Վահագն Դավթյան

ԳԻՇԵՐԱՑԻՆ ԱՅՑ

Այս գիշեր եկել էր նորից, 
Եկել էր իմ մայրը մեռած, 
Եկել էր, թեքվել էր վրաս 
Ու ձեոքը դրել էր սրտիս, 
Ասում էր.
-Քո վրա երեկ 
Տեսել եմ ես մի չար երազ 
Ու եկա, որ ցավդ տանեմ, 
Որ վրադ աղոթեմ, որդիս:
 
Աչքերդ հանգել են մի քիչ, 
Մազերդ մոխիր են դարձել, 
Կոպերիդ, տեսնում եմ ահա, 
Թառել է թախիծը դեղին, 
Երևի ինձանից հետո 
Քեզ մենակ ու որբ են կարծել 
Ու հացիդ լեղի են խառնել, 
Ու գինուդ խառնել են լեղի:
 
Հիշում եմ, դեռ մանկուց կյանքում 
Ոչնչից չունեիր դու ահ 
Ու միայն ցրտից էիր դու 
Մահու չափ վախենում, որդի... 
Աշխարհը ցրտել է ասես, 
Ու պաղ են ձեռքերդ, ինչ պաղ, 
Երևի մնացել դրսում, 
Որբի պես մրսել ես ցրտից:
 
Ու գիտեմ, երբ ցավից խմել 
Ու հարբած ուզել ես ճչալ, 
Այն մեկը, առաջվա նման, 
Երեսիդ անեծք է նետել, 
Եկել եմ աղոթքով իմ սուրբ 
Խափանեմ անեծքը այդ չար, 
Եկել եմ, որ փռեմ վրադ 
Մանկության երկինքը թեթև:
 
Եկել եմ, թևերիս առած,
Քեզ տանեմ մեր տունը հեռու,
Արևը առել է նրան,
Ու տաք են պատերը քարե, 
Հիշո՞ւմ ես, գետակը մեր ջինջ 
Սարերից կապույտ էր բերում, 
Ծիծաղ ու ծաղիկ էր բերում, 
Բերում էր ոսկի ու արև...
 
Ինչ կո՛շտ է քո բարձը, որդի, 
Ինչու են այս քարը դնում, 
Եկ գնանք, ամպի հետ փափուկ 
Գլխիդ տակ իմ ափը դնեմ... 
Հիշում եմ, արևից առաջ 
Քո քունը խորունկ էր լինում, 
Եվ գնանք, որ այդպես խորունկ 
Ու այդպես մանկորեն քնես...

1983թ.

Яндекс.Метрика