Ավետիք Իսահակյան

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:
 
Տեսա գյուղի տունը մեր...
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր...
Նորահացի հոտն անո՜ւշ:
 
Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ -
Նոր զգեստներ ծաղկավառ:
 
Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:
 
Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:
 
Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:
 
Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:
 
Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:
 
Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի...

01.I.1940թ.
Երևան

Яндекс.Метрика