Վահագն Դավթյան

ԻՐԻԿՆԱՅԻՆ ՏԵՍԻԼ

Իրիկնամուտի հոգնաբեկ քամին տվայտում է խուլ,
Ու իմ մոխրացած գլուխը արդեն թեքվում է բարձին,
Բայց հայտնվում է ծանոթ մի տղա ու ասում տխուր.
-Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին...
 
Դու ինձ ասացիր, որ հեռու-հեռվում մի հովիտ կա տաք, 
Այնտեղ կապույտ է, կապույտի կոպին աստղ է նորածին,
Կանաչների մեջ քեզ է սպասում մի այլ հովատակ, 
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին:
 
-Ներիր ինձ, տղաս, կար այղ հովիտը, հովատակն այդ կար,
Մատներս նույնիսկ շոյել են նրա աչքերը հրկեզ, 
Նա շատ էր վայրի, մորթին շողուն էր ու աստղանկար, 
Երևի բռնել, լկամ են դրել ու տարել կրկես:
 
-Դու ինձ ասացիր, սերը հրաշք է, սերը քնքշություն, 
Որ ճանապարհիս ինձ է սպասում հավերժ կանացին,
Սակայն ես գտա խուսափող մի հուր, խանդի մաղձ ու թույն, 
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին:
 
-Ներիր ինձ, տղաս, առաջին սերս հողմերը տարան,
Ու տարան անփույթ, տարան իբրև ծուխ ու աշնան տերև,
Եվ մինչև հիմա իմ մեջ լալիս է կարոտը արյան,
Եվ ոչինչ, ոչինչ հիմա չեմ կարող ես էլ հետ բերել:
 
-Դու ինձ ասացիր, որ կպարգևես լույսի հացն առատ
Եվ կգումարես աստղային գինին այդ արդար հացին,
Բայց հացիս՝ որոմ, լեղի խառնեցին գինուս անարատ,
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին...
 
Իրիկնամուտի հոգնաբեկ քամին տվայտում է խուլ, 
Եվ իմ մոխրացած գլուխը արդեն թեքվում է բարձին, 
Ծայրեծայր ձգվում ու հեծկլտում է հառաչն այդ տխուր, 
Ո՞ւր է հրաշքն այն, որ դու խոստացար ինձ լուսաբացին:

1983թ.

Яндекс.Метрика