Ավետիք Իսահակյան

***

Մենակ, անընկեր ձեր գիրկն եմ գալիս,
Կենսական ծովի ահեղ պտույտնե՛ր,
Սիրտս լի՛ հույսով,
Լի՛ ցնորքներով
Ես պիտի պատռեմ ձեր հզոր կուրծքը,
Ես պիտի թռչեմ դե՛պ սուրբ օրրանը
Իմ վե՛հ խոհերի,
Վա՛ռ ձգտումների:
Պտո՛ւյտք, կատաղի՛ր, ալի՛ք, շառաչի՛ր,
Օ՜, սիրտ իմ, սիրտ իմ,- տոկա՛ ու կանգնի՛ր
Ժայռի պես ամո՛ւր,
Ցողի պես մաքուր...
 
Թող անծիր ծովը եռա, փրփրի,
Թխպոտ երկինքը կայծակներ շա՛ղ տա,
Եվ թող փարոսը մշուշում թաղվի,
Փրկարար ափը աչքիս չերևա`
Չեմ հուսահատվի՛:
-Չէ՞ որ դուք միայն 
Վսեմ իդեալնե՛ր,
Կուսական հոգու
Նվիրական սե՛ր,
Չէ՞ որ դուք միայն, երկնային ուժե՛ր,
Ինձ սուր եք տալիս անհաղթ կռվելո՛ւ,
Ինձ թև եք տալիս անխոնջ թռչելո՛ւ,
Ինձ հույս ե՛ք տալիս անվերջ տոկալու...

07.VIII.1893թ.
Վիեննա

Яндекс.Метрика