Ռազմիկ Դավոյան

***

Ապակու մեջ ահա ծառերն են օրորվում,
Ապակու մեջ երկինքն իր փեշերն է կախել,
Ապակու մեջ ես իմ պատկերին եմ նայում
Եվ չգիտեմ ինչու, ինձ թվում է՝ իմ մեջ
Աճեցրել են ինչ-որ անիրական վախեր:
 
Այն, ինչ բնությունը տվեց ինձ իր ոգուց,
Ապակու մեջ ահա իր փեշերն է կախել,
Այն, ինչ բնությունից գողացել են մարդիկ,
Նվաճել են իբրև՝ ազատությամբ մղված՝
Տարել են իմ միջից, իմ հոգուց են քաղել:
 
Եվ քանի որ լիքն է տիեզերքը համայն,
Բնության մեջ չկա տարածություն ազատ,
Ինչ որ գողացել են մարդիկ բնությունից՝
Տեղը կամ վախով են լցրել ու ձանձրույթով,
Կամ ամեն մի թանկ բան մնացել է կիսատ:
 
Փողոցներում ահա, ուր օդ չկա վաղուց,
Վախով շրջապատված ծառերն են օրորվում,
Ճնճղուկները փոքրիկ սարսափներ են կարծես,
Կիսատ կարոտների մորճիկներին նստած,
Անվերջ կորուստների տագնապն են հոլովում:

Яндекс.Метрика