Արամայիս Սահակյան

ԽՈՍՔ ԾՆՆԴՅԱՆՍ ՕՐԸ

Կուզեմ շատ ապրել, իմ բարեկամներ,
Որ ավելի շատ... լավություն անեմ:
Գոհ եմ, որ կյանքս դատարկ չի անցել,
Սիրել եմ, սիրվել, սիրում եմ էլի:
Ես մինչև հիմա չեմ հանգստացել,
Կհանգստանամ, երբ որ չեմ լինի:
 
Թեկուզ իմ կյանքը արել եմ ես կես,
Բայց դեռ իղձերիս կեսին չեմ հասել:
Սակայն ինչի էլ որ հասե՛լ եմ ես,
Միայն սեփական ուժով եմ հասել:
 
Ինձ և գովել են, և բարձրացրել,
Եվ հարվածել են ինձ նաև կյանքում,
Բայց ագռավներին ես չեմ նախանձել,
Որոնց չեն գովում և չեն կրակում...
 
Ես պարտաճանաչ՝ իմ խաչն եմ կրում
Եվ այս աշխարհից չունեմ մեծ պահանջ:
Ու թեև հիմա գրքե՛ր եմ գրում,
Բայց ընթերցո՛ղ եմ ամենից առաջ:
 
Գրելով երբեք չեմ հպարտանում,
Երբեք չեմ ասում՝ բանաստեղծ եմ ես:
Կյանքում ամեն մարդ իր գործն է անում,
Ես դա հիշում եմ հավիտենապես:
 
Լուռ հրդեհվում եմ, այրվում շարունակ՝
Ասելու հենց այն, ինչ այրում է ինձ,
Եվ գոհ եմ լինում լոկ այն ժամանակ,
Երբ գո՛հ են լինում մարդիկ ինձանից:
 
Խորունկ մի տենչ կա ձուլված իմ սրտին,
Եվ այն բոլորիս ուղին է հիմա.
Մեր ծանր պարտքը տանք ժողովրդին,
Որ թեթև լինի հողը մեր վրա...

Яндекс.Метрика