Ավետիք Իսահակյան

ՍԻՐՈ ՎԵՊԸ

Կանաչ ծառի տակ
Նստել էր մենակ
Մի խեղճ կույր գուսան, և կրծքի վրան
Սեղմել էր մի սազ, ու ուներ միայն
Մի դողդոջուն լար:
Կանաչ դաշտն ի վար
Հոսում էր երգով
Զմրուխտի նման մի կանաչ վտակ,
Եվ երգում էր նա անուշ կայլակով
Ամպերի մասին` հակինթ ու սուտակ,
Որ ծվարում են լեռան գագաթին,
Ուրկից ցատկեց նա անդունդը մթին...
Գուսանը մեղմիկ
Զարկում էր լարին,
Լարը քնքշիկ
Պատմում էր լռին
Մի վեպ սիրային...
-Հին ժամանակում, ոսկի դղյակում
Ապրում է չքնաղ մի աղջիկ,
Այնպե՜ս գեղեցիկ, այնպե՜ս գեղեցիկ,
Ինչպես կարապը` թևերն արծաթյա
Լճակի փիրուզ ջրերի վրա...
Հեռու մի երկրից
Եկել է ահա՛
Մի սիրուն տղա,
Գինով այդ սերից
Ծունկի է իջել չքնաղ աղջկա
Պատուհանի տակ, սեր է աղերսում.
«Չքնա՛ղ, քո սիրուն
Կտրել, անցել եմ աշխարհե-աշխարհ,
Թողել եմ հայր, մայր միայն քեզ համար:
Վառ երազիս մեջ պատկերդ տեսա,
Եվ երազելով քո դուռը հասա»:
Սակայն աղջիկը չի լսում նրան,
Եվ միտն է բերում` ինչպես մի անգամ
Շքեղ, աննման եկավ մի ասպետ
Եվ անցավ, գնաց ու չնայեց ետ:
Լքել է կույսը դղյակը ոսկի,
Առել է ձեռը մի ցուպ երկաթի,
Ընկել է թափառ
Աշխարհե-աշխարհ
Սիրած ասպետին գտնելու համար,
Որ գնաց, գնաց... առանց վերադարձ:
Իսկ հեռու երկրից եկած պատանին
Իր սերն է հայտնում նրան վերստին.-
«Հոգիս քաղվում է քեզ համար, ի՛մ սեր,
Կըկանգնեմ այստեղ դարեր ու դարեր,
Եվ մահը միայն կարող է բռնի
Բաժնել ինձ քեզնից...»:
Աղջիկը սակայն
Չի լսում նրան...
Անհայտ մի երկրում, տարիներ հետո
Գտավ նա հետքը սիրած ասպետի,
Բայց, ա՜խ, ասպետը գնացել է հեռու
Իր սիրո հետքից կամ իր երազին,
Նա կըտիրանա, կամ էլ չի դառնա,
Էլ ետ չի դառնա...
Եվ հետևում են օրերը իրար,
Եվ խեղճ պատանին ծնրադիր, խոնարհ
Սեր է աղերսում...
Հեծկլտաց լարը, դողաց-դողդողաց
Եվ քնքուշ լարը կտրվեց հանկարծ...
Գուսանը սեղմեց կրծքին սազն անլար,
Եվ նայեց շուրջը տխուր ու մոլոր...
Եվ վեպը այսպես մնաց կեսկատար,
Բայց մինչև այսօր
Այս թերատ վեպը միշտ իմ ականջում
Հնչում է որոշ, և լավ չեմ հիշում,
Արթո՞ւն եմ լսել, թե՞ մի անուրջում.
Կարծես հինավուրց մի հեքիաթ լինի,
Որ հյուսել է մի հարազատ ոգի
Հեռու անանուն
Մի հին աշխարհում...

1908թ.

Яндекс.Метрика