Մետաքսե

ՉԻ ԼԻՆԻ

Չի լինի ուրիշ մեկը երջանիկ,
Սիրո խաղերով սպառել եմ քեզ,
Այն, որ համբույրով դու մեկիկ-մեկիկ
Թարթիչներս էիր հաշվում խենթի պես,
Դիտմամբ շփոթվում, սկսում նորից,-
Կարծում ես ոչինչ չէ՞ր կորչում քեզնից...
 
Այն, որ աչքերիդ ալիքներում ծով
Ջրահարս էի դարձել երազուն,
Ուր սուզվում էի սիրուս տարերքով,
Թափում կոպերիդ արցունքը լեցուն,
Որ լալիս էիր ու հետ կանչում ինձ,-
Կարծում ես ոչինչ չէ՞ր կորչում քեզնից...
 
Այն, որ կարոտիս ծփանքը խռով
Ճանապարհներից քեզ բերում է տուն,
Որ ծիծաղում ես ու մերթ ծիծաղով
Վշտերիդ կեսն ես թողնում իմ սրտում,
Այն, որ դարձել ենք կյանքում ուղեկից,-
Կարծում ես հե՞շտ է հեռանալ ինձնից...

Яндекс.Метрика