Մետաքսե

ՊԱՏՈՒՀԱՆ

Սրտի դողով շատ եմ անցել, ծածուկ նայել պատուհանիդ,
Կանչել են ինձ փեղկերը բաց, գրկել քո բաց թևերի պես,
Անհունորեն շոյել ես ինձ, մեղմ գուրգուրել մազերս խիտ,
Ու ջերմացել , թեթևացել մրմունջներիս շնչով հրկեզ...
 
Երբ անցնում եմ, անցնում հիմա, պատուհանդ փակում ես դու,
Որ ապակե իր պաղ աչքով տունդ նայի ինձ անտարբեր:
Ա՜խ, չգիտեմ՝ ի՞նչ պատահեց քո սրտի հետ այն կենսատու,
Որ խռոված ծովի նման որոնում է ուրիշ ափեր:
 
Փեղկեր բացված կոպերի պես, աչքերի պես բացված փեղկեր...
Դեռ ժպտում են երեկոյին, անցորդների երթին խնդուն,
Միայն քո տան պատուհանն է հագել մթնով սև ակնոցներ,
Վարագույրով գիշեր բերել և՛ քո տան մեջ, և՛ իմ սրտում...

Яндекс.Метрика