Վահան Տերյան

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
-Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
-Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
 
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
-Ես մոռացել եմ արևի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
-Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
 
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
-Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

Яндекс.Метрика