Վահան Տերյան

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձմռան գիշերն է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.-
Ես դուրս եմ գալիս փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում:
 
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ - մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ինձ համար չըկա այսօր ու երեկ:
 
Կեսգիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...
 
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ:

Яндекс.Метрика