Ռազմիկ Դավոյան

ԱՇՈՒՆ

Աշո՛ւն, ինչո՞ւ եկար 
Իմ քնքշության պահին...
Այգին թափո՜ւր-թափո՜ւր,
Այգին՝ աշնանային:
Այգին տխրեց այնպես,
Տխրեց լոկ մի օրում,
Ու տերևներն անտես,
Տխրություն են ծորում:
Աշունն ելավ հետո
Այգուց մտավ քաղաք,
Շրջեց ամեն մայթով,
Կպավ ամեն պատով,
Մինչև ննջեց խաղաղ
Ինչ-որ սրտում մի ծեր,
Ուր տարիներ առաջ
Իր հետքերն էր գծել:

Яндекс.Метрика