Ավետիք Իսահակյան

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
 
Սարեն կուգաք, նխշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորըս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
 
Հավք ու հովեր եկան կշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
 
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՛կ ջան:
 
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ ջան...

08.IX.1893թ.
Դրեզդեն

Яндекс.Метрика