Ռազմիկ Դավոյան

ՄԵՂՈՒՆ

Երկիրը շո՜գ, քրտնա՜ծ պտտվում էր անվերջ,
Օդը զարհուրելի ժանգահոտ էր բուրում,
Ու տնքում էր կյանքը՝ ցավագնորեն հոգնած,
Երկաթի հոսք տանող անծայր փողոցներում:
Ու տնքում էր կյանքը:
Ու չեմ հիշում ոչինչ:
Ու մշուշը դեղին՝
Ուղեղիս մեջ քնած,
Փոշու հատիկներով գուրգուրում էր բառեր՝
Խեղդող կարոտների զառանցանքով գնած:
Ճկկում էին բառեր:
Ու չեմ հիշում ոչինչ:
Ճկկում էին քնատ ճնճղուկների հանգույն,
Պատեպատ էր խփվում
Մի փուչ իմաստություն՝
Օրերի մեջ տկար,
Եվ կյանք կոչվող անմիտ մի եռուզեռ անգույն:
 
Ու փողոցներն ահա,
Երկաթի հոսքն անփայլ,
Ու ես մայթի վրա՝
Անմիտ, զառանցական,
Իբրև հավատարիմ իմ օրերի ոգուն՝
Կապում էի իրար
Իմ անցյալն ու ներկան:
Ու տոթը սև, դեղին, կարմիր կայծկլտոցով
Կտցահարում էր իմ երազները թաղված,
Ու մի մեղու,
Ահա,
Անձայն ու անբզզոց,
Աջ ու ձախ էր ճոճվում՝
Օդում կախված:
Մեղուն:
Օդում կախված:
Այնպես:
Առանց ձայնի:
Անհեթեթ էր կարծես,
Զարմանալի անմիտ,
Զարմանալի փափուկ:
Աստված իմ, ի՜նչ մեղու,
Որ թևերը զնգան,
Ու նա ձայն չհանի:
 
Ու ես սիրո տամուկ բառեր էի փնտրում,
Որ ազատվեմ այդ շոգ մեղկությունից նսեմ,
Ես ինձ տանում էի խորքը անտառների,
Որ մի շշուկ ,
Մի ձայն,
Կամ մի շրշյուն լսեմ:
Ուզում էի ամպեր,
Հեռաստաններ մաքուր,
Ու գետերի խշշոց,
Ու խոտերի սոսավ,
Եվ ինձ թվաց նույնիսկ ինչ-որ ակնթարթում,
Ինչ-որ մի բան սրտի՞ս, թե՞ ականջիս հասավ:
 
Սակայն երկիրը շոգ,
Պտտվում էր անվերջ,
Մեքենաներն էին փողոցն ի վեր կանգնած.
Եվ, ո՜վ զարմանք,
Մեղուն բեռնաթափը ծակեց,
Ծակե՛ց,
Անցա՛վ մեղուն, 
Ու մի հազար դար էլ այն կողմ գնաց:
 
Երկիրը շո՜գ,
Քրտնա՜ծ,
Պտտվում էր անվերջ,
Օդը զարհուրելի ժանգահոտ էր բուրում,
Ու տնքում էր կյանքը՝ ցավագնորեն հոգնած,
Երկաթի հոսք տանող անծայր փողոցներում:

Яндекс.Метрика