Վահագն Դավթյան

ՃԱՆԱՊԱՐՀ

Աշուն է ուշ... ճամփիս վրա 
Բարդիները կանգնել շարքով, 
Սրսփում են կապույտն ի վեր 
Մի ոսկեվոր հոգեվարքով:
 
Ես վաղուց եմ ընկել ճամփա,
Խենթ որոտներ կային օդում,
Լեռան շուրթին շանթերը շեկ 
Աստղեր էին ասես զոդում:
 
Զրնգում էր մի զով քամի,
Վրնջում էր մի հովատակ,
Եվ ինձ առած տանում էին
Անհայտության հովիտը տաք:
 
Ու ես հավքեր էի տեսնում`
Փետուրներին կապույտ ու բոց,
Կտուցներին՝ երկինքն արար
Իբրև հսկա մի ծլվլոց :
 
Իսկ ծաղիկներն այնքան անհայտ, 
Զարմանալի էին այնքան, 
Որ թվում էր դաշտում ցրված 
Երազանքներ են մանկական:
 
...Հիմա արդեն աշուն է ուշ,
Իր հեռավոր մթնշաղից
Ձին դոփում է որպես կարոտ,
Քամին զնգում որպես թախիծ:
 
Գնում եմ ես... Աշնան բարդին 
Գլխին առել ոսկե մի խույր, 
Խոսք է հուշում ինձ շշուկով, 
Ու շշուկը շա՜տ է տխուր...

1975թ.

Яндекс.Метрика