Վահագն Դավթյան

***

Այո, սիրելիս, իմ ու քո սերը նման եղավ շատ
Մի վտանգավոր
Եվ սակայն թովիչ մի ճամփորդության:
 
Բարեբաստիկ էր ծովային քամին,
Առագաստները և սրտերը մեր շատ էին լեցուն
Ու մենք նավեցինք...
Մեր ճանապարհին
Մենք հայտնություններ արինք հիասքանչ՝
Գտանք անանուն,
Անհայտ կղզիներ,
Նրանց քնքշագին անուններ տվինք
Եվ բնակեցրինք
Մեր երազներով,
Թախծություններով
Ու մեր հույսերով։
 
Եվ հայտնություններ արինք մենք ուրիշ,
Տեսանք, որ ծովը
Հույսի այն փոքրիկ, աննշմար կղզուց
Մինչև երազի կապուտակ կղզին,
Շատ է մթամած,
Եվ մրրիկն այնտեղ շատ է մոլեգին։
 
Եվ հայտնություններ արինք մենք ուրիշ՝ 
Տեսանք, որ չքնաղ երազի կղզու 
Ափի ժայռերը շատ են ուղղաձիգ,
Եվ ափ ելնելու չկա ոչ մի ճար։ 
 
Եվ արինք նաև հայտնություն մի այլ՝ 
Որ այդ ծովն ունի միայն մի խորհուրդ...
Ընթանալ անվերջ, չհասնե՜լ սակայն...

Яндекс.Метрика