Վահան Տերյան

***

Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ.
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն:
 
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին -
Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում:
 
Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք...

Яндекс.Метрика