Ռազմիկ Դավոյան

***

Իմ ձայնը՝ անմարմին, անգլուխ,
Իմ ձայնը՝ դողդոջուն շրթունքներ.- 
Ակունքներից ծնվող մառախուղի նման
Իմ ձայնը փնտրում է քո մանրիկ ականջները:
Եվ մատներս՝ աննյութ ու թափանցիկ,
Եվ մատներս՝ տխուր ճառագայթներ,
Փնտրում են, որ փակեն քո մանրիկ ականջները,
Որ փակեն,
Չլսես
Զարհուրանքը ձայնիս,
Մոռանաս կարոտի արևոտ առասպելը:
Եվ այնժամ քո սրտից,
Ինչպես խուլ անձավից,
Կլսես աչքերիս մռունչը անձրևոտ.- 
Կդողա մարմինըդ,
Կդողան շուրթերդ,
Եվ շուրթերիդ վրա՝
Ակունքներից ծնվող մառախուղի նման,
Իմ ձայնը կդառնա ցող,
      Ու… կդողա:

Яндекс.Метрика