Ռազմիկ Դավոյան

***

Առավոտը հանդարտ սար ու ձոր էր լցվում.
Մուժը քլթքլթում էր մատների տակ նրա .- 
Ճերմակ ժանյակներով կապույտ ցողի նման
Նստել էիր փոքրիկ կոճղի վրա:
 
Ո՞ւր գնայի, աստված, ո՞ւր փնտրեի ես քեզ՝
Այդքան մաքուր ու նենգ, այդքան չար ու բարի: - 
Ճերմակ ժանյակներդ արձակեցիր մեկ-մեկ,
Ձեռքդ առաջ բերիր և ասացիր՝ արի:
 
Մոտեցիր ինձ, ասիր, շոյիր ցողը կապույտ,
Ինչ որ հասնում է քեզ, առ ու գնա.-
 
Ու ես փախա հետո, ու չքացա հետո,
Ու գնում եմ այդպես մինչև հիմա:

Яндекс.Метрика