Ռազմիկ Դավոյան

***

Չկա՛,
Չի՛ լինի,
Էլ չի՛ լինելու
Իմ սիրո համար
Հին ոգեշնչման տանջանքը անսուտ:
Ուրիշ մի սեր է թպրտում հիմա
Իմ կորած սիրո կորստյան համար: - 
Սակայն օրերս էլ չեմ դարձնելու
Տառապանք ու սուգ՝
Ինքնապաշտպանման փշերը վրան,- 
Ես հնարել եմ մի գետ՝ Արտասուք,
Եվ վախենում եմ կորցընեմ նրան:
 
Ես հնարել եմ մի գետ - Արտասուք - 
Եվ վախենում եմ կորցընեմ նրան,
Իմ գետի վրա ղողանջում է լուռ
Իմ հին օրերի ցոլքը հուրհրան,
Գետիս ափերին թավշե հիրիկներ
Օրոր են ասում բույրով անանուն,
Գետիս ափերին ոսկե իլիկներ
Երգերիս համար
Ծաղկաթերթերից
Թելեր են մանում - 
Իմ գետը այսպես գնում հանդարտիկ,
Ինքն իր հետ անգամ չի ուզում խոսել,
Գետիս ափերին շրջում են մարդիկ
Եվ արարում են տառապանք ու սեր:
 
Եվ աղերսում են փրկության լույսեր,
Եվ երազում են ցոլքը աստղերի,
Եվ ծաղկեցնում են անծաղիկ հույսեր,
Որ իրենց ցավին ամոքում բերի:
 
Անծաղիկ հույսեր, անծաղիկ երազ,
Եվ համատարած ծաղկած լռություն,- 
Իմ գետը այսպես գնում հանդարտիկ,
Գնում է դեպի անսահմանություն:
 
Իմ գետի խորքում իմ աչքերը զույգ
Սիրո մարգարիտ փնտրելով կորան,- 
Ես արարել եմ մի գետ - Արտասուք - 
Եվ վախենում եմ կորցընեմ նրան:
 
Ոչինչ չի լինում աշխարհում այնպես,
Ինչպես որ գետը մենավոր ու ծույլ,
Ինքն իր հառաչից խլացածի պես
Անվերջ քերում է իր ափերը ծուռ:
 
Աննկատ ցավով քերում է անվերջ
Անհավատալի մի մեծ տրտմություն.- 
Անհայտ ճամփեքով, անանուն մի գետ
Գնում է դեպի անսահմանություն:

Яндекс.Метрика