Մի սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետևելով իրենց սարսափահար ներուն,
Սև ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում
Ու գնում են առաջ անիրական ձայնով,
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում:
Վագոններում նստած ուղևորներ անթիվ,
Իրենց առօրեական հոգսերի մեջ թաղված,
Կամ ծամում են երգեր, կամ խմում են գինի,
Կամ իրար են նայում հայացքներով շաղված,
Կամ քնում են և կամ իրար ընդմիջելով
Լիրբ, վավաշոտ, տխուր պատմություններ պատմում՝
Մի կերպ կյանք են դարձնում կյանքը աղավաղված:
Թանձրանում են դանդաղ լույսերը թո՜ւյլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռներն իրար վրա աղմուկներ են դարսում,
Ներս է մտնում ահա ուղեկցողը հարբած,
Նրա համար ոչինչ չկա այս աշխարհում,
Եվ աչքերը ասես նժույգներ են արնոտ՝
Մութ հոնքերի ծալվող աղեղներով թամբած:
Ու փնտրում են նրանք, այդ աչքերը վայրի
Անտոմս ուղևորներ, մարդիկ, որոնք հիմա
Դրամ պիտի դնեն դեղին ձեռքերի մեջ,
Եվ նա պիտի առնի,
Ծռմռվելով ժպտա
Ու գոհանա, գնա:
Թանձրանում են դանդաղ լույսերը թո՜ւյլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռները խուլ դարձյալ աղմկում են մի քիչ,
Հեռանում է դանդաղ ուղեկցողը հարբած:
Ու էլ չկան արդեն անտոմս ուղևորներ.-
Հիմա բոլորն արդեն օրինավոր որբեր,
Հիմա բոլորն արդեն հավասար են իրար,
Եվ էլ չկան ինչ-որ հարազատներ, խորթեր.-
Հիմա բոլորն արդեն վայրի այս թափորին
Եվ ճորտեր են, և տեր:
Անտո՛ւն ուղևորներ, անտո՛ւն ուղևորներ,
Ոչ ոք չի հարցնում ձեզ, թե դուք ո՞ւր եք գնում,
«Անտո՛ւն ուղևորներ, անտո՛ւն ուղևորներ»՝
Վագոնների չորուկ չխկրտոցն է կրկնում,-
Անհայրենիք, անտուն կրակների նման
Ինչո՞ւ այս աշխարհի անկյուններն եք ցրվում:
Ո՞ւր եք գնում արդյոք, ոչ ոք չի հարցնում ձեզ,
Եվ դուք կուչ եք գալիս անհայտության վախից,
Ձյուների մեջ ընկած արյան կաթիլի պես,
Կարծրանում եք՝ որպես մի ահարկու թախիծ:
Եվ սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետևելով իրենց սարսափահար ներուն,
Սև ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում,
Ու գնում են առաջ անիրական ձայնով՝
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում: