Վահագն Դավթյան

ԱՆԻ

Այստեղ տնքում է դարեր վիրավոր մի գեղեցկություն,
Եվ համրանում է քարե մի Նարեկ,
Անի,
Լուռ Անի,
Փշրված կամար,
Փշրված դու սյուն,
Դու ստեղծումի փշրված տարերք:
 
Իմ ու թո միջև
Լուռ հառաչում է փլված մի կամուրջ,
Եվ մրրկում է ալևոր մի գետ,
Դու այսքան մոտիկ,
Այսքան նյութեղեն՝
Եվ սակայն անուրջ,
Որ անմատույց է
Ու խոսում է լոկ իմ արյունի հետ:
 
Կանգնել եմ քո դեմ
Եվ քեզ արարել նորից սյուն առ սյուն,
Արարել նորից՝
Ինչպես որ կայիր,
Քո կամարներն եմ կապել երազուն
Եվ գմբեթներդ եմ սուզել ես նորից
Ոլորտների մեջ այս արևային:
 
Եվ կանգնել ես դու.
Կանգնել քո հպարտ
Ու տխուր փառքում,
Կանգնել ես մենակ ընդդեմ աշխարհի,
Եվ պատերիդ տակ
Գեղեցկությունդ են ահա սակարկում
Խարդավանքը, դավն ու ոխը վայրի:
 
Եվ իմ դեմ ահա՝
Դարեր վիրավոր մի գեղեցկություն
Ու մի փշրված երազի գմբեթ,
Ոգու սուրբ փոշի,
Երազի աճյուն,
Եվ հառաչանքից ճերմակող մի գետ։
 
Սակայն, ոչ,
Անի,
Դու քար և, սակայն, քարեղեն կրակ,
Քարեղեն երազ,
Քարեղեն դու երգ,
Դարեր ու դարեր սրտե սիրտ ձգվող
Դու արյան երակ,
Դու արյան մրրիկ ու արյան տարերք:
Դու՝ աննյութեղեն,
Դու՝ շունչ ու ոգի,
Դու՝ գեղեցկության երկրպագություն,
Դու՝ արարչության մաքուր մեղեդի,
Հրեղեն դու սյուն...

1964թ.

Яндекс.Метрика