Մետաքսե

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԵԶ ՀԵՏ

Առաջին պահից սիրեցինք իրար,
Իրար փարվեցինք առաջին սիրո երկյուղածությամբ,
Ու ժամանակը չկարողացավ երբեք պարծենալ
Մեր վայելքների հպանցիկությամբ...
Ես արևելքի տաքարյուն մի կին
Ցնորվել ահա քո այրավարի գրկախառնումից,
Ինքնակամ ընկել գրկիդ հնոցը հալվում եմ, ձուլվում
Քո էությանը, լույսիդ ակունքին...
Այդ ի՜նչ թևեր են, որ իմ ծփացող ծարավը սանձում,
Փաղաքշանքով սարսուռ են շաղում արյան մեջ իմ բորբ,
Ու հրդեհիդ մեջ ես փշաքաղվում, դողում եմ շոգից...
Այդ ի՜նչ լավա է, որ ինձ կլանում
Տարփանքի այրող բոցկլտումներով ոգիս թալանում,
Փշրում է կամքիս ոսկորները որբ,
Ու ներխուժելով էությունս տաք,
Քանդում է հպվող փոթորկումների ծփանքները սուրբ,
Որ իրար մերվող ալեկոծումի բախումները զուսպ
Հանգուցվեն որպես սիրո խոնջանքի ցավ ու ափսոսանք...
Ո՞վ ես ինձ համար,
Այդ դո՞ւ ես արդյոք մասն իմ զորավոր,
Թե՞ ես եմ հոգուդ մի հյուլեն անզոր,
Դո՞ւ ես ինձանով միշտ հարստանում,
Թե՞ ես՝ քեզանով,
Բայց ամեն անգամ քեզ հանդիպելիս
Զգում եմ ինչպես շքեղությունդ մի նոր հմայքով
Ինձ հեռվից գիրկդ է կանչում, սիրելի՛ս:
Մեր կարոտների մակընթացությամբ
Ապրեցինք հույզի այնպիսի հզոր տեղատվություն,
Որ պառկել հիմա խաղաղված, թեթև,
Երկուսով նայում, ժպտում ենք թափուր երկնքին ծավի,
Որ դարձել պսակ ամպերից վերև,
Մեր միացումն է օրհնում երևի,
..............................................................
Իմ սիրո կապույտ, կապույտ օթևան
Սիրած ի՛մ Սևան...

Яндекс.Метрика