Վահան Տերյան

***

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, 
Գիշերի պես խորհրդավոր. 
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, 
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, 
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, 
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող, 
Քո աչքերը հոգի տանջող, 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, 
Որպես գարնան իրիկնամուտ…

Яндекс.Метрика