛ւ:
Անմահության մե՜ծ թեկնածու՝ ահա դո՛ւ:
Հաճախ տունդ փլել, սյունն են այրել,
Եվ նույնիսկ գարնանը ձյո՛ւն է արել,
Կռունկն է միշտ տխուր խաբրիկ տարել՝
Եվ «Կռունկ» էր երգում, իմ Հայաստան:
Քեզ խփել են հաճախ ձեռքերը բիրտ,
Արնոտ յաթաղան է իջել գլխիդ:
Բայց փրկվե՜լ է այսօր հերոս որդիդ
Եվ այլո՛ց է փրկում, իմ Հայաստան:
 
Դու հզոր ես այսօր, ինչպես երբեք:
Ավելի՛ն ես այսօր, քան թե երեկ:
Ե՞րբ պիտի բոլորս մեկտեղ ապրենք
Քո մայրենի գրկում, իմ Հայաստան:
Փոքր ես, բայց որդիներ ունես հսկա,
Նաև Մասիսի պես մի որդի կա -
Ե՞րբ պիտի գրանցվի նա մշտական 
Քո տնային գրքում, իմ Հայաստան:
Լուսին, հին ես, ինչպես
Ժողովուրդը հայոց,
Լուսին, փոքրանում ես
Ու մեծանում ահա,
Ի՞նչ պատահեց սակայն 
Ժողովրդին հայոց,
Որ առաջվա նման
Չի մեծանում հիմա:
 
Նա աճում է այսօր
Դավթի նման հզոր,
Հրաշքների հրաշքն
Այս մեծ հողագնդի:
Բայց կիսո՛վ է աճում,
Եվ բախտավոր կեսն այդ
Ունի հզո՜ր թիկունք
Հզո՛ր ժողովրդի: 
 
Դու կիսվում ես, լուսին,
Ապա լրիվանում,
Իսկ մի կիսված երկիր
Ե՞րբ է լրանալու,
Բախտ ու լեզու կիսված -
Երկու շուրթեր կիսված
Ե՞րբ են միանալու,
Ե՞րբ են համբուրվելու...
 
Մարդիկ լրիվ սրտով
Հազիվհա՛զ են ապրում,
Իսկ մենք կիսված սրտով
Այս ինչպե՞ս ենք ապրում:
Ու ապրում ենք եթե
Այսպես կիսված սրտով,
Ապա ինչպե՜ս կապրենք
Արդեն լրիվ սրտով...
 
Ժողովուրդն իմ, լուսի՛ն,
Քեզնից մե՛ծ էր նույնպես,
Շա՜տ էր և աստղերից,
Բայց ի՞նչ մնաց, գիտե՞ս:
Նա նման է հազիվ
Քո փակագիծ-եզրին,
Որ աշխարհի հանդեպ
Հարցակա՛ն է կարծես:
 
Ամպի տակ ես մտնում
Ու ելնում ես էլի,
Մեր կեսն ամպի տակ է,
Իսկ ե՞րբ պիտի ելնի:
Արեգակն էլ, գիտես,
Մայր է մտնում, ելնում,
Իսկ ե՞րբ պիտի ելնեն
Երկու միլիոն արև...
 
Ու ոնց դո՛ւ ես լույսդ
Արեգակից առնում,
Այդպես մյուս կեսն է
Մեր արևից վառվում:
Ու երկիրը կիսված
Թող երևա նրա՛նց,
Ում դրոշի վրա
Մի լուսին կա կիսված...
 
Հասկանո՞ւմ ես, լուսին,
Սուրը զարդեց լույսի՛ն:
Եվ դրոշին նրանց
Դու նմա՜ն չես լուսնի,
Նման ես կեռ սրի
Եվ կեռ յաթաղանի,
Որ այդպես է թվում
Արդեն քանի՛ տարի:
 
Դու մեզ ների՛ր, լուսին,
Որ հուզված ենք այսպես,
Մեզ հուզել են, լուսին,
Եվ թողել են մեզ կես:
Բայց փա՜ռք նրանց, ովքեր
Փրկեցին այս կեսին,
Եվ փա՜ռք նրանց, ովքեր
Խորհեցին մեր մասին:
 
Միշտ նայում են հեռվից 
Լավ նկարին պատի,
Բայց ուզում ենք մոտի՛ց
Նայել Արարատին:
Դա լոկ հարց չէ սարի,
Այլ դա հարցն է Դա՛րի -
Ինչ մե՛զ եղավ, թող որ
Այլոց չպատահի՛:
 
Նայում ենք քեզ, լուսին,
Եվ ամպ չկա երկնում,
Լոկ մի ամպ կա, լուսին,
Ամե՛ն ազնիվ հոգում:
Դու հայ հոգու նման
Բզկտված ես, շիկնած,
Կողքիդ աստղերն ասես
Հայ մարդիկ են ցրված:
 
Մի օր պիտի հերկենք
Քո դաշտերը վայրի,
Իսկ ե՞րբ պիտի հերկենք
Դաշտերն Ավարայրի:
Քո երեսը մյուս
Մենք տեսել ենք, լուսին,
Իսկ ե՞րբ պիտի տեսնենք
Այն երեսը Մասսի:
 
Լուսինն այդքան հեռու,
Մարդու ո՛տք է հասել,
Մասիսն այսքան մոտիկ,
Դեռ չե՜նք կարող հասնել:
Ախ, մեզ պետք է, հոգի՛ս, 
Մարել մի հի՜ն կարոտ -
Կամ դո՛ւ արի, Մասիս,
Կամ թե՝ մե՛նք գանք քեզ մոտ:
 
Մնանք վաղվա հույսին:
Բարի գիշեր, լուսի՛ն:
Հնարավոր չէ՝ տանն օտարի
Մարդ իրեն տանտեր զգա անկեղծ:
Որտեղ լեզուն է քո մայրենի -
Քո հայրենիքը այնտե՛ղ է հենց...
Աշխարհի քարտեզն ահա իմ դեմ.
Դու այնտեղ՝ փոքրի՜կ, բայց քաղցրանո՜ւն:
Թույլ տուր՝ ողջ սրտով քեզ համբուրեմ -
Դու մի սրտի չափ տարածություն...
Ով ցանկանում է, որ հավերժ ապրի,
Մայրենի լեզուն պետք է պահպանի:
Իսկ ով չի կարող՝ վաղը կամ հիմա
Իր ժողովրդին պատասխա՛ն կտա:
Մեր պատմության ճամփին հաճա՛խ են մեզ խաբել,
Հաճախ են մեզ խփել ոսոխները:
Անձրևից էլ շատ արցունքներ են թափել,
Արցունքից է ծնվել և Սևանը:
Մեր գլուխն են շոյել, հետո հանկարծ կտրե՛լ,
Հյո՛ւր են եկել՝ քանդե՛լ մեր տները:
Ու թե մեկը կյանքում թիկո՛ւնք է մեզ կանգնել,
Դա եղել է միայն Հոկտեմբերը:
 
Մեր երկիրը տաք էր, սակայն մրսում էինք,
Մեզ ո՜րբ էին թողել թալեաթները:
Հանուն գարնանային այս ջե՜րմ պալատների՝
Ընկան Ձմեռայի՛ն պալատները:
Վերջալո՜ւյսն էր արդեն մեր վիրավոր երկրի,
Բայց արշալո՜ւյս հագան մեր լեռները:
Մայիսը մեր կյանքի, գարունը մեր կյանքի
Տվեց աշնանայի՛ն Հոկտեմբերը:
 
Բա՛րդ է դարը, ինչպես ոգին տիեզերքի,
Ատոմային գո՜ւնդ է հողագունդը:
Մենք ուզում ենք՝ դարը այնպե՛ս իրեն հարգի,
Որ չստանա՜ ինֆարկտ հողագունդը...
Մենք ուզում ենք՝ մարդը տանը հանգիստ պառկի
Եվ իմանա ո՜ղջ են որդիները:
Ու թե մեկը պիտի այս աշխարհը փրկի,
Փրկելու է հզոր Հոկտեմբերը...
Եկեք մենք այսօր վերհիշենք սրտանց՝
Հեղափոխության գեղեցիկ մարդկանց:
Ի՜նչ մարդիկ էին՝ պա՜րզ ու անկաշա՜ռ,
Պատրաստ՝ զոհվելո՛ւ աշխարհի համար:
Անշո՜ւք հագնված, քաղցա՜ծ... Եվ սակայն
Ո՞վ էր աշխարհում գեղեցիկ այդքան:
 
Եկեք մենք այսօր վերհիշենք սրտանց՝
Ջահել պետության գեղեցիկ մարդկանց:
Ի՜նչ մարդիկ էին՝ շուրջն աղքատությո՜ւն,
Սակայն կար հավա՛տ և ուրախություն:
Կառուցո՜ղ, հերկո՜ղ, փոշո՜տ... Եվ սակայն
Ո՞վ էր աշխարհում գեղեցիկ այդքան:
 
Եկեք մենք այսօր վերհիշենք սրտանց՝
Հայրենականի գեղեցիկ մարդկանց:
Ի՜նչ մարդիկ էին՝ խիզա՜խ հերոսներ,
Եվ քսան միլիոն անմոռաց զոհեր...
Թիկունքում՝ կարոտ և զրկանք...Սակայն՝
Ո՞վ էր աշխարհում գեղեցիկ այդքան:
 
Եկեք մենք այսօր վերհիշենք սրտանց՝
Ետպատերազմյան գեղեցիկ մարդկանց:
Ի՜նչ մարդիկ էին՝ դեմքերին սպի,
Արագ բուժեցին վերքերը երկրի:
Չարչարվո՜ւմ էին և հոգնո՜ւմ... Սակայն՝
Ո՞վ էր աշխարհում գեղեցիկ այդքան:
 
Վերջապես՝ եկեք նկատենք սրտանց՝
Ներկա՛ օրերի գեղեցիկ մարդկանց:
Նրա՛նք էլ իրենց սխրանքն են գործում,
Պայքարում, կռվում, սիրում, կառուցում,
Եվ պաշտպանում են՝ ընդդեմ նոր զենքի -
Խաղաղությո՜ւնը այս տիեզերքի:
    Վաղն էլ մե՛ր մասին կասեն անպայման.
-Ո՞վ էր աշխարհում գեղեցիկ այդքան...
Ախ, ո՞ւմ յա՛րն է պանդուխտ եղել.
Ո՞վ է այդքան արցունք հեղել,
Ո՞ւմ որդուն են գրկից խլել,
Ի՞նչ են երգել հայոց կանայք:
 
Իրենց շա՜տ են խոնարհ պահել,
Բայց թշնամուն չե՛ն խոնարհվել,
Հավատարիմ ծո՜վ են եղել
Հայոց նավին հայոց կանայք:
 
Մենք ձեր պարտքը ե՞րբ պիտի տանք,
Հայոց կանայք, հայոց կանայք:
Նորից դու ես ջերմ ու մեղմիկ
Դողում գլխիս վերև,
Դու իմ արթո՜ւն, արթո՜ւն մայրիկ,
Իմ մայր մտած արև:
 
Ո՞վ էր վառվում ցերեկն ամբողջ,
Ամբողջ հոգսը տանում,
Ո՞վ էր լամպի լույսով դողդոջ
Կարկատաններ անում:
 
Գիշերն ո՞վ էր ծածկում-հսկում
Փոքրիկներիս քնած,
Լուսաբացին ո՞վ էր արթուն՝
Տան կրակը վառած...
 
Հիմա մեզնից շա՜տ ես հեռու,
Շա՜տ ես հեռու մեզնից,
Բայց մենք հաստատ գիտենք, որ դու
Մեզ հսկում ես նորից:
 
Չէ որ ամեն մի երազում
Երևո՜ւմ ես դու մեզ...
Մա՜յր իմ, մա՜յր իմ, մա՜յր իմ արթուն,
Դու ե՞րբ պիտի քնես:
Երբ եղել եմ ես անհոգ ու անվիշտ,
Ժպի՛տ է փայլել քո աչքերում միշտ:
 
Ե՛ս եմ դալկացել ու եղել հիվանդ,
Դո՛ւ ես տնքացել, մայր իմ հարազատ:
 
Իմ գերազանցն ու վատն էլ իսկապես
Նշանակել են կարծես թե լոկ քե՛զ:
 
Այն աղջնակով, որ ե՛ս եմ գերվել,
Ավելի շա՛տ ես հետաքրքրվել:
 
Իմ փոքրի՜կ, անշո՜ւք գրքերը տպված
Դու հատո՜րներ ես կարծել անկասկած:
 
Ու մտածում եմ. երբևէ, իմ մայր,
Ապրե՞լ ես կյանքում արդյոք քեզ համար:
Երբ աշխարհ եկա,
Ես ամենից շատ մո՛րս սիրեցի:
 
Ընկեր ունեցա,
Եվ ամենից շատ նրա՛ն սիրեցի:
 
Սիրահարվեցի -
Եվ ամենից շատ մեկի՛ն սիրեցի:
 
Որդի ունեցա,
Եվ ամենից շատ որդո՛ւս սիրեցի:
 
Հիմա երբ մեծ եմ, նորից աշխարհում
Ես ամենից շատ իմ մո՛րն եմ սիրում...
Արեգակի պես մայրը միակն է, բայց՝ ջե՛րմ ավելի:
Արար աշխարհում թող մոր անհատի պաշտամունք լինի:
 
Հիշենք ձեռքերը, աչքերը բարի և սիրտը նրա,
Նա միշտ կանգնած է մեր վերադարձի ճամփեքի վրա...
 
Ուրիշ աղջկա, ուրիշի համար ժամանակ ունենք:
Իսկ նրա համա՞ր, որ սիրում է մեզ՝ ինչ էլ որ լինենք:
 
Նա սիրում է մեզ, բայց ճանաչո՞ւմ ենք նրան իսկապես:
Եվ չե՞նք սխալվում, թե պարտավո՜ր է նա լինել այդպես: 
 
Կա՞ մարդ, որ այդքան նվիրված լինի, պարգևած մեզ կյանք,
Եվ կա՞ մարդ, որին պարգևած լինենք այդքան տառապանք:
 
Միայն նա՛ գիտի մանկությունը մեր: Իսկ երբ նա գնա՞:
Եվ ինչո՞ւ չկա մի բացառություն, որ մայրը մնա...
Մա՜յրս, մա՜յրս օր-օրի
Կռանում է դեպի վար -
Ինչ-որ բեռ կա ուսերին,
Որ անտես է ինձ համար:
 
Ու կանգնել եմ նրա դեմ,
Վիշտը՝ ջահել հայացքիս.
Ի՞նչ հնարքով վերցնեմ
Ծանր բեռը մայրիկիս:
Տխուր եմ այսօր:
Մենակ և տխուր:
Ո՞ւմ դիմեմ արդյոք,
Որտե՞ղ գնամ, ո՞ւր:
 
Ավելի լավ է՝
Մորս մոտ գնամ -
Մի քիչ լաց լինեմ
Եվ թեթևանամ:
Չարդարացրի՜ քո հույսերը, մայր,
Քի՛չ եմ օգնում քեզ, քի՛չ եմ այցելում:
Եվ, այնուհանդերձ, ես գիտեմ հիմա,
Որ ներո՜ւմ ես ինձ, նաև հասկանում:
 
Ես գիտեմ՝ ի՛նչ էլ անեմ աշխարհում,
Էլի իմ մա՜յրն ես, չե՛ս դավի բնավ:
Իսկ, ցավոք, հաճախ այսպես է լինում.
Ումից վախենում՝ նրա՛ հետ ենք լավ...
Գալիս է մի ժամանակ,
Որ զավակը քո թանկ
Ուրիշներին աշխարհում
Ավելի է սիրում:
 
Մոռանում է լիովին
Տառապանքդ խորին:
Իրեն զգում է իրոք
Քեզանից էլ խելոք:
 
Գալիս է մի ժամանակ,
Որ զավակը քո թանկ
Քեզ չի ուզում տեսնել իր
Շրջապատում ընտիր:
 
Բայց և գալիս է արագ
Այնպիսի ժամանակ,
Որ նա զղջում է, տխրում,
Սակայն դու չես լինում...
Կաղնին ընկավ: Եվ մի վայրկյան
Նայեց՝ դարեր ապրած տեղին:
Ու տեսնելով, որ շիվե՜ր կան՝
Հանգստացած պառկեց հողին...
Մայրը նշում է ծնունդը որդու,
Իսկ որդին չկա՝ զոհվե՛լ է մարտում:
 
Լուսանկարն է դրված սեղանին՝
Մոր միակ լույսը և սպեղանին:
 
Հին ընկերներն են նստել գլխահակ,
Իսկ մի աթոռը մնում է դատարկ:
 
Մայրն ստիպում է որ երգեն, ցնծան,
Բայց սիրտը, սիրտը լալիս է անձայն:
 
Ծննդյան օրն է մինուճար որդու,
Որ տասնութամյա՝ զոհվել է մարտում:
 
Իսկ մի՞թե, աշխարհ, սխալ կլիներ,
Եթե իր տոնին նա ներկա լիներ...
Զինվորը գնաց ու չեկավ ետ:
Եվ ջահել կինը լուռ համբերեց:
Երեխաները փոքր էին դեռ,
Հայրություն արեց, մեծացրեց:
 
Հուշարձաններ են դնում դեռ հուզված
Հիմա ամենուր հերոսներին:
Բայց խոնարհվենք այս կնոջ առաջ՝
Ինչպես լավագույն հուշարձանին...
Ախ, մայրեր, մայրեր, 
Զոհերի մայրեր,
Հնարավո՞ր է
Ձեր վիշտը մարել:
 
Ինչի՞ համար եք
Ծնել որդիներ,
Որ այս աշխարհից
Հեռանան ջահե՞լ:
 
Նրանք զոհվեցի՜ն,
Հեռացա՜ն անդարձ: 
Բայց թվում է ինձ,
Թե դո՛ւք եք զոհված:
 
Ապրում եք, սակայն
Թվում է՝ չկա՜ք:
Ախ, մայրե՜ր, մայրե՜ր,
Մայրե՜ր նահատակ...
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավո՜ր հաղթեցին:
Խոնարհվում են նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան:
 
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ծնողներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ չունեցան ամուսին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ունեցան - կորցրին:
 
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն:
 
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ:
Խոնարհվում եմ ես վերջապես՝ նրա՛նց առաջ աշխարհում,
Որ փրկեցին մեր անունը, բայց մնացին անանուն...
-Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք:
Ուշանո՜ւմ եք, տղե՛րք, ուշանո՜ւմ եք:
Դուք գնացիք դասից, և էլ դասի չեկա՛ք:
Ուշանո՜ւմ եք, տղե՛րք, ուշանո՜ւմ եք:
-Մենք գնացինք կռիվ և ասացինք՝ կգանք,
Էլ չսպասե՜ք երբեք, էլ չսպասե՜ք:
Ուրի՛շ մի դաս տվինք ոսոխներին անարգ,
Եվ դեռ ջահե՜լ-ջահե՜լ զոհվեցինք մենք:
Մեզ բացակա դրեք, բայց...հարգելի՛ արդեն:
Մեր կենացն էլ մեկ-մեկ դատարկեցեք:
Հարգելի պատճառով պատերազմից չեկանք:
Եվ ներեցե՛ք դուք մեզ, և հարգեցեք:
Մեր փոխարեն, անշուշտ, նո՛ր սերունդ է աճել,
Պահպանեցե՜ք նրան և սիրեցեք:
Դուք երջանի՜կ եղեք: Իսկ մայրերին մեր ծեր՝
Մեր փոխարեն մեկ-մեկ այցելեցեք...
Մենք էլ կապրենք այսպես: Մենք էլ՝ կարո՜տ միշտ ձեզ:
Էլ չսպասե՜ք արդեն, էլ չսպասե՜ք:
-Ո՛չ, կսպասենք մենք ձեզ, միշտ կսպասենք մենք ձեզ,
Ուշանո՜ւմ եք, տղե՛րք, ուշանո՜ւմ եք...
Գնացին - չեկան տղաներն այն քաջ՝
Կապո՜ւյտ աչքերով, խաժակն, սևաչ:
Եվ նա, որ պիտի բժշկե՛ր մարդկանց,
Սպանվե՛ց հանկարծ:
Եվ նա, որ պիտի գրեր թանաքո՛վ,
Գրեց արյունո՛վ: Գրեց իր կյանքո՛վ:
Նա, ով հո՛ղ պիտի մշակեր էլի,
Հո՛ղ է երևի:
Նա, որ ուզում էր քարո՛վ կառուցել,
Մի քա՛ր է դարձել:
Նա, որ ուզում էր իր մո՛րը գրկել,
Մա՛յր հողն է գրկել:
Նա, որ պատմաբա՛ն կդառնար գիտուն,
Դարձավ... պատմությո՛ւն:
Գնացին - չեկան տղաներն այն քաջ՝
Կապույտ աչքերով, խաժակն, սևաչ:
Իսկ եթե չեկան, որտե՞ղ են նրանք -
Որտեղ լավ սի՛րտ կա՝ այնտեղ են նրանք...
Նա ընկավ-զոհվեց ծաղիկ հասակում:
Նա անհա՜յտ զինվոր՝ հայտնի բոլորից:
Ծաղիկներն էլի աշխա՛րհ են գալու,
Սակայն նա աշխարհ չի՛ գալու նորից:
 
Մեր վիշտը ծանր է շիրմաքարից այս,
Անշեջ կրակից՝ ավելի կրակ:
Անցո՛րդ, խոնարհվիր այս քարի առաջ,
Եթե քո սիրտը քար չէ կրծքիդ տակ:
Նա ունեցել է անուն և նկար,
Իսկ հիմա ունի... միայն շիրմաքար:
Աշխարհ, նա զոհվեց հանուն բոլորի:
Անունը գտիր անհայտ զինվորի...
Կյանքում կա արև ու լույս
Եվ սեր ու ծաղիկ,
Բայց նաև կա փո՛ւշ,
Մահ ու փոթորիկ:
Սրտում մեր երա՜զ է միշտ,
Հուր է ու խայտանք,
Բայց նաև կա վի՛շտ,
Ցա՛վ ու տառապանք:
 
Ո՞ւր եք, տղաներ,
Որ ելաք մարտի:
Ինչո՞ւ կյանք ու սեր
Դարձան մահ, ավեր՝
Ձեռքով տմարդի:
Օ՜ չենք թողնի վառվի
Մի նոր հրդեհ կռվի
Եվ ինչ եղավ ձեզ հետ՝
Մեզ հետ էլ կատարվի...
 
Մարդիկ կան անթի՜վ հիմա,
Բայց չկա՜ն նրանք,
Որ մարդկանց համար
Կյա՛նք են զոհել թանկ:
Ամեն տեղ համբո՜ւյր ու սե՜ր
Եվ բախտ ու հույսեր,
Բայց ամենը այս
Դուք չե՜ք տեսնի էլ:
 
Ո՞ւր եք, տղաներ....
Պատերազմ մեկնեց հնձվոր տղան
Եվ ընկավ՝ հնձված հասկի նման:
Ոչ-ոք չգիտեր, որ գրպանում
Մի բուռ ցորեն է նա պահպանում:
 
Հողին հանձնեցին տղայի դին:
Վերից խշշում էր ջահել բարդին:
Տարիներ անցան: Եվ ծառի տակ
Աճեց ցորենի մի քանի հասկ...
Երեք հարյուր արծվաշենցի պատերազմից չեկավ տուն:
Երեք հարյուր ճրագ հանգավ Արծվաշենում (Բաշքենդում):
Երեք հարյուր մայր է ծնել երեք հարյուր ձագերին:
Երեք հարյուր դատարկ աթոռ սպասում է տերերին:
 
Երեք հարյուր գնդակ մնաց, երեք հարյուր մոր սրտում:
Երեք հարյուր հույս էլ մնաց երեք հարյուր մոր սրտում:
Երեք հարյուր մարդ ուզում էր պատերազմից տուն դառնալ:
Երեք հարյուր մարդու երազ մնացել է անկատար:
 
Երեք հարյուր աղջիկ ու կին այրիացան մի գյուղում:
Երեք հարյուր և ավելի մարդ չծնվեց մի գյուղում:
Երեք հարյուր ձայն կոտրվեց և նույնքան էլ ժպիտ լավ:
Երեք հարյուր աշխատող ձեռք հաջող բերքին չհասավ:
 
Երեք հարյուր ջահել արծիվ Արծվաշենում պակասեց:
Երեք հարյուր վիշտ ունես դու, Արծվաշենի բանաստեղծ:
Երեք հարյուր տարի անցնի՝ պիտի հիշել և խոսել:
Երեք հարյուր անգամ ձեզ փա՛ռք, Արծվաշենի արծիվներ:
Ոչ ոք գովք չի ասել նրա մասին,
Պարզ է՝ տպագիր էլ նա չի հիշվել,
Նա այն մարդկանցից էր, որոնց մասին
Գրում էին վերջում՝ «և ուրիշներ»:
 
Ոչ ոք կյանքում նրան փառք չտվեց,
Չտվեցին պարգև, շքանշան,
Բայց նա ամբո՜ղջ ջահել կյանքը տվեց
Հանուն ուրիշների ու մարդկության...
Կոմերիտական տոմս իմ վառվռուն,
Փառասեր չեմ ես կամ նման մի բան,
Բայց կուզեմ այնպե՛ս ապրել աշխարհում.
Որ քո համարը մարդիկ իմանան...
Երբ նենգ ոսոխը
Մտավ մեր հողը,
Պատերազմ մեկնեց
Զինվոր Խոսրովը:
 
Կիևը տեսավ,
Վոլգան, Սև ծովը,
Ու Բեռլին հասավ
Զինվոր Խոսրովը:
 
Լսեց, որ որդուն
Տարել է սովը,
Մղկտաց սրտում
Զինվոր Խոսրովը:
 
Եվ Բեռլինում էլ
Հենց այդ նույն օրը
Մի մանուկ տեսավ
Զինվոր Խոսրովը:
 
Հաց տվեց նրան,
Շոյեց վարսերը
Եվ փրկեց նրան 
Զինվոր Խոսրովը:
Պատերազմի տարիներին
Ժողովուրդը միաձուլվեց:
Բայց մեզ ինչո՞ւ, ինչո՞ւ, հայրիկ,
Պատերազմը հեռացրեց...
Երբ պատերազմը նոր էր վերջացել,
Կայարան էի ամեն օր գնում:
Գնացքը հույս էր շատերին դարձել,
Իսկ շատերին էլ՝ հուսախաբություն:
 
Մի զինվոր տեսա՝ թևքերը դատարկ...
Նայում էր տխուր, գուցե սպասում,
Իսկ հեռվից, գրկած ծաղկեփունջը թանկ,
Խելագարի պես մի կին էր վազում:
 
Հասավ, վազի պես փաթաթվեց նրան,
Հետո շփոթված մեկնեց ծաղիկներ,
Բայց ծաղիկները թափվեցին-ընկան,
Ինչպես զինվորի թևերն են ընկել:
 
Շատ տարիներ են անցել այդ օրից,
Եվ շատ դեպքեր են եղել իմ կյանքում,
Բայց ծաղիկներ են նվիրվում երբ ինձ՝
Երկու ձեռքերս դողում են թաքուն...
Երբ ես տեսնում եմ
Մանր հոգսերից շուտ ընկճվողի,
Իսկույն հիշում եմ
Իմ ընկերոջը, որ ձեռքեր չունի:
Դեռ կարելի է՝
Առանց ոտքերի, առանց աչքերի:
Բայց մտածե՞լ եք,
Որ անհնար է առանց ձեռքերի:
Նույնիսկ երբ մեկին բռնում են, զսպում,
Ամենից առաջ ձեռքե՛րն են կապում:
Եթե ուզում են գերի վերցնել,
Հրամայում են. շուտ ձեռքերդ վեր:
 
Իսկ իմ ընկերը
Քանի՜ տարի է, որ ձեռքեր չունի:
Բայց չէ՛ որ նա էլ
Պետք է լվացվի՛, սանրվի՛, թեյի՛,
Ծխի՛, կամ գրի՛,
Մեկին գուրգուրի՛...
Դուք մտածե՞լ եք,
Որ նա չի կարող երբեք նվագել,
Իր տան դռները բացել ու փակել,
Չի կարող լողալ,
Վոլեյբոլ խաղալ,
Մեքենա վարել
Կամ թիավարել,
Ձեզ նման պարել
Կամ ծափահարել:
Իսկ եթե փորձեն նրա դեմ ելնել,
Երբեք չի կարող հրացան բռնել:
Եվ, այնուհանդերձ,
Կարողանում է ծիծաղե՜լ անկեղծ:
 
Իսկ ինչպե՞ս է, որ
Շատերը ունեն բազուկներ հզոր,
Որոշ կանայք էլ՝
Աննման ձեռքեր,
Բայց մի աննշան հոգսից աշխարհում
Հուսահատվում են, տխրում, դժգոհում:
 
Նման դեպքերում
Ես շատ եմ խնդրում՝
Ամեն մարդ նայի իր զույգ ձեռքերին,
Ձեռքերը դնի սեփական խղճին,
Եվ հիշի, ինչպես վերքը թռչունի,
Իմ ընկերոջը, որ ձեռքեր չունի:
Մի զինվոր տեսա՝ ոտքեր չուներ նա,
Հենակներն էին ոտքերը նրա:
Նա հողն էր փրկել, սակայն չէր կարող
Ոտքերը դնել այդ հողի վրա...
Պատերազմի հաշմանդամներ,
Կորցրել եք ոտք ու ձեռք:
Իմ սերունդը նոր էր ծնվել
Եվ... մանկություն կորցրեց:
 
Մենք կորցրինք առողջություն,
Ծնող, եղբայր, բարեկամ...
Իսկ մեզ ոչ ոք չի համարում
Պատերազմի հաշմանդամ:
Երբ հիշում եմ անցածը,
Գալիս է իմ լացը.
Պատերազմի ժամանակ
Դեֆիցիտ էր... հացը:
 
Տեսա մի որբ երեխա -
Հաց էր գողացել նա:
Ծեծում էին անխնա,
Որ ետ խլեն հացը:
 
Բայց նա, ծեծը մոռացած,
Դեմքը մի կերպ պահած,
Արագ-արագ ու լարված՝
Կուլ էր տալիս հացը:
 
Տարիներ են անցել շատ,
Կյանքը նոր է, առատ,
Բայց ես անվերջ, անընդհատ
Հիշում եմ այն հացը:
 
Երեխե՜ք, ո՜ւր հասանք մենք,
Որ հիմա էլ, տեսե՛ք,
Ծեծում ենք, որ հաց ուտեք,
Բայց... չեք ուտում հացը:
Ավարտվում է դարը կամաց-կամաց,
Աղոտվում է հուշը կռվի մասին:
Իսկ նա դեռ միայնակ, տանը նստած,
Ամեն ժամն է հիշում պատերազմի:
 
Հիշում է ընկերներին իր մարտական
Եվ հատկապես նրանց, ովքեր այնքան
Հանկարծակի, նաև հավե՛րժ ընկան,
Որ էլ կարիք չկար բուժօգնության:
 
Սիրեցյալը զոհվեց աչքի առաջ:
Զոհվեցին և բազում ընկերներ քաջ:
Էլ չի հիշում նա իր փրկածներին,
Այլ հիշում է միայն ընկածներին:
 
Նրա՛նց, որ խփվեցին լուռ, անողոք:
Ո՜ւր էր, թե վիրավոր լինեին լոկ:
Աշխարհ, ինչո՞ւ եղար անսիրտ ու կույր,
Դու պետք է միշտ լինես գթության քույր...
Այս անձրևն ի՞նչ է՝ արցունքի լիճ է 
    Զոհերի համար:
Այս ծաղկունքն ի՞նչ է՝ բուրավետ նինջ է
    Զոհերի համար:
 
Այս քամին ի՞նչ է՝ կարոտի ճիչ է
    Զոհերի համար:
Այս կոթողն ի՞նչ է՝ որպես հուշ քիչ է
    Զոհերի համար:
 
Այս արեգակը՝ անշեջ կրակ է
    Զոհերի համար:
Իսկ մեր սրտերը՝ միակ սուրբ տեղն են
    Զոհերի համար...
Ջահել զույգերը
Կանգնել են թախծոտ՝
Անհայտ զինվորի
Շիրմաքարի մոտ:
 
Հարսնացուները
Ճերմակ են հագել,
Փեսացուները՝
Սև-մուգ հագուստներ:
 
Աշխարհից ի՞նչ են
Ուզում զույգերը,
Որ սև չհագնեն
Հարսնացուները...
Չլինեին վատ մարդիկ,
Քեն ու դավեր, կռիվներ,
Մարդն ավելի երջանիկ
Ու բախտավոր կլիներ:
 
Ու խորհում եմ ես էլի
Ափսոսանքով, ցավով լի.
-Ինչքա՜ն շատ բան կլիներ,
Եթե շատ բան չլիներ...
Երբ ես ժպտում եմ, միշտ թվում է ինձ՝
Ժպտում եմ նաև նրա՛նց փոխարեն,
Ում ժպիտները մնացին կիսատ:
 
Երբ ես տխրում եմ, միշտ թվում է ինձ՝
Տխրում եմ նաև նրանց փոխարեն,
Ում ժպիտները մնացին կիսատ:
 
Երբ ես ապրում եմ, միշտ թվում է ինձ՝
Ապրում եմ նաև նրա՛նց փոխարեն,
Ում սուրբ կյանքերը մնացին կիսատ:
Դուք չեք ուզում լսել պատերազմի մասին,
Դուք չեք ուզում լսել զոհվածների մասին:
Ես նույնպես չեմ ուզում, ես նույնպես չեմ ուզում,
Բայց ի՞նչ անեմ, եթե... խորհում եմ ձեր մասին:
Մարդիկ ճերմակ են, դեղին են, շեկ են
    Եվ սև են մարդիկ,
Բայց լոկ մի՛ գույն է պետք մարդկությանը -
    Կապտավո՜ւն երկինք:
 
Թող մարդու ջանքը փրկի այս կյանքը
    Եվ պաշտպանի այն,
Բայց մոռացել է՝ դիսերտացիա է
    Պաշտպանում միայն...
 
Մարդի՛կ, մենք բյո՜ւր ենք, բոլորս հյո՜ւր ենք 
    Աշխարհում արար:
Քանի դեռ ո՛ղջ ենք, քանի դեռ հո՛ղ չենք՝
    Պաշտպանենք իրար:
Այո, լեռները բարձր են, մշտարթուն,
Բայց քո ծննդին մարդի՛կ եկան տուն:
Երբ պետք է եղել շտապ օգնություն՝
Մարդկա՛նց ես դիմել և ոչ թե քամուն: 
 
Այո, բազում են ծառերն աշխարհի,
Բայց հարսանիքիդ պարեցին մարդի՛կ:
Լավն է ճախրանքը թևավորների,
Սակայն մարդի՛կ են քեզ հանում երկինք:
 
Այո, երկինքը անհուն է և խոր,
Բայց քեզ մարդի՛կ են սիրում, համբուրում:
Արագիլները սիրո՜ւն են, իրոք,
Բայց երեխաներ նրանք չեն բերում:
 
Ու երբ քո ժամը կգա վերահաս,
Ուռին չէ, մարդի՛կ ցավով կարտասվեն,
Մարդկա՛նց ուսերին այնտեղ կգնաս,
Եվ թե քեզ հիշեն՝ մարդի՛կ կհիշեն:
Ով ծնողներ չունի՝ մի՛ կոչեք որբ:
Ով ընկերներ չունի՝ հենց նա է որբ:
Սիրտս բա՜ց է միշտ ձեր առաջ,
Իմ ընկերներ, եկեք այցի:
Եկեք, որպես գարնան շառաչ,
Որպես ճաճանչ լուսաբացի:
Ո՞ւր եք հիմա՝ հո՞ւր եք հիմա, 
Թե նման եք արդեն կայծի...
Սիրտս բաց է հյուրի առաջ,
Իմ ընկերներ, եկեք այցի:
 
Մի հուշ բերեք, մի նուշ բերեք
Զարմանալի մանկությունից:
Մտեք տո՜ւնս, կտրեք քո՜ւնս,
Փոխեք հո՜ւնս միանգամից:
Երգե՜ք, սուլե՜ք, իրա՜ր ձուլեք
Երգ ու երազ այգաբացի:
Սիրտս բա՜ց է լավի առաջ,
Իմ ընկերներ, եկեք այցի:
 
Ի՞նչ եք արել՝ ջի՞նջ եք արել
Պղտոր ջուրն ու երկինքն ամպած,
Սի՞րտ եք վառել՝ ճամփա դառել,
Վի՞շտ եք առել՝ հանուն մարդկանց:
Ձեզ ճանաչում՝ լա՛վն եմ տենչում,
Լավին կանչում աղուհացի:
Սիրտս բաց է մարդու առաջ,
Իմ ընկերներ, եկեք այցի:
 
Եվ թող բացվի, թող լրացվի,
Սիրով լցվի սիրտս հաճախ,
Դուք սե՜ր բերեք, հույսե՜ր բերեք -
Տունս դառնա սիրո օջախ:
Մարդը շա՜տ է թախծել կյանքում,
Թող նա միայն սիրո՜ւց թախծի:
Սիրտս բաց է սիրո առաջ,
Իմ ընկերներ, եկեք այցի:
Կուզեմ շատ ապրել, իմ բարեկամներ,
Որ ավելի շատ... լավություն անեմ:
Գոհ եմ, որ կյանքս դատարկ չի անցել,
Սիրել եմ, սիրվել, սիրում եմ էլի:
Ես մինչև հիմա չեմ հանգստացել,
Կհանգստանամ, երբ որ չեմ լինի:
 
Թեկուզ իմ կյանքը արել եմ ես կես,
Բայց դեռ իղձերիս կեսին չեմ հասել:
Սակայն ինչի էլ որ հասե՛լ եմ ես,
Միայն սեփական ուժով եմ հասել:
 
Ինձ և գովել են, և բարձրացրել,
Եվ հարվածել են ինձ նաև կյանքում,
Բայց ագռավներին ես չեմ նախանձել,
Որոնց չեն գովում և չեն կրակում...
 
Ես պարտաճանաչ՝ իմ խաչն եմ կրում
Եվ այս աշխարհից չունեմ մեծ պահանջ:
Ու թեև հիմա գրքե՛ր եմ գրում,
Բայց ընթերցո՛ղ եմ ամենից առաջ:
 
Գրելով երբեք չեմ հպարտանում,
Երբեք չեմ ասում՝ բանաստեղծ եմ ես:
Կյանքում ամեն մարդ իր գործն է անում,
Ես դա հիշում եմ հավիտենապես:
 
Լուռ հրդեհվում եմ, այրվում շարունակ՝
Ասելու հենց այն, ինչ այրում է ինձ,
Եվ գոհ եմ լինում լոկ այն ժամանակ,
Երբ գո՛հ են լինում մարդիկ ինձանից:
 
Խորունկ մի տենչ կա ձուլված իմ սրտին,
Եվ այն բոլորիս ուղին է հիմա.
Մեր ծանր պարտքը տանք ժողովրդին,
Որ թեթև լինի հողը մեր վրա...
Ի՞նչ իմանաս ո՞վ կլինի
Հարևանը... քո շիրիմի:
 
Գուցե մեկը, ում տենչացել,
Բայց երբևէ չե՞ս մոտեցել:
 
Գուցե նաև մի անծանո՞թ,
Որ մի՛շտ պիտի մնա քեզ մոտ:
 
Գուցե նաև մի աշակերտ -
Հավե՜րժ դասի նստած քեզ հետ: 
 
Գուցե մեկը, որին դիմել -
Իր մոտ գործի չի՞ ընդունել:
 
Գուցե նաև մի թշնամի՞,
Որ արդեն հաշտ պիտի լինի:
 
Իսկ սիրելիդ ամենամոտ
Գուցե հանգչի ուրիշի մոտ...
 
Կյանքը կարճ է, մահը երկար,
Իրար նայենք մտերմաբար:
 
Ի՞նչ իմանանք ո՞վ կլինի
Հարևանը մեր շիրիմի:
Խոր ձորերի մեջ կորավ մի աղբյուր:
Թե լիներ նա մե՛ծ ճամփեքի վրա,
Հեռո՜ւն կհասներ համբավը նրա:
Իմ գյուղն անշո՜ւք է, սովորակա՜ն,
Բայց սիրտս դեպի նա՛ է սուրում:
Չէ՛ որ աշխարհում, իմ բարեկամ,
Գեղեցկությա՜մբ չեն մորը սիրում:
Դու ուսուցիչ, ես՝աշակերտ,
Իմ Արծվաշեն, իմ Ազնվաշեն...
Հայաստանի քարտեզում, Սևան լճից այն կողմ, տե՛ս,
Սահմանից դուրս կա մի գյուղ՝ ասես կղզի՝ սրտի պես:
Եթե եղել եք այնտեղ, նախանձում եմ ձեզ արդեն:
Դա հին Բաշքենդ գյուղն է մեծ, որ կոչվում է Արծվաշեն:
 
Այնտեղ սարե՜ր կան սիրուն, պաղ աղբյուրներ ու ջրվեժ:
Շիրիմներ կան դարավոր, որ ապրելու են հավերժ:
Եկեղեցի կա փոքրիկ՝ նոր անտառներ սլացիկ,
Եվ մի լճակ գեղեցիկ, որ սարքել են գյուղացիք:
 
Կա զոհվածի հուշարձան (տղերքն ինչո՞ւ ուշացան...), 
Անուններ կան գեղեցիկ՝ Չամչի աղբյուր, Զնգան քար:
Ավանդական կարգ ու ծես՝ դեռ հարգի են, ազդեցիկ: -
Որտեղ չկա առուծախ, այնտեղ ազնիվ են մարդիկ:
 
Գյուղն է կոչվում Արծվաշեն, արծիվ չկա բայց այնտեղ:
Այնտեղ մարդի՛կ են արծիվ, որ սիրում են աշխատել:
Բոլորինն է հյուրն ասես, ձեռքից-ձեռք են խլում միշտ:
Եվ թող մարդիկ լա՛վ ապրեն, ախր շատ են տեսել վիշտ:
 
Գյուղը չունի անցյալի հայտնի այրեր պատվական,
Գանձեր չունի բաղձալի, հայտնի վայրեր պատմական,
Բայց հողը, որ հերկվում է, հայրենի՜ է դարավոր,
Իսկ հայրենի հողն ի՞նչ է՝ միակ գանձն է զորավոր:
 
Ես ծնվե՛լ եմ այդ գյուղում: Ես ապրե՛լ եմ այդ գյուղում:
Հիմա որպես մի որդի՝ այս խոսքերն եմ քեզ ուղղում.
Ախ, երանի միշտ ապրեմ այնպես ազնիվ ու մաքուր,
Որ քո փառքին, Արծվաշեն, բերեմ արծվի մի փետուր...
Թող երգով անցնի ձեր օրը,
Արվեստը ոգի՛ տա, ո՛ւժ:
Ձեր կյանքի թող ամեն օրը
Դառնա գեղեցիկ մի հուշ:
 
Սիրեցեք ազնի՛վը, նո՛րը,
Սիրեցեք արվեստն անբիծ:
Արվեստով ապրած մի օրը
Թանկ է անարվեստ դարից:
«Արթնացիր և ապրիր»
 
Օրն սկսեք բարի խոսքով:
Եվ կտեսնեք, որ այդպիսով
Կյանքն ավելի կհեշտանա:
 
Օրն սկսեք բարի խոսքով:
Եվ մեծ մասամբ հենց այդ օրը
Բարությամբ էլ կվերջանա:
 
Թեկուզ և կան անարժաններ,
Բայց լավերին գոնե անբիծ
Դուք մի զրկեք բարի խոսքից:
 
Բարի խոսքից հեշտ բան չկա:
Դուք այն աշխարհ մի՛ տարեք այն,
Թե կարող եք՝ ասեք հիմա՛...
Ժամանակն ինչքան անցնի ու գնա
Հուշերն իմ սրտում ապրում են նորեն:
Ով ինձ օգնել է, թող միշտ իմանա,
Որ ես ամե՛ն օր հիշում եմ իրեն:
 
Ես վատին երբեք չեմ ուզում հիշել.
Հիվանդանում եմ՝ վատը հիշելիս:
Ես լավերին եմ ցանկանում հիշել.
Հզորանում եմ լավը հիշելիս:
 
Ես չեմ մոռացել բացարձակապես
Նույնիսկ բարությունն ամենափոքրիկ:
Եվ ամեն մեկի լավությունը ես
Պիտի հատուցեմ հարյուրապատիկ:
1
Կուզեի հիմա քո ճանապարհին
Ամե՜ն-ամե՜ն ինչ զուգել, զարդարել,
Դու կասկածեիր կյանքում շատերին,
Բայց չիմանայիր, որ ես եմ արել:
 
Եվ ամեն գիշեր պատուհանիդ տակ
Կուզեի գարնան ծաղիկներ դնել,
Դու լուսաբացին առնեիր դրանք,
Բայց չիմանայիր, որ ես եմ դրել:
 
Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն,
Կուզեի նրան իմ կյանքով շեղել...
Դու երկար-երկար ապրեիր կյանքում
Եվ չիմանայիր՝ ո՜վ եմ ես եղել:
 
2
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:
 
Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում՝
Թանկագին գաղտնիքի նման:
 
Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է՝ օդի մեջ հանկարծ
Անունիդ մի փոշի առնի...
 
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ ոք,
Սակայն դու, սիրելիս, հոգիս,
Անունս տալի՞ս ես արդյոք:
 
Անունդ վախով եմ տալիս,
Մեն-մենակ շշնջում-շոյում,
Այնքա՜ն եմ անունդ տալիս,
Իմ անունն արդեն չեմ հիշում...
 
3
Շրջում էի ես երկար
Ձեր տան շուրջը կարոտով:
Դու պատշգամբ դուրս եկար
Քո տնային խալաթով:
 
Մի տնային պա՜րզ խալաթ:
Եվ տան բույր կար մտերմիկ:
Չէիր եղել դու մինչ այդ
Այսքան մոտ ու գեղեցիկ:
 
Սակայն ինչո՞ւ շիկնեցիր,
Շփոթվեցիր ամոթով,
Եվ թողեցիր-գնացիր
Քո տնային խալաթով:
 
Իզուր: Մի՞թե չզգացիր,
Որ աշխարհի բազմերանգ
Մոդաներին հաղթեցիր
Այդ խալաթով հասարակ...
 
Ու երբ անցար-գնացիր,
Ինչպես քնքուշ, խաղաղ հով,
Հոգուս տանը մնացիր
Քո տնային խալաթով...
 
4
Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
Դու ինձ համար երա՜զ մաքուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
 
Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար գուցե ոչինչ:
 
Հեռվի՜ց ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս…
 
5
Նայեմ աչքերիդ և ոչինչ չասեմ,
Խորհեմ քո մասին և ոչինչ չասեմ:
 
Երբ ինձ չտեսնես, տեսնես ուրիշին,
Գամ հարսանիքիդ և ոչինչ չասեմ:
 
Կենացդ խմեմ ամբողջ երեկո,
Լույս վառեմ ճամփիդ և ոչինչ չասեմ:
 
Քո մի անունով ապրեմ աշխարհում,
Եվ ոչինչ չասեմ, և ոչինչ չասեմ:
 
6
Լիներ փոքրիկ տնակ,
Մենք լինեինք մենակ:
 
Գիշեր լիներ նարոտ,
Լինեինք իրար մոտ:
 
Անձրև մաղվեր բարակ,
Լսվեր խաղաղ նվագ:
 
Կյանքը հավետ լիներ,
Աստվա՜ծ մեզ հետ լիներ:
 
7
Մի փակ տեղ է հարկավոր,
Որ իմ սիրտը բացեմ քեզ,
Մի մութ տեղ է հարկավոր,
Որ պայծառ լույս վառեմ ես:
Մի գովիր իմ աչքերը,
Ուր ժպիտ կա, նաև վիշտ: -
Սիրահարի աչքերը
Գեղեցիկ են լինում միշտ:
 
8
Ոչ անուն եմ ուզում հզոր,
Ոչ էլ աշխա՜րհ համայն:
Ես ուզում եմ քեզ հետ այսօր
Կինո գնալ միայն:
 
Մեծ բարիքներ չեմ կամենում
Ու բարձր դիրք՝ երբեք:
Ես ուզում եմ, որ կինոյում
Իրար ձեռքից բռնենք:
 
Հետո քեզ տուն տանեմ հուզված,
Հպարտ ամեն ինչում:
Ու թե բախտս բերի հանկարծ՝
Քեզ համբուրեմ վերջում:
 
9
Արի այսօր լուռ զբոսնենք, երազենք,
Արի այսօր սիրո մասին չխոսենք:
Կարևոր չէ, թե ուր գնանք: Լո՜ւռ գնանք:
Մտնենք դաշտեր՝ ծաղիկներին հյո՜ւր գնանք:
 
Ախ, ինձ համար ամեն ինչ է, իմացիր,
Ներկայության զգացումը քո անձի:
Երբ ամեն ինչ պարզ է արդեն, ի՞նչ խոսենք:
Արի այսօր սիրո մասին չխոսենք:
 
10
Առանձին ենք, չի խանգարում ոչ ոք մեզ,
Միայնակ ենք՝ երկու անհայտ աստղի պես:
Շատ չի տրվում մի այսպիսի բախտ ու հույս,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:
 
Անհնար է՝ քեզ մոտ երկար համբերել,
Ուզում եմ քեզ ոտից-գլուխ համբուրել,
Իմ հոգու մեջ կա մի մաքո՜ւր-մաքո՜ւր հույզ,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:
 
Կյանքն անցնում է այնքան լարված ու արագ,
Որ չի մնում երջանկության ժամանակ:
Կա հավե՜րժ նինջ՝ մութ գիշերում այն մյուս...
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս:
 
11
Լինես իմ կողքին, զգամ քո բույրը,
Գարնան ծաղկունքը թող տան ուրիշի,
Բորբոքես սրտիս երազն ու հուրը,
Հզոր թիկունքը թող տան ուրիշի:
Մի վայրկյան նայեմ աչքերին քո ջինջ,
Շոյեմ մատներդ նուրբ ու հմայիչ,
Զգամ քո միակ և թանկ համբույրը,
Փառքն ու բարձունքը թող տան ուրիշի...
 
12
Կանցնեն օրեր, կգան նորեր,
Մենք չենք լինի լուսնի ներքո,
Կուզեմ կյանքից ջահել անցնել,
Որ չտեսնեմ անցնելը քո:
 
Ոչինչ, եթե տխրես մի քիչ:
Վախով նայիր... չտխրողին:
Մարդու սրտին պետք է և վիշտ,
Ինչպես անձրև՝ ծարավ հողին:
 
Երբ ես գնամ՝ կզգաս թախիծ,
Բայց գնալիս գուցե ասեմ.
Վերջին պահիս ժպտա՛ դու ինձ՝
Ես քեզ տխո՛ւր թող չտեսնեմ...
 
13
Չեմ ցանկանում ծնված լինել
Մի դար առաջ,
Չեմ ցանկանում ծնված լինել
Մի դար հետո,
Որովհետև չէի կարող հանդիպել քեզ
Մի դար առաջ, մի դար հետո...
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու՝ ամբողջ հոգով և սրտանց -
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
 
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք՝ անանո՜ւն, ձեր սաները՝ անվանի: -
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
 
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները՝ շքեղաշո՜ւք, դուք՝ անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
 
Շատ դժվար էր՝ խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել -
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
 
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից -
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
 
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Яндекс.Метрика