Ռազմիկ Դավոյան

***

Ոչինչ չեմ հասկանում տագնապներից սրտիս,
Սրտիս թրթիռներից ոչինչ չեմ հասկանում,
Մեկ նայում եմ ծովի տրտմությանը փափուկ,
Մեկ լսում եմ ծովից վերադարձող քամուն.
Եմ իմ սրտից, սրտիս տագնապներից անմիտ
Ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:
 
Իմ ուղեղի անծայր միրաժի մեջ ընկած,
Հստակ պատկերների իմացությամբ անզոր,
Կույր աշխարհի հզոր անեզրության առաջ
Ես՝ անհեթեթ, անմիտ, տառապում եմ այսօր - 
Էլ ո՞վ արդյոք ինձ նոր երազանքներ կտա՝
Իմ աննշմար աստղի ճառագայթին հասնող:
 
Ո՞վ կտա ինձ, էլ ո՞վ…
Ինքս ինձ օրորելով,
Քնեցնում եմ ծովի կապույտի մեջ անծիր,
Եվ ես՝ կարոտների մի մանրամաղ թանձիվ,
Ես ալիքից ալիք թռչկոտում եմ հերթով՝
Ինձ քարշ տալով լուսնի խոնավ արահետով:
 
Ոչինչ չեմ հասկանում տագնապներից սրտիս,
Ոչինչ չեմ հասկանում.- 
Սեր իմ, քո անունը վրաս սարսուռների
Ոսկեդեղին մշուշ - մղեղներ է մանում,
Սեր իմ, քո աչքերը իմ չարչարված հոգուց
Համր թռչունների երամներ են հանում,
Նրանք ճայերի պես ալիքներիս միջից
Կարոտներիս ոսկե ձկնիկները մեկ-մեկ
Կտցում են ու տանում:
 
Ո՞ւր են տանում, սակայն, սեր իմ, ո՞ւր են տանում,
Ո՞ւր կարող են տանել,
Երբ ամեն ինչ հիմա ամուր շղթաներով
Բանտված է իմ հոգու մութ զնդանում,
Երբ ամեն մի թողած հառաչանքիս դիմաց
Հազար արձագանք եմ ետ ստանում:
 
Եվ ես հիմա նստած այս հեռավոր ափին,
Ղրիմյան այս այրված ու ձանձրալի հեռվում,
Խրախճանքի ելած ամբոխների միջով
Քո հեռավոր ու պարզ տեսիլքին եմ մերվում:
 
Եվ շողի պես խոնավ շրթունքներիդ վրա
Պսակում եմ բառերն անմեկնելի լույսով,
Եվ ապրում եմ այսպես՝ անհեթեթ ու անմիտ՝
Ինչ-որ դատարկ մի օր էլ չապրելու հույզով:

Яндекс.Метрика