Վահան Տերյան

ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

Այսօր եղիր քրոջ պես -
Անչար, մաքուր և գթոտ,-
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ…
 
Այսօր եղիր որպես մայր -
Բարի, քնքուշ, նրբազգաց,-
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետս լաց…
 
Ամոքիր դու իմ ցաված
Սիրտը սիրով քո անբիծ,-
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...

Яндекс.Метрика