Ռազմիկ Դավոյան

***

Ու գարնան հետ տխրությունով թափանցիկ,
Ու կարոտով անմեղսունակ որբերի
Գնում էինք դեպի սարերը հեռու,
Դեպի հեռու օթևաններն ամպերի:
 
Ու տրտմության բողբոջներով պայթուցիկ,
Ու մանկության տեսիլքներով անհամար
Ալպիական մանուշակներ՝ զանգակներ,
Ղողանջյունով իջնում էին սարն ի վար:
 
Ճչում էին վայրի բադերը խելառ,
Ճչում էին գագաթնասույզ լճերում,
Եվ օրերի տագնապների ձայնը մառ
Արձագանքով խեղդվում էր այդ ճիչերում:
 
Ազատության դռները բաց ու ազատ,
Ազատության խաղաղությամբ օրորուն,
Ճոճվում էինք աղբյուրների ղողանջով
Ազատության նարգիզաբույր օրերում:
 
Մտերմության կարոտները թևավոր
Ճախրում էին կապտաշշուկ եթերում.-
Պառկո՞ւմ էինք,
Քնո՞ւմ էինք,
Չկայինք՝
Ճնճղուկների ծլվլոցից
Հյուսած քողի ետևում: 

Яндекс.Метрика