Մետաքսե

ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Նվիրում եմ ամուսնուս՝ Համլետին
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ տանջանքիդ մեջ դրած ամենուր
Պայքարում ես ինձ պահելու համար,
Չկորցնելու,
Ինձ միշտ քո գրկում շահելու համար...
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ ծնունդ առավ ու արմատ գցեց
Նախահայրերի սիրահարության
Խորություններով,
Մեր երակների նույնահուր արյան,
Մեր հոգու, ոգու բռնկումների
Զորություններով,
Ու աստվածահաս մաքառումների 
Հրացոլքերում
Ժայթքեց, բոցկլտաց մեր սիրո լավան
Ու հրավառվեց...
Մենք մեզ մերվելու, միաձուլվելու
Մերանով գտանք հարազատություն,
Մեր վիշտն ու ցավը փոխանցած իրար՝
Ճակատագրի ցնծություն գտանք
Ու մակարդեցինք մի մեծ գոյություն...
Մեր սուրբ կարոտի կամրջակներով
Բաժանումների սմբակներ անցան,
Դոփեցին դարեր,
Մահ խրխնջացին ձիերը վայրի,
Ոտնահետք թողած ժամանակների
Հրաժեշտներում...
Մեզ քողարկեցին սիրո պատմության
Խավար զմռսող դամբարաններում,
Բայց մենք լույս ու կյանք սփռեցինք այնտեղ
Ու խնկարկեցինք հարատևության
Բարձրավանդակում...
Ես ցավը տանեմ քո տառապանքի,
Որ հանուն սիրո գոյատևության
Դեռ պայքարում ես երկուսիս համար,
Մեր ամբողջության, մեր բոլորումի,
Մեր երջանկության լրումի համար,
Մեր միամորիկ այս ժառանգության,
Այս հողի, շողի փրկության համար...
Առանց քեզ ինչպե՜ս կդիմանայի,-
Ես ցավը տանեմ քեզ նման հայի...

Яндекс.Метрика