Վահագն Դավթյան

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՂ ԿՆՈՋ

Փարիզյան գիշերն ասես թե կին էր լուսե լանջը բաց,
Ու լանջի վրա՝
Գոհարի, ոսկու, մարջանի շարեր,
Ու թվում էր, թե ուր որ է, վերջին շղարշը նետած,
Մերկանար պիտի
Ու պիտի պարեր...
Իսկ մայթերն ի վար այդ նրանք էին՝ 
Բաց ու մեղսական, 
Շպարի շուքով կանչող, 
Սակարկող,
Անդող ու անկայծ...
Լսել էի ես ու մտքով տեսել... Չիմացա սակայն,
    Թե ինչը բռնեց
Ու ծառի նման ցնցեց ինձ հանկարծ...
Կինը՝ և այսպես... 
Կի՛նը՝ 
Գաղտնիքը, 
Կրակե ուրուն, 
Կի՛նը՝
Շաղախված լույս ու խորհրդով...
Թե համբուրեիր,
Քեզ թվար պիտի լույս ես համբուրում,
Կամ օրհներգության խոսքեր ես ասում երկյուղած շուրթով:
Կի՛նը...
Հրա՛շքը...
Ու եթե հանկարծ մերկ ծունկը բացվեր,
Պիտի արյունդ ճչար տագնապով
Ու կարոտդ լար,
Եվ օրդ պիտի արևածագի լույսով լվացվեր,
Եթե օձիքից կրծքի ծվենը հանկարծ ցոլցլար;:
Իսկ այստեղ ահա
Գաղտնիքն ինքն իրեն մայթերին փռել,
Հոգեվարում է կրունկների տակ,
Իսկ այստեղ ահա
Խորհուրդն է մեռել,
Ու դողն է մեռել,
Թաղվել,
Շպարը դարձրած պատանք:
Իսկ այստեղ ահա
Կանացի շիկնանք - հրաշքն է մեռել
Սարսուռն է մեռել,
Սկիզբն է մեռել...
-Մարդկությո՛ւն, ոտի՛...
Ինչպես կելնեիր,
Թե իմանայիր, որ այսուհետև
Էլ չի ծագելու 
Լույսն առավոտի:
Ապակու միջով
Պաղ արյունի պես նեոնն է հոսում՝
Չար քմծիծաղ է
Ու ցուրտ ծիծաղ է նա դարի դեմքին..
Իսկ սրանք ահա
Նազում են անկիրք,
Տխուր աղերսում,
Եվ ինչ-որ մի տեղ նրանց սրտի մեջ
                  Լալիս ես դու, Կի՛ն...

Яндекс.Метрика