Վահագն Դավթյան

ՁԱՅՆ ԻՄ ԱՐՅԱՆ

Դու ամբողջ գիշեր գլխիս տակ էիր, իմ զարկերակ, 
Ես ամբողջ գիշեր քեզ էի լսում, ձա՛ յն իմ արյան, 
Քո շշուկի մեջ ինչ-որ կռինչ կար նախնադարյան, 
Ծարավի ճիչ կար, որ գալարվում էր որպես կրակ:
 
Հողմի հառաչ կար ու խուլ շառաչ կար որձաքարի, 
Բիրտ բարբառիդ մեջ ինչ-որ սուլոց կար սկյութական, 
Եվ մի աղոթք կար, որ անմեկին էր ու դյութական, 
Եվ զրուցում էր սոսիների հետ սուրբ անտառի:
 
Եվ մի աղոթք կար, որ մերթ ճախրում էր ու վերանում 
Ու մերթ ծնկում էր կապույտների մեջ լուսաբացի, 
Որ օրհներգում էր լույսի հրաշքն ու համը հացի, 
Գինու հրաշքն ու ծխանի ծուխն էր փառաբանում:
 
Եվ ինչ-որ զարկ կար, ինչ-որ զնգոց կար տառապագին, 
Ինչ-որ զնդան էր, ինչ-որ կռան էր անվերջ զնգում, 
Եվ արձագանքը աղջամուղջի մեջ ծանր տնքում, 
Ահագնանում էր անդունդների մեջ Արարատի:
 
Եվ խուլ մռունչ կար, որ որձաքար էր ասես ծամում, 
Ինչ-որ տրտունջ կար, որ սաստկանում ու դառնում էր ողբ, 
Եվ ողբն ահեղ էր, ողբը ցասում էր, ցասումը՝ ոխ, 
Եվ ոխը շանթ էր, որ շառաչում էր ու կարծրանում:
 
Եվ մի մրրիկ կար, որ անարատ էր խղճի նման, 
Որ բարձրանում ու երկնքի դուռն էր ասես բախում, 
Որ ասուպի պես իր հրե հարցն էր վերից կախում 
Եվ փշրվում էր և մոխրանում էր անպատասխան:
 
Եվ նորից ճիչ էր, նորից կռինչ էր նախնադարյան, 
Կռանի զարկ էր, ողբի հառաչ էր, ոխի շառաչ, 
Լույսի աղոթք էր, խղճի շշուկ էր, կարոտի կանչ... 
Եվ այդ ամենը և անսկիզբ էր, և անվախճան...

1980թ.

Яндекс.Метрика