Վահան Տերյան

ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈՒՄ

Այսօր նորից պարտիզում
Շրջում էի ու հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում...
 
Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրում արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից.-
 
Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա,
Հանդիպումը մայիսյան
Պատանու և աղջկա:
 
Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քաղցր, սակայն խոր:
 
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը, երբ ես ու դու
Նստում էինք անկրակ.-
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ:
 
Եվ խավարում, խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,-
Հուզմունքն արբած սրտերի...
 
Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ,-
Ցնորակա՜ն իմ հուշեր...

Яндекс.Метрика