Վահան Տերյան

***

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու որ
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում:
 
Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում,
Ո՞ր հողն է գգվում քայլերդ փափուկ,
Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում
Մեղմով փաղաքշում դեմքդ խուսափուկ:
 
Արդյոք խաղա՞ղ է սիրտդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ:

Яндекс.Метрика