Վահագն Դավթյան

ՀԵՌՎԻՑ

Ես կարծում էի,
Թե ամենայն ինչ քեզ խոստովանել, 
Ասել էի քեզ խոսքերն այն բոլոր, 
Որ նիրհում էին իմ արյան մեջ հին, 
Ինչպես քո գինին՝
Վազերիդ կարմիր երակների մեջ,
Ինչպես քո ոգին՝
Տխուր փառքի մեջ ավերակներիդ,
Եվ ինչպես լույսդ՝
Մագաղաթներիդ խնկահոտ ծալքում…
 
Բայց ահա կրկին հեռու եմ քեզնից,
Ու կանչում ես դու,
Կանչում ես դու ինձ,
Եվ զգում եմ ես,
Որ անսկիզբ ու անվախճան ես դու,
Ինչպես արյունս,
Որ անսկիզբ ու անվերջ է նաև 
Խոստովանանքս...
 
Եվ կանչում են ինձ քարանձավներդ,
Որ հեռու-հեռվից
Խալդերենով են ինձ հետ զրուցում,
Անվերծանելի,
Բայց հասկանալի մի խալդերենով:
 
Եվ կանչում է ինձ
Գառնո քարափի ստվերում բուսած
Ծաղիկն այն վայրի,
Որ մինչև հիմա անանուն է դեռ:
 
Եվ ինձ են կանչում ապառաժներդ, 
Կանչում պղնձե քո գրաբարով:
 
Եվ թվում է ինձ,
Թե քամիներդ ինձ են որոնում,
Որ իմ ճակատին քնքշորեն դնեն
Իրենց բարալիկ ու զով մատների
Հրաշքը տխուր:
 
Ինձ է որոնում քո առավոտը՝ 
Լեռան կատարին, 
Ասես կայծքարի ծայրին բռնկված 
Այդ հսկայական, կապուտակ կայծը…
 
Ինձ են որոնում գիշերներն ամռան, 
Որոնց հրեղեն աստղաթափի տակ 
Բանաստեղծներ են ծնվում երևի...
 
Ինձ են որոնում ամպրոպները քո, 
Որ առասպելի մանուկների պես 
Մեկմեկու ձեռքից շանթեր են խլում, 
Մեկմեկու շուրթից 
Որոտմունքներ են խլում անդադար,
Հետո ծիծաղում 
Ծիածանների ծիրանի դողով:
 
Եվ ինձ է կանչում 
Ձորակում կորած մի հին ջրաղաց, 
Որ թվում է թե մատյան է խղճի՝ 
Քարե մի Նարեկ:
 
Եվ ինձ է կանչում ժպիտդ, երկի՛ ր,
Մի բեկված, խոնարհ, տառապած ժպիտ,
Որ մորս դեմքի արտացոլանքն է:
 
Կանչում ես, երկի՛ ր,
Ու դառնում եմ ես
Տխուր ու փխրուն, որպես արտասուք,
Ես ոտից գլուխ դառնում եմ ասես
Հոգևոր մաքուր երաժշտություն
Եվ զրնգում եմ
Օտար աշխարհի քամիների մեջ:
 
Եվ հեռու-հեռվից շշնջում եմ ես,
-Գալիս եմ, երկի՛ր, որ քո հին հողում
Հող դառնամ մի բուռ...

1976թ.

Яндекс.Метрика