Ռազմիկ Դավոյան

***

Ամպերն իջել ահա ճերմակ կտուցներով
Նոր արթնացող հողի բույրերն են հոտոտում,
Փափուկ ծիծաղի պես ալի՜ք-ալի՜ք-ալի՜ք,
Օրորվում են դանդաղ Թարթառ գետի հովտում:
 
Ու դաշտն անիրական երազներ է ծնում,
Թե ուր որ է, ահա, քեզ կգրկի ծածուկ,
Կփաթաթի մաքուր մշուշների քողով,
Բաց կարձակի բոլոր կարոտներդ անձուկ:
 
Նա կբացի ահա քո մարմինը փակված,
Եվ դուրս կգան բոլոր տագնապներդ թաքուն,
Եվ մենավոր մի ծառ, թեկուզ և գլխատված,
Կտեսնես, թե ինչպես, միայն հենց քեզ համար,
Իր նոր, անկոտրելի ճյուղն է ճառագայթում:
 
Եվ խաբկանքը ահա հալհլում է կամաց,
Մշուշն ինքը իրեն դաշտի ծայրն է հրում,
Թրթռում է դաշտը մերկ աղջկա նման 
Եվ լուռ գալարվում է կանաչ սարսուռներում:
 
Եվ թվում է, ահա, արդեն քանի տարի 
Դու ընկած ես այդտեղ, հենց այդ դաշտի եզրին
Որպես անպետք արոր, կամ որպես հին գութան,
Եվ քո աչքի առջև 
Արեգակը դանդաղ բացումն է կատարում
Իշխանական դիրքով մենավոր մերկ ծառի
Եվ նրա մե՜ծ, անհո՜ւն, անծա՜յր ողբերգության:

Яндекс.Метрика