Մետաքսե

ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ

Համբույրների մեջ շուրթեր չեն միայն
Լուռ մերվում իրար,
Ազգեր են ձուլվում,
Հյուսվում են իրար ճակատագրեր
Եվ աշխարհներ են ճանաչում իրար...
Մայրական շրթի համբույրը լեցուն
Սուրբ թալիսման է և հոգու մաղթանք,
Խորհուրդ ու պարգև հոր համբույրը թանկ.
Եղբորը՝ թիկունք և հույսի պատվար:
Սիրահար զույգի համբույրը թաքուն,
Երկնքից պոկված արև է բորբոք,
Մեղրամիսով են միշտ երկրպագում
Նորապսակի համբույրները շոգ...
Եվ իրար սիրող ամուսինների
Համբույրն է խորունկ ու ողջանվեր,
Այնտեղ սրտեր կան հարազատ դարձած,
Օրերի խինդ կա և փորձության բեռ...
Տխուր բաժանման համբույրները տաք,
Մերթ շաղախվում են արցունքով որբի,
Օ՜, երանի թե մարդը չխաբվի
Եվ այն համբույրով, որ հիմք է դառնում
Ընտանիք քանդող մի ամուսնության,
Օ՜, երանի թե մարդը չխաբվի
Եվ այն համբույրով, որ հոգուց ջահել
Իլիկի նման քաշում է մի թել
Ու խճճում է, թողնում կես ճամփին...
Չէ՞ որ համբույրով շուրթեր չեն միայն
Լուռ մերվում իրար,
Ազգեր են ձուլվում,
Հյուսվում են իրար ճակատագրեր,
Եվ աշխարհներ են ճանաչում իրար...

Яндекс.Метрика