Վահան Տերյան

***

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
-Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
-Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...
 
Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
-Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կըցրե՞ս սրտիս թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս...
 
Թափառում եմ ու կարոտով կանչում,
-Արդյոք կըգտնե՞մ աշխարհում անհուն,-
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
-Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...

Яндекс.Метрика