Ռազմիկ Դավոյան

***

Բաց, դուռդ բաց արա,
Բնազդն ինձ շուռ տվեց կանաչների վրա.
Ծառի արմատներից
Պաղ խշշոց էր ելնում նրա մարմնով վերև
Եվ թափվում էր տաք-տաք տերևներից:
 
Բաց, դուռդ բաց արա.-
...Հետո ձմեռ եկավ
Ու ճերմակ խուփ դրեց
Կապույտ խշշոցներով քլթքլթացող
Ծառաշխարհի վրա:
 
Բաց, դուռդ բաց արա,
Ձեռքերդ դիր վրաս,
Եվ թաղիր ինձ հողում,
Որպես արձագանքով լցված անհուն կարաս:

Яндекс.Метрика