Ավետիք Իսահակյան

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեր անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
 
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
 
Անցան օրեր - եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
 
Հովերն եկան շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին,-
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսած երգերս երգեցին... 
Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
 
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի...
Արևն իջավ սարի գըլխուն,
Դար ու դաշտում լույս չկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն,-
Ա՜խ, ինձ համար քուն չկա:
 
Լուսնյակն ընկավ երթկից ներս,
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթընշողես
Աստղերի հետ են զըրցում:
 
Սիրո՛ւն աստղե՜ր, անուշ հովե՜ր,
Յարըս ո՞ւր է` էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր:
 
Լուսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է,- թոն կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա՜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա...
Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ,
Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն,
Երկրային կյանքի խավարն ու մըռայլ,
Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,-
 
Նըսեմանում է հայացքըդ փայլուն,
Ճնշում է և քեզ թախիծ դառնագին,
Դու աղոթում ես և լուռ արտասվում.
-Օ՜, նախանձում եմ ես քո արցունքին:
Թե ՛ դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ
Շողավոր, պայծառ հավատով զինված
Ես ողջունեցի... և վեհ, գեղեցիկ
Զգացմունքներով սիրտս դղրդաց:
 
Ես ծունկ չոքեցի ալեկոծ կյանքի
Սեղանի առաջ անվեհեր հոգով
Ոտք դրի ուղին նոր մարգարեի,
Եվ ազատության, վեհության երգով:
 
Եվ ես գնում եմ նոր, հեռո՜ւ ափեր:
Եվ այս կնճիռներն - ճակատիս պսակ,
Անխոս վկա են, որ վիշտ, տանջանքներ
Ես ճաշակել եմ, որպես հաղթանակ...
Հոգի կուտամ, հոգի տո՛ւր ինձ,
Իմ նազելի աչագեղ:
Սիրտս - սև արտ, սերդ - ալ վարդ,
Թո՛ղ բողբոջի նա այնտեղ.
Սիրտըս - գիշեր, սերդ - վառ աստղ,
Թո՛ղ շողշողա նա այնտեղ... 
Ծաղիկ էի նորաբողբոջ,
Սարի լանջում, երկնի տակ.
Ինձ կըդյութեր առվի խոխոջ,
Ինձ կողջուներ արեգակ:
 
Գիշերները` աստղ ու լուսին
Վար կիջնեին երկնքեն,
Ու հեքիաթներ ինձ կասեին
Կախարդական, ոսկեղեն:
 
Գառների հետ լուսածագին
Եկար սարը, ջա՛ն աղջիկ,
Ինձ քաղեցիր, դրիր անգին
Կրծքիդ վրա գեղեցիկ:
 
Այնտեղ շքեղ` ես ապրեցա
Երազներով երջանիկ.
Սերըդ դավեց ինձ, սրաչյա՛,-
Ես չորացա, ա՜խ, աղջիկ...
Ես ծերացա... մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ:
 
Մի՛ զարմանար... մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի:
 
Եվ ցնորքում ի՜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ - արյան ծով,
Լոկ գոյության մաքառում:
Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս
Ողջունե երկինք, գուցե մանուշակ
Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ - մի՛ հուսահատվիր.
Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի
Կախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր,
Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի
Օձն է ճնշում քեզ - կասկածը անհույս,
Ձանձրույթը դաժան... մի՞թե խորտակվեց 
Սերը սրբազան - երկինքը հոգուս...
-Տանջվի՛ր, հուսա՛...
Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ,
Խորտակված կրծքումս էլ չի բըռնկվում
Հոգիս թըռցնող սերը բոցավառ...
Ա՜խ, մայրի անտառ, քո մենիկ գրկում
Քընել եմ ուզում - անհո՛գ ու անդո՛րր.
Եվ թո՛ղ քո անո՜ւշ, թովիչ սոսափյուն
Խոնջացած հոգուս մըրմընջա օրո՛ր.
Եվ առվի խոխո՛ջ, ծառերի ստվե՜ր
Կախարդեն ուշքըս ինքնամոռացման
Չըքնա՜ղ երազով...
Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր`
Աչերիդ մեջ շող ցայեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր`
Փունջ ծամերդ փայփայեմ:
 
Կուզե՞ս լինիմ վարդ նազելի`
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայլփլիմ:
 
Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ`
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ, օրորեմ:
 
Ինչ որ ցանկաս` կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
Միա՛յն, միա՛յն ինձ սիրի՛ր...
Ցուրտ է օրը - բո՛ւք ու խավա՛ր,
Քամին շաչում, շառաչում.
Ա՜խ, իմ սիրտըս` խե՜ղճ, վշտահա՜ր,
Տխուր-մրմո՛ւնջ, լո՜ւռ ու մունջ:
 
Լըռեց քամին. շողով շաղով
Շողաց արև, փայլեց օր,-
Իսկ դու ե՞րբ պիտ ժպտաս անամպ,
Իմ խղճուկ սի՜րտ վիրավոր...
Ընկե՛ր. միշտ հառա՛ջ,
Մի՛ հուսահատվիր
Փոթորկի դիմաց,
Ծով-անապատում.
Անհաղթ հավատով
Կռվի՛ր ու տանջվի՛ր,-
Թո՛ղ հոգիդ հանգչի
Կատաղի կռվում...
-Ընկե՛ր, միշտ հառա՛ջ,
Մի՛ հուսահատվիր.
Շողում է հույսը
Վառ հորիզոնում...
Մութը գրկած գետ ու գետին
Հով ու ալիք կըշնչեն.
Երկինք գրկած աստղ ու լուսին,
Արտերն անդորր կըննջեն:
 
Սիրտս, սիրտս թույլ կզարկե,
Սեր ու երգեր է՛լ չկան.
Նոր էր ծլել, արև սիրեց,
Արև-աչեր է՛լ չկան:
 
Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց.
Ա՜խ, իմ կյանքս, անուշ կյանքս,
Կտոր-կտոր փշրվեց...
 
Հովն ու ալիք կուգան, կերթան,
Ցաված սիրտս կշոյեն,
Ու իմ սիրուս մրմունջներից
Տխուր երգեր կհյուսեն...
Մենակ, անընկեր ձեր գիրկն եմ գալիս,
Կենսական ծովի ահեղ պտույտնե՛ր,
Սիրտս լի՛ հույսով,
Լի՛ ցնորքներով
Ես պիտի պատռեմ ձեր հզոր կուրծքը,
Ես պիտի թռչեմ դե՛պ սուրբ օրրանը
Իմ վե՛հ խոհերի,
Վա՛ռ ձգտումների:
Պտո՛ւյտք, կատաղի՛ր, ալի՛ք, շառաչի՛ր,
Օ՜, սիրտ իմ, սիրտ իմ,- տոկա՛ ու կանգնի՛ր
Ժայռի պես ամո՛ւր,
Ցողի պես մաքուր...
 
Թող անծիր ծովը եռա, փրփրի,
Թխպոտ երկինքը կայծակներ շա՛ղ տա,
Եվ թող փարոսը մշուշում թաղվի,
Փրկարար ափը աչքիս չերևա`
Չեմ հուսահատվի՛:
-Չէ՞ որ դուք միայն 
Վսեմ իդեալնե՛ր,
Կուսական հոգու
Նվիրական սե՛ր,
Չէ՞ որ դուք միայն, երկնային ուժե՛ր,
Ինձ սուր եք տալիս անհաղթ կռվելո՛ւ,
Ինձ թև եք տալիս անխոնջ թռչելո՛ւ,
Ինձ հույս ե՛ք տալիս անվերջ տոկալու...
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում.
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում...
 
Եթե հոգուս ճոխ երգերից
Մի մեղմ հնչյուն, նազելի՛ս,
Քո ականջը միայն շոյե,-
Հիացքներով կըդյութվիս:
 
Եթե սիրուս վառ հրդեհից
Մի նսեմ կայծ, սևաչյա՛,
Վառ սրտումըդ միայն շողա,-
Բուռն հույզերով կայրվիս:
 
Եթե վշտիս ջերմ հեղեղից
Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս,
Չքնաղ կրծքիդ միայն ծորե,-
Բյուր վշտերով կըլցվիս:
 
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում,
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում...
Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա՛րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով-հովեր...
 
Երկինք-գետինք գլխուս մթան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն - ջանիս տարա՜ն,
Հոնգո՛ւր-հոնգո՛ւր կուլամ ես...
 
Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գնաց.
Սըրտիս սավդեն - խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գնաց:
 
Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ,
Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով-հովե՜ր...
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
 
Սարեն կուգաք, նխշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորըս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
 
Հավք ու հովեր եկան կշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
 
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՛կ ջան:
 
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ ջան...
Մաճկալ ես, բեզարած ես,
Առը շուռ տո՛ւր, շո՛ւտ արի.
Ծովի պես քրտնած ես,
Եզներն արձկի՛, տուն արի՛:
 
Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին` սառի.
Ալ գոգնոցս կապել եմ,
Արի թառլան, թը՜ռռ, արի:
 
Տեղ եմ գըցել շվաքում,
Քամին կուգա, զով կանի.
Լուսնի շողքն է մեր ծոցում,
Չափ տո՛ւր, չափ ա՛ռ - շուտ արի՛:
 
Դադրած, բեզարած յա՛ր ջան.
Ամպերն ելան, դե՛հ արի.
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծըտից թև առ, թե՛զ արի...
Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
 
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց-
Եվ լարերը խզվեցին...
 
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում...
Կենսական ծովի հույզերի միջին
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.
Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում...
 
Իմ ընկերները - իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը - գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում...
Մայրս տեսավ ինձ շա՜տ տխուր,
Շա՜տ հուսահատ, մեկուսի.
Գիրկն առավ, սրտին կպա,
Ու լցվեցի, ու լացի:
Ա՜խ, մերիկ ջան, մեկ նայե՛, տե՛ս,
Սիրտս խորունկ վերք ունի.
Ձեռքդ մեկ դի՛ր,- ա՜խ, չէ, ձեռդ
Անջնջելի կարնոտի:
 
Ա՜խ, մերի՛կ ջան, կուզեմ քնեմ,
Ա՜խր բալադ հոգնա՜ծ է.
Երկրի ծոցում հանգիստ քնեմ,
Բալադ անչա՜փ հոգնա՜ծ է...
Երազ տեսա - ձեր տան առաջ
Զուլալ աղբյուր կըբխեր.
Ձենը մեղմիկ, քաղցակարկաչ,
Չորս դին ծո՛ւփ-ծո՛ւփ ծաղկունք էր:
 
Ջուր խմելու դուռըդ եկա,
Պապակ էի ու ծարավ,
Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,
Ցամաք կտրավ, քար դառավ:
 
Քընից զարթնա,- սիրտս էր տրտում.
Ա՜խ, էս շա՜տ վատ երազ է.-
Ծարավն` ես եմ, աղբյուրը` դուն.
Սերդ ինձ համար ցամաքել է:
Լուռ գիշերին հեռու տեղից
Մի երգ հասավ իմ սրտին,
Այն ո՞ւմ սիրտն էր` սեր ու թախիծ
Բերեց, փարեց իմ սրտին:
 
Կարոտներով հյուսված երազ
Բուրեց երգը թախծագին,-
Ե՛կ, ընկե՛ր իմ, անհայտ, անհաս,
Սուրբ սեր ծփաց իմ հոգին:
Նայում են ցոլուն աստղերը անշեջ
Լուռ անապատին քնքուշ հայացքով.
Եվ ծավալվում է մըռայլ հոգուս մեջ
Լուռ անապատը խո՛ր գաղտնիքներով:
 
Եվ նըրա անհուն, հավերժ ղողանջուն
Վեհ լռության մեջ մըտորում եմ ես,
Հոգիս այրում են և թևավորում
Այն վառ աստղերը պատգամների պես...
Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
 
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
 
Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի...
Անհա՛յտ, անորո՛շ, անձև՛ տենչերով
Ձգտում է հոգիս հեռո՛ւ, շատ հեռո՛ւ.
Տխուր ու մռայլ, ինչպես մշուշ-ծով,
Խուլ հեծեծում է ափերի վրա,
Եվ ինչպես երազ - և՛ կա, և՛ չկա...
Արտուտն` ուսին, վարդը` սրտին,
Գարունն եկավ, ջա՛ն գարուն,
Տուղտը` ծոցին, աստղը` ճակտին,
Գարունն եկավ, ջա՛ն գարուն...
 
Արտուտն անուշ երգում է սեր,
Սիրտըս լո՜ւռ է, քանց ձըմեռ,
Էս ի՞նչ կարմիր վառ արև՛ է,
Սիրտըս մո՜ւթն է , քանց գիշեր:
Ամպի փեշով մեկ հավք անցավ,
Անուշ կանչեց իր յարին.-
Անուշ ձենով սիրտըս լցվավ.
Յարըս անցավ, կուժն ուսին:
 
Էս աղբյուրը գըլգըլալով
Քարփեն ծո՛ւփ-ծո՛ւփ կըփըռվի.
Ծով-ծամերըդ ալի՛ք-ալի՛ք
Մարմար կըրծքիդ կըփռվի:
 
Ա՜խ, նազիկ ջան, եղնիկ-աղջիկ,
Նարին կուրծքըդ թող պագեմ.
Սերըս բոց է, սիրտըս խոց է,
Վառ-պաչերըդ դարման են:
 
Չէ՞ որ, յա՛ր ջան, դավրըդ կերթա,
Կուրծքըդ նըխշուն, շարմըղուն
Հող ու մոխիր պիտի դառնա,
Զուր ինչո՞ւ ես խընայում...
Շարա՜ն-շարա՜ն ամպերն եկան.
Ա՜խ, մուժն առավ իմ ճամփեն.
Ո՞ւրտից կուգամ, ո՞ւրտեղ կերթամ,
Միտքըս` շըվար, ու չիտեմ:
 
Էս ի՞նչ կըսկիծ սիրտըս ծեծկեց,
Քուրի՛կ, քեզնեն հեռու կերթամ:
Վարդի փուշը սիրտըս ծակեց,
Դարդը սըրտիս խոլոր կերթամ:
 
Սար ու ձորեր ձունն է իջեր,
Քամին պա՛ղ-պա՛ղ կըփըչե.
Ես` մենակ եմ, ես` անընկեր,
Քամին ճակտիս կըփըչե:
 
Շարա՜ն-շարա՜ն ամպերն եկան.
Ա՜խ, մուժն առավ իմ ճամփեն.
Ո՞ւրտից կուգամ, ո՞ւրտեղ կերթամ,
Միտքըս` շըվար, ու չիտեմ:
Եղնիկները լուսաբացին
Սուր ժեռերով անցկեցան,
Փրփրած լճին մեղմ նայեցին,
Լռիկ-մնջիկ անցկեցան:
 
Ա՜խ, իմ սերս` կանանչ-կարմիր,
Դառավ ինձի ցավ ու ցեց.
Ա՜խ, իմ կյանքս` զառ-վառ կարմիր,
Վիշտս կերավ ու մաշեց:
 
Ես ի՞նչ անեմ, ես ո՞ւր չքվիմ-
Ընկնիմ չոլերն ամայի.-
Երնե՜կ մեռնիմ, ու սիրտ ուտեն
Գել ու գազան ամեհի:
 
Ա՜խ, եղնիկներ, դադար չունեմ,
Սիրտս` կրակ վառ-վառման,
Մարդիկ կուգան, ինձ կնայեն,
Լռիկ-մնջիկ կանց կենան...
Շառաչելով մի վառ աստղիկ
Երկրի կրծքին վայր ընկավ.
Բայց երկիրը մնաց լռիկ,
Աստղն էլ լռեց ու հանգավ:
 
Իմ վառ սերս բոցով-երգով
Սրտես սուրաց, սիրտդ ընկավ,
Սիրտդ մնաց մունջ-անվրդով,
Սակայն... սերս չհանգավ...
Էս քարփի տակ խորունկ փորեմ,
Թաղեմ սիրտս ցավով լի.
Մեծ քարափն էլ վերան շրջեմ,-
Թաղեմ սիրտս սիրով լի...
 
Ա՜խ, շա՜տ վաղուց սիրտս առա,
Ընկա մարդկանց դուռն-երթիկ.
Ցավիս դեղ-ճար շա՜տ խնդրվա,
Մարդիկ փակին դուռն-երթիկ:
 
Է՜հ, ի՞նչ անեմ, սիրտն ի՞նչ պետք է,
Ասի` թաղեմ, թող մեռնի.
Չէ՞ որ մարդիկ է՛լ սիրտ չունին,
Անսիրտ մարդը ցավ չունի:
 
Էս քարփի տակ խորունկ փորեմ,
Թաղեմ սիրտս ցավով լի.
Մեծ քարափն էլ վերան շրջեմ,-
Ծանր լինի, դուրս չելնի...
Դարդը հետս է, հետըս կուգա,
Ուր որ կերթամ - դադար չունիմ.
Ազիզ յարն էլ, որ ճար չանե,
Ո՞վ կա դարման դարդոտ սրտին:
 
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հազար ծովեր,
Գլուխս առնիմ, երթամ, կորիմ.
Ցավըս հովին ու ծովին տամ,
Երկրե-երկիր երթամ, կորիմ...
 
Սիրտս ու աշխարհ - դարդ ու դուման,
Ա՜խ, ուր կերթամ - դադար չունիմ.
Չոր գլուխըս չոլում թողնեմ,
Անդարձ, անդարձ երթամ, կորիմ...
Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:
 
Հարուստ մարդիկ կուտեն-խմեն
Աշխարհի ճոխ սեղանից.
Մենք աշխարհի խորթ տըղերքն ենք,
Մեզ փայ չըկա աշխարհից:
 
Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
Քարից-հողից հաց քամե.
Բեռով հացը հարըստին տա,-
Հարուստն իշխե, վայելե:
 
Խեղճ աղքատը դառը դատի,-
Դատարկ նըստի... է՜յ աշխարհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում 
Քարի վըրա, քար-աշխա՛րհ:
 
Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:
Երազիս մեջ ծովը տեսա,
Ծովը լազո՛ւր ու անդո՛րր,
Մենակ, մենակ, ափի վրա
Ընկած էի վիրավոր...
 
Ծովն էր հևում մեղմ ու թալուկ`
Մտորմունքի մեջ անծայր:
Եվ խոստում էր վերքըս խորունկ,
Իսկ ես` անհույս, ես` անճար:
 
Եվ հոգուս մեջ մի ձայն ծորեց,
Մի ձայն` քնքուշ, սուրբ սրտից.-
Ա՜խ, այն` մայրս էր, կանչում էր ինձ
Հայրենիքիս ափերից...
Ինչպե՜ս կուզեմ սիրտս թաղեմ
Ծովի մռայլ, մութ խորքում.
Քեզնից հեռո՛ւ, վիշտս պահեմ
Գաղտնի տեղում` շա՛տ թաքուն:
 
Ծովը միայն վիշտս իմանա,
Ծովը շա՜տ մեծ սիրտ ունի.
Սրտանց կուլա սիրուս վրա,
Հոգու խորքից կհուզվի...
Ծովն ալեկոծ, սանձակոտոր,
Իր քար շրթերն է կրծում.
Ա՜խ, իմ վիշտը` մի չար ուրուր,
Սիրտս է անդուլ քըցըցում:
 
Գնա՛մ, գնա՜մ, կորչեմ անդարձ,
Փոթորիկի մեջ ընկնեմ,
Անդունդներին խեղճ սիրտըս տամ,
Չար ուրուրից ազատվեմ:
 
Թող ինձ ծովը նետե ափին,
Ափին հեռո՛ւ, հեռավո՛ր,
Սիրտըս անվիշտ` անզարթ քնիմ
Ափին մենա՛կ, մենավո՛ր...
Սիրեցի, յարըս տարան.
Յարա տըվին ու տարան.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան:
 
Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար կա, ճար անող չըկա.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
 
Լա՜վ օրերըս գնացի՜ն,
Ափսո՜ս ասին, գնացի՜ն.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
Քեզ չըտեսնել` ուխտել էի,
Բայց, ա՜խ, նորից հանդիպա.
-Քուրի՛կ, վերքըս լավ է հիմի,
Մի սև սպի տեղը կա:
 
Էն սև սպին սև ամպի պես
Սևցուց դեմքը արևի.
Ու ման կուգամ սև շուքի պես
Սարե՜ր, ձորե՜ր ամայի...
Այս ուռու տակ մենք երգեցինք
Սիրո չքնաղ երգերից.
Մենք երգեցինք ու շնչեցինք
Բուրմունք, ժըպիտ ու թախիծ:
 
Այս ուռու տակ, ընկե՛ր անգին,
Դու ինձ սիրել խոստացար.
Անցան տարիք,- չորցավ ուռին,
Ու դու էլ ինձ մոռացար...
Ա՜խ, անհուն սեր ես ունեի սրտիս մեջ,
Եվ վառ հավատ ու բյուր հույսեր ունեի,
Բարձրաթռիչ, ինչպես արծիվ վեհափառ,
Կըսուրայի զառ թևերովս երկնի մեջ.
 
Ես ունեի չքնաղ ցնորք իմ հոգում,
Կըսիգայի մարդկանցից վե՜ր, երկրից վե՜ր.
Սավառնաթև, ինչպես արծիվ սևաթույր,
Շքեղ ցնորք ես ունեի իմ հոգում.
 
Բայց ցնորքս մնաց մենակ կյանքիս մեջ,-
Քանզի մարդիկ, որ դժմիտ են ու դաժան,
Խորտակեցին, հոշոտեցին իմ սիրտը
Եվ ցնորքը սոսկ թողին ինձ կյանքի մեջ...
Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:
 
Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ լուռ օրորեի,
Կամ թե` շողշողուն ոսկի ծիածան,
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:
 
Կուզեի լինել ալիքը ծովի
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,
Կամ թե` լեռների բուրմունքը հովի,
Փարթամ մազերդ շոյելու գայի:
 
Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի
Հազար ու հազար աչքերով գոհար,
Քեզ` դյութված, արբած հավերժ նայեի:
Ա՜խ, մի սիրտ լիներ մաքուր սիրով լի,
Որ հիվանդ սիրտըս սիրով բարուրեր,
Իր ջերմ գըրկի մեջ քընքուշ գուրգուրեր
Իմ հիվանդ բալաս...
 
Ա՜խ, ազիզ բալա՛, ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ
Քու սերը հանգավ, երգերըդ մարան,
Գարուն օրերում, ծաղկունքըդ թոշնան,
Իմ հիվանդ բալա՛ս...
Ի՜նչ օրի հասա, սև օրի հասա,
Որ ստոր մարդուն գլուխ ծռեցի.
Գլուխըս չըլներ ուսերիս վրա,
Քան թե` տմարդին գլուխ ծռեցի:
 
Ի՛նչ էլ որ լինեմ, ի՛նչ էլ որ լինեմ,
Անտուն էլ լինեմ,- մարդ եմ նորից ես.
Ինչո՞ւ ուրիշին գլուխ խոնարհեմ,
Ո՛վ որ լինի նա, ո՛վ որ լինեմ ես:
 
Ի՛նչ էլ որ լինի, մարդ պիտի հոգով,
Ազատ ու հպարտ միշտ պիտի լինի.
Ճակատը բարձրից պարզ ու բաց նայի,
Ի՛նչ էլ որ լինի, ի՛նչ էլ որ լինի...
Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս:
 
Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս,
Ես հպարտ ու վես անցա քո մոտով.
Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:
 
Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ,
Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան:
Ուրտեղ սիրուն կին կտեսնեմ, կնորանան դարդերըս.
Ու երբ անուշ երգ կլսեմ, կըխորանան դարդերըս.
Սահման չունին, դարման չունին, դադար չունին, չունին վերջ,
Ա՜խ, ծովեն` խոր, սարեն` ծանըր, իմ դարդե՜րըս, դարդերը՜ս...
 
Զառ հույսերով, անմահ սիրով ես քեզ խորունկ սիրեցի.
Աստղ ու երկինք - սերս ու սիրտըս, ոտներիդ տակ փըռեցի.
Սեր չըտվիր, ու աշխարհեն սիրտըս կըտրավ, Շո՛ւշան ջա՛ն,
Ա՜խ, զմրուխտե, ա՜խ, զմրուխտե իմ հույսե՜րըս, իմ սերըս...
 
Կարոտ կեցա կնոջ սիրուն - սրտի ոսկի արևին,
Պապակ կեցա մութ սարերին, բաշը փըրփուր նըժույգին.
Կյանքըս անցավ թևերը թափ, սիրտը կոտրած սազի պես,
Ա՜խ, մահվան պես, սև մահվան պես, իմ դարդե՜րըս, դարդերըս...
Դու գնացիր,- ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն-մենակ,
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ:
 
Թափառում եմ փողոց-փողոց
Այս ծովածուփ քաղաքում.
Զսպված ցավից` շրթներս խոց,
Եվ աստղ չկա իմ հոգում...
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
 
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
 
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
 
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք...
Սալնո ձորերում, կըռվի ձորերում
Հայդուկն է ընկել խոր վերքը սըրտին,-
Վերքը վարդի պես բացված, կարմըրուն,
Ու ձեռքն է գըցել կոտրած հրացանին:
 
Արնոտ դաշտերում ծըղրիդն է ծըղրում,
Հայդուկն է ընկել մահվան խոր քընով.
Հայդուկը հոգում երազ է տեսնում,-
Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ...
 
Տեսնում է... արտում հովն է շընկշընկում,
Փայլուն գերանդին զընգում է անո՛ւշ.
Ու փոցխ են քաշում սիրուն աղջըկունք`
Հայդուկի վըրա երգելով անո՜ւշ...
 
Սալնո ձորերում ամպեր են անցնում,
Հայդուկի վըրա արծիվն է գալիս.
Ա՜խ, սև աչերը արծիվն է հանում.
Հայդուկի վըրա ամպերն են գալիս...
Մեր սարերեն, խո՛ր ձորերեն
Պըղտո՜ր-պըղտո՜ր կուգաս, Արա՛զ,
Մեր սրտերեն, խո՛ր աչքերեն
Արուն քամեր, կերթա՛ս, Արա՛զ...
Մեր սարերեն, մո՛ւթ ձորերեն
Ոլո՜ր-մոլո՜ր կերթաս, Արա՜զ,
Ա՜յ, սարեր, ջան սարե՜ր,
Ալմաստի՛ սարեր...
 
Քանի՜ հարուր-հարուր տարի
Մեր սրտերեն ելեր, կերթաս.
Մեր դարդերով, մեր ցավերով
Խոլո՜լ-մոլո՜ր կերթաս, Արա՛զ.
Մեր սարերեն, մո՛ւթ ձորերեն
Մեր դարդերով կերթա՜ս, Արա՛զ,
Ա՜յ սարեր, Հայ-սարե՜ր,
Ջան անո՜ւշ սարեր...
 
Ու դարերով, մեր դարդերով
Էս աշխարհի քար-ապառաժ,
Անգութ խըղճին միշտ զարնելով`
Տըխուր-տըրտում կերթաս, Արա՜զ...
Մեր սարերեն, խոր ձորերեն
Արուն քամեր, կուգա՜ս, Արա՜զ.
Ա՜յ սարե՜ր, ջա՜ն ձորե՜ր,
Ջավահի՜ր սարե՜ր...
 
Ա՜խ, աշխարհը անխըղճմըտանք
Քեզ չի գըթա, ազիզ-Արա՛զ,
Քու բողոքին, քու մորմոքին
Չի էլ լըսի, արնոտ Արա՛զ...
Մեր սարերեն, խոր սրտերեն
Տըխուր-տըրտում կերթա՜ս, Արա՜զ.
Ա՜յ սարե՜ր, Հայ ձորեր,
Զմրուխտի սարե՜ր.
 
Դուն էլ, Արա՛զ, մեր արունով
Էս աշխարհի խըղճի վըրա
Դիզվի՛ր, դարձի՛ր սև-դառըն ծով,-
Թո՛ւյն ու արո՛ւն, ազիզ-Արա՜զ...
Մեր սարերեն, մեր սըրտերեն
Արուն քամեր, կերթա՜ս, Արա՛զ.
Ա՜յ սարեր, Հայ սարե՜ր,
Ջա՜ն, անուշ սարե՜ր,
Ալմաստի սարե՜ր...
Եվ ճամփեքի մեջ, ամայի դաշտում
Մենակ, անընկեր, ընկած եմ մոլոր.
Չորս կողմից հողմը վերաս է շաչում,
Եվ հոգիս խոժոռ, և միտքս խոժոռ:
 
Սիրտս գթով լի` մարդկանց մեջ մտա,
Բայց ողջույնի տեղ կռվի կոչ տվին.
Կյանքի գոռ կռիվ` կատաղի, դժնյա,
Ուր որ ամենքը ամենքի ընդդեմ
Դաշույն են սրում` սիրո փոխարեն:
 
Եվ կյանքի կռվից վիրավոր, հաղթված
Ընկած եմ հիմա այս ափում վայրի.
Շուտով կտեսնեն աչքերս սառած,
Բայց նրանց խիղճը երբեք չի խայթվի...
Ներկա եղա սիրեկանիս պսակին`
Ուրախ դեմքով, կրծքիս ծաղիկ արնավառ,
Որ ինձ տեսներ, իրեն ուտեր զայրագին`
Թե դրուժն իր` արժեք չունի ինձ համար,
Աչքիս նայեր, կարդար անհույս իմ հոգին,
Խիղճը խոցվեր, իրեն դահիճ միշտ զգար:
Թափ կուտամ թևերս և կըսավառնեմ
Այս գազիր, նանիր երկրից դեպի վեր.
Այն վառ աստղերը համբուրել կուզեմ
Եվ սուրա՜լ, ճախրե՜լ աստղերից աստղեր:
 
Թա՛փ կուտամ թևերս և կըսավառնեմ
Խորքերը դեպի մեծ տիեզերքի.-
Արևներ խըլեմ - պատգամներ վըսեմ
Մի ազա՛տ, պայծա՛ռ, մի նորո՛գ կյանքի:
 
Թա՛փ կուտամ թևերս և կըսավառնեմ
Զերծ ձեր օրենքից, բըռունցքից դաժան.-
Իմ անհատական ոլորտըս կուզեմ,
Ուր կամքըս լինի օրենքըս միայն...
Վառ երկինքը լուռ գիշերով
Երկրի կուրծքը համբուրեց.
Աստղ-աչերը լցվան սիրով,
Օվկիանոսը խոր երգեց:
 
Ո՞ւր է փախչում հոգիս անհուն
Այս աշխարհիս իրերից.
Եվ իրերի անդրաշխարհում
Ի՞նչ է պտրում, տենչում նա:
Միայն ես էի հասկանում ինձ,
Եվ ես էլ ինձ չհասկացա: 
Ես գիտե՜մ, գիտե՛մ, որ կյանքիս շեմքից
Խոր տառապանքն է ինձ բաժին ընկել,
Եվ թե` առանց վիշտ, և՛ թույն, և՛ թախիծ
Անկարելի է անհունը գրկել:
 
Թո՛ղ վիշտս լինի անեզր ու հավերժ,
Ես չեմ երկնչում դժխեմ տանջանքից.
Միայն թե մնա հավատս անեղծ
Թե՛ դեպի միտքը և թե՛ դեպի ինձ:
 
Եվ առագաստներս ես լա՜յն կբանամ,
Կըլողամ վերև` հոսանքին ընդդեմ.
Այրված հոգուցս նո՛ր խոսքեր կըտամ,
Ինչպես բյուրեղներ, մաքո՛ւր ու վսե՛մ...
Մնացի կարոտ իմ հայրենիքին,-
Օտար աշխարհում, լուռ թափառական.
Կարոտ մայրենի սրտագին խոսքին,
Մնացի մենակ, խեղճ որբի նման:
 
Իմ սիրտն այնտեղ է, ուր աստեղամերձ
Լեռներն են կանգնել հագած կուռ զրահ,
Ուր եղջերուն է ոստնում քերծից քերծ,
Արծիվը ճախրում վիհերի վրա:
 
Իմ սիրտն այնտեղ է, ուր նախնիքը մեր
Կերտել են շքեղ կոթողներ հավերժ,
Ուր ժողովուրդը վսեմ վեպը մեր
Պատմում է դարձյալ հավատով անշեջ:
 
Մա՛յր իմ ժողովուրդ, դեպի քեզ կըգամ,
Կըգամ դեպի քեզ, հայրենի՛ աշխարհ.
Ինչ որ վեհ ունիմ, սիրով ձեզ կըտամ,
Եվ սիրտս, կյանքս միայն ձեզ համար:
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
 
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
 
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով...
Ա՜խ, նորից եկավ լալազար գարուն,
Թավշյա դալարով շնչեցին արտեր.
Նորից ծաղկեցին աղբըրաց-արուն,
Հազար բուրմունքով հազարան-վարդեր.
Ավա՜ղ, նա, որին շա՜տ էր նըմանում
Գարունը սիրուն, նա չկա հիմա.
Նրա հետ մեռավ սեր ու խնդություն,
Նրա հետ մեռավ երգը գարունքվա:
Եվ քար-արցունքով կուրծքըս եմ ծեծում
Ու չեմ հասկանում, մի՞թե մեռար դու,
Դո՛ւ, որ երգ էիր, աշխույժ ու կըրակ,
Ի՞նչպես ես մնում սառ հողերի տակ,
Ի՞նչպես չես ելնում, արևը երգում.
Այդպես լո՛ւռ, անշարժ մինչև ե՞րբ մնաս
Գարնան զարդերին համըր, անտարբեր,
Դո՛ւ կյանք, դո՛ւ երազ, իմ անո՛ւշ ընկեր...
Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:
 
Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սի՛րտ իմ, գազազիս, ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:
 
Մարդ ծընած օրից գերեզմանի հետ 
Շըղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա.-
Սի՛րտ իմ գազազիս, ի՞նչ պիտի անես,
Ո՞ւր պիտի թըռնիս թևերիդ շըղթա:
 
Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վըճիտ հայացքով աշխարհին նայի՛ր.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր...
Այս ջինջ գիշերիս անո՛ւշ կըխըշշան
Մարմանդ հովերով իմ սոսիներըս,
Ու երազներով սիրո հուշերըս
Ջարդված սրտիս մեջ շարեշար զարթնան:
 
Անցա՛վ, չըքացա՛վ բույրը իմ սրտից,
Մարան երգերս` շքե՜ղ, մարգարտյա՛,
Ա՜խ, գարուն-սերըս է՛լ ետ չի դառնա,
Ինչքա՜ն հեռու են կյանք, աշխարհն ինձնից:
 
Սիրուն աղջըկա քրքիջը հիմա
Ծակում է սիրտըս անհուն տանջանքով:
Թոշնան վարդերըս զառ կոկոններով.-
Ա՜խ, գարուն-սերըս է՛լ ետ չի դառնա...
Եվ սերըդ սիրտըս կարևեր խոցեց,
Վերքիս այս, քո՛ւյր իմ, դեղ-դարման չըկա.
Սիրուս արցունքով աշխարհ թաթախվեց,
Բայց դո՛ւ մնացիր օտա՛ր, անըզգա...
 
Եվ ո՛ւր լինում եմ, քո սերն եմ երգում,
Սիրտըս դեպի քեզ թռչում է հավերժ.
Ուրիշին գըրկած` ես քեզ եմ զգում,
Ուրիշի գրկում,- բայց քոնն եմ հավե՛րժ...
 
Եվ դու հավիտյան անհաս աստղի պես
Ինձնից հեռո՜ւ ես, ինձնից հեռո՜ւ ես...
Կապույտ լեռների լանջերի վրա
Մուգ անտառներն մեղմօրոր նիրհում,
Ժայռոտ ափերին ծովն է փիրուզյա
Իր ոսկեճաճանչ քղանցքը փռում:
 
Նազելի աղջիկ, մանուկ, մանկական,
Խավարի միջով փայլեցիր, անցար.
Հոգիդ երազի ջինջ երգի նման,
Ե՛վ սուրբ, և՛ մաքուր, շողացիր, անցար:
 
Ոչ ոք չտեսավ քո քնքուշ հոգին,
Թռա՛ր, գնացի՛ր հեռու աստղի պես.
Հեռու աստղի պես, քուրիկ իմ անգին,
Ձգում ես հավերժ սիրտս դեպի քեզ...
Մենակ մանկության օրերն են անո՛ւշ,
Գողտրիկ ու բուրյան, չըքնա՛ղ ոսկեփա՜յլ.
Եվ այնուհետև մեր կյանքը անհույս
Գահավիժում է անդունդը մռայլ:
 
Ու մեկիկ-մեկիկ մեր կյանքի ծառից
Եվ վայր են ընկնում, քըշվում հողմավար
Մեր լավ տենչերը, սերը ծաղկալից,
Վառ համբույրների գարունը պայծառ:
 
Եվ ո՞վ սիրտ ունի մերկ ծառի նըման`
Կանգնել աշխարհի հողմերին պատված-
Կյանքի ձանձրույթին, ծաղրանքին մարդկանց,
Իշխող բըռունցքին` չոր հացի համար...
 
Ավա՜ղ, լուսնի տակ և վեհ բան չըկա,
Ամեն ի՛նչ կոպիտ, բիրտ, անասնական.
Աննյութ, անմարմին, անկիրք սեր չըկա,
Ա՜խ, մաքուր սերը երազ է միայն:
 
Ես շա՜տ եմ լացել սուրբ սիրու համար
Եվ ես լավ գիտեմ գինը ամենքի-
Սերն է անկումը մեր աստվածության,
Շըրջմոլիկ հուրը կրքերի ճահճի:
 
Եվ ո՞վ կարող է օտարին սիրել
Կամ մերձավորին` անհուն, անսահման.
Ուրիշին սիրել իրենից ավել.
Ընկերին սիրել - պատրանք է միայն:
 
Եվ ո՞վ կարող է ուրիշին ըզգալ,
Որպես իր եսը, հասկանալ նըրան.
Ա՜խ, մենք ապրում ենք անծանոթ իրար,
Օտա՜ր ու հեռո՜ւ` աստղերի նըման: 
 
Բայց բյուր երանի, ով երազ ունի
Իր հոգու անհուն սրբության խորքում.-
Մի շըքեղ երազ, որով նա կապրի
Աշխարհից հեռո՜ւ, բյուրեղ բարձունքում:
Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս,
Ես շատ եմ ծեծել ու դու չես բացել.
Սարերն եմ ընկել վշտից խելագար
Ժայռերին զարկվել ու շատ եմ լացել:
 
Սարերն են վկա, որ օրից մի օր
Վատ չեմ խոսացել, գանգատվել քեզնից.
Ավա՜ղ, լցրել եմ լացով սար ու ձոր,
Բայց չեմ գանգատվել, բամբասել քեզնից:
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար, սիրելիս,
-Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի:
 
Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
-Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը` ժպիտ ու սերը` ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչո՞ւ համար է:
 
Ախ, մի՛ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
-Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի՛ տխրիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ:
Լեռները` դալար, հպարտ հորձանքով
Շարվել են շուրջըս այնպե՜ս լո՛ւռ, լազո՛ւր.
Գարունն է բուրում այնտեղ վարդերով
Եվ ղողանջում են ակներ ու աղբյուր:
 
Աստղերն են երգում սրտիս խորքերում,
Հոգիս լցվում է գարնան բույրերով.
Գարնան բույրերով երգերս են զնգում,
Եվ արտասվում եմ` քեզ երազելով...
Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ,
Զառ վարդերս կոկոններում մընացին.
Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ
Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին:
 
Մեռի՛ր, գընա՛... առանց քեզ էլ կյանքը կա,
Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին.
Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա
Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին...
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
 
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թե մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր:
 
Բայց ես կյանքում շա՜տ սիրեցի ու լացի,-
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Քաղած վարդը թըփին ետ չի գա նորից.
Ետ չի գա հավետ ժամն անցած օրից:
 
Անցած կյանքըդ հիմա երազ է, մշուշ,
Վիշտն ու սերդ անուշ` հուշեր են քնքուշ:
 
Սիրտըդ մաքուր պահիր ու բարի արա,
Որ ամպ չընստի հուշերիդ վըրա:
 
Մի՛ վռազիր... մահին կհասնիս վաղ-ուշ,
Չեղածի պես կանցնին և՛ երազ, և՛ հուշ...
Հասակդ` սոս, քայլվածքդ` սեգ,
Քեզ սիրում եմ բյուր անգամ.
Թող համբուրեմ մազերդ մեկ-մեկ,
Մեջքիդ բոլոր փաթութ գամ:
 
Կարոտըդ ինձ խենթ դարձրեց,
Փոթորկի չափ խելագար.
Խենթ բոցերում ես ծով-ծարավ`
Թափառում եմ սար ու քար:
 
Այրվում եմ ես արևի պես,
Հուր ու կրակ եմ անշեջ,
Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես,
Սերըս քամեմ հոգուդ մեջ...
Նման գայլերի խըմբին ամեհի,
Ձըմռան գիշերին ոռնում է քամին.
Եվ իմ պարտեզում - մռա՛յլ, ամա՛յի,
Խեղճ ուռիներիս ջարդում է քամին:
 
Ա՜խ, մանկուց լացեց քո սերը, սի՛րտ իմ,
Ոչ ո՛ք չհասկացավ երազդ աղվոր.
Զուր մի՛ որոնիր սիրտ իմ մտերիմ,-
Ծնվել է ոգին հավերժ մենավոր:
 
Հանի՛ր քո սերը սըրտիցըդ անհույս,
Այդ խորթ, ապօրեն զավակն աշխարհի,-
Ձգի՛ր այս դաժա՛ն, մո՛ւթ գիշերին դո՛ւրս`
Ցուրտ քամու բերան... թո՛ղ երթա սառի...
 
Թո՛ղ լա, հեծեծա, սերըս` որբ, անմա՛յր,
Եվ քամին լացը նրա թո՛ղ տանի
Ալեկոծ ծովեր, անապատ մի վայր,
Սակայն մարդո՛ւ մոտ... երբեք չըտանի...
 
Ոռնում է քամին, վայում դըժնդակ
Մռայլ գիշերին ձյուն-ձմեռնայնի.
Եվ սերըս ջարդված ուռիների տակ
Մեռնում է մենակ.- թո՛ղ երթա` մեռնի...
Գիշերն երազով, զօրը կարոտով`
Նազելի տեսքիդ մընացի անհաս.
Աշխարհը հարբեց քո անուշ հոտով,
Մենակ ես քեզնից մընացի անմաս:
 
Ա՜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր,
Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս.
Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր,-
Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս...
Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց`
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել...
 
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու - ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ` մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքո՛ւշ տատրակս, դու անծանոթի,
Դու օտարի պես մոտովս անցար:
Ա՜խ, ի՜նչ եղավ քեզ, որ հուր կարոտի
Արցունքներդ ա՛յսպես շուտով մոռացար:
 
Գնա՛, մոռացի՛ր, և՛ բախտը քեզ հետ,
Հյուսի՛ր քո բույնը` ում հետ որ կուզես.
Թռի՛ր ու գնա և մի ՛ նայիր ետ,
Թող տունս մնա թափուր` սրտիս պես:
 
Թո՛ղ օջախիս մեջ կրակ չհուրհրա,
Մարած սրտիս մեջ թող ոռնա քամին.
Թո՛ղ վայե քամին չոր գլխիս վրա,-
Ես չեմ հավատում կնոջ երդումին...
Իմ հոգին տարագիր մի թռչուն`
Մրրըկով զարնված, թևաթափ.
Հողմերն են հեգ գլխիս շառաչում,
Եվ ուղիս անհատնում և ՛ անափ:
 
Դու բյուրեղ բարձունքում մի երազ`
Լուսազարդ և՛, քնքուշ, և՛ գողտրիկ,
Մի երազ սրբափայլ և անհաս,
Հավիտյան հեռավոր մի աստղիկ:
 
Ա՜խ, նայիր մի անգամ ինձ վրա
Քո անդորր և քո խոր աչքերով.
Հայացքիդ ծովի մեջ գեթ մի պահ
Թող հանգչեմ սրտիս հուր-տենչերով:
 
Իմ հոգին վիրավոր մի թռչուն,
Չունի բույն, չունի քուն ու անդորր.
Հողմերն են հեգ գլխիս շառաչում,
Եվ ուղիս սև ու մութ և մոլոր...
Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր,
Օտա՛ր աշխարհում ինձ պես վշտահար
Մի սիրտ է այրվում` անհայտ, մենավո՜ր
Եվ երազում է, թախծում ինձ համար:
 
Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով
Ես փայփայում եմ ձեռները նրա.
Եվ գուրգուրում եմ , գըգվում կարոտով`
Քնքուշ գըլուխը իմ կըրծքի վրա... 
Եղբայրության կամ թե սիրո 
Խոսքը ես ձեզ չեմ ավետում,-
Պատգամները չարի, բարվո
Ձեր ոտների տակն եմ նետում:
 
Կյանքն է պայքա՛ր` գոռ ու դաժա՛ն,
Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր.
Իրավունքը ուժն է միայն,
Վա՜յ հաղթվածին, հազա՛ր վայեր:
Տեր կամ ըստրուկ պիտի լինիս,-
Ճշմարտություն չըկա ուրիշ:
 
Չես սպանի, քեզ կսպանեն,
Դու սպանի՛ր, քեզ չսպանեն:
Լուծ կամ լծկան պիտի լինիս,-
Ճշմարտություն չըկա ուրիշ:
 
Անիծվիս, մա՛րդ, որ հույսդ է մարդ.-
Բախտըդ կռվով կռի՛ր ինքըդ:
Մո՛ւրճ կամ զնդա՛ն պիտի լինիս.-
Ճշմարտություն չըկա ուրիշ:
Ես կուզեի արևավառ
Անապատը ամայի,-
Ուր մեն-մենակ և վըշտահար
Թափառեի ու լայի:
Աշխարհից դուրս ու սրտաբաց -
Անապատում ամայի
Տաք ժայռերը ամուր գրկած`
Համբուրեի ու լայի...
Կնոջն ուզեցի հավատալ նորից,
Լալ ու երազել առաջվա նըման.
Բայց արցունքոտվեց խեղճ սիրտըս նորից.
Եվ որբ մնացի, և թափառական:
 
Սե՛ր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի,
Չեմ բախի դուռըդ ունայն քամու պես.
Բայց կուզենայի հավիտյան լայի,
Եվ չըցամաքեր արցունքը սրտես:
I
Արևի ոսկին ծով-մազերիդ մեջ,
Գարունը ծաղկած` այտերիդ վրա,
Ժպտուն աստղերը` աչերումդ անշեջ:
Վարդի ճոխ բուրմունք շրթունքիդ ցայտուն,
Թավիշ դեղձերը վառ կրծքիդ վրա,
Աշխույժ թռչնի պես` սիրտդ թռվռուն:
 
Դո՛ւ, անուշաբույր, կախարդիչ մարմին,
Դո՛ւ, պուրպուր գինի` շքեղ, դյութական,
Թո՛ղ քեզնով հարբիմ ու գիրկդ մեռնիմ.-
Վայելքը անմահ կմնա միայն...
 
II
Բարվոք է գուցե, թեկո՛ւզ և իրավ
Զսպել կրքերը, տիրել կըրքերին.
Սակայն ավելի գեղեցիկ է, լա՛վ,-
Ազա՜տ, սանձարձա՜կ թողնել կըրքերին:
 
Արա՛, ի՛նչ կուզես, ի՛նչ որ կարող ես,
Պարտքն ու բարին սո՛ւտ են ու պատիր.-
Սիրի՛ր այն, ինչ որ կյանք է տալիս քեզ.
Ինչ որ վիշտ ու մահ - հեռացի՛ր, ատի՛ր:
 
Կյանքից դուրս չըկա՛ ոչ մի դըրություն.
Ոչի՛նչ էիր դուն, ոչի՛նչ պիտ դառնաս.-
-Կընոջով, երգով, գինով արբի՛ր դուն,
Արբի՛ր, որ մահն ու աշխարհը մոռնաս...
 
III
Ա՜խ, երազ-սիրո հոգիս ծարավոտ`
Ծըծեցի սակայն շրթունքը մեղքի.
Հոգիս տենչացող գեղեցկին անսուտ,
Բայց թաթախվեցի գարշ ճահճում կյանքի:
 
Չըգտա մի տեղ անմարմին մի կին,
Սերըս կորցրի պագշոտ գրկի մեջ.
Ինչ որ ունեի - և վսեմ, անգին,
Ողջը աղտոտվեց անհուն կրքի մեջ...
 
IV
Բարձր լեռների արծիվը մեկ-մեկ
Ագահ ագռավից ցածր կըթռնի,
Սակայն դաշտերի ագռավը երբեք
Հզոր թռիչքին նրա, չի հասնի:
 
Ինչքան թաթախվիմ գարշ ճահճում կյանքի,
Հոգիս չի զարթնի վսեմ երազից.
Չի կորճում մթնում շողն արեգակի,
Բարձունքն ես գիտեմ, կըճախրեմ նորից:
 
V
Ջինջ ծովակի մեջ կա մի լուռ կղզի,
Մենավոր, անդորր ժայռեղեն մի գահ,
Ուր քաղցր է հնչում ղողանջը զանգի,
Եվ փռվում մեղսոտ աշխարհի վրա:
 
Եվ լուռ կղզու մեջ կա նվիրական
Հինավուրց քարայր, մի վեհ սրբազան.
Այնտեղ պիտ գնամ, լամ, քավեմ, ողբամ
Հոգիս մեղավոր և բազմաչարչար:
 
Եվ պիտի ծեծեմ կուրծքս քարերին,
Եվ պիտի հեծեմ ցնորքս անբիծ,
Եվ պիտի գտնեմ սերը երկնային,
Որ հոգիս այրե և մաքրե նորից...
Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին
Ձըմռան հողմերից ծեծվա՛ծ, տառապա՛ծ.-
Այս գայլն է թըշվառ` լեռան լանջերին
Դառն հեծեծում ցըրտահա՜ր, քաղցա՜ծ...
 
Մենավո՛ր, խըղճո՛ւկ, դու վիրավոր սի՛րտ,
Ես է՛լ քեզ նման մենակ եմ ու խե՛ղճ,
Մարդն էլ քեզ պես է, ո՛վ խոշտանգված սի՛րտ,
Այս ցավի, մահի սև աշխարհի մեջ:
 
Այս ցավի, մահի դաժան աշխարհում
Մեր բախտը մեկ է` անհույս ու թշվառ,
Իմ սիրտն էլ քեզ հետ կյանքն է անիծում,
Արի՛, լանք մեկտեղ, իմ խե՛ղճ գայլ-եղբայր...
Չեմ տեսնում շքեղ զարդերը գարնան,
Վշտից խավարեց գոհարն աչքերիս.
Ծանրացավ աշխարհն ուսերիս վրա,
Զուր ես հարցընում պատճառը վշտիս:
 
Ես` զավակ ճնշված ու դժբախտ ազգի,
Որ արյունով է իր ուղին թրջում.
Որ դարե՜ր, դարե՜ր թափը իր բազկի
Շղթան է կրծում ժանգոտ, շառաչուն:
 
Շղթան շառաչուն, ծանըր ու ժանգոտ,
Ինձ տապալել է, կաշկանդել գետնին.
Ինձ տրորում են անցնող ու դարձող,
Դո՛ւ մի կարեկցիր իմ անհուն վշտին:
 
Իմ մոր սուրբ խոսքը - ծաղրի նշավակ,
Իմ հայրենիքը` սիրտըս ու հոգիս-
Եվ հոշոտում են, պղծում ոտնատակ,
Դու չես ընմբռնի անդունդը վշտիս...
 
Ես` զավակ ճնշված ու փոքրիկ ազգի,
Սրտիս արյունով մեծ վիշտս եմ գրում.
Վերքը անդարման իմ հայրենիքի
Իմ բյուր խոցոտված սրտումս եմ կրում:
 
Սիրե՜լ, երազե՜լ, թռչել եմ ուզում,
Բայց շղթան ինձ պինդ գամել է գետնին.
Կուռ լուծը ազգիս` ուսերս է փշրում,
Չես կարող հասնել իմ անափ վշտին:
 
Տիեզերական զայրույթով, թույնով
Արդ` ես ինքըս ինձ խայթում եմ ահա՛,
Թո՛ղ մեռնիմ, կորչիմ անհետ, անանուն,
Իմ անհույս վիշտը դու չես հասկանա...
Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել-
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ,
Եվ չեմ տենչացել երբեք քեզ տիրել-
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ:
 
Աղբյուրի նման արցունք եմ ցողում`
Քո ճամփու վրա վարդեր վառելով,
Անձնազոհ մոր պես սրտագին դողում`
Քո բախտի համար լուռ այրվելով:
 
Երբ գիշեր կուգա, դու կըմտնիս քուն,
Քո շեմքն է, քուրի՛կ, իմ բարձը քնքուշ,
Իմ սուրբ երազն է - շքե՛ղ, շողշողո՛ւն,
Աչերդ` պայծա՛ռ, աչերդ` անո՛ւշ:
Ամեն անգամ, երբ նայում եմ երեխայիս խաղերին,
Թե ինչ սիրով փարվել է նա քարին, ջրին ու հողին,-
 
Խոսք եմ խոսում իմ սրտի հետ.
-Է՜յ իմաստուն մանկություն,
Ունայն բան է խելքը մարդուս և գործերը մեծանուն:
 
Դատարկ ձայն է քաջի համբավ, գանձ ու պատիվ հանապազ,
Դո՛ւ ես ոսկին, ո՜վ մանկություն, դո՛ւ իսկական լույս-երազ:
 
Ա՜խ, երնեկ թե մանկությունըս հանկարծ դառնար գար նորեն,
Գլխիս վառվեր մանկութ օրվա արեգակըս ոսկեղեն:
 
Անուշ մորըս ոտների տակ թռվռայի, խաղայի,
Փառք ու հանճար չարժեն խաղին մի ծաղկաբույր տղայի:
 
Իմ սո՛ւրբ մանկիկ, թո՛ղ համբուրեմ թաթիկներդ ցեխոտած,
Դու` կյանք ու սե՛ր, ծափ ու ծիծա՛ղ, ուրախության դո՛ւ աստված...
Նա մի փոքրիկ աղջիկ է`
Լուսափթիթ աղավնի,
Կհանդիպեմ ամեն օր,
Խելքս գլխես կտանի:
 
Ո՞ւրկից կըգա, չգիտեմ,
Ո՞վ է, ի՞նչ է, ո՞ւր կերթա.-
Կուզեմ ընկնեմ ետևեն,
Երթամ, ուր որ նա կերթա:
Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:
 
Կյանքն է` ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:
 
Զգացմունքն է գերիշխանը, խելքը` նրա լոկ ծառան.
Բայց դո՛ւ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:
 
Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
 
Եվ լայն օրում` թե՛ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում` ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:
 
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:
 
Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:
 
Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:
Գարնան արևը անհուն համբույրով
Դուրս կոչեց կյանքի ծլին ու ծաղկին,
Եվ մանուշակը կապույտ աչերով
Անմեղ, միամիտ ժպտաց ամենքին:
 
Եկավ զեփյուռը, շշնջաց նրա
Կույս ականջներին և սահեց գնաց,
Եկավ թիթեռը, թռվռաց նրա
Նազելի գրկում և թռավ գնա՜ց:
 
Եվ մանուշակը նրանց ետևից
Մնաց նայելով... խաբող ցնորքներ.
Եվ ընկան նրա աչքերից անբիծ 
Առաջին սիրո մաքուր արցունքներ:
Զորահավաք էր: Շտապ տուն եկավ
Զինվորի զգեստ հագած մի տղա.
-Մայրի՛կ, ինձ օրհնի՛ր,- պատանին ասավ,-
Ես էլ կռվի դաշտ գնալու եղա...
 
Ուշաթափ ընկավ խեղճ մայրը թշվառ,
Եվ երբ ուշքն եկավ նորեն իր վրան,
Գրկեց զավակին պինդ, կարոտավառ,
Որպես թե վաղուց չէր տեսել նրան:
 
-Ա՜խ, ի՜նչ ուրախ եմ, փա՛ռք քեզ, աստված իմ,
Որ ողջ ետ դարձավ իմ անուշ որդին...
Այցի եմ գալիս քեզ մոտ ես հաճախ,
Նստում եմ դեմըդ` հանգիստ ու խաղաղ.
Զրույց ենք անում երկա՜ր միասին,
Հազար նյութերի, հարցերի մասին:
 
Եվ սիրո մասին խոսում ենք նույնպես,
Բայց խիստ անտարբեր ձևանում եմ ես,
Վրադ չեմ նայում, չեմ լսում ստեպ,
Որպես թե անհույզ, սառն եմ քո հանդեպ:
 
Բայց հալվում եմ ես սիրուց բոցակեզ.
Ուզում եմ գրկել ու համբուրել քեզ.
Հազիվ զսպում եմ մըրրիկը սրտիս,
Ա՜խ, սակայն հոգիս բերանս է գալիս...
Դու, երկնամերձ իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ Հայաստան,
Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,
Դո՛ւ, ալևոր տեսիլների աստեղազօծ ի՛մ Հայաստան,
Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք, ի՛մ Հայաստան:
 
Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,
Արորներըդ արյունազանգ` արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ` նվիրական Նավասարդի,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան:
 
Քո գետերըդ` տեգ սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող,
Քաղաքներիդ մոխիրներից ծլած վարդերն արյուն-բուրող.
Շարականներըդ` հոգեբուխ, շինականիդ երգը` լացող.
Հին սերերի, նոր կարոտի ոսկի բամբիռ, ի՛մ Հայաստան:
 
Դստրիկներըդ քո փափկասուն` անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ` մերկ ու ծարավ. սովալլուկ, մահի ընկեր.
Բախտիդ վրա` ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն խոսքեր,
Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր ի՛մ Հայաստան:
 
Բարեկամներից վաճառված, անիրավված ի՛մ հայրենիք,
Ոսոխներիդ կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով հավերժացած հի՛ն հայրենիք,
Արյունիդ մեջ սուրբ իրավունք, հոգիդ արև, ի՛մ Հայաստան:
 
Կըռունկներըդ համբավ տանող` պանդուխտներիդ աշխարհալած,
Նահատակված տաճարներիդ գմբեթները երկնասլաց,
Մագաղաթներդ արյունաներկ` ձայն հեծության, հառաչանաց,
Հընուց ուխտի վըկայական, ավանդատուն, ի՛մ Հայաստան:
 
Ծիրանավոր քաջ-Մասիսըդ` սպարապետ քեզ պահապան,
Ծերուկներըդ` ճակատագրիդ ճամփաների սուրբ օրհնաբան,
Նոյ-Նահապետ աստվածատես` ածուներիդ վեհ այգեպան,
Մանուկներիդ ու կույսերիդ արյան հընձան, ի՛մ Հայաստան:
 
Արդարախոս ու մեծասքանչ քո հին լեզվով օրհներգըված,
Լուսավորչի լույս կանթեղով երկինքներըդ լուսերանգված,
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
Հըրաշափառ քո Հարությամբ` նորամանուկ ի՛մ Հայաստան:
Ասում են, թե` դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
 
Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
 
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս:
 
Ա՜խ, իրա՞վ է` դու այնպես,
Մոռացել ես ինձ, այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս...
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:
 
Աչքերը սև - արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
 
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
 
Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի...
Այստեղ երկնել են նախնիները իմ,
Դարձել է այստեղ նյութը գաղափար,
Հագել է այստեղ երազը մարմին,
Չքնաղ երազը, որ չունի կոպար:
 
Անի՛, դու չես լոկ հողեղեն մի գանձ,
Դո՛ւ, ինքդ ես ոգին - մի ողջ ժողովուրդ,
Ամեն ձև այստեղ ոճ է գերազանց,
Ամեն ինչ այստեղ - իմաստ ու խորհուրդ:
 
Ես հոգուս աչքով` անցած ու ներկա
Վիճակդ եմ տեսնում` հենված մի սյունի,
Որ մարտնչելով դարեր ոտընկա,
Մեռնում է կանգնած, եթե մահ ունի:
 
Սաղավարտակիր, ձեռքիս տեգ ու նետ,
Կանգնել եմ բարձր բուրգիդ կատարին,
Ոստանիկներիդ, ռամիկներիդ հետ
Լսում ենք վառված սեգ զորավարին:
 
Տափաստաններից, խուժանը վայրագ
Հորդել է, եկել - հեղեղ զայրագին,
Ուզում է, Անի՛, ընկճել լուծի տակ
Քո ստեղծագործ, թևավոր ոգին:
 
Խաժամուժ, խուժան` անծայր, անքանակ,
Դարեր խուժում են - խժդուժ, խոլարշավ,
Ճըչում խըժաձայն, դնում են բանակ
Քո ցորենաշատ դաշտերում անբավ:
 
Եվ որոտում է շեփորը ռազմի,
Կռվում ենք մտած արյուն ու քրտինք,
Դարեր կռվում ենք ատամ ատամի,
Մեռնում ենք կանգնած, եթե մահ ունինք...
 
Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:
 
Դո՛ւ, հին դրոշակ, դո՛ւ, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, և դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին...
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
 
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
 
Մահախուճապ սերունդների 
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
 
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...
Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես
Չար ես այսպե՛ս, չար ինձ հետ,
Որ նամակներս ու պատկերըս
Ուղարկեցիր ողջը ետ:
 
Խստապահանջ խնդրում ես ինձ
Նամակներդ ետ դարձնել.
Կատարում եմ ասպետորեն
Քմայքներիդ այս խաղն էլ:
 
Բայց համբույրներն այն սրտադող,
Որ ինձ տվիր ու առար,
Բնավ երբեք դու չես կարող
Ո՛չ ստանալ, ո՛չ ետ տալ:
 
Նրանք պիտի վառվեն անշեջ,
Պիտի կիզեն քո հոգին,
Ինչպես որ միշտ այրում են ինձ
Երջանկությամբ ցավագին:
Երկու մանուկ` տղա-աղջիկ,
Խաղում էին դաշտերում:
Երկու ընկեր` տղա-աղջիկ`
Դպրոց էին ըշտապում:
 
Երկու սրտեր հանդիպեցին
Շշուկի մեջ ծառուղու.
Երազեցին և թախծեցին,
Եվ սիրեցին իրարու:
 
Երկու շիրիմ իրար մոտիկ
Նոճիների ստվերում:
Երկու մանուկ` տղա-աղջիկ,
Խաղ են անում դաշտերում...
Նվեր մեր ժողովրդական վեպի`
«Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:
I
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ աստծու դատաստանի:
 
II
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կայծակին:
Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:
 
Տեսա գյուղի տունը մեր...
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր...
Նորահացի հոտն անո՜ւշ:
 
Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ -
Նոր զգեստներ ծաղկավառ:
 
Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:
 
Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:
 
Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:
 
Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:
 
Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:
 
Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի...
Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի
անմահ հիշատակին
Հերոսական ընկերներով միասին
Կայծակի պես դու շանթեցիր թշնամուն,
Իդեալների վեհ դրոշը քո ձեռքին,
Քաջի մահով ընկար պատվի սուրբ դաշտում:
 
Քո սիրելի հայրենիքում նորազատ,
Որ քեզ տվեց դյուցազնի կամք ու կորով,
Ամեն մի սիրտ մորմոքում է քեզ համար,
Եվ գլուխներն խոնարհում են հարգանքով:
 
Քո ճակատը` հաղթանակով պսակված,
Մեր պատմության մեջ քայլում ես դու փառքով.
Եվ ահա՛ մեր ճակատները խոնարհած
Գործիդ հանդեպ բարձրանում են պարծանքով:
 
Մեր ցասումը, մեր վրեժը, ո՛վ հերոս,
Քո երկաթե բազուկիդ մեջ դու տարար,
Եվ զարկեցիր նենգ թշնամուդ բարբարոս,
Ոսոխի դեմ դարձար վահան ու պատվար:
 
Քե՛զ հավերժ փառք... հանգչի՛ր խաղաղ ու անդորր.
Նոր հերոսներ կկայծակեն քո հետքով.
Հայաստանը կբողբոջի նորից նոր,
Կզարդարե քո շիրիմը վարդերով:
Սյունյաց բարձր լեռներում այդ շանթե՞րն են բոցկլտում,
Հանդ ու ձորեր թնդում են որոտալից շաչյունով,
Դավիթ-Բեկի քաջերի վառ թրերն են կայծակում,
Ամեն մի սիրտ թնդում է նժույգների դոփյունով:
 
Մեր դարավոր ցասումի, մեր վրեժի օրն արդար
Դավիթ-Բեկը մեզ բերեց ազատության պատգամով.
Մեր գետերը փրփրաբաշ, մեր դաշտերը ծաղկավառ
Կարմրեցին, ցնծացին մեր թշնամու արյունով:
 
Դավիթ-Բեկի քաջերի սուրն ու թուրը հըրեղեն
Կոտորեցին, ջարդեցին մեր թշնամուն չարաղետ.
Դըրոշները թո՛ղ ծփան, զանգերը թո՛ղ ղողանջեն,
Թո՛ղ քուն մտնեն աներկյուղ մեր մանուկներն այսուհետ:
 
Դավիթ-Բեկը ծունր իջավ, երբ որ եկավ Հայաստան,
Ուխտեց փշրել մեզ գերող կապանքներն ու կուռ շղթան,
Ուխտեց ջնջել թշնամուն, փրկել աշխարհն Հայաստան,
Ու կատարեց ուխտը սուրբ... Հազա՛ր, հազա՛ր փառք նրան:
 
Թո՛ղ անձնուրաց ուխտ կապեն մեր թոռները քաջածին,
Դավիթ-Բեկի թուրը վեհ չըժանգոտի հավիտյան,
Շողա, շաչե, երբ խուժե մեր սուրբ հողը թշնամին,
Որ ծուխն անուշ բարձրանա մեր տներից հավիտյան:
(Դավիթ-Բեկից) 
 
Ելե՛ք, հայեր, ելե՛ք, քաջեր,
Հագեք կապեք զենք ու ասպար.
Ձիերն հեծեք, թռեք եկեք
Սարերն ի վեր, ձորերն ի վար:
 
Հայրենիքի սիրո համար,
Արիության դրոշի տակ,
Դավիթ-Բեկը տանում է մեզ
Դեպի կռիվ ու հաղթանակ:
 
Ազատ ապրել, փառքով մեռնել
Մեր լեռներին երդըվեցե՛ք.
Մերկացըրե՛ք թրերը կուռ,
Մեր ժայռերի վրա սըրեք:
 
Ժողովրդի սիրո համար,
Ազատության դրոշի տակ,
Դավիթ-Բեկը տանում է մեզ
Դեպի կռիվ ու հաղթանակ:
 
Արծիվների կանչն ենք լսում-
Առա՜ջ, առա՜ջ կռվի սուրբ դա՛շտ,
Չար ու դաժան թշնամու դեմ
Դեպի կռի՛վ, կռի՛վ անհաշտ:
 
Մեր քույրերի պատվի համար,
Անմահության դրոշի տակ,
Դավիթ-Բեկը տանում է մեզ
Դեպի կռիվ ու հաղթանակ:
(Շահումյանի հարսնացուն) 
 
Խոստացել էիր, իմ թագ ու պսակ,
Այսօր ինձ մոտ գալ` սիրո վարդերով.
Ընկերներիդ հետ թռաք ու հասաք
Նժույգ ձիերով, խրոխտ լեռներով:
 
Մայր Հայրենիքի սերը քեզ կանչեց,
Բոց հանեց ժայռից սմբակը ձիուդ,
Քառսուն թրի մեջ թուրըդ շառաչեց,
Արևը մարեց հազար թշնամուդ:
 
Խոսք տվիր գալու գարնանն ինձ այցի,
Ծաղկել են արդեն ամեն թուփ ու ծառ,
Փրկության համար սուրբ Հայաստանի,
Գիտեմ, սիրելիս, խոսքդ մոռացար:
 
Եկ գոնե մի պահ, իմ կտրիճ իշխան,
Շրջենք երկուսով ծաղկած արոտով,
Եկ` սրբեմ թուրդ մազիս մետաքսով,
Ախ, մի՛ թող այրվեմ սիրուդ կարոտով:
Ես ապրում եմ մեն-մենավոր
Այս լռանիստ անտառում,
Իմ հյուղակն է թավուտի մեջ,
Ուր երգում է ջինջ առուն:
 
Ես խորհում եմ ներանձնացած
Լռության մեջ գերանդորր,
Հոգիս` զվարթ, սիրտս` հանգիստ,
Զերծ կրքերից բռնավոր:
 
Եվ բնության ծիրերից դուրս,
Անհունի մեջ անուրջի,
Ես ապրում եմ հավերժաբար
Առանց վշտի ու տենչի:
Ամեն ինչ ունայն, երազ անցավոր,
Աստղ էլ որ լինես` պիտ հանգչիս մի օր:
Ոչինչ է մարդը` փոշի փոշու մեջ,
Իր ցավը, սակայն, տիեզերքից մեծ:
Կյանքիդ ուղին լինի պայծառ,
Ամեն քայլդ` ազնիվ, արդար:
Լինես խոհուն, լինես գիտուն,
Եվ ունենաս սիրտ զգայուն:
Լինես բարի և անբասիր,
Ընկերներիդ սրտով սիրես,
Երբ քեզ տեսնեն` ուրախանան:
Միշտ օգնելու լինես պատրաստ`
Տանջվող մարդուն և ընկերին:
Անդավաճան, անհուն սիրով
Հայրենիքիդ լինես պաշտպան.
Եթե նրա սիրո համար
Մի սխրալի գործ կատարես-
Չըհոխորտաս, լինես խոնարհ,
Եվ իր պարտքը ճիշտ կատարած
Մարդու նման` խիղճդ անդորր,
Ապրես ուրախ և բախտավոր:
Եվ մեն-մենակ, տարին մի օր
Այցի ելնես մամռոտ շիրմիս,
Կանգնես լռիկ, խորհես մի պահ,
Իմ կաթոգին սիրած տղա:
Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
Դարդը` սըրտիս, աղքատ ու խեղճ, ցուպը ձեռիս, գլխակոր,
Շա՜տ տարիներ պանդուխտ եղած` նորեն դարձա հայրենիք.
Կյանքի բեռով մեջքս ծըռած, միտքըս շվար ու մոլո՛ր,
Յոթը սարեն, յոթը ծովեն դարձա նորեն հայրենիք:
 
Իմ հայրենի գեղի հանդում տեսա մանկութ ընկերիս.-
Ա՜խ, ընկեր իմ, կարոտ սրտով նըրա առաջ վազեցի,
Ասի.-Բարո՛վ, անգին ընկե՛ր, չե՞ս ճանաչում դուն ինձի:
-Ախըր ես շա՜տ փոխվեր էի... չըճանաչեց նա ինձի:
 
Ցուպը ձեռիս գեղը մտա, անցա յարիս տան ճամփով.
Տեսա յարըս վարդը ձեռին` մենակ կանգնած դռան մոտ.
Ասի. -Քուրիկ, ազիզ տեսքիդ արժանացա ես բարով...
Նա էլ ինձի չըճանաչեց...- աղքատ էի ու փոշոտ...
 
Դարդը սրտիս հասա մեր տուն, տեսա ծերուկ, խեղճ մորս.
Ասի.- Նանի, ճամփորդ մարդ եմ, գիշերս ինձ հյուր կընդունե՞ս:
Ա՜խ, մերի՛կ ջան... վզովս ընկավ, սըրտին գըրկեց ու լացեց,-
Ա՜խ, բալա՛ ջան, ղարիբ բալա՛, էդ դո՞ւն ես...:
(Շիրակի ավանդավեպ)
 
Անտառներում` աշնան թափուր,
Երբ թաց խավարն է իջնում,
Երբ դաշտերում մերկ ու տխուր,
Ցուրտ քամին է շառաչում,-
Ամեն անգամ զգում եմ նոր
Զրույցն այս խեղճ պառավ մոր:
Եվ խորհում եմ, թե արդյոք ո՞ւր,
Մեզնից մոտիկ կամ հեռուն,
Ո՛ր անտերունչ խեղճին հիմա
Չարի ձեռքն է հարվածում...
 
Չգիտեմ` ե՛րբ, և ո՛ր շենում
Իրեն որդու, հարսի քով
Մի խեղճ պառավ մայր էր կենում,
Ծանըր ականջ, կույր աչքով:
Ոտ ու ձեռից ընկած, անճար,
Հաց չտային, չէր ուզում.
Եվ օրն ամբողջ նրանց համար
Աղոթքներ էր մրմնջում:
 
-Օ՛ֆ - ասում էր հարսն ամեն օր,
Մերըդ բեռ է իմ վըրա.
Բանըս թողած` օրը բոլոր
Փեշն եմ բռնել ես նըրա:
Աչքը` անկուշտ, ինչքան որ տամ,
Միշտ անեծքը բերանին,
Նստել է մեր շնչի վրան,
Տար, կորցրու` ազատվիմ...
-Ա՛յ կին, ի՞նչ չար բան կըխոսաս,
Մարդ էլ ծնող մորն էսպես...
Կբարկանա աստված վրաս,
Մեղա՜ աստծու, մեղա՜ քեզ:
 
Բայց ամեն օր հարսն անողորմ
Ամուսնու սիրտն էր կրծում,
Եվ խստաբար պահանջում էր
Իր չար կամքին գոհացում:
Ու մի օր էլ ճըչաց, լացեց,
Պոկեց մազերը գլխից,
Վրա պրծավ, դուռը բացեց,
Թե մորըդ տար իմ տնից.
Թե ոչ` հիմի դուրս կթռնի
Ու կըձենե աշխարհում,
Թե մարդն իրեն օր չի տալի,
Թե ուրիշին է սիրում:
 
Թշվառ մարդն էր. ճարը կտրած,
Վերցըրեց մորը պառավ,
Անգութ հարսի աչքի առաջ
Պարկը դրեց, ուսն առավ:
Գլուխը կոր` ճամփա ընկավ,
Միտքը` մռայլ ու խոլոր,
Սև ամպերից գիշերն իջավ,
Ճամփան` մթին ու մոլոր:
 
Ուշ գիշերին հասավ անտառ,
Խոր ծմակում, ծառի տակ,
Պարկը ձըգեց - մորը անճար
Ձըգեց անտեր ու մենակ:
 
Աշնան քամին էր հեծկլտում,
Գայլն էր տալիս կալանչին.
Ոտքը փոխեց, որ դառնար տուն,
Մոր ձայնն հասավ ականջին.
-Երթաս բարով, աստված քեզ հետ,
Ոտքդ քարի թող չըգա.
Տղա՜ս, վերցրու պարկը քեզ հետ,
Պարկը տանը պետք կըգա:
Կանաչ ծառի տակ
Նստել էր մենակ
Մի խեղճ կույր գուսան, և կրծքի վրան
Սեղմել էր մի սազ, ու ուներ միայն
Մի դողդոջուն լար:
Կանաչ դաշտն ի վար
Հոսում էր երգով
Զմրուխտի նման մի կանաչ վտակ,
Եվ երգում էր նա անուշ կայլակով
Ամպերի մասին` հակինթ ու սուտակ,
Որ ծվարում են լեռան գագաթին,
Ուրկից ցատկեց նա անդունդը մթին...
Գուսանը մեղմիկ
Զարկում էր լարին,
Լարը քնքշիկ
Պատմում էր լռին
Մի վեպ սիրային...
-Հին ժամանակում, ոսկի դղյակում
Ապրում է չքնաղ մի աղջիկ,
Այնպե՜ս գեղեցիկ, այնպե՜ս գեղեցիկ,
Ինչպես կարապը` թևերն արծաթյա
Լճակի փիրուզ ջրերի վրա...
Հեռու մի երկրից
Եկել է ահա՛
Մի սիրուն տղա,
Գինով այդ սերից
Ծունկի է իջել չքնաղ աղջկա
Պատուհանի տակ, սեր է աղերսում.
«Չքնա՛ղ, քո սիրուն
Կտրել, անցել եմ աշխարհե-աշխարհ,
Թողել եմ հայր, մայր միայն քեզ համար:
Վառ երազիս մեջ պատկերդ տեսա,
Եվ երազելով քո դուռը հասա»:
Սակայն աղջիկը չի լսում նրան,
Եվ միտն է բերում` ինչպես մի անգամ
Շքեղ, աննման եկավ մի ասպետ
Եվ անցավ, գնաց ու չնայեց ետ:
Լքել է կույսը դղյակը ոսկի,
Առել է ձեռը մի ցուպ երկաթի,
Ընկել է թափառ
Աշխարհե-աշխարհ
Սիրած ասպետին գտնելու համար,
Որ գնաց, գնաց... առանց վերադարձ:
Իսկ հեռու երկրից եկած պատանին
Իր սերն է հայտնում նրան վերստին.-
«Հոգիս քաղվում է քեզ համար, ի՛մ սեր,
Կըկանգնեմ այստեղ դարեր ու դարեր,
Եվ մահը միայն կարող է բռնի
Բաժնել ինձ քեզնից...»:
Աղջիկը սակայն
Չի լսում նրան...
Անհայտ մի երկրում, տարիներ հետո
Գտավ նա հետքը սիրած ասպետի,
Բայց, ա՜խ, ասպետը գնացել է հեռու
Իր սիրո հետքից կամ իր երազին,
Նա կըտիրանա, կամ էլ չի դառնա,
Էլ ետ չի դառնա...
Եվ հետևում են օրերը իրար,
Եվ խեղճ պատանին ծնրադիր, խոնարհ
Սեր է աղերսում...
Հեծկլտաց լարը, դողաց-դողդողաց
Եվ քնքուշ լարը կտրվեց հանկարծ...
Գուսանը սեղմեց կրծքին սազն անլար,
Եվ նայեց շուրջը տխուր ու մոլոր...
Եվ վեպը այսպես մնաց կեսկատար,
Բայց մինչև այսօր
Այս թերատ վեպը միշտ իմ ականջում
Հնչում է որոշ, և լավ չեմ հիշում,
Արթո՞ւն եմ լսել, թե՞ մի անուրջում.
Կարծես հինավուրց մի հեքիաթ լինի,
Որ հյուսել է մի հարազատ ոգի
Հեռու անանուն
Մի հին աշխարհում...
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
 
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
 
Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա - ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:
 
Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:
 
Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
 
II 
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:
 
Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:
 
-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:
 
Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:
 
Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-
 
Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ...
 
Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման...
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ...
 
Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում...
 
III 
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:
 
Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:
 
-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:
 
Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:
 
 
IV 
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:
 
Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:
 
Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:
 
Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:
 
Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:
 
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի...
 
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
 
Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող...
Հին ժամանակ իր ամրոցում ոսկեղեն
Կըբնակվեր հուր ու հրաշք մի աղջիկ.
Ու կսպասեր, որ հեռավոր տեղերեն
Իր երազի ասպետը գար գեղեցիկ:
 
Եվ ձին հեծած, բանակներով հաղթազեն,
Եկավ մի օր կանաչ-կտրիճ մի իշխան...
Սանձը ձգեց, ու քար կտրեց հիացքեն,
Երբ որ տեսավ պատշգամբում աղջկան:
 
-Հրաշք - աղջի՛կ, թագավորիս զորքերով
Կես աշխարհը դրոշակիս տակն առա.
Քեզ սիրեցի, սիրտդ տուր ինձ, քո սիրով
Մյուս կեսն էլ տիրեմ, բերեմ քեզ ընծա:
 
-Այդ ի՜նչ սեր է,- ասաց աղջիկն ասպետին,-
Քաջ ես, գիտե՛մ, գիտե՛մ, չկա քեզ նման.
Դու կարող ես տիրել արար-աշխարհին,
Բայց այդ երբե՛ք հզոր սիրու չէ՛ նշան:
 
-Ինչպե՜ս հայտնեմ սրտիս հուրը, նազելի՛ս.
Կուզե՞ս պատռեմ կուրծքս հիմա այս սըրով,
Ոտներիդ տակ նետեմ սիրտս սիրով լի,
Մեռնիմ ուրախ ու բախտավոր` քո սիրով:
 
-Այդ չէ՛ սերը, ասաց աղջիկն ասպետին,
Գիտե՛մ, քաջ ես, բայց շա՜տ վախկոտ, թույլեր կան,
Որ հուսահատ` քաջի նման կըմեռնին,
Բայց այդ երբեք անշեջ սիրու չէ՛ նշան:
 
Ու կտրիճը մնաց մոլոր ու շվար,
Աչքերն հանգած` լույս երեսին աղջկա.
-Ի՜նչ որ կուզես, ասա՛, անեմ քեզ համար,
Արևի տակ իմ սիրուս պես սեր չկա:
 
-Թե կսիրես, թո՛ղ ինձ հիմա ու գնա՛,
Ու ականջ դի՛ր, մի օր դուռդ կըբախեմ:
Այսպես ասաց, ու իր ծոցեն մարմարյա
Նետեց նրան մի հատիկ վարդ հրեղեն:
 
Ասպետն առավ վարդը, քնքո՛ւշ համբուրեց,
Վերջին անգամ նայեց, նայեց սիրածին:
Սիրու վարդը պահեց այրվող ծոցի մեջ.
Ու խթանեց, ու սլացավ նժույգ-ձին:
 
Եվ նստել է ամրոցի մեջ մեն-մենի
Այն իշխանը երազներում երջանիկ,
Վարդը ծոցում, ու ականջը մի ձենի...
Եվ թև առած, թռան օրեր ու տարիք:
 
Աչքերը գոց` պատած ոսկի մշուշով,
Ուր կըժպտար սեր-աղջիկը աննման,
Քաջ ասպետը բոց կարոտով, լի հույսով
Սիրտը ձենի` լուռ սպասեց աղջկան...
 
Եվ թև առան, թռան օրեր ու տարիք,
Վառ կտրիճը դառավ դողդոջ մի ծերուկ,-
Ու երբ մահը դուռը բախեց զարհուրիկ,
Հանեց ծոցեն վարդը խամրած ու դալուկ:
 
Սիրու վարդը աչքին դրեց փափագով,
Ու համբուրեց, ու համբուրեց, ու... մեռավ`
Հոգին լցված բլբուլների երգերով.-
Եվ զրույցս էլ ա՛յսպես տխուր վերջացավ...
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
 
Աղջիկն ասավ - «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
 
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
 
Երբ նա տեսավ, զայրացավ.
- Է՛լ չերևես
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
 
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
 
Երբ նա տեսավ, զայրացավ.
-Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
 
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
 
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
-Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
Եղել է հնում, պերճ արևելքում
Մի քաջ զորավար` հայրենապաշտպան,
Առանց ընկճելու երկրի թշնամուն`
Նըրա սուրը երբեք չի մտել պատյան:
 
Նըրա արձակած տեգը խոլական
Թշնամու հողում ցըցվել է ահեղ,
Նըրա սարսափը օրհասի նման
Թշնամու գլխին կախվել ամեն տեղ:
 
Եվ ժողովրդի քնարը ազնիվ
Փառաբանել է անունը նըրա,
Հաղթանակները փայլուն ու անթիվ`
Սուրբ հայրենիքի ոսոխի վըրա:
 
Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:
 
Անհուն նախանձի կրքով տոչորուն`
Մի օր խնջույքում արքայական տան,
Մի զորականի` անհայտ, անանուն,
Ժպտաց սիրալիր, դրվատեց նըրան:
 
Եվ նա փոխարեն զորավարին մեծ`
Տեղ տվեց նըրան առընթեր գահի,
Հյուրերին բոլոր` զարմանք պատճառեց
Այնքան ապերախտ վարմունքն արքայի:
 
Մյուս օրը շըքով այն զորականին
Սպարապետի սուր տվեց արքան,
Եվ հրամանատար կարգեց բանակին,
Իսկ զորավարին` թիկնապահ նըրան:
 
Զայրացավ հոգին քաջ զորավարի,
Համհարզները իր սաստիկ զայրացան,
Առավ ընկերներն հին կռիվների,
Եվ հողն հայրենի թողին, հեռացան:
 
Գնացին նըրա սուրի հետևից,-
Ճակատագիրը սուրն է քաջերի,-
Հողեր գրավեց բռնակալներից
Եվ դառավ իշխան տիրած հողերի:
 
Եվ երբ հրճվանքով լսեց թշնամին,
Թե անպարտելի զորավարը քաջ
Լըքել է անդարձ երկիրն հայրենի,
Եվ բաց են դռներն արշավի առաջ,-
 
Մոռացան իսկույն և՛ փորձ, և՛ սարսափ,
Հնչեց շեփորը գոռ պատերազմի,
Հին թշնամու դեմ խոյացան շտապ`
Լուծելու անմոռ վրեժն արյունի:
 
Սահմաններն անցան և խուժեցին խոր,
Հըրի մատնեցին գյուղեր ու ավան,
Սպարապետը փախավ գլխիկոր,
Զորք ու ժողովուրդ խուճապի ընկան:
 
Խուռըն խռնվեց հրապարակներում
Ժողովուրդը ողջ, հեղեղանման.
-Ո՜ւր է, գոչեցին, զորավարը մեր`
Սուրբ հայրենիքի փրկիչ ու պաշտպան:
 
Նախարարներին ու թագավորին
Կարդացին բուռըն, խիստ սպառնալիք,
Որ խնդրեն իրենց քաջ զորավարին,
Պատվով ու փառքով բերեն հայրենիք:
 
Եվ ավագանին նստեց խորհրդի,
Երեք փորձաշատ ծերեր ընտրեցին,
Որ թագավորի և ծերակույտի
Խնդիրը տանեն քաջ զորավարին:
 
Պատվիրակները հասան հոգնաբեկ,
Իշխանի առաջ կանգնեցին ոտի,
Ողջույններ տվին զորավարին սեգ
Եվ աղերսները մեծ ծերակույտի:
 
Զրույց էր անում զորավարը մեծ
Ընկերների հետ իր հավատարիմ,
Եվ պատմում էին հին արկածներից,
Հիշում մարտերը` վարած միասին:
 
Տարածեց ձեռքը իշխանը փութով,
Լռեց դահլիճը պերճ ապարանքի.
Պատվիրակները պատմեցին վշտով
Թշվառ վիճակը մայր հայրենիքի:
 
Լսում էր տխուր պատգամը նրանց,
Վարանմունքի մեջ վշտակոծ հոգին,
Վաղեմի քենը բռնկվեց հանկարծ
Եվ ձեռքը ժխտող տարածեց ուժգին:
 
Ոսոխն օրեցօր մխրճվում է խոր,
Ուր ոտք է դնում` ավեր ու ավար,
Եվ ժողովուրդը վհատ ու մոլոր
Հնար է փնտրում, չի գտնում հնար:
 
-Մայրենի տաղով, հայրենի հողով
Կերթանք նրա մոտ մեր գուսանն ու ես,-
Ձայնում է ուժով մի ծեր շինական,-
Կբերենք նրան, նա չի լքի մեզ:
 
Եվ ժողովուրդը ուղի է դնում
Իր հին գուսանին և ծեր գեղջուկին.
-Ողջույններ տարեք, մեր սերը անհուն,
Նա չի մոռանա իր ժողովրդին:
 
Գնացին նրանք, սահմանը չանցած`
Շինականն արտից առավ մի բուռ հող,
Լցրեց քսակը, և արագընթաց`
Հասան իշխանի ապարանքը ճոխ:
 
Երեկո էր ուշ. կանթեղները լուռ
Նշույլում էին պերճ ձեղուններից,
Զորավարը հին` նստել էր տխուր,
Ընկերների հետ` մռայլ, թախծալից:
 
Տավիղն հինավուրց հանելով ուսից`
Գուսանը կանգնեց դահլիճում մարմար,
Զարկեց լարերին թափով, խանդալից,
Եվ լեզու առավ տավիղն ոսկելար:
 
Հին հայրենիքի մեղեդիներն հին
Մեղմ կարկաչեցին առվակների պես.
Գուսանը վառման` երգեց սրտագին
Ճերմակ լեռների կատարները վես:
 
Արծըվի կանչը` ժայռի գագաթին,
Ծըփուն արտերի զմրուխտը պայծառ,
Վիթերի վազքը` կիրճերում մթին,
Հոտերը բարի` դաշտերում դալար:
 
Երգեց ձիերի խրխինջը խրոխտ
Հայրենի փոշոտ ճանապարհներում,
Խաղողը ոսկի, հնձանները հորդ,
Եվ խրճիթների ծուխը ոլորուն:
 
Երգեց սիրազեղ վարդ-աղջիկներին,
Որոնք կարոտով կանչում են նրան,
Երգում են նըրա փառքը սխրագին,
Որ շողշողում է արևի նման:
 
Մռայլ ճակատը դողդոջուն ձեռքին
Եվ աչքերը գոց` երազով տարված,
Լսում էր քաջը գուսանի երգին,
Լսում էր` սրտին ականջը դըրած:
 
Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեռած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:
 
Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը հողով
Իշխանի առաջ և կանգնեց անդորր:
 
Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:
 
Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:
 
Այդ հողն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դառել:
 
Լսում է խորհին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի հողի խորհուրդը հըզոր:
 
Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,
Զգում է այնպես` թե աշխարհի ողջ
Գանձերը ունի ափի մեջ բռնած:
 
Աչքերը լցված սրտի արցունքով`
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա հողը հայրենի:
 
Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,
Ընկերների հետ փառքի և վշտի
Սլանում է սուրբ հողը հայրենի:
Մի մայր ուներ չորս հատ որդի:
Մեկը`ուսած, հռչակավոր,
Ուներ ամբիոն վարժապետի.
Սակայն մյուսը` կրոնավոր,
Մի քահանա սրբակենցաղ.
Եվ երրորդը` վաճառական,
Լայն ձեռնարկներ, մեծ առուծախ.
Իսկ վերջինը... թափառական,
Կարիքի մեջ` աղքատ ու խեղճ:
 
Երբ մահն եկավ, մայրը աստծուց 
Շնորհ խնդրեց - տեսնել շիրմից,
Թե ինչպիսի՞ վերաբերում
Պիտ ունենա որդիներից:
Վարժապետը գրեց ներբող,
Աղոթք կարդաց սուրբ քահանան,
Եվ հարուստը նվիրեց փող.
Բայց հեգ որդին թափառական
Բեկված սիրտը մորը բերեց...
Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ հայ ժողովուրդ, տանջանքիս աղբյուր:
    Եվ ո՞վ կուտա ինձ արցունք ծովերով` լալու երկիրդ արյո՛ւն ու թափո՛ւր...
    Հի՜ն-հի՜ն դարերից, խավար դարերից, դաժան ու դժար ճանապարհներով` քո հոգու, մտքի ինքնուրույնության և ազատության վեհ գործի համար դու մաքառեցիր` միշտ մագլցելով դեպի անհունը, դեպի լույսն անմահ...
    Ավա՜ղ, խավարը և չարը դժնյա և այս աշխարհիս գոռ հզորների սուրն ու բռունցքը խորտակեցին քեզ, և նվիրական խոր վերքը սրտիդ և մարտիրոսի պսակը ճակտիդ ընկար դու անհաղթ, բազմատանջ վկա, կատարելության մեծ շավղի վրա...
    Եվ ազգեր եկան ոստերով դալար` ճախրելով դեպի արևը պայծառ և քո վրայով ընթացան հառաջ. և ազգեր եկան, ազգեր գնացին, վերքերդ տեսան և չբուժեցին, և քեզ իրենց հետ չվերցրին, տարան...
    Եվ ո՞վ կուտա ինձ արցունք ծովերով լալու վիճակդ դառն, անօրինակ, իմ հեգ հայրենիք` ավեր ու ավար, ընկած ոտնատակ, աչերդ` պղտոր, երկինքդ` խավար, բռնավորների զարկի նշավակ...
    Իմ վե՛հ հայրենիք, հովի՛տ թախծության, արյուն-արցունքի օվկիանոս անծիր, որ ծանրացել ես հազար տարիներ մարդկության մեռած, քար խղճի վրա և փոթորկաշունչ բուռն հորձանքով ճգնում ես փշրել զայրույթդ պատող ափերըդ հսկա...
    Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ իմ վիրալից, խոցված հայրենի՛ք. շինականներդ, որ հողդ են հերկում արյուն քրտինքով և քաղցած նստում, և հարուստներդ, մեծատուններդ` վախկոտ, փերեզակ, տխմար ու տմարդ, և արծաթասեր, իսկ գիտուններդ` ոգու այդ նանիր հեղգ գաճաճները, որոնք կույր ու գուլ օրհասիդ հանդեպ, որոնք մոռացած քո արյան ծովը թե կաճառներում փուչ ամբիոններից ճչում են անվերջ ունայն, սնամեջ զառանցանքներից, բարբաջանքներից` դսրովող և՛ մայրենի խոսք, մայրենի երկիր. վա՜յ գիտուններիդ, որոնք շան նման` այն ազատարար ձեռքն են կծոտում, որն իրենց վզի շղթան է կոտրում, որոնք` ապերախտ ստո՛ղ, դավաճան...
    Առաջնորդներդ, որոնց թիկունքն է թշնամին տեսել և խղճահարվել, որոնք, սիրելիս, քո դյուցազնոգի վեհ որդիներիդ, նահատակներիդ, այն, որ նվիրված, քո վերքով վառված, արյունովդ օծված` հրեղեն սրեր - թռել են անվախ վես բարձունքները կյանքի ու մահի` քո սիրո համար - նրանց ծաղրում են և նախատում են, և անգերեզման, և անհիշատակ սև մոռացության անդունդն են նետում. առաջնորդներդ, որոնք թափում են ջրի արտասուք սուրբ վերքիդ վրա:
    Ողբում եմ դառն վիճակդ դժնյա` չարի, բռունցքի զոհ հազարամյա, ընկած ազգերի մեծ ճամփու վրա...
    Ողբում եմ նորից քո արտասվելի վիճակդ անգութ, դու խավարի մեջ միշտ լույս որոնող, իմ հա՛յ ժողովուրդ - արդ առավոտից մինչև առավոտ ոտներիդ ներքև ես քեզ եմ հսկում անխոնջ ու անքուն` քո շունը որպես...
    Գիշերը մինչև լույս վանում եմ հեռու վերադ արշավող ոհմակը գայլի, ցերեկը, սակայն, թշնամիներիդ սրունքն եմ կծում, երբ քեզ են կոխում...
    Վե՛ր կաց, ոտքի՛ ել, փոթորիկներից աննվաճ կաղնի դո՛ւ գերմարդկային, դո՛ւ գերբնական տառապանքների երկաթե ոգի,- դու պե՛տք է ապրիս, դու կուզե՛ս ապրել:
    Եվ վերքդ պոկիր, տո՛ւր ինձ, սիրելիս, և գոտեպնդվիր և խրոխտ ու վես կոչնակդ հնչե՛, թող եղբայրության, և իրավունքի, և ազատության զանգը որոտա քո երկաթեղեն լեռներիդ վրա...
    Ձայն տուր քո ընտիր, քաջ որդիներին, որ մռնչում են շղթաների տակ, կուռ զնդաններում, անապատներում, սառցե դաշտերում, ձայն տուր, և նրանք` խորտակած կապանք` դեպի քեզ կուգան:
    Ձա՛յն տուր քո վսեմ, վեհ որդիներին, որոնք ընկած են կռվի դաշտերում, կախաղանների, կացինների տակ, և՛ գնդակահար, և՛ սրախողխող, ձա՛յն տուր, և նրանք կկենդանանան և կրակի պես կսլանան, կուգան...
    Եվ քո դարավոր ցասման, զայրույթի ամպրոպի շանթը արձակե հիմա, ջախի՛ր, ջախջախի՛ր բռունցք ու շղթա, նոր արև վառի՛ր մեր խավարամած, հոգնած բբերին, և՛ ազատության, և՛ արդարության վառ գարունը բեր մեր ավեր երկրին, ստեղծագործության և ոգեվառման երազ-թևերով մեր ոգին թռցրո՛ւ ափերը հեռո՜ւ...
    Դու պե՛տք է ապրես, դու կուզե՛ս ապրել. ո՛վ դու ախոյան լույսի, գեղեցկի. կռվել, ոգորել դու վաղո՛ւց գիտես,- փշրի՛ր, փոշիացրո՛ւ օրենք ու կուռքեր, բարվո և չարի տախտակները հին, և բազմաչարչար քո հոգու խորքից ստեղծագործի՛ր ոգու սավառման մի նորոգ աշխարհ` բոլոր տառապած, բոլոր խոշտանգած, ծարավի, ցավի մեր ոգիների փրկության համար...
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով անցավ փարավոնների բուրգերի վես ճակատների վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.
    -Իմ հրաշագեղ, իմ աննման թագուհի, ես քեզ սիրում եմ. ես` աշխարհի անսանձ և ըմբոստ ոգին, ահա նազելի ոտներիդ տակ մարում եմ... Երբ հորիզոնից հորիզոններ էի անցնում, սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդ, տեսա և սիրեցի... Բա՛ց նվիրական գիրկդ ինձ համար...
    Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:
    -Մի՞թե գութ չունիս, դո՛ւ, որ այդպես քնքուշ ես և գեղեցիկ, մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդ առջև...
    Հեծծեց քամին և մեղմով գրկեց նրա նուրբ իրանը և ուզեց համբուրել, բայց արմավենին զայրացած հրեց նրան և ասաց.
    -Ի՞նչ ես ձանձրացնում ինձ, անպատկա՛ռ քամի, դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ. իմ սերը քեզ համար չէ. գնա՛, կորիր դո՛ւ, անտուն, անհայր, թափառական... Ես, որ արքայական պարտեզների երազն եմ, ինչպե՛ս կարող եմ մի մոլորաշրջիկի իմ սերը տալ...
    -Բայց ես քեզ սիրում եմ բոլոր ծովերի ուժով և խորքով,- հառաչեց քամին:
    -Դու ո՞վ ես որ, մի՞թե այն չես, որ գիշեր-ցերեկ վայում ես ավերակների մեջ և ամայի ուղիների վրա ունայն դեգերում. ամեն դուռ փակ է քո առջև. դու նախանձից տների ճրագներն ես մարում, որովհետև տուն չունիս, թավշյա տերևներն ես փոշոտում ու վանում ցանուցիր, որովհետև չար ես ու խանդոտ, մերկ ես ու աղքատ, գնա՛, հեռացիր ինձնից...
    -Ի՛մ թագուհի, մի՞թե ինձ չես ճանաչում,-ասաց քամին,- ես աշխարհի հզոր, անհաղթ ոգին եմ. ես նա՛ եմ, որ շառաչելով Հիմալայան երկնասույզ ժայռերի վրա, մի թափով թռչում եմ` քերելով պարթևական Դեմավենտի ճակատը պողպատյա և մրրկվելով Արարատյան գոհարակերտ գագաթին` հասնում եմ մինչև բարձունքները Ատլասի:
    Ես նա՛ եմ, որ ղողանջելով Քաշմիրի զմրուխտյա հովիտներում, սլանում եմ իրար խճճելու հսկայական Ամազոնի նախաստեղծ և անթափանց անտառները, ինչպես կույսը խաղում է իր դեղձան մազերի հետ:
    Ես նա՛ եմ, որ գալարելով ու ոլորելով հորձանուտ անդունդները Ատլանտիկի, մինչև հրեղեն աստղերն եմ թևակոխում. ես նա՛ եմ, որ անծայրածիր Սահարայում ավազի բարձրաբերձ լեռներ եմ շինում, նորից քանդելու համար. ես նա՛ եմ, որ քաղաքների նախամայր Մեմփիսը ավազի դեղին հեղեղների տակ ծածկեցի...
    -Ես սարսափում եմ քեզնից, դո՛ւ դաժան ես, դո՛ւ վայրագ ես,- դողդոջուն ասաց արմավենին...- Ես Նեղոսն եմ սիրում միմիայն. Նեղոսը քեզնից հզոր է, բայց և գթոտ. նա գիշերները ինձ մեղմանուշ օրոր է մրմնջում և նինջս հյուսում չքնաղ երազներով, որ բերում է հեռավոր աշխարհների մարմարեղեն լեռնագահերից... Գնա այստեղից,- աղաչեց արմավենին:
    -Բայց մի՛ վախենար, ի՛մ նազելիս, որովհետև երբ սիրում եմ, աշխարհի ամենահեզ, ամենաբարի ոգին եմ դառնում. մի՞թե դեռ ինձ չես ճանաչում. ես նա՛ եմ, որ իմ քնքուշ թևերի վրա դրախտի բուրմունքներն եմ տարածում աշխարհե-աշխարհ. ես նա՛ եմ, որ սրտահույզ քնարի նուրբ լարերն եմ թրթռացնում և նրա գեղգեղանքը հասցնում սիրատոչոր հոգիներին. ես նա՛ եմ, որ դալարագեղ անտառների անհուն լռությունն եմ օրորում, աղբյուրների մարգարիտների մեջ լալիս ու քրքջում... Ես նա՛ եմ, որ երկնասլաց արծիվների թևերն եմ շարժում և նումիդական առյուծների բաշերը հյուսում. ես նա՛ եմ, որ արշալույսից մինչև արշալույս մրահոն կույսերի գիշերագեղ մազերն եմ շոյում և աստղերի երազները բերում նրանց. և ես նա՛ եմ, իմ թագուհիս, որ մշտամրմունջ խոսում եմ արքայական Մեմնոնի արձանի հետ, և ես ահա՛ ոտներիդ տակ հիմա սեր եմ աղերսում: Գթա՛ ինձ, արձակիր շքեղ վարսերդ վրաս, ես հոգնած եմ ու տառապած, թո՛ղ համբուրեմ քեզ և երանության մեջ մոռանամ վշտերս ու խոնջենքս դարևոր և թափառումներս անկայան...
    -Ես քեզ չեմ սիրում, չե՛մ սիրում,- բարկացավ արմավենին,- ես քեզ ասացի, որ Նեղոսն եմ սիրում. նա հզո՛ր է և քնքո՛ւշ, սիրտը խորն է նրա և գթով լի. տե՛ս, ինչպե՛ս փայփայում է նա իմ դեմքը և միշտ պահում իր սրտի վրա. տե՛ս ի՛նչ գեղեցիկ է նա` վեհ և հանգիստ. երկնքի ադամանդյա աչքերը մինչև լույս նրան են նայում հիացած. արքայափայլ արևը նրա հայելու մեջն է փայլում-հուրհրում:
    Ես միա՛յն, միա՛յն նրան եմ սիրում. նրա ոսկեշուրթ ալիքները համբուրում են ինձ և զովացնում իմ կարոտակեզ հոգին. առավոտից մինչև առավոտ մրմնջում է նա ինձ պարիկների դյութական երգերը և պատմում միշտ հրաշալի հեքիաթներ:
    Ահա, կանչում է նա ինձ. իմ մազերի քաղցրաբույր ստվերը պիտի իջնի նրա այրված ճակատի վրա. միա՛յն և միա՛յն նրա համար են բողբոջում իմ սիրավառ համբույրները:
    Կորի՛ր, հեռացի՛ր, ո՛վ դու անտուն պարծենկոտ քամի:
    Այսպես ասաց արմավենին և վարսերը կախեց Նեղոսի վրա, որի ալիքները թռչում էին վեր, դեպի արմավենու սիրաբորբոք շրթունքները.
    -Դո՛ւ, որ ինձ չես սիրում և արհամարհում ես ինձ, հիմա տե՛ս, թե ո՜վ եմ ես. քո տերն եմ ես, ո՛վ դու անմիտ, գոռոզ արմավենի, քո տե՛րն եմ ես...
    Եվ մռնչաց քամին, գալարվեց, զայրացավ քամին, Նեղոսի անշարժ ջրերը վայրագ խանդով խառնեց-պղտորեց, դուրս թափեց ափերից. շառաչեցին ծառերն ու ծառատունկները բոլոր, և գետնին փռվեցին, և հողի սյուները ամպերի հետ խառնվեցին, դողաց, դողդողաց արմավենին, իսկ սիրահար քամին գրկեց նրան ամուր ու հզոր բազուկներով, պոկեց արմատից, սեղմեց իր զայրացած ու սիրատոչոր կրծքին և տարավ հեռո՜ւ, հետո՜ւ, դեպի անապատները այրվող, դեպի ծովերը շափյուղյա, դեպի լեռնագագաթները ձյունափառ...
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս...
    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ...
    Խե՜ղճ եղնիկ... Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան... Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ...
    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ...
    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ...
    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում...»:
Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
    Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
    Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
    -Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը... Եվ մնացել եմ անպատասխան:
    Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից... Եվ մնացել եմ
անպատասխան:
    Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
    Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին...
    Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
    Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
    Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
    «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
    Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
    Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը - չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ...»:
    Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
    Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից...
Մեր պարտեզի բարձր բարդիի վրա, ուր ծառը երեք մեծ ճյուղերի էր բաժանվում, երկու արագիլ, այր ու կին, իրենց բույնն էին հյուսել` մի ամուր և մեծ բույն. այնպես որ արագիլները իրենց ձագուկներով հանգիստ տեղավորվում էին այնտեղ:
    Ամեն գարուն, ձնծաղիկների երևալուն պես գալիս էին արագիլները, այր ու կին. հսկա թևերը գյուղի վրա ծափ տալով և ուրախ-ուրախ լա՛կ-լա՛կ անելով, գալիս հանգչում էին իրենց վաղեմի բույնի վրա:
    Մի քիչ հանգստանալուց հետո սկսում էին աշխատել. թռչում էին, շյուղ, տաշեղ, փետուր գտնում-բերում ու բույնը կարկատում:
    Անցնում էր մի ժամանակ, ու մի օր էլ մենք տեսնում էինք արագիլների ամեն մի շարժումը. մեկ տեսնում էինք, թե ինչպես ծնողները փոխնիփոխ դաշտն էին գնում, սնունդ ճարում ու բերում կերակրում ձագերին, մեկ տեսնում էինք, թե ինչպես հայրն ու մայրը ձագերին թևերի վրա առած թռչել էին սովորեցնում, ճիշտ այն կերպ, ինչ կերպ մեր մեծերը մեզ լող էին սորվեցնում գետի խորին տեղերում:
    Մի տարի մեծ դժբախտություն պատահեց: Հայր-արագիլը կանգնել էր բույնի եզրին, հսկում էր նորածին ձագերին, իսկ մայր-արագիլը գնացել էր ճահիճը կերակրվելու կամ կեր բերելու:
    Քաղաքից որսորդներ էին եկել. այդ անգութները կրակեցին հրացանները և սպանեցին խեղճ մորը:
    Օրն եկավ, ճաշ դարձավ. մայրը չեկավ. սպասեց հայր-արագիլը, սպասեց, նորից չեկավ: Երեկոյան մոտ թռավ ճահիճը փնտրելու մայր-արագիլին:
    Տեսնելու բան էր, թե ինչպե՜ս խեղճը թևակոտոր ընկավ կնոջ դիակի վրա, լալագին ձայնով լա՛կ-լա՛կ արեց, վեր ու վար թռավ, թևերով երբեմն իրեն գլխին էր խփում, երբեմն` չոր գետնին... Մութը որ իջավ` թևերը քարշ տալով հասավ բույնը, որբ ձագերին ծվարեց թևերի տակ և լռեց:
    Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը:
    Առավոտ վաղ թռչում էր բույնին մոտիկ դաշտերը, գետափերը, աչքը միշտ պահելով բույնի վրա. պարեն էր հավաքում, բերում ձագերին տալիս:
    Ձագերը երբ թևավորվեցին, հայրը զատ-զատ վեր էր առնում նրանց և թռչել էր սովորեցնում: Ձագերը թռչում էին գնում դաշտը և ապա ուրախ-ուրախ դառնում բույնը, տխուր հոր շուրջը ծափ տալիս, նրան ուրախացնում:
    Եկավ աշունը, և նրանք միասին թռան գնացին:
    Հաջորդ գարնանը մեր արագիլը դարձավ եկավ մեն-մենակ:
    Բույնը դիտելուց հետո գնաց կանգնեց ճահիճը, կանգնեց կնոջ զարկված տեղի վրա, կանգնեց, կանգնեց և նորից եկավ բույնը:
    Եվ ամեն օր գնում էր նա այնտեղ. մի ոտքի վրա ժամերով տխուր կանգնում` վիզը ծռած, գլուխը թևերի տակ:
    Տեսնում էինք հաճախ, թե ինչպե՜ս մի արագիլ, մի անծանոթ նորը, մոտենում էր նրա բույնին, նրա հետ լա՛կ-լակո՛վ խոսում ու դժկամ հեռանում:
    Երբեմն էլ այդ եկվոր արագիլները փորձում էին նստել բույնի մեջ, նրա կողքին, կտուցները քնքշորեն քսում էին նրա պարանոցով, փետուրների մեջ, բայց նա մերժում էր և ուժով բույնից հեռացնում նրանց:
    Մի անգամ, մի արագիլ ուղիղ երեք օր դարբաս արեց մեր արագիլին. քանի մեր արագիլը վանում էր նրան, սա նույնքան համառությամբ գալիս էր նորից թևերը փռում մերինի վրա, գլուխը թաքցնում մերինի թևերի տակ, բայց մեր արագիլի սիրտը կոտրած էր, նոր սեր չէր ուզում:
    Լուսնկա գիշերին հաճախ տեսնում էինք նրան` մենակ թափառելիս դաշտերում ու լսում էինք նրա տխուր լա՛կ-լա՛կը:
    Այսպե՜ս, երեք թե չորս տարի ապրեց նա տխուր ու սգվոր, ապրեց մենակ ու կատարյալ այրի:
    Ամեն գարնան գալիս էր ու ամեն աշնան գնում. մի աշնան էլ գնաց, և գարունը բացվեց, չերևաց. սպասեցինք, սպասեցինք - չեկա՛վ ու չեկա՛վ:
    Բույնը մնաց-մնաց, ինքնիրեն քանդվեց:
    Պանդխտական ուղիներիս վրա ես հանդիպեցի իմ սերին:
    Նստել էի գարնան պարտեզում հասակ առած մի ծառի տակ` մենակ ու մտորուն:
    Անցավ մի աղջիկ իր ընկերուհիների հետ, այնպե՜ս ուրախ և վճիտ, ինչպես այն թարմագեղ գարունը, որ թռչունների երգերով փռվել էր ծաղիկների ու սեզերի վրա:
    Ես նայեցի նրան, նա նայեց ինձ, և մեր հայացքները գրկեցին իրար:
    «Որքա՜ն ծանոթ էր այդ հայացքն ինձ: Ո՞ւր էի պատահել: Երբ եմ տեսել նրան - այնքա՜ն ծանոթ ու վաղածանոթ դեմք... գուցե երազի մեջն եմ տեսել, գուցե իմ հայրենիքում, մանկության օրերիս, խաղացել եմ նրա հետ»:
    Եվ ոտքի ելնելով, ստվերի պես հետևեցի նրան. անցավ մի պահ` տեսա նրան ընկերուհիներից անջատ, մոլորուն քայլերով շրջում էր պարտեզում:
    -Ողջույն,- ասացի ես,- ներիր, եթե ասեմ, որ ինձ թվում է` թե ճանաչում եմ քեզ, վաղուց, շատ վաղուց, սակայն ո՞ւր եմ տեսել - չգիտեմ:
    -Դու ևս ծանոթ ես թվում ինձ, միայն չեմ հիշում երբ եմ տեսել: Բայց տեսել եմ անշուշտ:
    -Ես օտար եմ այս երկրում, սա իմ հայրենիքը չէ, առաջին անգամն եմ շնչում այստեղի օդը: Գուցե դու եղել ես իմ հայրենիքում, իմ հեռավոր հայրենիքում...
    -Ո՛չ, իմ հայրենիքից դուրս չեմ եղել երբեք: Ի՜նչ տարօրինակ հանդիպում է սա, ի՞նչ խորհուրդ ունի այս...
    -Բայց որքա՜ն հարազատ է, վաղեմի ծանոթ, քո ձայնը, և մանավանդ քո հայացքը. կարծես հազար դարեր առաջ մենք տեսել ենք իրար...
    -Այո՛, ավելի քան հազար դարեր առաջ...
    Եվ նստեցինք իրար մոտ, և երկար նայում էինք միմյանց,- և մեր հոգիները հանկարծ լուսավառվեցին հավերժի հիշողությամբ - ճանաչեցին իրար իմ հոգին, նրա հոգին:
    -Ես ճանաչեցի քեզ, իմ անմահ սեր: Քո այդ հավիտենական քաղցր հայացքը ճանաչեցի ես: Դու իմն ես եղել միշտ` արևներից ու աստղերից առաջ,- ասացի ես:
    -Ճշմարիտ, դու իմն ես եղել միշտ, իմ հավիտենական ընկեր, միշտ իմը` աշխարհի ձևավորումից առաջ, երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի և տարածության բոլոր իրերը:
    -Այո՛, նազելիս, հիշո՞ւմ ես... մենք հյուլե էինք մի զգացումով, մի կամքով, հավերժության սկզբից ծնված միասին, ձուլված մի հոգու մեջ: Անհամար դարեր դեգերում էինք խավար տիեզերքի անհայտ ոլորտներում, մենակ և երերուն, բյուրաբյուր հյուլեներից հեռու և մեկուսի:
    -Այո՛, մտերիմ ընկեր, մենք իրար գրկած թափառում էինք տարածության անեզրության մեջ` միլիոն, միլիոն տարիներ, միլիոն դարեր, որոնք անցան մի վայրկյանի պես, որովհետև մենք երջանիկ էինք:
    -Ո՛հ, ինչ ահավոր մրրկապարերի մեջ եղանք, կաղապարվող և քայքայվող արևների մեջ եղանք, բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ...
    -Սակայն տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առժամանակ, որ անթիվ դարերից հետո անպարտելի կարոտով բռնկված` նորից գտնենք իրար...
    -Այո՛, հոգիս, սիրել նշանակում է` գտնել իրար...
    Եվ քնքուշ ձեռքը դրեց նա ափերիս մեջ:
    -Հետո, հիշո՞ւմ ես,- ասացի ես,- գրեթե կես հավերժություն անցավ մեր անջատման օրից: Նորակազմ երկրի վրա էր, վիթխարի ծառերը հասնում էին մինչև բարձր ժայռերի կատարին, ահռելի կենդանիները վխտում էին ջրերում և ցամաքի վրա:
    -Հիշում եմ այսօրվա պես: Դու վագր էիր որսում ահագին մահակը հուժկու ձեռքիդ, երբ քեզ տեսա. զգացի, որ միլիոն տարիներ միասին ապրած իմ ընկեր-Հյուլեն էիր: Քո հայացքը հավերժական սիրո լեզուն էր:
    -Ես էլ նույնը զգացի և, մղված մի անհաղթ տենչով դեպի քեզ` թողեցի որսը: Եվ քո ցեղակիցների հետ մահի և կյանքի կռիվ տալով` հափշտակեցի քեզ և արագ տարա հեռավոր անտառի մեջ մի քարանձավ:
    -Հետո, դու մի օր եկար որսից մի հսկա գերան ուսիդ դրած` մի ծայրին վարազը ջախջախված գլխով, իսկ մյուս ծայրին - ուրախ, փայլուն, ճարճատուն վարդը` նորագյուտ կրակով: Ի՜նչ հրաշալիք էր:
    -Ահ, ինչ սարսափելի և սքանչելի օր էր այդ: Ես անտառումն էի, որոտում էր երկինք ու երկիր, ամպերը քարի ծանրությամբ կախվել էին գլխիս, անձրևը հեղեղում էր,- և հանկարծ ահեղ կայծակը հզոր սրի պես զարկեց սարի կատարին. ծառը իսկույն բոցավառվեց, ես փախա վախից. ապա հետաքրքրված մոտեցա: Ծառի ճյուղերը հալվում էին, ուրախ-ուրախ ճիչեր արձակելով. ավելի մոտեցա, թրջված էի անձրևից և մրսում էի. շատ հաճելի թվաց ինձ երկնքից ընկած այդ թրթռուն, խայտուն, կարմիր կրակը: Տաքանում էի` հիացած աչքերս չհեռացնելով այդ երկնային գեղեցկությունից, երբ զգացի մի քաղցր հոտ` մինչև այդ օրը անծանոթ մարդկային հոտոտելիքին: Նայեմ` ինչ տեսնեմ - սպանված վարազս, որ ընկած էր գետնին, մի այրվող ճյուղ հասել էր նրան և խորովում էր վարազի ազդրը: Դուրեկան հոտը գրգռել էր ախորժակս. փորձի համար խորոված տեղից կերա... այնպիսի անգերազանցելի ճաշակ ունեցա, որի նմանը չունեցա իմ դարավոր վերապրումների ընթացքին այլևս:
    Հիշո՞ւմ ես, այնուհետև մենք միշտ խորովում էինք միսը: Ի՞նչ համեղ սեղաններ ունեինք:
    -Այո՛, իսկական հրաշք էր... Երբ վառվող գերանը քարանձավը բերիր, ես սկզբում վախեցա, երբ սովորեցի, էլ չէի հեռանում կրակից: Դու գնում էին անտառ, ծառեր էիր կտրում ու բերում, իսկ ես հսկում էի, միշտ նոր փայտեր ձգելով, որ չհանգչեր կրակը:
    -Ի՜նչ անուշ օրեր ունեցանք այդ երկնային կրակի շուրջը: Մեր երեխաները մեծացան նրա օրհնության տակ, ձմեռը առանց մրսելու քնում էին նրա շուրջը, և նույնիսկ վայրագ գազանները վախենում էին մեր բնակարանին մոտ գալու: Հիշո՞ւմ ես, որպիսի խորին ծերության հասանք մենք:
    -Եվ հեռավոր տեղերից, իմ սիրելի ընկեր, գալիս էին մարդիկ մեր կրակից տանելու: Այո՛, գալիս էին մեր անձավը ուխտի: Սուրբ երդ էին կոչում մեր կրակատեղը և սուրբ երդաստան` մեր բնակարանը: Եվ ապա այդպես կոչվեցին բոլոր մարդկանց կրակատեղին ու բնակարանները, ուր կին կար, միշտ կրակը վառ պահող և սրբազան կրակը` երդի մեջ:
    -Այո՛, հոգուս հատոր, ինչպե՞ս չէ: Այդ դեպքի շնորհիվ շատ բան փոխվեց մարդկային կենցաղում. կանայք այր մարդկանց հետ որսի չէին գնում, այլ մնում էին տանը` հոգ տանելով կրակի վրա, իսկ միայն այրերս էինք գնում սար ու ձոր, դաշտ ու անտառ, սնունդ հայթայթելու համար: Պայքարում էինք ամեհի կենդանիների հետ: Եվ այդ իմ հավիտենական կյանքիս ամենաերջանիկ օրերն էին:
    -Դրանից հետո, ես հիշում եմ մեր նոր վերածնունդը: Դա` նվիրական Հիմալայի գրկումն էր, հավերժական գարունի պարտեզում, չքնաղ Քաշմիրի հովտում: Ես մի դեռափթիթ աղջիկ էի, իսկ դու` մետաքսավարս այծերի հովիվ, քաղցր սրինգը միշտ շրթներիդ վրա. մենք հանդիպեցինք մի երեկո ծաղիկների մեջ... մեր հայացքները համբուրվեցին իրարու հետ...
    -Հիշում ես, նազելիս, վերջալույսին էր, ես ժպտացի` քեզ նվիրելով անթառամ ձյունավարդերի մի փունջ, որ քաղել էի Հիմալայի բարձր ապառաժների կողերից: Մենք նորից գտանք իրար մեր մշտանորոգ սիրով ու կարոտով, բայց, ավա՜ղ, ինչ կարճատև եղավ մեր երջանկությունը: Հյուսիսից բարբարոս հրոսակները ներխուժեցին մեր դրախտային հայրենիքը, հրի ու սրի տվին գյուղ ու խրճիթ, տարան մեր հոտերը. քեզ ևս, իմ հոգուս հոգի, ուզում էին տանել, որովհետև դու միշտ աննման գեղեցիկ էիր. ես դեմ կեցա, սրի հարվածը կուրծքս պատռեց, սրտախոց ընկա, այլևս չգիտեմ` ինչ եղավ...
    -Ես չբաժանվեցի քո մարմնից, իմ նվիրական սեր: Երբ քեզ թրատում էին, ես ձեռքովս և ատամներովս բռնել էի սուրը և նույն սուրը խրեցի իմ սիրտը... Ա՜խ, արտասվալի վախճան, ողբալի բախտ...
    -Սակայն անտեղի է ողբալը այժմ: Անընկճելի կարոտով դեպի քեզ ես վերստին մարմին առա: Ոսկեբաշ առյուծ էի Լիբիական կիզող անապատում, քեզ էի որոնում և չէի գտնում: Օրեր հրեղեն կարոտից տոչորված` մռնչում էի բոցափայլ անապատում, և շնչիս տակ դեղին ավազը շատրվանի պես վեր էր ցայտում: Մխրճվում էի անապատի խորքերը քեզ որոնելով միայն, և - հանկարծ հեռվից հոտոտեցի քո խենթացնող բուրմունքը...
    -Իրական կերպով, այս վայրկյանիս, իմ հավերժ սիրելիս, վերհիշում եմ ահավոր կարոտիդ սոսկալի մռնչյունը, որ դող ձգեց հոգուս մեջ: Զգացի քո հարազատ շունչը, որ միշտ փռված էր հոգուս մեջ հավիտյաններից ի վեր: Անդիմադրելի ուժով տարված` սլացա դեպի քեզ: Ի՜նչ երջանիկ էի քո հզոր հովանու ներքո: Քո սպառնալի ստվերից զարհուրած` չէին համարձակվում ինձերն ու վագրերը մոտենալ մեր որսատեղի սահմաններին անգամ:
    -Մի դեպք ինձ ծայր աստիճան հուզում է մինչև օրս. հիշում եմ, իմ քնքուշ ընկեր, այս անգամ մենք գեղեցիկ Հելլադայում էինք: Ես մի աղքատ քանդակագործ էի: Մի փառաշուք տոնահանդեսի պահին էր. սիրո լույսերի մեջ մենք ճանաչեցինք միմյանց, իմ հոգին տեսավ քո հոգին, թեև ուրիշ կեղև էինք հագած: Դու ոստանիկ տիկինների բույլի մեջ էիր, մեր հայացքները իրար հանդիպեցին: Ապա ես կորցրի քեզ, ողջ Հելլադան ոտքի տակ առա և բոլոր կղզիները թափառեցի, բայց քեզ չգտա: Դարձա մենավոր խուցս և գիշերներն անքուն ճգնությամբ լուսեղեն մարմարիոնի մեջ մարմին տվի քո աստվածային դաշն ձևերին, որ բարու և գեղեցիկի գաղափարն էին ինքնին: Եվ գիտեմ, որ անպարփակելի սիրով բռնկված և հոգնատանջ աշխատանքների մեջ հալ ու մաշ` կիսախելագար դեգերում էի հրապարակներում և ծովերի ափերում...
    -Անհուն թախիծով հիշում եմ, իմ անմահ ընկեր, հիշում եմ այն հանդիսավոր օրը, հիշում եմ քո հավերժական հայացքը, որ այլևս այն կյանքում չողջագուրեց ինձ: Սակայն տարիներ հետո ես տեսա այն մարմարիոնը, որ ողջ Հելլադան իմ երկվորյակն էր համարում և իբրև արվեստի հրաշալիք: Ես ներշնչումով` համարեցի այդ անդրին ստեղծագործումը այն երիտասարդի, որի դյութական հայացքը բազմաժխոր ամբիոնի միջից անեզրական սիրով խոսեց իմ հայացքի հետ:
    Սակայն զարմանալին այն է, որ յուրաքանչյուր մեր անձնավորումի ժամանակ, որքան էլ որ փոխված էին լինում դարն ու վայրը, և թե մեր հոգու մարմին առած ձևերը, բայց և այնպես մենք իսկույն անվրեպ ճանաչում էինք իրար, մեր հայացքների մեջ խոսող հոգին բնավ չէր փոխվում:
    -Հիշո՞ւմ ես, սրտագին ընկեր, հարափոփոխ մարմնառումների ընթացքում մենք մի անգամ շատ բախտավոր հանգամանքով կենակցեցինք:
    -Ո՞րն ես մտաբերում, նազելի քույրիկս:
    Եվ նա լուսեղեն ձեռքը դրեց ուսիս և սրտի ձայնով ասաց.
    -Չե՞ս հիշում միթե... մենք սրբազան Բենարեսի շքեղ հովտումն էինք, Գանգա գետի ափում, դու և ես, իրար այնպես մերձ, երկու շուշան, հովիտների քնքուշ շուշան, մեղմ սյուքի հպումից մենք իրար գրկի մեջ թալկանում էինք և իրար հոգու բույրով արբում: Բուդդհան անցնում էր իր աշակերտներով, տեսավ մեզ, երբ մենք իրար գրկում էինք, նա ցույց տվեց մեզ աշակերտներին և ասաց.
    «Նայեցեք այս չքնաղ էակներին, ինչպիսի՜ երկնային սիրով սիրում են նրանք իրար, այս ծաղիկ հոգիները: Ճշմարիտն եմ ասում ձեզ, իմ ավետած Նիրվանան - ահա՛ այս գերերջանիկ սերն է - այսպես սիրեցեք միմյանց, իմ աշակերտներս»,- և ծունկի ելավ, համբուրեց մեզ ու գնաց: Եվ կարծես մեր սրտի խորքերից էր, որոնցով նա բարբառեց:
    -Հիշում եմ, հիշում եմ, նազելիս, երբ նա գնում էր, աշակերտներից մեկը քաղեց մեզ և տվեց մեծ ուսուցչին: Բուդհան մեղմորեն հանդիմանեց նրան, ասելով.- «Ինչո՞ւ ցավ պատճառեցիր նրանց»:- Եվ նա գթությամբ փայփայեց մեզ, և մենք թառամեցինք միասին, գերերջանիկ` նրա աստվածային ափի մեջ:
    -Այո՛, գերերջանիկ ապրեցինք, գերերջանիկ մեռանք, բայց, հոգուս ընկեր, ամեն անգամ մեզ չվիճակվեց գտնել իրար: Ա՜խ, ինչքան անգամ իմ հոգին աշխարհ եկավ, սպասեց կարոտով ու փափագով քո հոգուն, բայց չհանդիպեց երբեք: Ինչքան անգամ լացել եմ ու լացով թափառել որոնելու քեզ: Երազներով քուն եմ մտել և զարթնել եմ նորից մենավոր: Քանի անգամ հոգիս որբ մնաց բյուրավոր մարդկանց մեջ, թեև շատ շատերը ինձ իրենց սերն էին նվիրաբերում: Իմ դարավոր մարմնացումների մեջ քանի անգամ ամուսնացա, սակայն երբեք չսիրեցի իմ ամուսիններին, որոնց կույր, անմիտ պատահմունքն էր բերել իմ ճանապարհի վրա և ոչ թե այն հավերժական անսկիզբ սերը, որ ոգևորել ու կիզել էր մեր հոգիները` հյուլեական գոյությունից մինչև այսօր և մինչև հավիտյան: Ավա՜ղ, շատ եմ տառապել ես...
    -Այո՛, նազելիս, նույն դառն գոյությունները վիճակվեցին նաև ինձ շատ ու շատ անգամ: Հաճախ մնացի ամբողջ կյանքիս մեջ մեն-մենակ: Ծերացա` երազելով անմահ սիրուս գգվանքներին: Հաճախ անիծել եմ, որ մարմին եմ առել այս ներհակ ու չար ուժերով լի աշխարհում:
    Օ՜հ, առանց քեզ ինչ հրեշային տանջանք էր ապրելը: Մի անգամ անվերջ որոնելով քեզ, հուսալքված բախտս կապեցի մի աղջկա հետ, որի հայացքը հեռավոր նմանություն ուներ քո աստվածային հայացքին, սակայն դժբախտ եղա շատ: Անսեր միությունը զարհուրելի մղձավանջ դարձրեց բովանդակ կյանքս:
    Ա՜խ, չարաչար, չարաչար տառապեցի:
    Բայց մի անգամ, նազելիս, մի զարմանալի և շատ սրտահույզ հանդիպում ունեցա: Որսորդ էի, լեռների վրա պատահեցի մի քնքուշ եղնիկի, առանց երկյուղի կանգնեց նա և նայեց ինձ այնպիսի՜ մտերիմ, այնպիսի՜ սիրատոչոր հայացքով, սրտի, հոգու հայացքով: Ես հասկացա նրան, փայփայեցի նրան, համբուրեցի նրա երազուն աչքերը և տարա տուն: Եղնիկը գրկիս մեջ հանգիստ նիրհեց` աչքերը կրծքիս սեղմելով:
    Մինչև իր մահը խնամեցի և գգվեցի նրան, որ երեխայի պես հանգչեց բազուկներիս վրա:
    Իմ ձայնը մարեց սրտիս լուռ հեկեկանքի մեջ: Իջավ մի թախծալի լռություն:
    -Սակայն դարեր հետո, իմ բյուր սիրելիս, մենք նորից բախտ ունեցանք իրար պատկանելու,- լռությունը խզեցի ես: Անշուշտ, չես մոռացել, որ ես վիկինգ էի անվախ, անվեհեր, իմ անղեկ նավակի վրա` սանձելով Ատլանտիկի գոռ ալիքները, հասա Ալբիոնի եզերքին, և քեզ առևանգեցի հենց քո հոր գրկից, որ ափերի իշխողն էր: Դու նայեցիր իմ աչքերի մեջ և կարդացիր հոգիս և ճանաչեցիր անսկիզբ ժամանակների քո վաղեմի ընկերին, կարոտով փաթաթվեցիր պարանոցիս` չխճալով քո մոր աղերսանքներին: Հիշո՞ւմ ես, դու մի ոսկեհեր աղջիկ էիր նոճիի պես սլացիկ:
    -Հիշում եմ, հիշում եմ, հավիտյանների իմ մտերիմ, ի՜նչ կտրիճ էիր դու, արևակեզ, զինավառ, առյուծի բաշով: Հայրս քեզ անհամար ոսկի առաջարկեց փրկանքի համար, բայց ես լալիս էի և չէի ուզում քեզնից անջատվել, և դու արհամարհանքով մերժեցիր հորս պատգամավորներին:
    Դու Սկոնիայի ափերում, բարձր ժայռերի կատարին, արծվի բույների վրա, ամրոց ունեիր հայրենավանդ: Մենք ապրում էինք այնտեղ: Դու արշավում էիր, ավարում մինչև Իսպանիայի և իտալիայի ափերը, և վերադառնում էիր գանձերով ու բերքերով:
    Բայց մեր սերը այս անգամ շատ դժբախտ վախճան ունեցավ ավա՜ղ, ավա՜ղ... Մխիթարական էր միայն այն, որ մեր երկու սիրուն զավակները ողջ մնացին: Հիշո՞ւմ ես այն ոսկեգանգուր կորյուններին...
    Եվ հորդ արցունքների մեջ խամրեցին նրա աչքերը:
    -Մի՛ լար, նազելիս, մի՛ լար, գիտեմ, դու վերհիշում ես այն սոսկալի ժամը, երբ մի օր մենք զբոսնում էինք օվկիանոսում: Այո՛, մեր որդիները որսի էին գնացել, մեզ հետ չէին: Հանկարծ ինչպիսի հզոր փոթորիկ բարձրացավ, անզուսպ հորձանքները մեր նավակը զարկեցին ապառաժներին, և ջրերը կլանեցին մեզ: Մենք իրար գրկած սուզվեցինք անդունդի մեջ: Բայց դու իզուր ես լալիս, չէ՞ որ խավարը երկար չպատեց մեր հայացքը, չէ՞ որ մենք շատ անգամներ վերստին հարություն առանք, վերստին գտանք իրար: Բայց ես մշտապես վերհիշում եմ մի վսեմ վերածնունդ, որը դու ևս անկասկած չես մոռացել: Ես երիտասարդ ասպետ էի հայկական այրուձիի մեջ, ընկերներիս հետ գնում էի մեր երկիրը պաշտպանելու: Մեր հայրենիքի վրա կատաղած արշավում էին պարսկական անհամար զորքերը, նրանք գալիս էին ընկճելու մեր հայրենիքը: Մեր վաշտը անցավ մի քաղաքով, հրապարակի վրա կանգ առանք,- և մի ապարանքի պատշգամբում ես տեսա մի չքնաղ, մանկափթիթ աղջիկ, այդ` դու էիր, մեր հայացքները համբուրվեցին նորից, դու մի վարդ նետեցիր ինձ, մենք նայեցինք վերջին անգամ միմյանց, և հնչեցին շեփորները, և սլացանք մեր նժույգները: Ես գնացի և անձնուրաց ճակատամարտի մեջ ընկա Ավարայրի կարմիր հողերի մեջ` քո սուրբ պատկերը հոգուս մեջ գրկած:
    -Գիտե՜ս, սիրելիս, ես որքան սպասեցի քո վերադարձին, աղոթում էի և սպասում, հուսալքվում էի և նորից սպասում: Թափառիկ գուսանները ներբողում էին ասպետների անձնվեր ճակատումները և սխրալի գործերը, և նրանք, անշուշտ, քեզ էին ներբողում, քեզ, իմ քաջին, իմ կտրիճին, որ այլևս չեկավ...
    Տուն դարձան շատերը, իսկ դու չկայիր... Հալվեցին ձմռան սառույցները, գարունը եկավ, ծիծեռնակները վերադարձան իրենց բույները, իսկ դու չդարձա՜ր, չդարձա՜ր... Գիտես, այդ վիշտը սուրի պես ծայրեծայր խոցեց, մնացի անհույս և անայցելու. սփոփանքի համար վանք մտա, կուսագրվեցի և մենակության ու լռության մեջ լացի, և ճգնեցի, և աղոթեցի քեզ համար, մինչև որ աչքերս փակեցի` միանալով քո հավերժաբար սիրած, պաշտած հոգուն...
    -Դու նո՞րից լաց ես լինում, իմ հոգուս հոգի, բայց ինչո՞ւ: Մի՞թե դու չգիտես, որ այս է մեր անվախճանալի ճակատագիրը - անջատում և միացում, միացում և անջատում, այսպես անհամար անգամ, որովհետև մեր սերը ինքնին հավերժությունն է, որ եղել է միշտ, որ կա և կլինի միշտ...
    Մահը մեզ համար ժամանակավոր նիրհ է եղել և հանգիստ միայն, երբեմն` փափագ` ազատվելու տանջալից, անդաշն վիճակներից...
    Եվ դարերից հետո վերստին մեր շրթունքները անհուն երանությամբ հպվեցին իրար, և մեր հոգիները անսկիզբ և անվախճան համբույրի մեջ վերստին միացան իրար, և մեր հայացքները վերստին հալվեցին իրարու մեջ...
    Գարուն էր:
    Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը, և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին:
    Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին: Նորից լսելու համար բլբուլների երգը և տեսնելու համար գարնան հրաշքը:
    Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված բուրալից ճերմակ շղարշներով:
    Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.
    «Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրեկանին, այնպես էլ վարդը իր շրթերն է բանում առավոտյան հովիկին»:
    Թեև շա՜տ ծերացել էր Սաադին, սակայն նրա հոգին երազի աչքերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին - Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ...
    Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով. երգում էին իրենց դյութական ռուբայաթները սիրո կրակով կրակված, - ու երգում էին Սաադիի սրտի մեջ:
    Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,- և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը...
    «Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը: Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով: Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով», - հիշեց Սաադին իր հին խոսքերը:
    Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց. - և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի:
    Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն:
    Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ:
    Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով:
    Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով:
    Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ առյուծների ետևից՝ արծիվների թևերի տակ:
    Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավաններ տեսավ. Աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը:
    Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփուն բյուրեղը: Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով...
    Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.
    -Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, ո՛վ բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ...
    Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն քար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տվել բոլոր նրանց վրա:
    Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. Նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով:
    Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
    -Այո՛, հրաշք է աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:
    Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամն եմ տեսնում աշխարհը. - աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:
    Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գըվգըվալով. և նորից խոսեց իր սրտում.
    -Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան:
    -Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեթիաթը:
    Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով ու տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե:
    Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին:
    Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չըփափագի երբե՛ք մեռնելու:
    Ո՛վ սեր, դո՛ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն. ես վաղո՜ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը...
    Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է:
    Վերջի՛ն գարունը:
    Պարտեզի դռնակը բացվեց:
    Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին:
    Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները:
    Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ:
    Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց:
    Տխուր էր Սաադին: Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին:
    -Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ: Ինչո՞ւ ես տխուր:
    Սաադին լուռ էր:
    -Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը. և դու ասել ես քո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե:
    Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով:
    -Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից:
    Եվ ծերունուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը:
    -Քո շնորհած վարդերը, ո՛վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել:
    -Այո՛, Սաադի. «Ինչո՞ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին: Պահի՛ր հիշատակը բույրի, և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»:
    Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը:
    Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ, և պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը - այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը:
    Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.
    -Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.
     «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով...»:
Աբու-Լալա Մահարին, 
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, 
Տասնյակ տարիներ ապրեց 
Խալիֆաների հոյակապ քաղաքում, 
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, 
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:
Եվ որովհետև չուներ կին և երեխաներ,
Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով,
Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա,-
Գաղտնի հեռացավ քաղաքից...
 
ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ 
Եվ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:
 
Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:
 
Մեղմ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:
 
Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆաների քյոշքից լուսեղեն:
 
Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:
 
Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:
 
Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:
 
-Գնա՛, միշտ գնա՛, իմ քարավանս, և քայլի՛ր մինչև օրերիս վերջը,-
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
 
-Գնա՛ մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն.
Դեպի արևը սլացի՛ր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:
 
Ա՜խ, մնաք բարով չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:
 
Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու, 
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում:
 
Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:
 
Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը - կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:
 
Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:
 
Իմ սեգ քարավան, գնա՛, մխրճվի՛ր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:
 
Խփե՛մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:
 
Քան ընկերի մոտ, ա՜խ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:
 
Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես
Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-
 
Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:
 
Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա՛ ու գնա՛...-
 
Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:
 
Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ.
Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:
 
Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս-հեռաստանը:
 
ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ 
Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում, - փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:
 
-Քայլի՛ր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը,-
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
 
-Թողել ենք այնտեղ կի՞ն-աստվածային, սե՞ր-երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլի՛ր, կանգ մի՛ առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:
 
Եվ կինն ի՞նչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
 
Խարխուլ մակույկով հանձնվի՛ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին.
Նա` կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
 
Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ,
 
Դու տենչացել ես լույս-ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-
 
Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:
 
Ո՜հ, կնոջ մարմի՛ն, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դո՛ւ, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:
 
Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:
 
Ո՛վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
 
Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:
 
Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա,-
Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից, և անիծում եմ երկունքը նրա:
 
Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի:
 
Սրիկա է նա, ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:
 
-Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ,-
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:
 
Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:
 
Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա,
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա:-
 
Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:
 
Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:
 
Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:
 
Եվ Աբու-Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:
 
Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:
 
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսում թողած-լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:
 
ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ 
Եվ քարավանը Աբու-Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով, 
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:
 
Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:
 
Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:
 
Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:
 
Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն.-
-Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:
 
Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:
 
Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա.
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:
 
Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ, չկա:
 
Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:
 
Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:
 
Կույր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:
 
Ձեր օրենքները - լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:
 
Եղկելի՛ մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր:
 
Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա:-
 
Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:
 
Եվ արար-աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային,
Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:
 
-Գնա՛, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս-ղողանջի հետ,
Վիշտս տո՛ւր հովին, քայլի՛ր բնության ծոցը մայրական և մի՛ նայիր ետ:
 
Տա՛ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր.
Սուրբ մենակություն, դո՛ւ, իմ օազիս, դո՛ւ, երազների աղբյուր զովաբեր:
 
Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:
 
Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան.
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և՛ սուրբ արտասուք, և՛ սեր անսահման:
 
Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ո՛չ մի զորության,
Ո՛չ օրենք, սահման, ո՛չ ճակատագիր, ո՛չ չար ու բարի, և ո՛չ դատաստան:
 
Իմ գլխի վերև չպետք է լինի ո՛չ մի հովանի, ո՛չ մի իրավունք, 
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և՛ ստրկացում, և՛ բռնադատում:
 
Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած:-
 
Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ 
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:
 
Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, 
Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:
 
Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եվ քարավանը` օրոր ու շորոր, քայլում էր անդորր փիրուզյա հեռուն...
 
ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ 
Գիշերն ահարկու` և՛ սև, և՛ հսկա մի չղջիկի պես թևերը փռեց,
Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ:
 
Եվ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով.
Չէին շողշողում լուսինն ու աստղեր. խավարն` ասես թե` պատած խավարով:
 
Եվ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին, 
Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին:
 
Ե՛վ մահասարսուռ շառաչում էին, և՛ աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով:
 
Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս
Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե` մի սիրտ լաց լիներ անհույս:
 
-Գնա՛, քարավա՛ն, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը.-
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու-Մահարին, մեծ բանաստեղծը:
 
-Շաչեցե՛ք գլխիս, ամեհի հողմեր, դո՛ւք, մրրիկնե՛ր, պայթեցե՛ք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դեմն եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցե՛ք ճակտիս:
 
Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում,
Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իր նմաններին է միշտ պատառում:
 
Ի՛մ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երդըդ հայրենի,
Վա՜յ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին:
 
Արշավե՛ք հողմեր, իմ հոր տան վերա, քանդե՛ք, ավերե՛ք հիմերը նրա,
Եվ փոշին ցրե՛ք մեծ աշխարհով մեկ,- անծայր ճամփան է իմ տունը հիմա:
 
Մենակությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ - վրանս հայրական,
Եվ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան:
 
Դո՛ւ, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք,
Տա՛ր ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ:
 
Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռքիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե՛ բարեկամըդ և թե՛ թշնամիդ:
 
Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես` կմոռանան քեզ:
 
Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:
 
Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի:
 
Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և՛ սեր, և՛ հավատ:
 
Բարեկամն ի՞նչ է - լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ.
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա:-
 
Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու-Լալայի խոժոռուն դեմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին:
 
Եվ քղանցքներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու-Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի:
 
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ ղողանջյուններով հուզված զանգերի:
 
-Ի՞նչ է ընկերը...-կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու Մահարին.-
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող... Թռի՛ր, քարավան, ընկեր մտերիմ:
 
Եվ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան.
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:
 
Եվ ի՜նչ ենք թողել, ի՞նչ կա մեր ետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից. 
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից:
 
Եվ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վայր կընետեն:
 
Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց - վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:
 
Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և՛ հանճար, և՛ սեր,-
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:
 
Ի՞նչ է ամբոխը - մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի,
Բռնության խարիսխ, և՛ սուր երկսայրի , և՛ զայրույթի մեջ գազան վիթխարի:
 
Ի՞նչ է համայնքը - թշնամու բանակ, և անհատն այնտեղ անշղթա գերի, 
Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:
 
Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը - ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:
 
Ատում եմ, ավաղ, և՛ հայրենիքը - պերճ արոտավայրը հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:
 
Ի՞նչ է օրենքը,- մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:
 
Ե՛վ իրավունքը, և՛ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում, 
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:
 
Յոթն անգամ ահա՛ ատում եմ, ատում իշխանությունը - սերունդներ լափող.
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:
 
Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:
 
Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս, 
Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:
 
Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:
 
Եվ ամեն ինչ է իշխանությունը - իրավունք, օրենք և արդարություն. 
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն:
 
Եվ նզովում եմ իշխանությունը` հազարաճիրան մոլի բորենին.
Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:
 
Ապիկա՛ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք իշխել, խողխողել իր նմաններին:
 
Տա՛ր ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տա՛ր ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ:-
 
Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եվ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:
 
Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում.
Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:
 
Վազում էր, թռչում, զրը՜նգ, հա զրը՜նգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն, 
Ասես փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:
 
ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ 
Եվ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եվ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:
 
-Թռի՛ր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը.-
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
 
-Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չշնչե:
 
Տեսնում եմ ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում, 
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:
 
Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ. արի՜ք, լափեցե՛ք սիրտս վիրավոր,
Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր:
 
Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են և նրանց լեզուն` թունավոր սուսեր:
 
Եվ ո՞վ են մարդիկ... աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան, և դահի՛ճ, դահի՛ճ:
 
Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի, չարախինդ, և՛ վրիժառու, և՛ ամբարտավան:
 
Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:
 
Նզովում եմ ձեզ, հեռավո՛ր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ:
 
Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:
 
Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:
 
Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ - պատկերն աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի:
 
Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու:
 
Ասում եմ ահա և՛ արևելքին, հյուսիս, հարավին, և՛ արևմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին:
 
Տարե՛ք, տարփողե՛ք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան - այդ մարդն է նորեն:
 
Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին,
Եվ գալարվում են շեղջերն ավազի, շչում ու ճչում նման օձերին -
 
Փախի՛ր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից,
Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից:
 
Համայնքից փախի՛ր, փախի՛ր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից,
Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի՛ր մարդու ստվերից:
 
Գնա՛, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք,
Եվ ուղիներիդ փոշիով ծածկիր թե՛ չարն ու բարին, թե՛ իշխանություն:
 
Եվ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա,-
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա՛ ու գնա՛...-
 
Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման, 
Զիլ վազում էին, և իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավան:
 
Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան,
Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան:
 
Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան, Աբու Մահարին, 
Կարծես օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին:
 
Եվ քարավանը զրընգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված:
 
Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով,
Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով:
 
Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եվ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:
 
Խոլ քարավանը նրա խոհերի` բազեների պես ծեծկված մրրկով,
Սլանում էին` խռիվ ու ցրիվ` մի լույս-հանգրվան գտնելու հևքով:
 
Եվ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես, և վախճան չունի:
 
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս եկող ու անցնող քարավաններին:
 
ՅՈԹԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ 
Եվ քարավանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարբասների մոտ ծունկ իջավ հոգնած...
 
Հորիզոնները հրդեհվում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հավաքում էր քղանցքը թավշյա, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:
 
Եվ Աբու-Լալան նստեց մենավոր` հակինթյա ժայռին գլուխը հենած,
Հայացքը սուզած դյութական հեռուն, և հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:
 
-Ո՜հ, ի՛նչ ազատ եմ, անպարփակ ազատ. մի՞թե կարող է այս մեծ սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մեջ ազատությունըս` անհուն, անսահման:
 
Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ.
Ո՛վ ազատություն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղեն բուրմունք:
 
Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ, վառի՛ր իմ հոգում ջահերդ հուր-հրան.
Ո՛վ ազատություն, դու դրախտային լույս-բլբուլների անմահ Ալ-Կորան:
 
Չքնաղ առապար, դու իմաստության ոսկեղեն աշխարհ, հազար ողջույն քեզ,
Անարատ բադիե, ուր մարդը մարդուն չի լլկել բնավ, հար օրհնյալ լինես:
 
Տարածվի՛ր անծիր, փռի՛ր ավազիդ դեղին ծովերը ազգերի վրա,
Ծածկիր ողջ մարդկանց, քյոշք ու խրճիթներ, գյուղ ու շահաստան, շուկա ու կլա:
 
Վիշապ հողմիդ հետ ազատությունը թող գահակալե աշխարհը հանուր, 
Եվ ոսկեվառե վսեմ արևը` ազատությունը աշխարհասփյուռ:
 
Հազար ու հազար հրաշալիքներով և հրաբորբոք հրապույրներով
Շեմս-արևն ելավ` շքեղ, լուսավառ, վարդի, սնդուսի բյուր պարույրներով:
 
Եվ վեհ արևի ջահերի ներքո փռվեց, ծավալվեց ծիրն անապատի,
Վառ-վառ հուրհրաց, ինչպես տիտանյան հսկա առյուծի ոսկեփառ մորթի:
 
-Սալա՛մ, քեզ, արև՛, շյուքըր բյուրաբյուր, դու աստծուց հզոր, դու կյանքի աղբյուր,
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:
 
Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման և երանության,
Դու հրճվանքի, հրապույրների հրեղեն գինու անհուն օվկիան:
 
Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ, 
Ահա իմ հոգին - մի ծարավ բողբոջ, թափի՛ր նրա մեջ գինիդ անապակ:
 
Քո երջանկությամբ, քո իմաստությամբ, քո հավերժությամբ հարբեցրո՛ւ ինձ,
Տո՛ւր ինձ անցյալի անզարդ մոռացում, լույս անուրջներում քո բուրումնալից:
 
Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ, քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ:
 
Քո վսեմությամբ հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ լույս-հիացքներով,
Խավարների դեմ անհաղթ-ախոյան, գարունների մայր, ուրախության ծով:
 
Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սո՛ւրբ, սուրբ, մայրակա՛ն դու գիրկ,
Դու հավետ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:
 
Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եվ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրա, և գուրգուրիր ինձ:
 
Եվ արյունոտիր իմ շրթունքները համբույրիդ խայթով քո հրդեհակեզ,
Երջանկասփյուռ քո լույս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դեպ քեզ:
 
Եվ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ հավետ, 
Հավետ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:
 
Դեպի արևը դարեր ու դարեր թռի՛ր, սլացի՛ր, ազնիվ քարավան,
Նրա լուսեղեն, բոցեղեն գրկում, որ արևանամ և հավերժանամ:
 
Ո՛հ, իմ մայր-արև, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս,
Որ ես հաղթական, լույս փառքերիդ մեջ սրարբած սուրամ դեպի, դեպի քեզ:
 
Դու աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ...
 
ՎԵՐՋԻՆ ՍՈՒՐԱՀ 
Եվ ուղտերն, իբրև ոսկի մակույկներ, հուր ալիքները ծով-անապատում
Ճեղքելով արագ սլանում էին դեպի բոցավառ, լուսավառ հեռուն:
 
Եվ ոչ մի սամում հրաշունչ թևով չէր կարող հասնել նրանց արշավին,
Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդվինի:
 
Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի,
Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի:
 
Եվ հեքիաթների լույս փերիները մայր-արմավենու քնքուշ սոսյունով
Համբույր ու ողջույն ուղարկում էին և կանչում նրան գաղտնի խոստումով:
 
Բայց Աբու-Լալան չէր ուզում լսել սիրո ողջույնին, գողտրիկ սոսավին,
Թռչում էր անհագ` դեպի արևը, և ինքն էլ պայծառ` նման արևին:
 
Իսկ սերաբները նոր տեսիլներով բյուր պատրանքների, հրապույրների` 
Թռցնում էին կախարդված հոգին ոսկի թևերով լույս-անուրջների:
 
Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար
Սլանում էին, ճախր էին առնում հրեղեն թափով, խենթ ու խելագար:
 
Եվ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զվարթ.
Եվ բարձրաղողանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ:
 
Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:
 
Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:
 
Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին, Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը...

Яндекс.Метрика