Մետաքսե

ՍԻՐՈ ԻՆՔՆԱՍՊԱՆԸ

Դու գերեզմանված շրջում ես իմ դեմ,
Թարմ հողաթումբդ իմ սրտում արդեն
Տխուր շոշափում,
Ափսոսում եմ լուռ իմ վաղամեռիկ,
Ինքնասպան եղած այն սիրո համար,
Որն ինձնից տարավ ոչ միայն տարիք,
Այլ տվեց գալիք կյանքի միացում...
Բայց ո՛չ, այս անգամ մահը մեղք չունի,
Դու ի՛նքդ, ի՛նքդ ընդառաջ ելար
Սիրո այդ տխուր դամբանաձևին...
Գնա՛, ե՛լ, գնա՛, գնա՛ նրա մոտ,
Որը քեզ հրեց դեպի մահացու
Թակարդն այդ ցավոտ...
Դու կարծում էիր, թե այդ բանսարկուն
Քեզ մի օր սիրո դրախտ կտանի,
Բայց դու ո՛չ ինձ մոտ, ո՛չ այդ դրախտում,
Ո՛չ՝ դժողքի մեջ
Տեղ չունես, ավա՜ղ,
Քանզի չի ներում Տերը և նրանց,
Ովքեր գնում են ինքնասպանության...
Դու սիրո դատարկ փողոցներն ընկած՝
Թափառում ես դեռ,
Կարոտի թափուր մայթերով ի վեր,
Մայթերով ի վար,
Եվ հետո օտար հարազատությամբ
Վերադառնում ես օջախը քո տաք,
Ու լուռ ծվարում
Իմ հին բարության շորշոփների տակ...

Яндекс.Метрика