Վահան Տերյան

***

Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ,
Տխուր երեկոն զարկել է վրան.
-Սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ:
 
Խորհրդավոր է երկինքն երազուն, 
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ,
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
-Սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ:
 
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը կցրին.
-Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ:
 
Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,
Տես` գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր սիրտ իմ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

Яндекс.Метрика