Վահան Տերյան

***

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, 
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, 
Խնդություն հեռացած և անցած, և անդարձ, -
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...
 
Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... 
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. 
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, 
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...
 
Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր, 
Սև գիշեր, և հուշեր, և հուշեր ընդունայն, 
Երազնե՜ր իմ անդարձ - ծաղիկնե՜ր իմ գարնան. 
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար: 

Яндекс.Метрика