Ռազմիկ Դավոյան

***

Դո՛ւ,
Գտնված երգ,
Որ ամբողջ մի գիշեր
Թափառեցիր ինձ հետ փողոցներով փափուկ,
Մենք իրար հետ անցանք
Այս աշխարհի բոլոր պատուհանների միջով
Ու դռների միջով անցանք,
Անցանք բազմատեսակ հրաշք - գաղտնիքների միջով,
Նաև ճշմարտության միջով անցանք.-
Անցանք բոլոր աղջիկների վերմակների տակով,
 
 
Աշնան գույների մեջ մոլորեցինք իրար,
Մոլորվեցինք աշնան դեղիններում,
Հետո գտանք իրար,
Հետո նվաղեցիր դու շուրթերիս վրա,
Որպես գիշերային մեր մեղքերի ներում:
Հետո կաթիլ-կաթիլ դու կաթեցիր ներքև իմ շուրթերից,
Դու ծաթեցիր ներքև՝
Ռեկլամների կտրուկ լույսով բանված,
Եվ անտեղյակ նրանց միշտ մարմրող կյանքին - 
Ու հեռացա ես քեզ մայթի վրա թողած,
Գիշերային լքված իմ սեր,
Իմ գտնված, գիշերային իմ երգ:

Яндекс.Метрика