Ռազմիկ Դավոյան

***

Ձյուներն սպիտակ շրթունքների պես
Իջան ինձ վրա,
Ծածկեցին մարմնիս վերքերը բոլոր,
Եվ ինձ պատմեցին աստղերի մասին
Եվ կրկնում էին, թե աստղեր չկան,
Իսկ ես մոլորված հիանում էի
Մութի մեջ հանգչող
Նրանց սպիտակ թրթռումներով:
Նրանք ինձ ասին, թե աստղեր չկան,
Եվ լալիս էին տաք համբույրներում
Եվ կրկնում էին, թե աստղեր չկան, 
Նրանց մորմոքը չէի հասկանում:
 
Եվ նրանք ասին, թե մահ էլ չկա,
Մեռնում ես, կրկին հարություն առնում,
Ես հավատացի, և մի պահ միայն 
Անգոյությանը տվեցի կյանքս
Եվ այլևս ետ չվերստացա:

Яндекс.Метрика