Ավետիք Իսահակյան

ԱՆԻ

Այստեղ երկնել են նախնիները իմ,
Դարձել է այստեղ նյութը գաղափար,
Հագել է այստեղ երազը մարմին,
Չքնաղ երազը, որ չունի կոպար:
 
Անի՛, դու չես լոկ հողեղեն մի գանձ,
Դո՛ւ, ինքդ ես ոգին - մի ողջ ժողովուրդ,
Ամեն ձև այստեղ ոճ է գերազանց,
Ամեն ինչ այստեղ - իմաստ ու խորհուրդ:
 
Ես հոգուս աչքով` անցած ու ներկա
Վիճակդ եմ տեսնում` հենված մի սյունի,
Որ մարտնչելով դարեր ոտընկա,
Մեռնում է կանգնած, եթե մահ ունի:
 
Սաղավարտակիր, ձեռքիս տեգ ու նետ,
Կանգնել եմ բարձր բուրգիդ կատարին,
Ոստանիկներիդ, ռամիկներիդ հետ
Լսում ենք վառված սեգ զորավարին:
 
Տափաստաններից, խուժանը վայրագ
Հորդել է, եկել - հեղեղ զայրագին,
Ուզում է, Անի՛, ընկճել լուծի տակ
Քո ստեղծագործ, թևավոր ոգին:
 
Խաժամուժ, խուժան` անծայր, անքանակ,
Դարեր խուժում են - խժդուժ, խոլարշավ,
Ճըչում խըժաձայն, դնում են բանակ
Քո ցորենաշատ դաշտերում անբավ:
 
Եվ որոտում է շեփորը ռազմի,
Կռվում ենք մտած արյուն ու քրտինք,
Դարեր կռվում ենք ատամ ատամի,
Մեռնում ենք կանգնած, եթե մահ ունինք...
 
Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:
 
Դո՛ւ, հին դրոշակ, դո՛ւ, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, և դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին...

1926թ.
Վենետիկ

Яндекс.Метрика