Ավետիք Իսահակյան

***

Մենակ մանկության օրերն են անո՛ւշ,
Գողտրիկ ու բուրյան, չըքնա՛ղ ոսկեփա՜յլ.
Եվ այնուհետև մեր կյանքը անհույս
Գահավիժում է անդունդը մռայլ:
 
Ու մեկիկ-մեկիկ մեր կյանքի ծառից
Եվ վայր են ընկնում, քըշվում հողմավար
Մեր լավ տենչերը, սերը ծաղկալից,
Վառ համբույրների գարունը պայծառ:
 
Եվ ո՞վ սիրտ ունի մերկ ծառի նըման`
Կանգնել աշխարհի հողմերին պատված-
Կյանքի ձանձրույթին, ծաղրանքին մարդկանց,
Իշխող բըռունցքին` չոր հացի համար...
 
Ավա՜ղ, լուսնի տակ և վեհ բան չըկա,
Ամեն ի՛նչ կոպիտ, բիրտ, անասնական.
Աննյութ, անմարմին, անկիրք սեր չըկա,
Ա՜խ, մաքուր սերը երազ է միայն:
 
Ես շա՜տ եմ լացել սուրբ սիրու համար
Եվ ես լավ գիտեմ գինը ամենքի-
Սերն է անկումը մեր աստվածության,
Շըրջմոլիկ հուրը կրքերի ճահճի:
 
Եվ ո՞վ կարող է օտարին սիրել
Կամ մերձավորին` անհուն, անսահման.
Ուրիշին սիրել իրենից ավել.
Ընկերին սիրել - պատրանք է միայն:
 
Եվ ո՞վ կարող է ուրիշին ըզգալ,
Որպես իր եսը, հասկանալ նըրան.
Ա՜խ, մենք ապրում ենք անծանոթ իրար,
Օտա՜ր ու հեռո՜ւ` աստղերի նըման: 
 
Բայց բյուր երանի, ով երազ ունի
Իր հոգու անհուն սրբության խորքում.-
Մի շըքեղ երազ, որով նա կապրի
Աշխարհից հեռո՜ւ, բյուրեղ բարձունքում:

XII.1903թ.
Ալեքսանդրապոլ

Яндекс.Метрика