Վահան Տերյան

FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում`
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:
 
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում`
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն`
Հավերժաբար իրար կապված ու բաժան:
 
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու,
Աստղերի պես և հարազատ, և օտար… 

Яндекс.Метрика