Մետաքսե

ԵՐԱՆԻ

Երանի՜ հագիդ վերնաշապիկին,
Որ գրկել է քեզ օրը ցերեկով
Եվ իր ծալքերի սեթևեթանքով
Փաղաքշում է հեթանոսական
Կրակը մարմնիդ...
Նրան ի՞նչ, թե մի խելակորույս կին
Այրվում է խանդից արեգակի պես
Եվ երազանքի ճառագայթն աչքում՝
Տենչում է՝ մի օր գոնե տաշտակում
Փայփայել նրան, որ հպվել է քեզ...
Նրան ի՞նչ, թե կա աշխարհում մի կին,
Որ փափագում է հոտոտել նրա
Օձիքը տաքուկ, որ իր ռունգերում
Եվ հիշողության շնչում հողեղեն
Պահի քո սիրո բույրը այրական...
Երանի՜ հագիդ վերնաշապիկին,
Որ կոճակների նուրբ օղակներով
Կարողանում է տեղահան եղած
Մեր ժամանակում,
Կարճատև կյանքի սիրո ցերեկով
Պահել իր գրկում քեզ նման մեկին,-
Երանի՜ հագիդ վերնաշապիկին...

Яндекс.Метрика